Ազգայնականությունը՝ որպես արմատական քաղաքական ուժ

  Ազգայնականությունը՝ որպես արմատական քաղաքական ուժ Հայաստանին եւ հայությանը օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս ուժի առկայությունը


Հայաստանի անկախացումից ի վեր մեր պետությունն ու ազգը օտարի նպատակային հետեւողականությամբ եւ մեր իսկ ծախու հայրենակիցների օժանդակությամբ հայտնվել են խորը համակարգային ճգնաժամում: Նախկին իշխանությունը՝ ՀՀՇ-ական, հիմք դրեց Հայոց պետության ապազգայնացմանն ու թալանչիական սեփականաշնորհմանը: Ազգային գաղափարախոսությունը հռչակվեց «քաղաքական կեղծ կատեգորիա», ինչը նաեւ բացահայտ հրահանգ էր՝ հայությանը հոգեպես ու գաղափարապես կլանելու՝ դիմազրկելու: Այն իր շարունակությունը գտավ հաջորդիվ բոլոր իշխանությունների գործունեությունում, քանզի իրապես երեք նախագահներ տեսած ՀՀ-ն երբեք չապրեց ազգային արժեհամակարգով, եւ ՀՀ նախագահների տարաձայնությունները երբեւիցե չեղան գաղափարախոսական, դրանք կամ անձնական պատկերացումների կամ աշխարհաքաղաքական կողմնորոշման բնույթ են ունեցել……

Դրա հետեւանքով է, որ հայը Հայաստանում դարձավ վարձու ապրող տեսակ, հեռացավ ազգային որակներից, հանրապետության տնտեսությունը բաժանվեց Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ… իսկ աղանդավորականությունը, անբարոյականությունը, հատկապես՝ միասեռականությունը, դարձան զարգացվածության՝ ազատ մարդու չափանիշ, հայն իր հայրենիքում դարձավ օտարին ու սեփական դավաճանին սպասարկող վարչախմբի հիմնական տարրը: Ապաշնորհների ջանքերով հայաստանահայը հիմնականում ապազգայնացվեց, իսկ սփյուռքահայը վերածվեց փողի քսակի ու պարզապես զզվեց հայրենիքից եւ ինքնաբերաբար օտարվեց, հայրենալքությունն էլ դարձավ առօրեական երեւույթ: Բաժանվեց հայությունը (ինչպես միտումնավոր քայքայում են քաղաքական ու հասարակական ուժերին), բաժանվեց Հայաստանը……

Իսկ ի՞նչ է կատարվում այժմ՝ ձեւական կամ պալատական իշխանափոխությունից հետո: Շարունակվում է այն գործը, ինչն սկսել էին «աշխարհի ստվերային կառավարության» անդամներն ու նրանց հայաստանյան մանկլավիկները, պարզապես փոխվել է մարտավարությունը: Շարունակվում է ապազգայնացման, հայաթափման եւ հայաստանակործան քաղաքականության իրականացումը, վտանգված է Արցախի ու ազատագրված տարածքների հետագան, չկա ազգային-պետական անվտանգության իրական ազգային հայեցակարգ, քանզի հայեցակարգում չկան անգամ «ազգ»-ի սահմանումն ու նրա ստեղծած արժեքների պահպանմանն ուղղված դրույթները:

Այն, որ այսօր, համենայնդեպս անկախ երկիր ունենք ու ռազմաճակատում արձանագրել ենք հաղթանակներ, դա հայ ազգի ոգեղեն ուժի եւ նվիրյալ կամավորական շարժման ազատամարտիկների անձնազոհության ու աննախադեպ հերոսությունների արդյունք է առավելապես, ու ոչ մի իշխանավորիկ կամ կազմակերպություն թող չսեփականացնի «անկախություն», «ազատագրում» եւ «ազատամարտ» վեհ գաղափարները:

Երեկվա ու այսօրվա իշխանավորներից այդ որի՞ զավակն է մաքառել դաժան ու խավարոտ տարիներին անկախության կերտման ճանապարհին կամ վտանգել ու զոհաբերել կյանքը մարտադաշտում: Այդ որի՞ ընտանիքն է ազգի հետ միասին քաշել ավելի քան 15-ամյա հոգսերն ու տառապանքներն իր բոլոր դրսեւորումներով, այդ ո՞ր մեկն է սեփական (ո՛չ թալանած ու այսօր էլ պետությունից թաքցրած) ունեցվածքը նվիրաբերել ու ազգային բարերար դարձել… Արցախյան պատերազմի տարիներին իշխանավոր կոչեցյալների զավակներն այստեղ կամ դրսերում կրթվում էին՝ ակնկալելով, որ իրենք էլ իրենց ապաշնորհ հայրերից հետո պիտի ղեկավարեն ազատամարտիկների զավակներին, ովքեր սովի ու ցրտի պայմաններում հայրենիքին շունչ էին տալիս ու նաեւ նրանց ընտանիքներին պաշտպանում հնարավոր պղծումից (իհարկե, եթե մեր պարտության (աստված մի արասցե) դեպքում ունեցվածքով հանդերձ չփախչեին Հայաստանից): Երբ ազգը թալանի ու արհեստական խավարի պայմաններում կառչել էր Հայաստան երկրին, վերնախավ կոչեցյալը դղյակներ ու հասարակաց զվարճատներ էր կառուցում ու դիվային խրախճանքի տրվում, օտարերկրյա դրամատներում փողեր էր կուտակում: Նախկինում էլ, այսօր էլ, Նժդեհի բնորոշմամբ, ազգի տականքն է դեռեւս վեր բարձրանում՝ օտարին ծախվելով, սեփականը մսխելով, տխմարաբար չհասկանալով, որ ազգին դատապարտելով՝ սեփական անձն ու ընտանիքն է դատապարտվում նաեւ: Հայրենասիրական ճառերի ու հարբեցնող կենացների հետեւում թաքնվելով՝ ազգն ու երկիրն են թալանում ու ստրկացնում, իրենք էլ քծնելով ապրում՝ ապավինելով օտարի բարեհաճությանը: Այսօրվա իշխանական բուրգի վերնախավում ծվարած պաշտոնյան կամ բարերարը պատսպարվելով սեփական թիկնազորի կամ պետական ուժային կառույցների հետեւում (սրանք էլ պետական անվտանգությունը հասկանում են բացառապես իշխանավորների անվտանգության սպասարկուն, ով իշխանություն՝ իրենք սպասարկու)՝ ոչ միայն թալանով են զբաղված, այլեւ՝ դրա դեմ պայքարող ազգային մարդկանց ստորացնելով, ընդհուպ՝ վերացնելով, իսկ ինքները խամաճիկի պես ստորաքարշորեն ծառայում ու ստորանում են օտարների առաջ…

Մեր այս բազմատեր կամ նույնն է թե՝ անտեր երկրում, աղանդավորականությունը հոգեւոր ոլորտից տեղափոխվել է նաեւ քաղաքական, բարոյական, մշակույթի, կրթական, լեզվական ու այլ բնագավառներ: Մեզանում հայտնվել են նոր տիպի աղանդավորականներ՝ համասեռականներ, մանկապիղծներ, այլասերներ, լեզուն ու արյունը, ազգությունն ու հայրենիքը ուրացողներ ու պղծողներ եւ այս կարգի այլ մոլագարներ: Այս ամենը մեզ պարտադրվում է ազգի վստահությանը չարժանացած, ընտրակեղծիքներով իշխանության եկած ու, այդպիսով, գերտերությունների կամքից կախյալ հին ու նոր իշխանավորների ու նրանց գործունեությունը համակարգող դեսպանատների ու Հայաստանում գործող միջազգային կառույցների կողմից: Նույն կարգավիճակում է հայտնվել նաեւ ընդդիմությունը: Հերթական անարդար ու լկտի ընտրություններից հետո, չկարողանալով նպատակաուղղել ժողովրդի արդար ցասումը, նրանք նույնպես ապավինեցին գերտերությունների քմահաճույքներին ու դատապարտեցին վեր խոյացող ազգային վերազարթոնքը՝ նոր հիասթափություն, ընկճում բերելով մարդկանց: Եվ այսպիսի ընդդիմությունը նույնքան վտանգավոր է, որքան անօրինական իշխանությունը: Քանզի առաջինը ելել է ժողովրդի շալակը, իսկ երկրորդը փորձում է ընդամենը զբաղեցնել նույն տեղը, նույն նպատակների համար, բայց ո՛չ առաջնորդել մարդկանց ու բարեփոխել կյանքը: Անբարո եւ անարդար է նման վերաբերմունքը, մեր ազգն իր կյանքով ու կեցվածքով արժանի չէ հայտնվելու անելանելի թվացող այս վիճակում: Սակայն, պարզվող ջրի պարբերաբար պղտորումները դեռ թույլ չեն տալիս մարդկանց իրապես կողմորոշվել:

Ուստի, խիստ անհրաժեշտ է, որ այս անհեռանկարային պայմաններում հայոց քաղաքական դաշտում ստեղծվի նոր՝ ազգային-հայրենասիրական բեւեռ, որն ըստ էության եւ գաղափարախոսական եւ քաղաքա-տնտեսական առումներով հստակորեն կտարբերվի եւ՛ իշխանություններից եւ՛ ընդդիմություն(ներ)ից: Սա կարող է հանգեցնել նաեւ քաղաքական դաշտի լուրջ վերադասավորման՝ ազգային միասնական նպատակի շուրջ զանգվածների համախմբման, եւ անհրաժեշտ է, որ այս քաղաքական գիծը առաջնորդեն չվարկաբեկված քաղաքական դեմքեր ու կառույցներ: Կարեւոր է, որ այս քաղաքական գիծը տանողները իրենց լավագույնս դրսեւորած լինեն թե՛ կյանքում, թե՛ քաղաքականությունում, թե՛ ռազմադաշտում, ովքեր նաեւ առ այսօր հնարավորինս հեռու են մնացել իշխանական ու ընդդիմադիր դաշտերի նպատակային վայրիվերումներից, մի տեղից մյուսը տեղափոխվելու արատավոր գործելակերպից եւ վճռակա՛ն են կազմակերպելու համայն հայության ու հայ ազգի բարեկամների համախմբումը մեկ նպատակի շուրջ, այն է՝ Հայաստանի միասնությունն ու հզորացումը, հայության բացարձակ ինքնիշխանությունը, բարգավաճումը՝ ազգային ու համամարդկային առաքինի չափանիշներով շաղախված:

Այո՛, հայոց քաղաքական դաշտը կտրուկ փոփոխության կարիք է զգում, ազգը կհավատա միայն չվարկաբեկված, չկեղտոտված, ազգային գաղափար, ոգի եւ հավատ բերող ուժերի:

Այս՝ իրապես երրորդ ուժի առկայության պայմաններում մենք բոլորս էլ կտոգորվենք, կդառնանք վճռակա՛ն՝ հայկական էությունն ու բնույթը պաշտպանելու, երկրի ռիթմիկ տնտեսությունը վերականգնելու, Արցախի, Ջավախքի ու մեր պատմական հայրենիքի խնդիրները հիմնավորապես կարգավորելու, միջազգային հանրության հետ արժանապատվորեն ապրելու եւ համամարդկային վեհ հոգեւոր-բարոյական արժեքներով աշխարհի ազգերի հետ համահունչ զարգանալու հարցերում:

Ելնելով վերոնշյալից՝ «Լուսանցք»-ը, որպես ազգային-ազգայնական արժեքները պաշտպանող լրատվամիջոց, կոչ է անում Հայաստանի եւ սփյուռքի ազգայնական ուժերին, անհատներին՝ համախմբվելու եւ հայ քաղաքական ազգայնական բեւեռ ձեւավորելու համար: «Լուսանցք»-ը պատրաստ է աջակցել այդ ուժի ստեղծմանը, նաեւ էջեր կտրամադրի ազգային-հայրենասիրական գաղափարները քարոզելու եւ տարածելու նպատակով: Նման ուժի ձեւավորումը կարող է կայանալ նաեւ հասարակական-քաղաքական ազգային նոր շարժման նախաձեռնումով: Մեր կոչին արձագանքելու դեպքում «Լուսանցք»-ն իր տարածքն ու ամբիոնը կտրամադրի ցանկացողներին:

Ի դեպ, մեր թերթի խմբագրակազմի մի շարք անդամներ Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ են եւ վերոնշյալ կոչն անում ենք նաեւ այս հանձնախմբի խորհրդի անունից:

Արթնացի՛ր հա՛յ մարդ եւ տե՛ր կանգնիր քո հայրենիքին, ազգային արժեքներին ու ազգային առաքելությանը:


Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 33, 2008թ.

Կարդացեք «Լուսանցք»-ը www.hayary.org կայքում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։