Ստրասբուրգում կայացավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված չէին Հայաստանին առնչվող սկզբունքային հարցեր, բայց մեր պատվիրակները պատրաստված մասնակցեցին բոլոր քննարկումներին եւ յուրաքանչյուր առիթ օգտագործեցին՝ բարձրացնելու Հայաստանի համար կարեւոր խնդիրները: Առհասարակ մեր երկրի պատվիրակները պետք է միշտ սկզբունքային գործեն ինչպես ԵԽԽՎ կամ ԵՄ, այնպես էլ ԵՏՄ կառույցներում: Այլապես ամեն տեղ նավթադոլարների հոտից կամ Բաքվի խավիարային քաղաքականությունից արբեցած հայտնվում են հակահայ գործիչներ, եթե անգամ բացակայում են թուրքերն ու ադրբեջանցիները, եւ կարողանում են ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:
Հունվարի 27-ին, հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանն ու ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն‘օգտվելով ազատ քննարկման ձեւաչափում իրենց տրամադրված ելույթի իրավունքից, անդրադարձան Հայոց ցեղասպանության խնդրին: Մեր պատվիրակության ղեկավարը ժամանակի սղությամբ պայմանավորված ելույթ չի ունեցել, բայց գրավոր Վեհաժողովին է ներկայացրելՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցը, Թուրքիայի իշխանությունների կողմից պատմության հետ առերեսվելու ցանկության բացակայության եւ թուրքական դիվանագիտության պատմական զեղծարարության առաջացրած լուրջ մտահոգությունները: Նշվել է, որ դրանք կարող են վատ ազդեցություն ունենալ նաեւ տարածաշրջանային խնդիրները կարգավորելիս:
«2015թ. ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, բայց 100 տարին բավարար ժամանակ չի եղել, որպեսզի Թուրքիան կարողանա ճանաչել ու առերեսվել իր պատմության հետ, պաշտոնապես ընդունել իր պատմության այդ էջը ու իրականությանն ադեկվատ գնահատական տալ: Անգամ այն դեպքում, որ ցեղասպանության կազմակերպիչներին առաջինը դատել ու դատապարտել է թուրքական ռազմական դատարանը 1919թ.: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր հայերիս ցեղասպանությունը համարում են հայկական խնդիր: Մարդկության դեմ գործված որեւէ ոճիր ոչ միայն վաղեմության ժամկետ չունի, այլեւ վերաբերում է ողջ մարդկությանը: 100 տարի շարունակ ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ձգտող հայերը անձնական խնդիր չեն լուծում: 2015-ը ոչ թե հայերիս, այլեւ ամբողջ աշխարհի համար հստակ սահմանագիծ է՝ մի կողմում նրանք են, ովքեր կարեւորում են ճշմարտությունն ու համամարդկային արժեքները, ապրելու բնական իրավունքը, որ ամրագրված է մարդու իրավունքների կոնվենցիայում, ովքեր խնդիր ունեն կանխել մարդկության դեմ գործվող հնարավոր այլ ոճիրները,- ասել է Հերմինե Նաղդալյանը,- իսկ մյուս կողմում նրանք են, ովքեր գիտեն, գիտակցում են եւ՛ ճշմարտությունը, եւ՛ պատմական իրադարձությունների անշրջելիության փաստը, բայց առաջնորդվում են օրվա քաղաքականությամբ, քաղաքական բարեհարմարությամբ, խուսափում են հարաբերությունները վտանգել ժամանակակից Թուրքիայի հետ: Մենք իրավունք ունենք ակնկալել, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է այս հարցերի պատասխանը տա, պիտի լինեն ճշգրտումներ…»:



