Դեռ ստորագրու՛մ ենք՝ բարեկամաբար
ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչի հետեւանք էր նոյեմբերի 2-ին տեղի ունեցած էներգետիկ վթարը, որի պատճառով հանրապետության մեծ մասը զրկվեց հոսանքից: Նախարարը հայտնեց, թե այդ օրը, ժամը 10:24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, իսկ մինչ այդ զուգահեռ էին աշխատում:
«Մեկուսացված իրավիճակում ռեժիմային խնդիրները թույլ չեն տալիս, որ ատոմակայանը 1,7-1,8 մլրդ. կվ.ժամ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրի: Այս ռեժիմներում մենք կարողանում ենք արտադրել մինչեւ 2,5 մլրդ. կվ.ժամ: Սա հնարավորություն է տալիս բավականին մեղմել սակագինը: Մեր հաշվարկներով՝ եթե Իրանից մեկուսացած ռեժիմում աշխատենք, սակագնի վրա մեր ազդեցությունը կգնահատվի 7-8 դրամ»,- հավելել է նախարար Մովսիսյանը:
Նշվել է, որ Իրանի համակարգը շատ հզոր է՝ 44 հազ. մեգավատտ, մերը՝ 1400-1200 մեգավատտ, տարբերությունը հսկայական է, շուրջ 2 րոպե անց Իրանում միացավ, իսկ Հայաստանում միացավ փոքր-ինչ ուշ, եւ որպեսզի անհարկի վթարներ չլինեին, փաստորեն կատարվեց հոսանքազրկում:
Տարակուսանք կար նաեւ բնակչության մոտ, սակայն նշենք, որ ամեն բան կարգավորված է, սկզբում միացում տրվել է անվտանգության հետ կապված օբյեկտներին, հետո՝ սպառողներին, ինչը տեւել է 3,5 ժամ: Վերջին 13 տարվա մեջ սա առաջին դեպքն էր:
Այժմ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ քննարկելու, թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար: Նախարարի խոսքով՝ բացարձակ էներգետիկ անվտանգություն չի լինում, եւ յուրաքանչյուր մակարդակի բարձրացումը լուրջ ծախսերի հետ է կապված: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ վերահսկվում է, բավական ուժեղ համակարգ է, եւ ժամանակ է պետք՝ համապատասխան ներդրումներով վերականգնելու համար:



