Մեր խնդիրները մենք պիտի կարգավորենք

 Այլապես դրանք հայտնվելով օտար ձեռքերում՝ մեզ համար կապանքներ են դառնում

Գնալով փորձում են «միս ու արյուն» տալ թուրքական «կովկասյան պլատֆորմ» կոչվածին եւ ամենահետաքրքիրն այն է, որ դրան քաղաքական ու դիվանագիտական աջակցություն ցուցաբերում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ՝ Ռուսաստանը: Բոլորիս հիշողություններում դեռ թարմ է, թե անցյալ դարի սկզբներին ռուս-թուրքական հաշտությունն ու համագործակցությունը ինչ ավեր ու ցեղասպանություն բերեց մեր ազգի գլխին, որի հետեւանքով կորցրեցինք մեր բնօրրան-հայրենիքի զգալի մասը: Շուրջ մեկ դար անց թուրք-ռուսական «կովկասյան» մի նոր ծրագիր է առաջ քաշվել, որին բացի Թուրքիայից ու Ռուսաստանից, մյուս երկրները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, կամ ստիպված են միանալու կամ հրաժարվելով՝ զրկանքների են ենթարկվելու……

Վերեւում նշեցինք, որ Ադրբեջանն աջակցում է հիշյալ ծրագրին, բայց մինչեւ Աբդուլլահ Գյուլը եւ Դմիտրի Մեդվեդեւը Բաքու չգնացին եւ Ադրբեջանին ձեռնտու հավաստիացումներ չտվեցին, Բաքուն չհամաձայնեց աջակցել թուրքական ծրագրին: Ինչ մնում է Թուրքիայի նախագահի Երեւան գալուն (ֆուտբոլային դիվանագիտություն ասածն այլեւս որպես ծաղր է հնչում), ապա այն առավելապես «բարիդրացիական» կամք դրսեւորելու միջազգային նշանակության միտում ուներ ու ցուցադրական էր: Իսկ Ռուսաստանի նախագահը ոչ թե Երեւան եկավ, այլ՝ Մոսկվա կանչեց Հայաստանի նախագահին, եւ ինչպես Աբդուլլահ Գյուլի հետ պայմանավորվել էր, Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին «հանգամանալից» բացատրեց, թե ինչքա՜ն կարեւոր է թուրքական նախաձեռնությունը եւ ավելի լավ է «կամավոր-պարտադիր» ձեւով ընդգրկվել այդ ծրագրում… Ըստ երեւույթին, ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի համագործակցության մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո վերջերս զլմ-ներում արտահայտած մի շարք տեսակետներ չէին բավարարել Անկարային ու Մոսկվային, եւ ահա, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելում է Երեւան ու վերստին «հանգամանալից» բացատրում, թե իր՝ համաշխարհային բեւեռի հայտ ներկայացրած երկիրը, Թուրքիան ու Ադրբեջանն արդեն աշխատում են Կովկասի համագործակցության ուղղությամբ, եւ մենք չպետք է այլ «խաղեր տանք», այլապես՝ Արցախ-ԼՂՀ-ի եւ ազատագրված տարածքների հարցը կա ու կա… Դե, այլ դաժան բաների մասին է՛լ չենք խոսում:

Եթե անցյալ դարասկզբին մենք խաբվեցինք կես-հայի արյուն ունեցող կամ հայերի հետ լավ հարաբերություններ ստեղծած թուրքերից (հատկապես՝ երիտթուրքերից ու մասոն եղբայրներից) եւ ապավինեցինք նրանց բարեգթությանն ու արյան կանչին, դրա դիմաց «ստանալով» ցեղասպանություն ու հայրենիքի կորուստ, ապա հիմա նույնը կարող է լինել կես-հայի արյուն ունեցող կամ հայերի հետ լավ հարաբերություններ ստեղծած ռուսների կողմից… ավելին՝ ռուսի անվան տակ թաքնված այլ ավելի վտանգավոր ու մեզ թշնամի ազգերի կողմից: Ուստի, մենք պիտի ամեն կերպ հրաժարվենք պարտադրված կովկասյան համագործակցությունից, որը պարզապես երկու երկրների (Թուրքիա եւ Ռուսաստան) շահեր է պաշտպանելու, սակայն, դա պիտի արվի շատ թափանցիկ. մեր հանրությունը պիտի հասկանա, թե իշխանություններն ինչու են գնում այդպիսի քայլին՝ զրկանքների ճանապարհով, եւ իր հերթին ինքն էլ նաեւ ամուր հենարան դառնա իշխանություններին՝ արտաքին մարտահրավերներում չընկճվելու համար:

Ամենեւին զարմանալի չէ, որ Վրաստանը հաստատապես որոշել է չհամագործակցել թուրքական կովկասյան ծրագրի հետ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այս երկիրը հակաթուրքական դիրք է բռնել: Ամենեւին. Թուրքիան ու Վրաստանը շա՜տ ընդհանուր նախասիրություններ ունեն տարածաշրջանում: Վրաստանի չմիանալը պարզապես պայմանավորված է Ռուսաստանի հանգամանքով. մինչեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան չվերադարձվեն, Թբիլիսին չի միանա այդ ծրագրին: Կամ կառաջարկի այդ ծրագիրն իրականացնել առանց Ռուսաստանի (գուցե ԱՄՆ-ի հետ), ինչին հիմա Թուրքիան չի գնա: Եվ ԱՊՀ-ից դուրս գալն էլ է հավաստում Վրաստանի վճռականությունը: Սա նշանակում է՝ վրացական ճանապարհներն ու այլ ենթակառուցվածքները չեն ծառայելու «կովկասյան պլատֆորմ»-ին, եւ մենք Թուրքիայի միջոցով պիտի կապվենք Արեւմուտքի-Եվրոպայի, իսկ Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի հետ: Այս հեռանկարն անգամ զարհուրհելի է այսօր, ուր մնաց թե այն դառնա մեզ համար համագործակցության միակ հնարավորություն:

Վրաստանն էլ, իհարկե, «տակ չի մնում», հիմա էլ Հայաստանի հետ է «խաղեր տալիս». քննարկվում է Երեւան-Ախալքալաք-սեւծովյան ուղղություն՝ Բաթում կամ Փոթի ավտոճանապարհի (նաեւ տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների) կարեւորության եւ զարգացման հարցը: Վստահ ենք՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջերս Իրան այցի ընթացքում նույնպես տարածաշրջանային խնդիրների քննարկում է եղել, առավելապես՝ էներգետիկ եւ տրանսպորտային խնդիրներին առնչվող: Կովկասյան թյուրքական նոր շրջափակման դեպքում վերոնշյալ վրացական ուղղությունից բացի, կկարեւորվի նաեւ Երեւան-կասպիցծովյան ուղղություն՝ Ռեշտ-Աստրախան ուղին եւս……

Կարծում ենք՝ բոլոր տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «դեմ առ դեմ» քաղաքականություն նախաձեռնած ՀՀ իշխանությունները կամ պիտի շարունակեն այդ գիծը, կամ պիտի թոզ չփչեն մեր հանրության աչքին՝ արտաքին հանդիպումների շղարշով պարուրված շարունակեն Ռուսաստանի միջոցով շփվել այդ երկրների հետ:

Ռուսաստանն այս՝ իր համար ծանր պայմաններում էլ, երբ փորձում է համաշխարհային նոր բեւեռ դառնալ, էլի չի հրաժարվում իր կասկածելի խաղերից, եւ ռազմավարական գործընկեր Հայաստանին նորից քաշում է անպտուղ եւ վտանգավոր գործընթացների մեջ: Ըստ երեւույթին, երկկողմ պայմանավորվածություն կա՝ Ռուսաստանը խոստացել է «հասկացնել» Հայաստանին, իսկ Թուրքիան՝ Ադրբեջանին: Երբ Հայ Արիական Միաբանությունը ողջունեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը եւ Ռուսաստանի դիրքորոշումը, նույն հայտարարությունում հարց կար բարձրացված, որ եթե ՌԴ իշխանություններն այս փուլում ակնկալում են ՀՀ հետ առավել անկեղծ դաշինք ձեւավորել, ապա պիտի վերանայեն 1916թ. ռուս-թուրքական պայմանագրի (որը մի քանի տարի առաջ Մոսկվայում վերահաստատեցին երկու կողմերն էլ՝ դրանով կրկին անտեսելով մեր ազգային շահերը) Հայաստանին վերաբերող կետերը, ինչպեսեւ՝ ռազմավարական գործընկեր ասվածի տակ պետք է հստակեցնեն Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող մոտեցումները: Հատկապես, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս մնա տարածաշրջանային տնտեսական

համագործակցությունից, իսկ Հայաստանը մնում է իր պայմանավորվածության շրջանակներում:

Կամ ՌԴ իշխանությունների հիշողությունը շատ կարճ է, որ հասկանան, թե սեփական գործերը լավացնելուց հետո Թուրքիան էլի Արեւմուտք է վազելու (թուրքերը միշտ էլ զգուշացել են ռուսներից) կամ, առաջնորդվելով այսրոպեական կայսերական նկրտումներով, ռուսները մի նոր փորձանք են բերելու եւ՛ իրենց եւ՛ մեր գլխին: Երբ թուրքերն ամրապնդվեն Կովկասում եւ հասնեն իրենց ցանկալի նախաձեռնության հաղթանակին ու հետո հրաժարվեն ռուսաստանյան ծառայություններից, այնժամ ոչ Հայաստանն է Ռուսաստանի եղբայրը լինելու (եթե, իհարկե, դեռ անկախ երկիր լինի), ոչ էլ առավել եւս՝ Ադրբեջանն ու Վրաստանը:

Ամեն դեպքում այս թնջուկում առավել մեղադրելի է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի պահվածքը: ՀՀ իշխանությունները ոչ թե միայն զլմ-ներով (այն էլ՝ անուղղակի) պիտի արծարծեն մեր ազգային ու պետական շահերը, միջազգային տարբեր պայմանագրերին առնչվող խնդիրները, այլ դիվանագիտական ամենաբարձր մակարդակներում ուղղակիորեն պիտի առաջ քաշեն այդ հարցերը եւ հետապնդեն դրանք: Այնժամ կերեւան մեր իրական բարեկամներն ու թշնամիները:

Եվ հիմա, երբ ՌԴ իշխանությունները մեզ հատկապես «վախեցնում» են Արցախի եւ ազատագրված տարածքների հարցով, պիտի հասկանան, թե որ տարբերակն է նախընտրելի Կովկասում՝ կարճ եւ կորսվող հաղթանակը, թե՞ փոքր-ինչ երկարատեւ, բայց իրական ու մնայուն հաղթանակը:

Այս առումով ՀՀ իշխանությունները պիտի լուրջ քայլեր ձեռնարկեն Արցախ-ԼՂՀ-ի (ազատագրված տարածքներով)՝ կամ Հայաստանին վերամիավորման (ինչը լավագույն տարբերակն է, եւ Հայ Արիական Միաբանությունն արդեն ճանաչել է ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների վերամիավորման որոշումները) կամ անկախության ճանաչման ուղղությամբ:

Պետք չէ անմիջապես համեմատություններ փնտրել Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ, որ ավելի վատ է, Հյուսիսային Կիպրոսի օրինակներում, դրանցում եւ ընդունելի եւ մերժելի հարցեր միշտ էլ կգտնվեն, պարզապես պիտի առաջնորդվել մեր ազգային շահերով եւ, գոնե ճանաչելով Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, ուրիշներից էլ խնդրել-պահանջել նույնը, հատկապես՝ մեզ բարեկամ համարող երկրներից:

Թե չէ ինչ է ստացվում. մենք, հեռու մնալով մեր ազգային հիմնախնդրից, ուրիշներից ենք ինչ-որ բան ակնկալում: Նույնիսկ Արցախ-ԼՂՀ-ն չի դիմում իր ճանաչման հարցով: Ինչեւէ, չպետք է բացառել, որ Արցախ-ԼՂՀ-ի դեպքում էլ մի Նիկարագուա կամ թուրքական քաղաքականությունից «վառված» երկիր կգտնվի, որ կճանաչի հայկական երկրորդ պետության անկախությունը, եւ քայլն այլեւս արված կլինի:

Սա թերեւս մեր արտաքին քաղաքականության լուրջ բացթողումներից է, որ դարձել է տխուր օրինաչափություն: Մենք նույնիսկ ֆրանսիացիների չափ հայասեր չեղանք ու Հայոց ցեղասպանության մասին օրենք չընդունեցինք: Եթե Ֆրանսիայում, նույնիսկ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության մերժման տեսակետի համար են անգամ դատապարտում՝ դա քրեորեն հետապնդելի հանցանք համարելով, ապա մեզ մոտ ոչ միայն օտարի ցեղասպանամերժ կարծիքներն են զլմ-ներով արծարծվում, այլեւ շատ հայեր են այս խնդիրը՝ հայոց պահանջատիրությունը, անկարեւոր, եթե չասենք, վտանգավոր համարում (նույնիսկ պահանջում են դպրոցական դասագրքերից հանել պատմության այդ էջը): Դրանց նմանները փորձում են Հայոց ցեղասպանության եւ պատմական տարածքների հիմնախնդիրը մոռացության տալ, ինչ է թե, թուրքերի սիրտը շահեն ու եղբայրանան Թուրքիայի հետ: Արդեն իսկ մեր զլմ-ներում թշնամի Թուրքիան փոխարինվել է հարեւան եւ բարեկամ Թուրքիայով: Այնպես որ, մինչ եղբայրությունը այլեւս մեկ քայլ է: Չմանրամասնելով այս հարցում ծպտյալ այլազգիների (արդեն իսկապես վտանգավոր) գործոնը մեզանում եւ ավելին՝ ազգային դավաճանության հարցը (որոնց բազմիցս ենք անդրադարձել), նշենք միայն, որ եթե ՀՀ ԱԺ-ն օրենք ընդուներ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետապնդման մասին, ապա այսպիսի լպրծուններն այլեւս չէին լպտա……

Փաստորեն, ՀՀ-ն ոչ Հայոց ցեղասպանության մասին օրենք ունի, ոչ էլ պատրաստվում է ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի անկախությունը, բայց աղմուկ-աղաղակ է հանում ԱԳՆ խողովակով, թե հետամուտ է այս խնդիրների հայանպաստ լուծմանը: Այսինքն՝ «թղթե շերեփն» առել ու էլի դռնեդուռ ե՞ն ընկել……

Սա արդեն, ինչպես ասում են, օդում ինչ-որ բան բաց թողնելու նման մի բան է, որին ոչ ոք լուրջ չի վերաբերվում: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնականում բխել է Եվրոպայի համագործակցության մի շարք երկրների պետական շահերից կամ սփյուռքահայության ջանքերի արդյունք է միանշանակ, եւ ոչ թե՝ ՀՀ արտաքին քաղաքականության գրանցած հաջողությունների… Երկրներ կան, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումներ, սակայն դրանք «սառեցված» են եւ սպասում են իրենց հարմար ժամանակին: Օրինակ, այսպես է վարվել նաեւ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը: Այսինքն՝ Թուրքիան լա՞վ կլինի իրենց հետ, հայերը կսպասեն, եթե ոչ՝ հայերը կդառնան խաղացող՝ բայց մեծ խաղացողների ձեռքում……

Ահա այսպես, մեր ազգային ողբերգությունն այլերը ծառայեցնում են իրենց պետական շահերին ու հեռահար նպատակներին, իսկ մենք ընդամենը «հաշվիչ հանձնաժողով» ենք ստեղծել, թե քանի պետություն եւ կազմակերպություն ճանաչեցին Հայոց ցեղասպանության փաստը: Հիմա էլ երեւի Արցախի ու ազատագրված տարածքների հարցով մի «հաշվիչ հանձնաժողով» կստեղծենք ու մի ամբողջ ազգ ու պետություն կաշխատեցնենք այդ ուղղությամբ:

Հայաստանն ունի իրական հնարավորություններ տարածաշրջանում իր խնդիրները սեփական մատուցմամբ ներկայացնելու եւ դրանց հաջող ընթացքին հետեւելու համար: Պարզապես՝ նախ ներքաղաքական հարցերը պիտի հայանպաստ հողի վրա կառուցել, հետո գնալ համարձակ արտաքին քայլերի առաջադրմանը:

Իսկ Կովկասի համագործակցության թեմային դեռ կանդրադառնանք:


Արմեն Ավետիսյան

Հայ Արիական

Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 37 (76), 2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։