Հյուսիս – Հարավի համար գումար կա, նոր ատոմակայանի համար՝ ոչ… Շուկայում ոչ մի նյութի կամ տեխնիկայի էական թանկացում գրեթե չի եղել, հապա ինչու՞ այդ 1 կմ-ն դարձավ 3,5 մլն դոլար, երբ առավելագույնը՝ 1.5 մլն դոլար էր… Այդ ի՜նչ վերահսկողություն է արվում, որ Հյուսիս-հարավն այդպես արագ է ընթանում…

Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օրեր առաջ կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել՝ խոսելու պաշտոնավարման մեկ տարվա արդյունքներից: Սակայն նրան ուղղված հարցադրումները գլխավորապես վերաբերում էին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի 1 կմ-ի կառուցման արժեքը բարձրացել է՝ հասնելով 3.5 մլն դոլարի, եւ արդյո՞ք այդպիսով Ռոզենթալը կասկածի «տակ է առել» ծրագրի իրականացումը, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը եւ բանկը լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, եւ վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն եւ Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ»:

1 կմ-ն 3.5 մլն դոլարային հաշվարկից հետո այս ճանապարհը պե՞տք է Հայաստանին, կուտակած պարտքերն ավելի շատ չե՞ն լինելու, քան բուն օգուտը. լրագրողների այս դիտարկանն ի պատասխան նախարարը համառոտեց. «Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է եւ՛ զբոսաշրջային, եւ՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաեւ բիզնեսը»:  

«Երբ Հյուսիս-հարավը նոր էր մեկնարկում, 1 կմ-ն հաշվարկված էր 1-1.2 մլն դոլար, առավելագույնը՝ 1.5 մլն դոլար՝ հաշվի առնելով լեռնային որոշ հատվածներ: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում ոչ մի նյութի կամ տեխնիկայի էական թանկացում գրեթե չի եղել, հապա ինչու՞ այդ 1 կմ-ն դարձավ 3.5 մլն». իմ հարցին (այդ պահին ներկայացնում էի եւ «Լուսանցք» շաբաթաթերը եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը պատասխանեց, թե ավելացել են նաեւ փոխհատուցման գումարները:

Ես դիտարկեցի, որ այդ հաշվարկներն էլ են արվել, եւ, այնուամենայնիվ, 3.5 մլն-ի հասնել չէր կարող ցուցանիշը (մանավանդ որ անշարժ գույքի շուկայում էլ թանկացումներ չեն արձանագրվել): Ի պատասխան Վահան Մարտիրոսյանը պարզաբանեց. «Կատարվել են գրունտի ոչ ճիշտ հաշվարկներ, դրանք հետո շտկվել են, եւ նախագիծը վերանայվել է»:

Հետաքրքիրն այն է, որ գրունտի ճիշտ ու սխալ հաշվարկն ընդհանրապես շատ լավ միջոց է նախագծերում թվեր փոխելու… Ինչեւէ, մեկ ուրիշ հարց ուղղեցի նախարարին. «Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում մեծածավալ ճանապարհաշինությունը փողերի լվացման այսպես ասած լավագույն ոլորտներից է, մեր պետությունն այս ծրագրի պատշաճ վերահսկողություն անու՞մ է»:

Նախարարը պատասխանեց, որ այո, արվում է. «Պետությունը անում է ամեն ինչ՝ իր սահմաններում: Վստահ եղեք, որ ծրագիրը վերահսկողության տակ է: Չեմ կարող բացառել նման դեպքերը, բայց ամեն ինչ արվում է, որ այդպիսի խախտումներ չլինեն՝ ոչ ֆինանսական եւ ոչ էլ շինարարական»:

Մենք ի վիճակի լինելու՞ ենք  1 կմ-ն 3.5 մլն դոլար հաշվարկով շարունակել այս ճանապարհի շինարարությունը: Լրագրողների այս հարցադրման պատասխանը դրական էր: Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը եւ այն հասցնելու է ավարտին: Եվ միաժամանակ հավելեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 (Աշտարակ-Թալին շուրջ 42 կմ) ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ բետոնե ծածկ, եւս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչեւ տարեվերջ: Ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվող (Թալին-Լանջիկ 18,7 կմ եւ Լանջիկ-Գյումրի 27,5 կմ) ընդհանուր շուրջ 46,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները: Ճանապարհի երկու հատվածներում կատարվում են նաեւ բետոնի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ: Դեռ 2016թ. սեպտեմբերին մեկնարկած Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող կամ վերականգնվող ուղեանցերում գրեթե ավարտվել են շինարարական աշխատանքները: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվի շահագործման, իսկ մնացած 4-ի վրա կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ: Կամուրջներին հարող հատվածների երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է մայիսին:

Ի դեպ, այժմ մասնավոր հատվածի եւ այլ բանկերի հետ քննարկվում է ճանապարհի մյուս հատվածների շինարարության հարցը: Կան հատվածներ, որոնց մասով նախագծերը վերջնական փուլի են բերվում:

Հարց է ծագում՝ եթե կարողանում ենք մասնավորին բերել այստեղ, ապա նպատակահարմար չէ՞ նշված ծրագրի վրա ծախսվող միջոցներն ուղղել այլ կարեւորագույն ուղղություններով: Ի պատասխան նախարարը շեշտեց, թե ցանկացած ծրագիր պետք է նախեւառաջ ուսումնասիրել եւ գումարներն ուղղել այն ոլորտներ, որտեղ ՀՀ քաղաքացին ավելի շատ կզգա այդ ներդրումը: «Ես համարում եմ, որ Հյուսիս-հարավն այդ ոլորտներից մեկն է: Եվ դրա համար էլ ՀՀ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել այս ծրագիրը»:

Այլ՝ առաջին հայացքից թեմային չառնչվող հարց է ծագում. փաստորեն, նախարարը չի հերքում, որ Հյուսիս-հարավը մեզ 2 մլրդ դոլար է արժենալու: «Համարյա մեկ ատոմային էնեգաբլոկի գին է (1100 Մվտ հզորությամբը 4.5-5 մլրդ է հաշվարկվում)»,- դիտարկում եմ տեղիցս: Նախարարը ժպտում է: «Փաստորեն, մասնավորին կարողանում ենք Հյուսիս-հարավ բերել, բայց միջուկայինի ոլորտ՝ ոչ»,-դարձյալ դիտարկում եմ անում: Նախարարը դարձյալ ժպտում է:

Ես, իհարկե, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարին կուղղեմ համապատասպան հարցումս, բայց պետք է ասեմ, որ ի տարբերություն տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի, ժպտալ չէի կարողանում: Որովհետեւ նրա հետ ասուլիսի եկած եւ իմ հետեւի շարքում նստած նախարարի «տղաների թիմը» ասուլիսի ամբողջ ընթացքում բզզում էր. նրանց ոչ մի լրագրողի ոչ մի հարցադրում դուր չէր գալիս, ու նրանց միալար դժգոհությունը ի վերջո ինձ էլ փոխանցվեց: Եվ, ըստ այդմ, ճշգրտեք, հարգելի նախարար, այդ ի՜նչ վերահսկողություն եք անում, որ Հյուսիս-հարավն այդպես արագ է ընթանում…

Աստղինե Քարամյան

http://www.hayary.org/wph/?p=5933  Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (5-րդ մաս) – Եվ, հիրավի, թող պատժվի իրական մեղավորը՝ որ կողմից էլ որ կլինի եւ ինչ դրդապատճառներով էլ ուժեղացրած կամ թուլացրած կլինի իրականության նկարագրությունը…

http://www.hayary.org/wph/?p=5922 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (4-րդ մաս) – 6 տարվա ընթացքում ճանապարհի 10%-ն էլ չի կառուցվել, եւ անորոշ է՝ ի վերջո երբ կավարտվի ռազմավարական նշանակություն ունեցող այս մայրուղու շինարարությունը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5906 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

http://www.hayary.org/wph/?p=5891 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5877 – Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (1-ին մաս) – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

http://www.hayary.org/wph/?p=5862 – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

http://www.hayary.org/wph/?p=5695 – Հյուսիս-հարավ  խնդիրը նոր  տեսան Ահա սա է պատճառըոր  տրանսպորտի նախարարությունը  քնած էՓողերը տարել ենինչու՞ վարչապետն ահազանգեց

http://www.hayary.org/wph/?p=5876 – Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

«Լուսանցք» թիվ 34 (467), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։