Դեռ պայքարու՞մ ենք եվրաձայնի համար

Պատմության գիրկն անցան ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ 2008թ. թիվ 1609 եւ 2009թ. 1620 բանաձեւերը, սակայն, իր պատմությունն է կերտում ԵԽԽՎ 2009թ. թիվ 1643 բանաձեւը: Այն առավելապես ՀՀ քր.օր.-ի հոդվածների փոփոխություններին ու լրացումներին է վերաբերում, որն էլ ուղղակիորեն առնչվում է «7-ի» գործով դատավարությանը: Իշխանությունները պնդում են, որ սկսել են իրականացնել վերջին բանաձեւի պահանջները, իսկ ընդդիմությունը ընդդիմանում է, թե դա այդպես չէ:

Ինչեւէ, այս հարցով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ փաստահավաք խմբին ավելացավ եւս մեկը՝ ԱԺ նախագահի հրամանագրով ստեղծված աշխատանքային խումբը:

Եվ ահա, ՀՀ քր.օր.-ի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը փետրվարի 11-ի նիստում, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի եւ խմբի ղեկավարի նախագահությամբ, կրկին անդրադարձել է քրեական օրենսգրքի 2 հոդվածներին: Առաջարկվել է քրեական օրենսգիրքը համալրել 301/1՝ նոր հոդվածով, որով տարանջատվում են իշխանությունը յուրացնելուն ուղղված եւ չուղղված գործողությունները, որոնց համար նախատեսվում են տարբեր պատժաչափեր: Նոր հոդվածով որպես առանձին հանցատեսակ Է ամրագրվում՝ «ՀՀ նախագահին, ԱԺ-ին, կառավարությանը, Սահմանադրական դատարանին, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, որեւէ իշխանական գործողություն կատարելը կամ չկատարելը պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն»: Աշխատանքային խմբում առաջարկվել է նկարագրված դեպքում նույնպես կիրառել քր.օր.-ի 300-րդ հոդվածը՝ համապատասխան տարբերակումներով: Խմբի անդամները կարծում են, որ հասարակության համար վտանգավոր լինելու տեսանկյունից այս եւ 300-րդ հոդվածով նկարագրվող հանցագործությունները անհամադրելի են:

Զանգվածային անկարգություններին վերաբերող՝ 225-րդ հոդվածում աշխատանքային խմբի ղեկավարն առաջարկել է ուղղակիորեն ամրագրել, թե որն է զանգվածային անկարգությունը: Ըստ քննարկվող տարբերակի, այդպիսին կդիտարկվի բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված եւ հասարակական անվտանգությանը սպառնացող խմբային գործողությունը: Հոդվածից հանվել է «սպանությամբ զուգորդված» արտահայտությունը, ինչը կկարգավորվի 104-րդ հոդվածով, ինչպես նաեւ ավելացվել է նոր՝ զանգվածային անկարգությանը մասնակցելու համար պատժատեսակ՝ առավելագույնը 3 ամիս կալանք: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք զանգվածային անկարգության մասին հոդվածում նկարագրված գործողություններ չեն կատարել:

Իր մասին հիշեցրել է նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, որը դիմելու է ԱԺ-ին՝ իրենց կողմից կատարվող ուսումնասիրությունների եզրակացությունը ներկայացնելու համար հատկացված ժամանակը երկարաձգել մինչեւ հուլիս կամ սեպտեմբեր: Հաջորդ քառօրյայում այս առաջարկը կներկայացվի քննարկման: Արդեն մեկ անգամ սույն հանձնաժողովը դիմել էր ԱԺ՝ իր գործունեությունը մինչեւ փետրվար երկարաձգելու համար: Հետաքրքիր է, որ ԵԽԽՎ-ն մեր ներկայացուցիչներին չէր զրկել ձայնի իրավունքից, որպեսզի առաջիկա 3 ամիսների ընթացքում՝ մինչեւ մայիս ամիսը, ՀՀ իշխանությունները նախորդ բանաձեւերի որոշումները վերջնականապես կատարեն, սակայն, ժամանակավոր հանձնաժողովն իր եզրակացությունը ցանկանում է ներկայացնել հուլիսին կամ սեպտեմբերին… Ըստ հանձնաժողովի՝ հսկայածավալ աշխատանք է կատարվել: Նիստերը եղել են բաց եւ թափանցիկ, որին մասնակցել են լրագրողներ եւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Կարծում ենք՝ շուտով փաստահավաք խումբն էլ իր հայտարարություններն ու մեկնաբանությունները կանի: Իսկ ժողովուրդը դեռ պիտի սպասի ինչպես իշխանությունների եւ ընդդիմության որոշումներին, այնպես էլ եվրաորոշումներին, որոնք միշտ էլ երկակի ստանդարտների տեսքով են հրամցվում…

Իշխանությունները դեռ աշխատում են, ընդդիմությունը պատրաստվում է նոր հանրահավաքների: Ի դեպ՝ ընդդիմությունը քաղաքապետարանին հանրահավաքն անցկացնելու վայրի հետ կապված այլընտրանքի հնարավորություն է տվել՝ առաջարկելով հանրահավաքի համար նախատեսել Մատենադարանին հարող տարածքը կամ Հյուսիսային պողոտան: Վերջում նախատեսվում է Մաշտոցի պողոտայով երթով հասնել Ա. Մյասնիկյանի արձանին եւ քաղաքապետարանին հարող տարածք, ծաղկեպսակ դնել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Հայկ Թ
որգոմյան

«Լուսանցք», թիվ 5(91), 2009թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։