Ադրբեջանական «պատմագիտությունը» ծիլեր է արձակում… մեզանում

Գրախոսություն Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը 18-րդ դարի արցախյան դիվանագիտության համաշարադրանքում» (ռուսերեն, Երեւան, «Անտարես» հրատարակչություն, 2007, 120 էջ) մենագրության

«Պատմության միակ չափանիշը ճշմարտությունն է» (ակադ. Լենդրուշ Խուրշուդյան)

«Պատմության կեղծարարներին պետք է կախել՝ կեղծ փող հատողների նման» (Սերվանտես)

2007թ. աշնանն առաջին անգամ լույս տեսած, գրախոսվող մենագրությունն արդեն արժանացել է Երեւանում երկրորդ տպագրության, եւս մեկ վերահրատարակություն լույս էր տեսնելու Ռուսաստանի Դաշնությունում‘«Արցախի մելիքություններն ու Ղարաբաղի խանությունը» վերտառությամբ: Հատկապես ուշագրավ է վերջինը, քանի որ այսպիսով, հեղինակի դրույթներն արդեն դուրս են գալիս հայկական միջավայրից:

Մենագրությունը հրատարակության է երաշխավորել ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, խմբագիրն է Աշոտ Բեգլարյանը, գլխավոր գիտական խմբագիրը՝ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտ. դոկտոր Պավել Չոբանյանը:

Ինչպես նշում է գրքույկին արձագանքած պատմ. գիտ. դոկտոր Հրանտ Աբրահամյանը, «կարելի է ենթադրել, որ նրանք էլ են իրենց պատասխանատու զգում նշված գրքույկում առաջ քաշված ենթադրությունների համար» («Արցախի պատմությունը՝ աղավաղված», «Առավոտ» օրաթերթ, 7 օգոստոսի 2008թ., էջ 7. Պ. Չոբանյանը նաեւ խմբագիրն է պատմ. գիտ. թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները XVII-XIX դդ.» մենագրության):

Մինչ այս մենագրությունը Դավիթ Բաբայանը գրքույկում շարադրված դրույթների ոգիով հանդես է եկել «Ազատ Արցախ» «հանրապետական» (ԼՂՀ պետական կենտրոնական) օրաթերթի 2006 թ. հունիսի 20-ի, 22-ի, 27-ի եւ հուլիսի 4-ի համարներում՝ «Փանահ խանի իշխանությունը Ղարաբաղում. Ազգային ողբերգությո՞ւն, թե՞ արցախյան դիվանագիտության խոշոր, բայց մինչ այսօր անհայտ հաղթանակ» փքուռույց վերնագրով հրապարակումով, որը խիստ դժգոհություն է հարուցել ԼՂՀ-ում: 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Միքայել Բեգլարյանն արձագանքել է նույն թերթի նույն տարվա սեպտեմբերի 9-ի համարում՝ «Վարկածնե՞ր, կարծիքնե՞ր, ենթադրություննե՞ր, թե՞ պատմական ճշմարտություններ» վերնագրով: Հարգարժան մանկավարժը ողջ արցախահայության չափազանց մեծ վրդովմունքն է արտահայտում, որ Դ. Բաբայանը «ինչո՞ւ ղարաբաղցիներին անգիտակ զանգվածի տեղ դրեց, չէ՞ որ ով՝ ով, բայց ղարաբաղցին լավ գիտի իր պատմությունն ու նրա ստվերոտ կողմերը եւ ցավում է դրանց համար»:

Դավիթ Բաբայանի գիրքը, որքան տեղյակ ենք, ունեցել է եւս երեք արձագանքներ: Արտակ Մաղալյանն, օրինակ, իր վերոհիշյալ մենագրության ներածությունում արժանի հարված է հասցրել Դ. Բաբայանի գրքին (էջ 26-28)՝ դա համարելով «հանրահայտ փաստերի միակողմանի եւ կամայական մեկնաբանությունների հիման վրա առաջ քաշված անհեթեթ վարկածի» նվիրված «սիրողական բնույթի գիրք», «գրչամարզանքներով», «փաստական բազմաթիվ սխալներով եւ արտառոց թյուրիմացություններով» լեցուն՝ «գլխիվայր շրջված պատմություն»: Մեր օրերում նմանատիպ գրքերի հրապարակումը Ա. Մաղալյանն «անթույլատրելի» է համարում:

Ինչեւէ, իսկ ո՞վ է Դավիթ Բաբայանը, որ վայելում է ԼՂՀ պետական մարմինների նեցուկն ու Պավել Չոբանյանի գիտական խորհրդատվությունը: Շատ բան հասկանալի է դառնում ընթերցելով 35-ամյա հեղինակի՝ գրքույկի չորրորդ շապիկի վրա տպագրված կենսագրությունը: Դ. Բաբայանն ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանի (Բուդապեշտ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2005թ. մայիսին ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում պաշտպանել է «Ջրային ռեսուրսների հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համաշարադրանքում» թեկնածուական ատենախոսությունը (տվյալ թեման որքանո՞վ է առնչվում արեւելագիտությանը՝ միայն Աստծուն ու երեւի հիշյալ ինստիտուտի ղեկավարությանն են հայտնի): 1998թ.-ից պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ԼՂՀ պետական համակարգում, մասնավորապես ԱԳՆ-ում եւ նախագահի վարչամեքենայում, այդ թվում աշխատել է ԼՂՀ նախագահի օգնական: Ներկայումս ԼՂՀ նախագահին կից տեղեկատվական կենտրոնի ղեկավարն է:

Դավիթ Բաբայանի զբաղեցրած այս պաշտոններն է՛լ ավելի վտանգավորություն են հաղորդում նրա հորինվածքներին, քանի որ ընթերցողները կարող են դրանք իբրեւ ԼՂՀ պաշտոնական տեսակետներ ընկալել (ԱԳՆ երաշխավորությամբ հրատարակվելը նման տեսակետ ձեւակերպելու բավարար հիմք է տալիս): Իսկ ԼՂՀ ԱԳՆ-ում որեւէ մեկն ընթերցե՞լ է արդյոք գրախոսվող մենագրությունը: Սա հռետորական հարց չէ, քանի որ իմ գրախոսություններից հետո եղել են խմբագիրների, երաշխավորողների, մեկենասների, գրախոսների եւն. «արդարացումներ», թե իրենք քննադատվող հրատարակության մեկ էջն իսկ չեն կարդացել մինչեւ հրատարակությունը եւ նույնիսկ դրանից հետո… Չքմեղանք… մեղքից ծանր:

Դավիթ Բաբայանի հիմնադրույթներն ու առաջ քաշած, իր իսկ բառերով՝ «վարկածները» ամփոփված են գրքի անոտացիայում (էջ 2).

- «Թուրքական ջիվանշիր ցեղի առաջնորդի (Փանահ Ալիի – Գ. Յ.) գլխավորությամբ Ղարաբաղի խանության ստեղծումը Արցախի իշխող շրջանակների խորապես մտածված դիվանագիտական քայլն էր»:

- «Իր ստեղծման պահից մինչեւ առնվազն պարսից շահ Աղա Մուհամմեդի արշավանքը Ղարաբաղի խանությունը հայկական պետական կազմավորում էր, որտեղ Ղարաբաղի մելիքները՝ այդ պետության փաստական կառավարողներն էին»:- «

Ղարաբաղի խանությունը Արցախի պետականության կառուցման փուլերից մեկն էր, եւ այդ պետական կազմավորումը չափազանց էական դեր խաղաց հայկական պետականության պատմության մեջ»:

«Ներածության» մեջ հեղինակը Ղարաբաղի խանության պատմությունը հայտարարում է «մեր (երեւի նկատի ունի հայերի – Գ. Յ.) պատմությունը», որը հարկավոր է «գիտական խոր եւ ամեն տեսակ զգացմունքներից զերծ» վերլուծել (էջ 5): Ավելին, նա «հայկական կողմին» մեղադրում է, որ տեր չկանգնելով մեր պատմության այդ հատվածին, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն յուրացնի (էջ 6): Նա դժգոհում է, որ հայկական պատմագրությունը «մելիքների ու խաների միջեւ գոյություն ունեցած պայքարը դիտարկում է բացառապես իբրեւ ազգային-ազատագրական պայքարի շարունակություն» (էջ 6): Բաբայանի երեւակայությամբ՝ Փանահին Արցախ են հրավիրել երկրամասի մելիքները՝ «հավաքական որոշմամբ», թեեւ «կարեւորագույն դերերից մեկը վերապահված էր Վարանդայի մելիքին (դավաճան մելիք Շահնազար Բին – Գ. Յ.)» (էջ 7): Փանահը հո մենակ չէր գալու, նա իր հետ բերելու էր նաեւ իր ցեղակիցներին: Այսինքն, ըստ Դ. Բաբայանի, հայերն են 1930-ական թվականների կեսերին «ադրբեջանցի» հորջորջվածների մի մասի նախնիներին Արցախ հրավիրել……

«Բացակները Ղարաբաղում Փանահ խանի տիրակալության ավանդական մեկնաբանության մեջ» վերնագրված առաջին գլխում (էջ 9-14) Դ. Բաբայանն անդրադառնում է Արցախի 18-րդ դարի պատմության շարադրանքում առկա բացթողումներին: Նա գրում է. «Որեւէ աղբյուրում չի նշված, թե Փանահն ու Շահնազարը Վարանդայի եւ մյուս մելիքությունների բնակչությանը ճնշել են: Եղել են ընդհարումներ այլ մելիքների հետ, բայց ոչ ժողովրդի հետ» (էջ 12): Ըստ երեւույթին, պետք է Բաբայանի նման ենթադրենք, որ Խամսայի մելիքների զորականները Արցախի հայ բնակիչներ չեն եղել (այլ հարց, թե խանի զորամասերում էլ հայազգիներ են եղել, մասնավորաբար դավաճան մելիք Շահնազարի զորքը, որոնք իրենց ազգակիցներին կոտորել են օտարի շահերի համար): Գլուխի ավարտին Բաբայանը հայտարարում է, թե Փանահի Արցախում հաստատման փաստին «դասական մեկնաբանությունը չի կարող առկա մի շարք «բացակները» վերացնել», ինչին եւ ձեռնամուխ է լինում ինքը՝ անմիջապես հայտնագործելով իր գլուխգործոցներից մեկը. «Բավականին ծանր հիմքեր կան կարծելու, թե տվյալ բեմարքը (սցենար) արցախցիների հմտորեն ծրագրավորված եւ փայլուն կերպով իրագործված դիվանագիտական քայլն (օպերացիա) էր» (էջ 14): Հաջորդ գլուխներում, տնտեսագետ-քաղաքագետ-միջազգայնագետ-պատմաբան Բաբայանը շարունակելու է իր սեփական դիվանագիտական «օպերացիան»՝ շուռումուռ տալով պատմական ակնհայտ ճշմարտությունները:

Երկրորդ գլուխը վերնագրված է՝ «Ազգային-ազատագրական պայքարն Արցախում 1772-1728թթ.՝ Ղարաբաղի խանության ստեղծման համաշարադրանքում» (էջ 15-28): Այս եւ հաջորդ գլուխներում հեղինակը զարգացնում է այն տեսակետը, թե հիշյալ տարիների դառը փորձը Արցախի հայ մելիքներին բերել է այն համոզման, որ պարսիկների եւ օսմանցիների միջեւ խուսանավելու եւ սեփական կաշին պահպանելու համար հարկավոր է երկրամաս հրավիրել մի մուսուլման ազդեցիկ դեմքի ու նրան հանձնել երկրամասի «անվանական իշխանությունը»… Իսկ ինչու՞ են նրանք այդպես վարվել: Պարզվում է, որ հիշյալ տարիների պայքարի պատճառով, հայերին «սկսեցին իբրեւ թշնամի եւ օտար (հեղինակը հավանաբար նկատի ունի ռուսներին – Գ. Յ.) ձեռքերում գործիք ընկալել» (էջ 20): Հակառակ արցախցիների հերոսական դիմադրության, պայքարն ավարտվում է համատարած հուսահատությամբ եւ երկրամասից արտագաղթով: Առաջանում է իսկական վտանգ «հայկական պետականության վերջին հենարան Ղարաբաղի» գլխին (էջ 27):

Անելանելի թվացող այս իրավիճակից ելքի որոնումներին է նվիրված «Ղարաբաղում Փանահ խանի երեւալուն նախորդած ժամանակաշրջանը» վերնագրված երրորդ գլուխը (էջ 29-31): Մելիքներն իբր հարկավոր են համարել եղած-չեղածը պահելու համար հրաժարվել զենքի ուժից եւ ապավինել խելքի ուժին. սա՛ է Բաբայանի եզրակացությունը, որը գլխի ավարտին նա ձեւակերպել է գիտաֆանտաստիկա հիշեցնող հետեւյալ նախադասությամբ. «Եվ ընդունվեց իսկապես անօրինակ (ֆենոմենալ) որոշում, որը, նկատի ունենալով նրա վտանգավորությունը, մանրազնին գաղտնիությունն ու տաղանդավորությունը, առ այսօր անհավատալի է թվում» (էջ 31):

Ընթերցողն արդեն կռահեց, որ խոսքը Փանահ Ալիին Արցախ «հրավիրելու» (sic!) որոշման է վերաբերում, որը պատմական որեւէ հիմնավորում չունի եւ որի «հիմնավորմանն» է հեղինակը ի զուր ձգտել «Ղարաբաղում Փանահ խանի տիրակալությունն ու կառավարումը» վերնագրված չորրորդ գլխում (էջ 32-62): Սրա առաջին ենթագլխում հեղինակը ներկայացնում է Փանահ Ալիի անցած ուղին մինչեւ Արցախում հայտնվելը, եւ «հրավիրման» վարկածին նոր երանգներ հաղորդելով, ինքը եւս զարմանում է իր իսկ հորինվածքի վրա՝ գրելով. «Իբրեւ ուշադրությունը շեղող մանեւրի՝ սեփական պետության գահին «օտար ծագման» տարր բերելու քայլը համաշխարհային պատմության մեջ, խնդրեմ, առաջին անգամ էր պատահում» (էջ 34): Այսինքն, ըստ Դ. Բաբայանի, հայերս 18-րդ դարի կեսերին Արցախում դիվանագետներ ենք ունեցել, որ ողջ աշխարհը մինչ այդ չի ունեցել… Դե ինչ, իսկապե՛ս կարող ենք հաստատել, որ 21-րդ դարում էլ Արցախում նման քաղաքագետ-դիվանագետ ունենք՝ աշխարհը չունի……

Եվ այսպես, շարունակելով «վարկած»-ների վրա կառուցված իր մտավարժանքները, Դ. Բաբայանը հասնում է Շուշի: Նա, չզարմանաք, Փանահի Շուշիում հաստատվելը հայտարարում է ոչ ավել, ոչ պակաս՝ «(ըստ երեւույթին՝ հայ մելիքների սարքած – Գ. Յ.) խաբեություն եւ ոչ թե դավաճանությունը» (էջ 49) մելիք Շահնազարի, որին Բաբայանը միշտ ներկայացնում է դրական հատկանիշներով: Ինչպե՞ս կարելի է արդարացնել թուրքածնունդ, թուրքի խնամի, եղբայրասպան, ազգային միաբանության թշնամի, հայոց թշնամու դաշնակից արարածին. մելիք Շահնազար Բ-ն ծնված լինելով Նախիջեւանի խանի դուստր մորից, սպանել է տվել հայ կնոջից ծնած իր խորթ եղբայր Մելիք Հովսեփին, նրա ժառանգներից խլել իշխանությունը, հարեմ պահել, Փանահ Ալի կոչված հանցագործին տրամադրել Շուշիի անառիկ ամրությունը…

Դավաճաններին որեւէ կերպ արդարացնելը հիմնովին անընդունելի է. նրանց մեր ժողովուրդը անարգանքի սյունին է գամել ու գամելու է այժմ եւ միշտ եւ հավիտյան, իսկ դավիթբաբայաններն իրենց «արդարացումներով» պարզապես պարարտ հող են սնուցում հայազգի արարածների հնարավոր նոր դավաճանությունների համար:

Դ. Բաբայանը մոռացե՞լ է արդյոք, որ շահնազարների դավաճանության հետեւանքով Արցախում կայք հաստատած եւ բազմացած քոչվոր թյուրքազգիներին ու քրդերին երկրամասից հեռացնելու համար հայ ազգը զոհեց իր հազարավոր զավակների կյանքը, այն էլ՝ շուրջ երկուսուկես դար հետո՝ 1990-ականների առաջին կեսին:

Շարունակվում են «ուշադրությունը շեղող մանեւրները»: Այս ի՜նչ չնաշխարհիկ գերգաղտնի ծրագիր է, որին գլուխ չեն ընկնում պարսիկն ու թուրքը եւ որին կնախանձեին նույնիսկ այսօրվա հատուկ ծառայությունները: Արդեն քանիերորդ անգամ հեղինակը Ղարաբաղի խանությունը հայտարարում է «հայկական պետական կազմավորում» (էջ 52, 53), եւ մեղադրում է 1720-ականների մելիքներին, որոնց վարած իբր ոչ ճկուն դիվանագիտության պատճառով այդ թվականների ռազմական հաղթանակներն ավարտվել են «ծանրագույն հետեւանքներով» (էջ 54): Ինչպե՞ս կարելի է հայկական կոչել մի պետական կազմավորում, որի տիրակալը, նույնիսկ մուսուլմանական աղբյուրների հավաստմամբ (միրզա Ադիգեոզալ բեկ, միրզա Ջամալ Ջիվանշիր Ղարաբաղի, Ահմեդ բեկ Ջիվանշիր եւ այլոք), որեւէ լավություն չի արել տիտղոսակիր հայ ազգին. երեւի միակ լավությունը այն է եղել, որ Արցախ-Սյունիքի բոլոր հայերին գլխովին չի բնաջնջե՞լ… Բաբայանը չգիտի նույնիսկ իր մենագրության առանցքային դեմքերից Փանահ խանի մահվան թվականը՝ 1762-ը, որը գրչի մեկ հարվածով փոխարինել է 1759/1760 նշումով (էջ 55):

Իր գաղափարը կաղապարելու համար, Բաբայանը դիմում է պատմագիտության մեջ անընդունելի հնարքների, այդ թվում՝ փաստերի միտումնավոր անտեսման: Այսպես, Արցախի մելիքների՝ Փանահի նկատմամբ գերակայությունը «հիմնավորելու» համար, նա չի խորշում նույնինքն խանի սպանել տված Խաչենի մելիք Ալլահվերդիի փոխարեն մելիք նշանակված Միրզախանի համար գրել, թե վերջինս, ինչպես եւ ուրիշ մելիքներ, «իրենց սեփական դրամն էին հատում» (էջ 57): Առաջին՝ Բաբայանը միտումնավոր «չտեսնելու է» տալիս իր աղբյուրի՝ միրզա Ադիգեոզալ բեկի շատ հստակ վկայությունը, որ այդ մելիքները Փանահի՛ (եւ ոչ թե իրենց սեփական) դրամն էին հատում, ինչը վկայում է մելիքների՝ խանի՛ն ենթակա լինելու մասին: Երկրորդ՝ այդ ի՞նչ «անվանական իշխանություն» ունեցող խաներ են Փանահն ու նրա որդի Իբրահիմը, որ իրենց խելքին փչած ժամանակ սպանում են «իսկական իշխանություն» ունեցող մելիքներին, մելիքազուններին, Աղուանից (Գանձասարի) կաթողիկոսին, բռնի իսլամացնում ուրիշների, այս կամ այն մելիքի ունեցվածքն ու ճորտերը խլում: Այս զույգի չարագործությունները կոծկելու իր հեւքում, Բաբայանը Իբրահիմի սպանել տված Դիզակի մելիք Եսայի Մելիք-Եգանյանի համար գրում է, թե նա «մահացել է 1781 թվականին» (էջ 76): Նա նույնիսկ չի ակնարկում, որ նույն արյունարբուն սպանել է Գանձասարի Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսին, նրա եղբայրներից Ջալալ բեկին գլխատել, իսկ Դանիել բեկին՝ ողջ-ողջ կտոր-կտոր արել, բանտարկել մյուսներին, կողոպտել եւ ավերել Գանձասարի վանքը, սպանել մի քանի տարի առաջ իր իսկ սպանած մելիք Եսայիի եղբորորդի եւ հաջորդ մելիք Բախտամին:

Աշխատության վերջին՝ հինգերորդ գլխում Բաբայանը պատմագիտական մի նոր հայտնագործություն է անում, գրելով թե «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» աշխատության հեղինակը ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինն է (էջ 68), ում եւ մյուս հայրենասերներին Բաբայանը հռչակում է «երազող» եւ «տեսաբան-երազողներ»՝ բացասական երանգ տալով իր պիտակավորումներին (էջ 73): Փանահի ժամանակների Ղարաբաղի խանությունը «հայկական պետական կազմավորում» հայտարարած (էջ 52, 53) Բաբայանը Փանահի որդի Իբրահիմի ժամանակների համար գրում է, որ այդ խանությունը «հայկական պետականության վերակազմավորման կորիզն էր փաստորեն» (էջ 70, նույն հերյուրանքը՝ էջ 73): Իսկապես կարելի է հիանալ Բաբայանի «տրամաբանությամբ». սկզբում «հայկական պետականություն է», ապա նոր միայն՝ այդ պետականության «վերակազմավորման կորիզ»… Այս գլխում Ղարաբաղի խանությունը բազմիցս հիշատակվում է իբր «փաստացի հայկական պետական կազմավորում», որին պետք էր «փաստացի հայկականից իրավական հայկականի վերածել» (էջ 74), ինչը, «ըստ երեւույթին, Հովսեփ Էմինը չի հասկացել եւ միտումնավոր կերպով վտանգավոր բեմարքներ է առաջարկել» (նույն էջում): Մի խոսքով՝ Ղարաբաղի խաների դաշնակից դավաճանները խելոք, հեռատես, ճկուն դիվանագետ ու քաղաքական ճիշտ հաշվարկներ անողներ են, իսկ թշնամու դեմ հայրենիքը զենքով պաշտպանողները՝ երազողներ, վտանգավոր ծրագրերի մասին մտածողներ… (ավելորդ չի լինի հիշեցնել, որ այս դատողություններն անում է ԼՂՀ պետական բարձրաստիճան պաշտոնյան): Իբրահիմ խանի հետ գործակցող Վարանդայի Շահնազար եւ Խաչենի Միրզախան մելիքների դավաճանությունները «թվացյալ» հայտարարելով, Բաբայանը հորդորում է «մի կողմ թողնել զգացմունքները», ու անցնելով այս երկուսի արարքների «համակողմանի եւ սթափ վերլուծման» (էջ 78), հայտնաբերում է, որ հայրենասեր մելիքները (որոնց այս անգամ կպցնում է «երիտասարդ մելիքներ» պիտակավորումը՝ հեգնական երանգով, էջ 78) «ծայր աստիճան անկանխատեսելի հետեւանքներով չափազանց վտանգավոր ձեռնարկի» մեջ էին ուզում մտնել: Բաբայանը նրանց մեղադրում է բերկրաթմբիրի (էյֆորիա) մեջ գտնվելու, նրանց եւ Հովհաննես կաթողիկոսին՝ կենտրոնախույս տրամադրությունների (էջ 78 եւ 82) եւ «հայկական պետական կազմավորում Ղարաբաղի խանությունը» վերացնելու համար: Պարզվում է, որ դեռ մի բան էլ շնորհակալ պետք է լինենք Իբրահիմ խան կոչեցյալին, քանի որ նա հաջողացրել է «միասնականությունը վերականգնել», որով եւ հնարավոր է դարձել դիմակայել Պարսկաստանի տիրակալ Աղա Մուհամմեդ շահի 1795 թվականի արշավանքին, որը «վտանգ էր սպառնում հայկական պետականության» (էջ 84): Արշավող բանակի դեմ Շուշիի հայոց հերոսական պաշտպանության մասին գրելիս, հեղինակը հետեւյալ դատողությունն է անում. «Հասկանալի է, որ Ղարաբաղի հայերը, ինչպես բազմաթիվ անգամ նշել ենք, եթե Ղարաբաղի խանությունն ու Շուշին որպես իրենց սեփական պետությունն ու մայրաքաղաքը չընկալեին, ապա հազիվ թե անձնվիրությամբ կպաշտպանեին օտարի նստավայրը» (էջ 86): Բաբայանը մոռացության է տալիս այն տարրական փաստը, որ շուշեցի հայերը հիշյալներն ընկալում էին ոչ թե իբր պետական ինչ-որ կազմավորում ու նրա մայրաքաղաք, այլ՝ հայրենիք, իսկ հայրենիքին տիրությո՛ւն են անում՝ ի հարկին սեփական կյանքը զոհաբերելով, զգացում, որն արցախահայը ցուցաբերել է թե՛ 18-րդ դարում, թե՛ դրանից առաջ եւ թե՛ հետո, ընդհուպ մինչեւ մեր օրերը եւ որը բաբայանների համար անհասկանալի ու դատապարտելի է, քանի որ իրենք «սառնարյուն դիվանագիտության» մեյմեկ տալեյրան-քիսինջերներ են……

Դավիթ Բաբայանն արձանագրելով, որ 1792թ. մելիք Շահնազարի մահը «շրջադարձային եղավ Ղարաբաղի արտաքին քաղաքական դոկտրինում», անմիջապես ավելացնում է, որ այս մելիքն իբր «կողմնակից է եղել Ղարաբաղի՝ սեփական արտաքին քաղաքական կուրս վարելուն եւ ամեն ինչ արել է Արցախի գործոնը այլ պետությունների, առավել եւս՝ իրար հետ մրցակցող մեծ տերությունների շահերի համար գործածել թույլ չտալու համար» (էջ 88-89): Ըստ Բաբայանի, եթե մինչ այս մելիքի մահը պայքարն ընթացել է կենտրոնախույս եւ կենտրոնամետ ուժերի միջեւ (երկուսն էլ, ի դեպ, հայկական են եղել), «ապա այժմ ղարաբաղյան քաղաքական դաշտը բաժանվեց ըստ էթնոկրոնական հատկանիշի: Պայքար սկսվեց եկվոր տարրի՝ Իբրահիմ խանի գլխավորությամբ եւ բնիկ տարրի միջեւ, որի գլուխը հայ մելիքներն էին կանգնած» (էջ 89): Մի խոսքով, հայտարարվում է, որ հայոց արեւելից կողմերում եկվոր տարրի դեմ պայքարն սկսվել է 18-րդ դարի վերջին տասնամյակին, զգայացունց մի հայտնագործություն, որի համար արժեր հեղինակին բարձրագույն պարգեւների արժանացնել……

Մելիք Շահնազար Բ-ի մահվան եւ մյուս մելիքների զգացմունքայնության պատճառով, «արդեն 1796 թվականի վերջին Իբրահիմ խանը դարձավ Ղարաբաղի լիիշխան տիրակալ»: Հեղինակը մեկ էջ անդին հակասում է ինքն իրեն, երբ 1797թ. համար Իբրահիմ խանին անվանում է «անվանապես կառավարող խան» (էջ 94-95), եւ Ռուսաստանի տիրակալին ծառայելու տրամադրություն հայտնած մելիքներին հայտարարում «օտար երկրի սահմանները պաշտպանելու պատրաստակամ» մարդիկ (էջ 95), քանի որ վերջիններս նրան էին դիմել «Ռուսաստանի կազմում Փոքր Հայաստան կազմելու» խնդրանքով (էջ 94): Բաբայանը երբեք ինքն իրեն հետեւյալ տրամաբանական հարցերը չի տվել. եթե Արցախի հայերն ու նրանց մելիքները քիչ-շատ մարդավայել կյանք ունենային խաների իշխանության տակ, ինչո՞ւ պետք է մինչեւ պետերբուրգները պատվիրակություն ղրկեին՝ խաների լծից իրենց ազատելու եւ հայկական պետականություն (թեկուզ Ռուսաստանի կազմում) ստեղծելու համար: Եթե, ըստ Բաբայանի մոգոնման, ի դեմս Ղարաբաղի խանության արդե՛ն ունեին այդ հայկական պետականությունը, ինչո՞ւ պիտի նման պետականության հարց բարձրացնեին: Դավիթ Բաբայանն ու նրա մենագրության գլխավոր գիտական խմբագիր Պավել Չոբանյանը «մոռացել են» ռուսական հովանու տակ հայկական պետականության վերականգնման մելիքների՝ տարիներ առաջ կատարած դիմումի առթիվ Պ. Չոբանյանի գրածը. «Նույն 1783 թվականին, Ռուսաստանում մտադիր էին Արցախի մարզի հիման վրա վերականգնելու հայկական պետականությունը՝ վերացնելով հայ մելիքներից մեկի (եւ ոչ թե բոլորի՝ ըստ Դ. Բաբայանի – Գ. Յ.) օժանդակությամբ հայկական հողում 30 տարուց պակաս առաջ երեւացած այսպես կոչված Ղարաբաղի խանությունը» (Պավել Չոբանյան, «Արցախի պատմության որոշ հարցերի շուրջ (XIII-XIX դդ.)» (ռուսերեն), «Պատմաբանասիրական հանդես», 2002թ., թիվ 3, էջ 154, ընդգծումն իմն է – Գ. Յ.): Հետեւաբար, Արցախի մելիքներն իրենց նոր նախաձեռնությամբ պարզապես վերարծարծում էին այս խնդիրը: Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում 2002 թվականին Ղարաբաղի խանությանը Պ. Չոբանյանի շնորհած «այսպես կոչված» բնութագրման եւ նույնի գիտական խմբագրությամբ լույս տեսած մենագրության մեջ նույն կազմավորմանը շնորհված «հայկական պետական կազմավորում» աղաղակող հակասության վրա՝ մեկնաբանություններն ընթերցողին թողնելով:

Ղարաբաղի խանության Ռուսաստանի միացումով ավարտվում է Արցախի ուշ միջնադարի պատմության բաբայանական պատմաշինարարությունը, թեեւ հեղինակը մի անգամ եւս մոռացկոտություն է հանդես բերել գրելով, թե «ռուսամետ տրամադրված մելիքները ձգտում էին ազատել խանին զբաղեցրած պաշտոնից» (էջ 99): Բայց չէ՞ որ, ըստ բաբայանական առասպելապատումին, մելիքներն էին խաներին «նշանակում». նրանք էլ թող խանին ազատեին զբաղեցրած պաշտոնից: «Եզրակացություն» բաժնում Դ. Բաբայանը մեկտեղել է իր վարկածները՝ նրանց վրա երբեմն համեմներ ավելացնելով: Նա չի ընդունում «դասական պատմագրության» մոտեցումը, թե Արցախում 1740-1800-ականներին ծավալված հակամարտությունը «պայքար էր հայկական ուժերի եւ խանի միջեւ»: «Այդ պայքարը, ավելի շուտ, պայքար էր կենտրոնամետ եւ կենտրոնախույս ուժերի միջեւ». եզրակացնում է Դ. Բաբայանը: Նորից ենք կարդում, որ «հայկական պետականության վերջին բեկորների գոյատեւման եւ նրանց հիման վրա հայկական միասնական պետականության վերստեղծման համար ավելի նպատակահարմար էր նպաստել Ղարաբաղի խանությանը եւ թիկունք կանգնել նրան» (նույն էջում): Բաբայանը հայության շահերի տեսակետից արդարացնում է այս խանության գոյությունը՝ գրելով. «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը համագումարի բերելով, կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ, տվյալ պետական կազմավորման ստեղծումն արդարացրեց իրեն»:

Հեղինակների՛ եւ ընթերցողների՛ շահերից ելնելով չափազանց խիստ եմ եղել հայրենական եւ սփյուռքյան մամուլում մինչեւ այսօր հրապարակված իմ շուրջ 200 գրախոսականներում: Հանդիպել եմ հայ հեղինակների դիտավորյալ խեղաթյուրումների, անտեսումների, գերարժեւորման կամ թերարժեւորման փորձերի եւ նման բացասական երեւույթների: Սակայն չէի հանդիպել հայազգի հեղինակի մի հրապարակման, որտեղ դավաճանները հռչակվեին «հայրենիքի իդեալներին նվիրյալներ», արդարացի համարվեին օտար տարրի՝ հայոց հայրենիքում հաստատումն ու պետական կազմավորման հիմնումը, հայոց հայրենիքի տարածքում տարատնկված օտար պետական կազմավորումը հայտարարվեր հայկական պետականություն եւ նման զառանցանքներ:

Արցախի մելիքներին «դիվանագիտական տաղանդ» վերագրելու բաբայանական վարկածը շինծու է, կեղծ եւ դատապարտելի: Թող նա ու իր նմանները ինձ մեղադրեն զգացմունքայնության համար, սակայն խոստովանեմ, այս պատմաշինարարությունը խորապես վիրավորել է իմ ազգային զգացմունքները (կարծում եմ՝ նաեւ ուրիշների. մենագրության առ այսօր հրապարակված արձագանքները դա են վկայում):

Դավիթ Բաբայան երեւույթը տարածվելու միտում ունի: Օրինակ՝ իր դավաճան տոհմակցին (գուցե՝ նախապապին) արդարացնելու ջանք է թափել Արսեն Մելիք-Շահնազարովը՝ ռուսալեզու հայկական «Անիվ» հանդեսում (Մոսկվա-Մինսկ, թիվ 6, 2006, էջ 27-37): Լավ կլիներ, եթե այս հոդվածագիրն իր տոհմի պայծառ բազմաթիվ դեմքերին կամ նրանցից մեկնումեկին ներկայացնելով հպարտանար… Ի վերջո, հայրենապաշտ Մամիկոնյաններն իսկ ունեցել են իրենց ուրացող-դավաճան Վահանին, Արծրունիները՝ Մեհրուժանին եւ այլն:

Հեղինակի հանգույն, իրավունք ունենք մենք էլ մի ենթադրություն կատարելու՝ ո՞ւմ շահերին է ծառայում Դավիթ Բաբայանը նման հրապարակումներով: Պարզից էլ պարզ է՝ գոնե ոչ հայերի:

Հաշվի առնելով հարցի վտանգավորությունը, կարծում ենք, որ ՀՀ ԳԱԱ համապատասխան մարմինները քննարկումներ կկազմակերպեն առանց հապաղման, քանի որ հայոց պատմության չարամիտ վերանայման (ռեւիզիոնիզմ) վիրուսն արագ տարածվելու միտում ունի:

Հաշվի առնելով գրախոսվող մենագրության չափազանց վտանգավորությունը, առաջարկում ենք մի բան, որ երբեւէ չենք արել՝ հրապարակավ ԱՅՐԵԼ ողջ տպաքանակը, իսկ ԼՂՀ եւ ՀՀ պետական մարմիններին՝ քննարկել Դավիթ Բաբայանին հայկական պետական մարմիններում աշխատելու նպատակահարմարության հարցը: Նա, իբրեւ մերօրյա տաղանդավոր մելիք Շահնազար եւ տաշած քար, աննկատ չի մնա: Մերօրյա Փանահ Ալի Իլհամ Ալիեւները նրան է՛լ ավելի բարձր պաշտոնների կարժանացնեն……

Գեւորգ Յազըճյան

պատմ. գիտ. թեկնածու

«Լուսանցք» թիվ 16, 17 (102,103), 2009թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։