Եռագու՞յն, թե՞ ծիրանագույն

Հինկտակարանյա՞ն, թե՞ Տիգրանմեծյան դրոշ

Մենք «Լուսանցք»-ի էջերում բազմիցս անդրադարձել ենք Հայոց խորհրդանիշերին եւ փորձել ենք մանրամասնել դրանց խորիմաստ տիեզերահաս խորհուրդները: Ինչպես նախորդ հոդվածներում էինք նշել՝ ազգային ու պետական կարեւոր խորհրդանիշերից է նաեւ դրոշը:

Որեւէ ազգի, պետության դրոշը (կամ զինանշանը) բոլոր ժամանակներում էլ համարվել է տվյալ ազգի ու պետության խորհրդանիշը՝ արժանանալով ամենաբարձր պատվի: Ազգային ու պետական խորհրդանիշերը վայելում են նաեւ միջազգային պատիվ ու հարգանք, եւ բոլոր պաշտոնական ու կարեւորագույն արարողակարգերում, միջոցառումներում մշտապես առկա են:

Դիցուկ՝ դրոշի պատիվը պաշտպանելու, այն կանգուն պահելու համար տասնյակ հազարավոր այրեր են անձնազոհ եղել ու արյուն հեղել: Դրոշը ռազմադաշտերում սխրանքների է մղել զինվորներին եւ առաջնորդել բանակներ, իսկ պատերազմի դաշտում դրոշը կորցնելը (գերի ընկնելը) նշանակել է դրոշակակիրների գերի ընկնել:

Ազգի ու պետության անկախության, ազատության այս խորհրդանիշի նկատմամբ ցուցաբերված հարգանքը (կամ վիրավորանքը) անմիջականորեն վերաբերում է այն պետությանը կամ ազգին, ում դրոշի (կամ զինանշանի) հանդեպ է ցուցաբերվել այդ հարգանքը (կամ վիրավորանքը):

Ազգային ու պետական դրոշներն ունեն իրենց ձեւավորման, չափերի, գծագրության ու գույների հետ առնչվող կանոններ, որոնք հաստատված են տվյալ պետության օրենքներով: «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» ՀՀ օրենքը, հիմնվելով «Հայաստանի Հանրապետության անկախության մասին» հռչակագրի 1-ին հոդվածին, ամրագրել է Հայաստանի 1-ին Հանրապետության դրոշի վերահաստատումը: Այսպիսին էր Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1990թ. օգոստոսի 24-ի որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջի (երեք հավասար շերտերով): Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունն է՝ 1:2:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (հիմնական օրենքի) եւ օրենսդրության մեջ կատարել սույն օրենքից բխող համապատասխան փոփոխություններ:

3. Սույն օրենքը կիրառել ընդունման պահից:

Ահա այսպես էլ, Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-1920 թթ.) եռագույն դրոշը ճիշտ նույն գույներով՝ «կարմիր, կապույտ եւ նարնջագույն» հորիզոնական երեք երիզներից, դարձավ 3-րդ Հանրապետության դրոշը եւս: Եվ հիմա, ինչպես մեր արդի Հանրապետության, այնպես էլ Արցախ-ԼՂՀ-ի դրոշները նույն գույները ունեն (տարբեր ձեւավորումներով):

Հայաստանի 1-ին Հանրապետության դրոշի ձեւավորման գործին մասնակցողները վստահաբար առաջնորդվել են Բիբլիա-Աստվածաշնչի մոտիվներով ու թեմաներով, հապճեպ (գուցե ժամանակի սղության խնդիր կար)՝ առանց լուրջ վերլուծությունների են կազմել Հայաստանի Հանրապետության դրոշը, որի ձեւավորման ու գույների (եռագույնի) ընտրության համար նրանք ընդօրինակել էին Հին Կտակարանի Ելից գրքում 23 անգամ կրկնվող սույն գրությունը՝ Սուրբ-Սրբոցի «…կապուտակէ եւ ծիրանագույնէ ու կրկնակի կարմիրէ…» վարագույրների գույները:

Հրեաների Եհովա Աստվածն էր Մովսես մարգարեին թելադրել, որպեսզի Սուրբ-Սրբոցի վարագույրները լինեն նշյալ գույներով: Հին Կտակարանը հրեաների նվիրական գիրքն է: Ուրեմն՝ Հայաստանի Հանրապետության դրոշը կազմողներին ի՞նչն էր ստիպել, որ նրանք գույներն ընդօրինակեին Ելից գրքի Սուրբ-Սրբոցի վարագույրներից: Ենթադրությունները կարող են եւ հակասական լինել: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի 1-ին Հանրապետության ղեկավարների (եւ իշխող կուսակցության՝ ՀՅԴ-ի) կազմում քիչ չէին մասոնական օթյակների անդամները (Ալեքսանդր Խատիսյան, Արշակ Ջամալյան, Սիմոն Գրուզինով-Վրացյան, Վահան Փափազյան եւ այլք, որոնց մի մասի կանայք նաեւ ազգությամբ հուդայական հրեաներ էին), ապա կարելի է նաեւ ենթադրել, թե ինչու Հայաստանի 1-ին Հանրապետության դրոշի գույները եղան Ելից գրքի Սուրբ-Սրբոցի վարագույրների գույները… Սրան էլ եթե ավելացնենք Հայ առաքելական եկեղեցու ազդեցությունը, թեկուզ անուղղակի (պետականության չգոյությունը եկեղեցուն հսկայական հնարավորություններ էր տվել), ապա առավել ընկալելի կլինի մեր ասածը: Հիմա էլ է եկեղեցին փորձում խառնվել պետության գործերին՝ ԱԺ-ում անուղղակի (իր հպատակ պատգամավորների միջոցով) օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշելով…

Կարճ ապրեց Հայաստանի 1-ին Հանրապետությունը եւ շուտ մոռացվեց դրոշի գործունեության ասպարեզը, հատկապես, երբ խորհրդային Հայաստանի (ինչպես արդեն ասում են՝ Հայաստանի 2-րդ Հանրապետության) ժամանակներում բոլորովին այլ դրոշ (եւ զինանշան) էր գործածվում:

Եվ այսպես, 1919թ., անփորձության կամ ոմանց «թեթեւ ձեռքով», մեր կարծիքով, թույլ է տրվել սխալ: Սակայն, այժմ այլ է իրադրությունը: Հարկավոր է վերանայել կրկնվող սխալները: Կարող է մի օր Ելից գրքի եւ Սուրբ-Սրբոցի տերերն առարկեն ու ասեն, թե հայերը սեփականացրել եւ պղծում են իրենց սրբությունները… Իսկ Ելից գիրքը հրեաների Եհովա Աստծու պատգամների եւ Մովսես մարգարեի գործունեության դավանաբանական մատյանն է, ինչը հետագայում «ազգային» քրիստոնեությամբ պարտադրվեց նաեւ հայերիս:

Հիմա, երբ մի քանի անգամ քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության օրհներգի, անգամ զինանշանի փոփոխության հարցը, մենք կարեւորում ենք նաեւ դրոշի փոփոխման խնդրին անդրադառնալը:

Հատկապես, երբ 1919թ. Հայաստանի 1-ին Հանրապետության խորհրդարանը պետական դրոշի գույների հաստատման ժամանակ՝ «…կապուտակէ եւ ծիրանագույնէ ու կրկնակի կարմիրէ…» գույներից միայն ծիրանագույնը չի ընտրել… այդ ժամանակ Հայաստանում ծիրանագույն կտոր չլինելու պարզ պատճառով, եւ կապույտ-կարմիրի հետ ընդունվել է նարնջագույնը, հաճախ՝ կիրառվել է նաեւ դեղինը (քանի որ նարնջագույն կտորն էլ չի բավականացրել): Հետաքրքիր է, որ գույների հերթական դասավորության հարցը նույնպես չի կարեւորվել: Ինչպես նշվում է 1919թ. դրոշի հաստատման որոշման մեջ՝ գույների դասավորությունը կամայականորեն է ընտրված…

Իհարկե, ՀՀ նոր դրոշի գույների հաստատման ժամանակ ոչ մի բացահայտ խոսք չի եղել Ելից գրքի Սուրբ-Սրբոցի վարագույրների «…կապուտակէ եւ ծիրանագույնէ ու կրկնակի կարմիրէ…» գույների մասին: Դա լավ չէր դիտվի (հեղափոխականների շրջանում), չնայած Հայաստանի 1-ին Հանրապետությունը նույնպես հուդա-քրիստոնեական դավանանքի ենթակա պետություն էր…

Ընդհակառակը, ըստ գույներն առաջարկողների եւ հաստատողների, կարմիրը բնորոշել է հեղափոխական պայքարը, կապույտը՝ Հանրապետության ազատ թռիչքը՝ անկախությունն ու ազատությունը, իսկ ծիրանագույնին փոխարինած նարնջագույնը կամ դեղինը՝ արդար աշխատանքը, հատկապես դեղինի գործածության պարագայում՝ ցորենի արտը՝ հացը…

Եռագույն դրոշները նորաձեւության պես տարածվում էին երկրե-երկիր եւ իրենց բոլոր տեսակի երանգներով հանդերձ, դրոշների համար գործածվող հիմնական գույները եղել են կարմիրը, սպիտակը, սեւը, կապույտը, դեղինը եւ կանաչը: Դրոշներում գրեթե չի գործածվել մանուշակագույնը, ծիրանագույնը կամ նարնջագույնը եւ սրճագույնը: Միջնադարյան Կիլիկիայի Հայկական թագավորության զինանշաններին այլ գույների թվում եղել են նաեւ ոսկեգույն եւ արծաթագույն տարրեր:

Իսկ մեծամեծ հայկական թագավորների ծիրանագույն-ծիրանավառ թիկնոցները խորհրդանշել են մեր հզոր թագավորությունների հայկականությունը: Ծիրանը (Ծիր-անը, նաեւ՝ Ծիր-Կաթին՝ մեր գալակտիկան) բնորոշել է Հայոց հայրենիքի եւ Հայոց թագավորությունների արարչաբնույթ, տիեզերահաս-տիեզերածիր լինելը… եւ մենք կորցրել ենք նաեւ այս խորհուրդը, ինչպեսեւ շատ այլ խորհուրդներ ու խորհրդանշաններ:

Կարծում ենք՝ մի օր իրապես հայկական պետության որոշումով, մեր դրոշը կվերահաստատի Հայոց հզոր թագավորությունների ծիրանագույնը՝ ներառելով նաեւ արեւավառ տիեզերաիմաստները:

Պարտավոր ենք աստիճանաբար վերանայել մեր բազմահազարամյա լեզվի, խորհրդանշանների, առասպելներում ու հեքիաթներում նկարագրված իրադարձությունների (անգամ՝ 7 երկինքների, 3 բաժանվող ճանապարհների եւ այլն) խորհուրդները, որոնցում թաքցված բանալիներ (ծածկագրեր) կան այսօրվա բազմաթիվ փակ դռները բացելու համար: Իսկ այդ փակ դռները ոչ միայն երկնային են, այլեւ՝ երկրային… Ոչ միայն բուն մեր ներկայիս կյանքին են առնչվում, այլեւ՝ անցյալն են վերաիմաստավորում եւ ապագան պարզորոշում:

Արամ Ավետյան

Լուսանցք» թիվ 13 (99), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։