Ազգային օրենսդրությունը՝ ազգային նկարագրի երաշխիք

Դարեր շարունակ օտարները մեր հայրենիքին տիրելու նպատակով ոչ միայն արտագաղթի են մղել մեզ, այլեւ ձուլել են իրենց՝ փորձելով օգտագործել նաեւ մեր հին եւ ինքնաբավ գենը: Այդ ընթացքում հայության զգալի մասը ճարահատյալ ձուլվել ու դարձել է այլազգի (հաճախ՝ ծպտյալ հայի կարգավիճակով): Սա թերեւս ազգերի դանդաղ մահվան դատապարտման փորձված եւ անաղմուկ ձեւն է: Եթե նույնիսկ քննարկենք ոչ հեռու անցյալում այսպիսի ձուլման հեռանկարի գոյությունը, ապա կնկատենք, որ այն իրական էր եւ դրա հետեւանքները կրում ենք առայսօր:

Երբ դանդաղ մահվան դատապարտված ազգերի մերձեցման-եղբայրացման համայնավարական միջոցներով նրանց ձուլման մարքս-լենինյան հակաբնական ու հակագիտական տեսությունը ստալինյան «խելքից դուրս» մեկնաբանությամբ եւ գործնական քայլերով ստացավ պետական քաղաքականության տեսք, արդեն կերտվու՛մ էր խորհրդային ժողովուրդ… Այդժամ նորից վերհառնեց ցեղասպանվելու վտանգը:

Այս անգամ խոսքը «սպիտակ» կոչված ցեղասպանության մասին է: Եվ դա ինչ-որ չափով իրականացվեց Խորհրդային Միության հսկայածավալ տարածքում, այդ թվում՝ նաեւ հայկական պատմական տարածքներում: Նման քաղաքականության իրականացումը հազարամյակների մշակույթ ունեցող հայության ազգային սովորույթներն ու ավանդույթները մոռացության տալու միտում ուներ, եւ որպես դրա տրամաբանական հետեւանք՝ իր մեջ մեր ազգային դիմագիծն ու նկարագիրը կորցնելու իրական վտանգ էր պարունակում: ԽՍՀՄ-ում բնակվող ավելի քան 200 ազգություններից 70-ամյա խառնարանում կարողացան պահպանվել 100-ից էլ պակաս ազգեր……

Կասկածից դուրս է, որ այս գործընթացի ողբերգական հետեւանքները վերացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների հրամայական կար, սակայն, խորհրդային կայսրության փլուզումը անկախության հետ միասին նաեւ նոր արհավիրքներ բերեց մեզ եւ միանգամայն նոր առաջնահերթ խնդիրներ հանեց ասպարեզ:

Իսկ այդ կարգի միջոցառումները պետք է ունենային համազգային, համապետական բնույթ եւ հանրության ու պետության կյանքի բոլոր ոլորտները պիտի ներգրավեին: Ավելին՝ հայապահպանության մասին ազգային օրենք պիտի ընդունվեր: Սակայն, բացի լեզվի մասին օրենքից, այլ հայապահպանական ազդեցիկ օրենք չի ընդունվել առ այսօր: Նույնիսկ ազգային անվտանգության հայեցակարգը լուրջ հայապահպանական բնույթի խնդիրներ չի լուծում:

Այսպիսի օրենսդրության մշակման համար հիմք կծառայի մեր պատմական ժառանգությունը, այդ թվում՝ իրավունքի պատմության: Պիտի հաշվի առնվեն նաեւ ազգային ինքնատիպության պահպանման հիմնադրույթները: Եվ դրանք կան, հաճախ գործում են չգրված օրենքների տեսքով, ավանդույթի եւ սովորույթի զորավոր ուժով: Պարզապես հավաքել, ի մի բերել է պետք:

Ուրախալի է, որ հաճախ այդ չգրված օրենքներն ավելի ազդեցիկ են եղել ու դեռ ի զորու են նաեւ այսօր, քան՝ ամսեամիս փոփոխվող պետական իրավիճակային օրենքները: Դա իրականում այդպես է, այլապես մենք որպես ազգ գուցե չլինեինք այլեւս:

Եթե օրենքները չեն բխում ազգային բնույթից, ապա դրանք չեն կարող ազգապահպան դերակատարություն ունենալ, քանզի թղթի վրա պարզապես ինչ-որ տեղերից (դիցուկ՝ արեւմտյան կոչված քաղաքակրթությունից) արտագրվածով ազգը ազգ չի «դառնում», ուր մնաց թե պահպանվի, գոյատեւի ու հզորանա:

Հին ժամանակներում, երբ ճանապարհ էին կառուցում, տնային կենդանիներին բաց էին թողնում այդ հատվածում եւ դրանց գնացած-եկած ուղիով էլ ճանապարհ էին կառուցում, որովհետեւ բնազգացողությունն ու սովորույթի ուժը հզոր են: Եթե թեկուզ այլ զուգահեռ ուղղությամբ կառուցվեին ճանապարհները, միեւնույնն է այդ կենդանիները իրենց «գծած» ուղով էին շարժվելու, մարդիկ էլ դրանց հետեւից էին գնալու:

Հիմա մեր՝ ազգովի անցած ճանապարհը այդքան արժեք չունի՞, որ մեր ուղին (իմա՝ օրենքները) կառուցվի հենց մեր անցած ու անցնելիք մայրուղու երակներից: Չէ՞ որ միեւնույնն է, ազգը ներքին ձայնով իր ուղով է գնալու, իր չգրված օրենքներով ու ավանդույթներով է շարժվելու… եւ այսպիսով մշտապես հակադրություն է լինելու պետական օտարահունչ օրենքների եւ մեր ազգային հոգեբանության ու պատկերացումների միջեւ……

Եվ այժմ, երբ խորհրդային-կոմունիստական խառնարանից արդեն ազատվել ենք, այնուամենայնիվ, մեր կյանքի շատ բնագավառներ, նույնիսկ հոգեւոր ոլորտը մնացել են հակահայապահպանական եւ ազգային օրենսդրությամբ չամրապնդված: Ազգային օրենքի ուժը միայն միջազգային չափորոշիչների սանդղակով չեն չափում: Ազգային եւ համամարդկային քաղաքակրթական արժեքների համադրումով պիտի կառուցվի այդ չափորոշիչային սանդղակը, մինչդեռ մեզանում միայն համամարդկային հորջորջվող օտարի օրենքներն են կյանքի իրավունք ստանում եւ մեզ համար արհեստական պարտադրանք դառնում:

Շատերը դա բացատրում են, իբր անհրաժեշտ է պաշտպանել նախ՝ մարդու իրավունքները, հետո՝ ազգի, որովհետեւ անիրավունք մարդկանց համախմբումը պարզապես իրավազուրկների խմբի է վերածվում: Պարզ տրամաբանությամբ ամեն բան ճիշտ է ասված: Այո՛, մարդը պիտի ունենա ազատություն, ինչն արդար օրենքներով պիտի պաշտպանված լինի: Ճշմարի՛տ է եւ ընդունելի՛: Բայց ո՞վ է ասում, թե սա հակասում է ազգային օրենքների տառին ու էությանը: Եթե մարդու իրավունքներն ինչ-որ տեղ կարող են (հանկարծ ու) հակասել ազգի իրավունքներին, ապա ազգի իրավունքները հաստատապես չեն կարող հակասել մարդու իրավունքներին, քանզի դրանք մարդկանց (ամբողջի) իրավունքներն են, առանձին վերցրած՝ յուրաքանչյուր մարդու շահերը պաշտպանող:

Ամեն մի ազգի ինքնատիպ դիմագծի ու նկարագրի ձեւավորման ակունքն ու դարբնոցը ընտանիքն է: Թուլացավ ընտանիքը, կթուլանա նաեւ ազգը: Իսկ սա ձուլման ամենակարճ ճանապարհն է: Ասել է թե՝ ազգային դիմագծի ու նկարագրի ձեւավորման ու պահպանման համար առաջնայինն ու կարեւորը ընտանիքի ստեղծման կարգն ու պայմանները, ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանող օրենսդրությունն է:

Բայց այս ոլորտի օրենսդրությունն էլ ամենեւին նպատակամղված չէ ազգային դիմագծի պահպանմանը, ընտանիքի բազմացմանը, զարգացմանն ու զորացմանը: Իսկ ահա, օտարն այստեղ էլ է քիթը խոթել ու իր ձեւով է արդեն հայ ընտանիքի կազմումն ու զարգացումը «պլանավորում»……

Կյանքն ապացուցել է, որ ազգային աշխարհընկալում չունեցող օրենսդիրների ստեղծած օրենքները ժամանակավոր են եւ արհեստական բնույթ են կրում՝ առաջ բերելով մեր կյանքին ու արժեքներին չհամապատասխանող իրավիճակներ: Նման օրենքները գործնականում կիրառելի են մինչեւ այս կամ այն երկրի օրենսդիր ոլորտից մի նորություն «փախցնելու» ժամանակաարանքում……

Հասկանալի է, որ խոսքը համապարփակ օրինաստեղծության մասին է, սակայն եթե կենտրոնանանք ընտանիքի (սիրում ենք ասել՝ ազգի բջիջի) մասին օրենսդրության ուղղությամբ, ապա կնկատենք հետեւյալը: Այսպես կոչված կոմունիստական օրենսդիրների ստեղծած՝ «Ամուսնության եւ ընտանիքի մասին» ապազգային օրենսգրքի սահմանումները հավասարապես պարտադիր էին Մինսկից մինչեւ Վլադիվոստոկ, Արխանգելսկից մինչեւ Երեւան… ու այսպես շարունակ, բայց քանի որ հայ ազգը ընտանիքի ստեղծման ու ընտանիքի անդամների փոխհարաբերություններում գերակայությունը տալիս էր սովորութային կարգին, ազգային կենցաղավարությանն ու ապրելակերպին, ապա ԽՍՀՄ տարածքում ամուսնալուծությունների ամենացածր տոկոսը Հայաստանում էր:

Ամուսնացածների ճնշող մեծամասնությունը սովորութային կանոնների համաձայն ամուսնանալուց հետո ամիսներ, նույնիսկ տարիներ անց, այն էլ խիստ անհրաժեշտության դեպքում էին միայն իրենց ամուսնությունը գրանցում ՔԿԱԳ (քաղաքացիական կացության ակտերի գրանցում, հայտնի է ԶԱԳՍ ռուսերեն հապավմամբ) հիմնարկներում: Այսինքն՝ թղթաբանությունը չէր կարեւոր, այլ՝ սերն ու ավանդույթը, չգրված օրենքները: Բերված օրինակում գործող օրենսդրությունից խզումը հայերի համար դրական հետեւանքներ է ունեցել: Ուրեմն, եթե այդ սովորութային կանոններին տրվի օրենսդրական ամրագրում, ապա սովորութային չգրված օրենքների եւ օրենսդրության՝ գրված օրենքների միջեւ խզում կամ հակադրություն չի առաջանա եւ դրական արդյունքը շատ ավելի մեծ կլինի:

Մեկ այլ օրինակ՝ արդեն մեր օրերից: Վերջին շրջանում ամուսնացողները ՔԿԱԳ հիմնարկներում իրենց ամուսնությունը գրանցելուց բացի՝ նաեւ եկեղեցում են պսակվում: Շատ լավ կլիներ, եթե այդպես չլիներ:

Սույն մտածողությունը հավատ ունենալ-չունենալուն կամ այլահավատ լինելուն չի վերաբերում: Պարզապես՝ նրանց մի մասը, ժամանակ անց, ամուսնալուծվում է, եւ նրանք իրենց ամուսնալուծությունը ՔԿԱԳ հիմնարկներում գրանցում են, բայց եկեղեցում կատարված պսակադրությունը մնում է չլուծված…

Այսինքն՝ առաջանում է անհամապատասխանություն, խզում գործող օրենքի (այս դեպքում նաեւ՝ կարգի) եւ դրա գործնական կիրարկման միջեւ: Հակադրվում են աշխարհիկ եւ հոգեւոր ոլորտները: Այս դեպքում արդեն հետեւանքը բացասական է: Ինչու՞: Որովհետեւ նման ձեւով ամուսնալուծությունը հանգեցնում է, ինչպես ժողովուրդն ասում է, մարմնով միմյանցից բաժանման, իսկ հոգով (հոգեւոր) բաժանում չի կատարվում:

Եվ, կամա թե ակամա, միմյանցից արդեն բաժանված ապրող երկրային «երկու կեսերը» դառնում են հոգով «մեղավորներ»… եւ ուզեն, թե չուզեն, պիտի կանգնեն «աստծո դատաստանի առջեւ»: Իսկ մի՞ թե կարելի է այս կերպ ապրեցնել մարդկանց: Պսակել ու այլեւս չհետաքրքրվել նրանց կյանքով: Դա հիմա պարզապես եկեղեցական շահութաբեր ծե՞ս է, թե՞ սիրող սրտերի հոգեւոր միացման արարողություն:

Այս պարագայում հարց է առաջանում, լա՜վ, եթե եկեղեցին չի հետաքրքրվում զույգերի հետագա ճակատագրով, զույգե՞րն էլ չեն մտածում իրենց մասին կամ՝ գոնե ամեն մեկն իր մասին: Ոմանք մտածում են գնալ եկեղեցի եւ լուծարել պսակը, այն՝ ինչ արվում է նաեւ ՔԿԱԳ-ում, բայց համոզված են, որ եկեղեցին չի բաժանելու՝ ամուսնալուծելու (զույգերի բերած պատճառաբանությունները հաստատ հիմնավոր չեն թվալու) եւ հրաժարվում են այդ մտքից:

Իսկ սերն իսկապես ազատ է (չշփոթել սանձարձակ եւ հակաբնական «սիրո» ազատ դրսեւորումների հետ):

Էլ ի՞նչ պատճառաբանություն է պետք, եթե այլեւս սեր չկա……

Ազգային, հին ավանդական օրենքներում (խոսքը ձեռքբերովի եւ օտարոտի չխոսկանության, չադրա կրելու եւ նման այլ երեւույթների մասին չէ), դիցուկ՝ հայ արիական կանոններում, սերն ու ընտանիք կազմելն ազատ է, չսիրելը՝ նույնպես: Լավ գիտենք, որ հատկապես մեր օրերում ինչպես են արագորեն, առանց մտածելու կամ ինչ-ինչ հաշվարկներով ընտանիքներ ստեղծվում, որոնք ի սկզբանե երկար գոյատեւման հեռանկար չէին կարող ունենալ եւ, ժամանակ անց, իրապես կազմաքանդվում են:

Ու եթե վերադառնանք ազգային եւ մարդկային օրենքների համադրությանը, ապա հայ արիական օրենքներում մարդու ազատ ընտրության իրավունքը ազգային օրենսդրության մի մասն էր: Այսինքն՝ եւ՛ օրենքը, եւ՛ ավանդույթը խզում չունեին:

Իսկ հիմա՝ օրենքը եթե նույնիսկ այդ ազատությունը թույլ էլ է տալիս, ապա քրիստոնեական ավանդույթը հիմնականում պնդում է՝ չսիրելով հանդերձ ապրել իրար հետ, ազատազրկում է մարդուն՝ սպառնալով «աստծո պատժով»: Գործում է՝ ասե՛լ ես «տեր եմ», ուրե՛մն «տեր եղիր» արարողակարգային կապանքը: Բայց կապանքով ընտանիք չի՛ պահվում, սերը չի՛ վերածնվում: Այստեղից էլ՝ ընտանեկան անախորժությունները, դավաճանություններն են վեր հառնում: Իսկ Աստվածային Օրենքներն առավել ազատ ու արդար են, նման ձեւով էլ Նրանք մարդկանց են վերաբերվում, եւ կարիք չկա անիմաստ, «աստծո պատժով» ահաբեկել այդ մարդկանց: Եվ այս վերջին օրինակում արդի օրենքի եւ կրոնական ավանդույթի միջեւ առկա է մեծ խզում:

Սա հնարավորինս շտկելու համար պիտի փոխգործակցություն լինի: Եթե եկեղեցին պսակադրությունը կատարում է հիմնականում պսակվողների ամուսնությունը ՔԿԱԳ հիմնարկում գրանցված լինելու մասին փաստաթղթի առկայության դեպքում, ապա թերեւս ճիշտ կլիներ, որ ՔԿԱԳ հիմնարկներն էլ ամուսնալուծությունները գրանցեին նրանց պսակադրությունը լուծված լինելու մասին եկեղեցու տված փաստաթղթի առկայության դեպքում: Դա կնպաստեր օրենքի եւ առկա ավանդույթի համադրմանը:

Սակայն, եկեղեցու պարագայում, ինչպես վերը նշեցինք, ամուսնալուծությունը զուտ կրոնական բարդությունների կհանդիպի եւ հանրային լուրջ դժգոհությունների առիթ կտա, ինչին, կարծում ենք, թե՛’եկեղեցին, թե՛’պետությունը չեն գնա… Կստացվի՝ մի ծայրահեղությունից ընկնել մեկ այլ ծայրահեղության գիրկը:

Հայ ազգը կարողացել է դիմակայել ամենատարբեր բարբարոսների ներխուժումներին ու օտարածին գաղափարներից սնվող քայքայիչ ապազգազգային օրենքների պարտադրանքին, եւ հիմնականում պահպանել է իր ազգային նկարագիրը, մարդկային ազատությունների իր ներաշխարհը:

Վստահ ենք՝ հիմա էլ հայը, հայ ընտանիքը տեր կկանգնեն իրենց ավանդույթներին, չգրված (բայց բնականորեն գործող ու իր պատմությամբ թրծված) օրենքներին եւ դիմակայելով կվերադառնան իրենց արմատներին:

Ու հիմնավորապես կվերականգնեն ազատ մարդու, անկախ ազգի իրավունքները՝ ինքնիշխան հայկական պետությունում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։