ՏՐՆԴԵԶ

ՏՐՆԴԵԶ          
Մ ի հ ր   Ա ս տ ծ ո   Տ ո ն ը
(հատված Արամ արքայից արքա
վիպերգությունից)

Միհրի տաճարի հրապարակում ցրտենի ծառի ճյուղերն են
       դարսած աջ ու ահյակով, տասնչորս
       ոտնաչափ շուրջ ու բարձրությամբ
Եվ հենց այդ ծառի ճյուղերի առատ զոհաբերությամբ
       սրբազան կրակը պիտի այրվի,
Պիտի բարձրանան բոցերը նրա ու հասնեն
       Միհրի կացարաններին, թարմ ուժ
       հաղորդեն,
Որ նոր զորությամբ ու հզորությամբ մի գարուն
       բացվի, ծաղկառա˜տ գարուն…
Ձմեռն է ժպտում և անամպ ու ջինջ արևոտ օր է
       պարգևում գարնան…
Հնչում է զուռնան, թմբուկն է թնդում, արձագանքվելով
       Արմանու երկրի սար ու ձորերում
Եվ ալիքվելով տիեզերքն ի վեր, գնում ճեմում է
       աստղածին աստղանց արահետներում,
Երբ ետ է գալիս, դառնում է շուրջպար, որի դոփ-դոփից
       գետինն է ցնցվում, երկինք ու գետին
       ցնցվում են ասես,
Կարծես դոփելով արահետներ են բացում նոր գարնան,
       ծաղկառատ գարնան գալուստի համար…
Պահի մեջ հանկարծ նվագն է լռում, պարն է դադարում
       ու խորհրդավոր մի լռություն է իջնում
       աշխարհին, հրապարակին:

Դանդաղ բացվում է քանդականկար դուռը տաճարի,
       տոնի հանդերձով, սպառազինված,
Մի զինվոր սրբազան կրակն է բերում, երկու ձեռքերով
       բռնած գլխից վեր:
Նրանից քիչ ետ երկու զինվորներ, նույնպես տոնական
       հանդերձ հագնված, սպառազինված,
Որպես պահապան ուղեկցորդներ են, ձեռքերը սրերի
       դաստակին դրած:
Մեծ քուրմն է նրանց ետևից գալիս, ապա տաճարի բոլոր
       քրմերը, տոնական հագած:
Շուրջպարը բացվում, ճամփա է տալիս, ապա խոնարհվում
       են սրբազան հրին ու այնպես խոնարհ
       աղոթք շշնջում:
Երկու ձեռքերով կրակը պահած իր գլխից վերև, դանդաղ,
       վեհ քայլով մոտենում է զինվորը
       ճյուղերի կույտին,
Ապա ձախ կողմից պտույտ է գործում կիտուկի շուրջը ու
       հետո, դեմքը դեպի արևելք ծունկի է գալիս
Եվ սպասում է մեծ քրմի խոսքին ու օրհնությանը,
       նրա աղոթքին:
ՈՒ խորհրդավոր այդ լռությունը մեծ քրմի թավ ու բամբ
       ձայնն է խախտում.
- Ով գերհզորդ, ով ցլին ծնկող, տիեզերական ուժ ու
       ներուժիդ խորին խոնարհում…
Այս երկրի վրա շարժվող ու անշարժ ամեն ինչի մեջ
       քո կրակը կա, կա նաև իմ մեջ:
Արդ քո կրակը զորացնելով, մեր կրակն էլ է զորանում
       մեր մեջ, կյանքի կրակը:
Ընդունիր խարույկն այս որպես մի համեստ
       զոհաբերություն քեզ պաշտողներից
Նրանցից, ովքեր փառաբանում են անունդ այսօր և
       հավիտյանս հավիտենից.
Ընդունիր կրակն ու ներուժը բոլոր կենդանիների, որոնք
       որպես զոհ կմատուցվեն քեզ.
Ճերմակ ձիերի, ճերմակ ցուլերի, ճերմակ խոյերի ներուժն
       այստեղից առաքվում է քեզ,
Որ հզորացած հազարապատիկ, դարձած հերկ ու բերք
       իջնի երկնքից,
Պահապան դառնա մարդ ու կենդանուն, հասունացնի
       բերքը դաշտերում,հասունացնի բերքն այգիներում…
Միհր գերհզոր, լուսապսակիդ ճառագումները թող
       լուսավորեն ճանապարհը մեր,
Ապա քո աջով, աջիդ զորությամբ առատությունը թող
       թագավորի Արմանու երկրում:
Արդ, փառավորվիր և հզորացիր զոհաբերության բյուր ու
       բյուրավոր այն խարույկներով,
Որոնք այրվում են Արմանու երկրի բոլոր շեներում ու
       քաղաքներում. Խորի˜ն խոնարհում…
ՈՒ բազում մարդիկ հրապարակում խոր խոնարհվեցին.
       զինվորը կրակը մոտեցրեց դարսած ճյուղերին:
Խարույկը վառվեց ու վերսկսվեց նվագը, ապա թնդաց
       շուրջպարը ավելի հզոր դոփ-դոփյուններով.
Կրակի գույնի հագուստ կապուստով հրեղեն պարն էր
       թեժանում այնտեղ,
Ինչպես խարույկն էր բորբոքվում կարմիր, կարմիր
       բոցերով, կայծկլտումներով
ՈՒ եթե  վերից նայելու լինենք, այս հողին իջած արև կթվա
       իր ոսկեկարմիր ճառագայթներով:
Փանդիռների, վիների նվագակցությամբ քրմերի աղոթքն էր
       ելնում վերև
ՈՒ տիեզերքի արահետներով հասնում էր Միհրին, կրակի
       տիրոջն ու տիրակալին,
Իսկ զոհաբերված կենդանիների արյունն էր քիչ-քիչ
       հեղվում բորբոքված այդ սուրբ կրակին:
Տաճարի բակի խարույկից մարդիկ մոմ էին վառում
       ու սուրբ կրակը հասցնում տները
Եվ խարույկները իրենց բակերի վառվում էին այդ
       օրհնած կրակով:
Նույն օրհնած հուրը վառվում էր նաև բոլոր տների
       ատրուշաններում:
Նորապսակները նոր ճյուղեր էին դնում կրակին ձախից աջ
       պտույտ գործելով շուրջն ու
Հեռանում էին հարգանքի տուրքի խոր խոնարհումով,
       ակնկալելով բեղուն սերընդաճ,
Նույն նպատակն էր հետապնդում կրակթռուկն ու մոխիրը
       իրար երես քսելը:
Ամուլ կանայք էլ ներքնազգեստի քղանցքներն էին խանձում
       կրակով, հղիանալու ակնկալիքով,
Իսկ հղի կանայք այդ սուրբ կրակի մոխիրը խառնում էին
       պաղ ջրին ու հետո խմում,
Որ ազատվելը դյուրին լիներ, չար աչքը հեռու լիներ
       այդ պահին…
Որդեծնության համար հարսնացուն կրակի վրայով թռչում
       էր թեթև և երեք անգամ…
Ով որ չէր երգում, ով որ չէր պարում, չէր թռչում այդ
       սուրբ հրի վրայով,
Ցորենից, գարուց, կորեկից, ոսպից, սիսեռից սարքած
       աղանձ էր ուտում,             
Զի աղանձով էր հյուրասիրությունն այդ օրն սկսվում:
Սրբազան կրակի մոխիրը պահում, հետո շաղ էին
       տալիս դաշտերում,
Որպեսզի պաշտպանված համարվեր բերքը կարկըտից,
       հեղեղից, որդ ու թրթուրից:
Դա սուրբ մոխիր էր. դրանով խաչ էին անում ճակատին,
       գոմի երդիկից շաղ տալիս ներքև,
Որ առատ լինի կենդանիների տված մթերքը ու փորձանք
       չգա կենդանիներին:
Հետո մոխիրը շաղ էին տալիս թռչնանոցներում, որ
       թռչունները պահպանված լինեն,
Երեխաներն էլ հավերը գրկած պտտվում էին այդ
       մոխիրի շուրջ… 
Հանդես էր ամբողջ Արմանու երկրում, Միհրի հանդեսն էր,
       կրակի հանդես:   

ՄԱՆՈւ՝
Ռոբերտ Մանուկյան       

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։