Վստահել պետակա՞ն, թե՞ մասնավոր դպրոցին
Որակյա՞լ է մեր կրթությունը. միանշանակ՝ այո՛ եւ միանշանակ՝ ոչ. պատասխանը պայմանավորված է այն հանգամանքով, թե ո՞ր կողմից ես խնդիրը դիտարկում: Օրինակ՝ այո, որովհետեւ մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում փայլում են, ոչ, որովհետեւ, մեր դասագրքերի մի որոշ հատված, մեղմ ասած, հեռու է դասագիրք կոչվելուց: Խնդիրը բազմաշերտ է, եւ մենք դրան անդրադարձել ենք տարբեր առիթներով:
Հիմա, նոր ուստարվա հետ կապված, այլ խնդրի եմ ուզում ուշադրություն հրավիրել. լավ կրթություն հնարավո՞ր է ստանալ հանրակրթական դպրոցներում:
Հարցին մոտենամ որպես ապագա դպրոցականի ծնող: Կարող եմ մտածել, ո՛չ, հնարավոր չէ, հնարավոր լիներ, նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը իր երեխաներին մասնավոր կրթարան չէր ուղարկի: Եվ, ի դեպ, նա դա արել է կրթության նախարար եղած ժամանակ: Թեեւ մենք լրագրողներով հաճախ էինք կատակում, թե Աշոտյանով առաջնորդվել պետք չէ, որովհետեւ Աշոտյանը կրթական համակարգից տեղյակ չէ, ամբողջ օրը ֆ/բ-ում ստատուսագիր է աշխատում: Եթե այս վերջին տարբերակին լրիվ լուրջ վերաբերեմ, այնուամենայնիվ, մտահոգիչ մի բան կա. սեփական երեխային հանրակրթական դպրոց չտալով՝ կրթության նախկին նախարարը մի տեսակ հակագովազդ արեց այսպես ասած, պետական դպրոցներին:
Փոխարենը ճիշտ հակառակն արեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր բոլոր դպրոցահասակ երեխաներին վստահել է սովորական՝ Ավանի թիվ 177 դպրոցին: Սեպտեմբերի 1-ին էլ իր որդիներից մեկին ուղեկցեց առաջին դասարան: Քաղաքապետն իրեն կարո՞ղ էր թույլ տալ Աշոտյանի շռայլությունը՝ երեխաներին մասնավոր դպրոց տալով: Միանշանակ՝ այո: Եթե չի արել, ապա վստահում է հանրակրթական դպրոցի տված կրթությանը: Այս տարբերակին չհավատալ չեմ կարող, որովհետեւ մեկ անգամ չէ, որ ականտես եմ եղել, թե ինչպես մեր գյուղերից եկած երեխաները բուհեր են ընդունվում՝ ընդ որում՝ առանց կրկնուսույցների մոտ պարապելու նաեւ: Ասել կուզի՝ հանրակրթական դպրոցներում հիմքը դեռ լավ են դնում:
Ինչեւէ մեզ պետք է որակյալ ու մատչելի կրթություն:
Աստղինե Քարամյան
* * *
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն:
1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության 1-ին դասարան:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` 1-ին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` 1-ին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի` 1-ին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25.000 դրամ:
Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:
ԱՎԾ. Հանրապետությունում հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս
2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահաս: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նրանք բոլորն էլ տղաներ են: 4-ը հաշվառվել են Երեւանում, 3-ը՝ Լոռիում, 1-ը՝ Շիրակում:
Նրանցից 5-ը մինչեւ 14 տարեկան են, մեկը՝ 14-15 տարեկան, երկուսը՝ 16-18 տարեկան: Ծառայության տվյալների համաձայն, վերջին 14 տարիների ընթացքում մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվը հանրապետությունում նվազել է:
Եթե 2002-ին հաշվառվել է մուրացիկ եւ թափառաշրջիկ 111 երեխա (37-ը՝ աղջիկ), 2005-ին այդ թիվը հասել է 46-ի, 2010-ին՝ 20-ի, 2012-ին՝ 16, 2013-ին՝ 13: 2014-ին եւ 2015-ին մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների թվում աղջիկներ չեն եղել:
7-րդ դասարանում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի
ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը: Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվում է շաբաթական 1,5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչին կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից:
«Ազգային երգ ու պար» առարկայի 7-րդ դասարանի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն: Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը կիրականցվի 113 հանրակրթական դպրոցներում:
Հայ ուսանողները 7 մեդալ են շահել մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում
Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական հերթական օլիմպիադան), որին մասնակցել են աշխարհի 72 համալսարանների թիմեր՝ ավելի քան 320 մասնակից, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանից մասնակցել են Երեւանի պետական, Հայաստանի Ամերիկյան եւ Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անցկացվել է եւ՛ անհատական, եւ՛ թիմային հաշվարկներով: Continue reading →