ՀՀԿ-ի երիտթեւի համար (հասկանալ՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը) Հովիկ Աբրահամյանը երբեք ընդունելի անձ չի եղել: Ու երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, երիտթեւը վստահ էր, որ նա երկար չի պաշտոնավարելու: Վստահությունը գուցե պայմանավորված էր այն համոզումով, որ տնտեսական աճ չի ապահովվելու, իսկ Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ եթե տնտեսական շոշափելի աճ չարձանագրվի, կառավարությունը փոխվելու է:
Ոչ միայն շոշափելի աճ չարձանագրվեց, այլեւ անկում եղավ, հավելյալ՝ սոցիալական դժգոհությունը մեծացավ, մարդիկ իրենց խնդիրները տեղ հասցնելու համար պարբերաբար ճանապարհներ սկսեցին փակել, հասարակության բեւեռացվածությունը մեծացավ: Եթե հրաժարականի պատճառների վերլուծությունը մենք չանենք, այլ դա թողնենք հենց Հովիկ Աբրահամյանին, ապա պատկերը հետեւյալն է՝ թեեւ շատ է աշխատել, բայց չի կարողացել համախմբել: Իսկ եթե ուղիղ խոսքով, ապա՝ «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առեւտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները եւ տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ: Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»: Continue reading



