ՆԺԴԵՀԻՆ
Շատ էր բզկտվել ժողովուրդը մեր,
Ապրել էր դարեր ոսոխների մեջ,
Մեզ մի ոգի էր հարկավոր անմեռ,
Մեզ հարկավոր էր մի կրակ անշեջ:
ՈՒ օրհասական այդ դժվար պահին
Հայ Աստծո որդին մեր երկիր իջավ՝
Իր հետ բերելով հեթանոս ոգին,
Անմար կրակներ ու մի պայծառ ջահ:
Անունը նրա Նժդեհ էր: Օ˜, ո’չ,
Ո’չ աստանդական մի պանդուխտ տկար,
Նա շատ էր հզոր, մի խոլ մարտագոչ՝
ՈՒղղված գայլերին՝ վայրի, ապիկար:
Կապույտ երկնքից նա իր հետ բերեց
Սրեր, վահաններ, մարտիկներ անմահ,
Թույլ ժողովրդին նա ուժ պարգևեց,
Որպես սրբազան, անըստգյուտ ընծա:
Այդ ուժից բացի, իր ժողովրդին
Նա հզոր կյանքի գաղափար տվեց,
Նրանից գիտենք, որ թշնամու դին
Միայն կարող է մեզ հզոր դարձնել:
Երկնքից եկավ ու երկինք գնաց,
Համբարձվեց, կանգնեց Վահագնի կողքին,
Նրա մեհյանում միշտ պիտի ծխա
Պարտվա’ծ, անարգվա’ծ մեր թշնամու դին:
Արամ Մեհյան




Armenian