Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են հետեւյալ պետութւյունները՝ 1. Ուրուգվայը (1965թ.), 2. Կիպրոսը (1982թ.), 3. Արգենտինան (1993թ.), 4. Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), 5. Կանադան (1996թ.), 6. Հունաստանը (1996թ.), 7. Լիբանանը (1997թ.), 8. Բելգիան (1998թ.), 9. Իտալիան (2000թ.), 10. Վատիկանը (2000թ.), 11. Ֆրանսիան (2001թ.), 12. Շվեյցարիան (2003թ.), 13. Սլովակիան (2004թ.), 14. Հոլանդիան (2004թ.), 15. Լեհաստանը (2005թ.), 16. Գերմանիան (2005թ.), 17. Վենեսուելան (2005թ.), 18. Լիտվիան (2005թ.), 19. Չիլին (2007թ.), 20. Շվեդիան (2010թ.), 21. Բոլիվիան (2014), 22. Ավստրիան (2015), 23. Չեխիան (2015):
Հայոց ցեղասպանության 100-ամյակը նշանավորվեց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերի հաղթարշավով, ինչը մի նոր փուլ բացեց հայկական հարցի, հայ դատի լուծման ճանապարհին: Այս ամենին հայությունը սպասեց շուրջ մեկ դար, սակայն «սառույցը տեղից շարժվեց»… Շատ կարեւոր էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն հայտարարելը, ինչը աշխարհի տարբեր ծայրերում գտնվող միլիոնավոր հավատավորներին նաեւ կոչ էր հետեւելու իր օրինակին: Այս՝ համաշխարհային նշանակության ճանաչումը լրացուցիչ ուշադրության արժանացավ, երբ հայտարարվեց նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձեւը։
2015թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նոր բանաձեւեր են ընդունել Բոլիվիան, Չեխիան ու Ավստրիան, եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը հասավ 23-ի: Ըստ ամենայնի, այդ թիվը կավելանա ապրիլի 24-ին, քանի որ նման մտադրություն ունեն նաեւ Բուլղարիան եւ Գերմանիան: Կանցլեր Անգելա Մերկելի խոսսնակ Շտեֆան Զայբերտը ասել է, որ ուրբաթ օրը կառավարությունն աջակցելու է խորհրդարանում ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը՝ այն հայտարարելով որպես ցեղասպանության վկայություն: Ապրիլի 24-ին ՌԴ Պետդուման կարող է հայտարարություն ընդունել՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ կարծում է՝ Անկարան ըմբռնումով կմոտենա այս հարցին, նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցին:
Հրեա հոգեբան, սոցիոլոգ եւ պատմաբան, ցեղասպանության ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել Ցեղասպանություններից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն, որը ղեկավարի Հայաստանը, նաեւ ցեղասպանություններից տուժած ժողովուրդների հանդեպ ոչ անտարբեր երկրների միություն: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաժողովի ժամանակ նա հանդես եկավ նման առաջարկով, ապա նշեց. «Կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մենք՝ ցեղասպանագետներս, միավորենք մեր ջանքերը հետագա ցեղասպանությունները բացառելու ուղղությամբ: Եվ այս առաջարկը, որ ներկայացնում եմ, կարող է շատ լավ անդրադառնալ մեր ընդհանուր ցանկության իրագործման վրա»: Իսրայել Չարնին ողջունեց Հայաստանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված 2 փաստաթղթերը, որոնցից մեկով դատապարտվում է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը, մյուսով՝ դեկտեմբերի 9-ը սահմանվում է ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Ըստ նրա, Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը բխում են իր առաջարկի տրամաբանությունից:
Դառնալով 2015-ի դեպքերին, նշենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովը (ավելի քան 30 եվրոպական երկրների քաղաքական ուժերի միավորում է), Եվրանեսթ ԽՎ-ն եւ Եվրախորհրդարանը եւս ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Սոցինտերնը եւս անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Socialist International-ը ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է եւ համախմբում է բոլոր մայրցամաքների ավելի քան 140 երկրների շուրջ 170 քաղաքական կազմակերպությունների։ Continue reading →