ԴՈՒՔ ԷԼ ԱՐԹՆԱՑԵՔ

ԴՈՒՔ ԷԼ ԱՐԹՆԱՑԵՔ

Իմ աստվածնե՜րը… իմ աստվածները
Սովորեցնում էին ինձ հողը սիրել,
Իմաստ որոնել նրա գոյի մեջ,
Ու հողով ապրող բույս ու ծաղկի հետ
Նուրբ ու կիրթ լինել,
Նրանց հետ ապրել,
Նրանց մեջ լինել,
Նրանց իմաստով իմաստավորվել,
Այսինքն լինել
Այս մեծ բնությանն արժանի բեկոր.
Իր տեղն ունենալ այս մոլորակում
Ու նաև տեղով իմաստավորվել
Եվ տեղի համար ուրիշի դուռը
Երբեք չթակել
Չխնդրել, ոչ էլ պահանջել սրով:
Պարզապես այս հին աշխարհի վրա
Իր տեղն ունենալ,
Ի վերուստ տրված այդ իրավունքով:
Նույն իրավունքով պահել պահպանել
Բանականությամբ ու նաև կամքով
Ու եթե պետք է, նաև սուր հանել
Սուրբ հող պահողի սուրբ իրավունքով,
Եվ որովհետև ինձ կրթողները աստվածներ էին.
Նուրբն ու հզորը իմ ժառանգների մեջ էին դնում,
Լոկ նրա համար, երբ իրենք նիրհեն,
Պատահական սերմ չընկնի իմ հողին,
Որ օտարներն այդ հողը չտիրեն
Ու հողով չանեն հող արարողին.
Քարը հող դարձնող կամքը չմեռնի,
Կապույտ արյունը չդառնա կարմիր,
Որ ամեն, ամեն այգաբացի հետ
Նենգության մութը լինի ցանուցիր,
Որ ամեն-ամեն այգաբացի հետ
Մութը գիշերվա մարդուց դուրս ելնի
Ու մաքուր ապրի մարդը լույսի հետ,
Իր օրը ապրի:
Ու այս խորհուրդը մեծ էր ավելի
Քան ծնկի բերել մարդուն մեղքի հետ,
Այն էլ չգործած.
Ո՜վ իմ աստվածներ, արթնացե՛ք նիրհից
Ինձ ծնկի բերած գաղափարն ահա
Փոշով փակել է լույսը աչքերիս,
Գիշեր է բերել աշխարհիս վրա.
Ձեր ինձ նվիրած լույսի պատրանքն է
Միայն մնացել
Ու հավատալու, ձեզ հավատալու
Ինձ տրված կամքն է
Բանականության իր ձևերի մեջ
Միայն ինձ հասել.
Ոտքի եմ կանգնել,
Դուք էլ արթնացե՛ք, -
Արթնացե՛ք իմ մեջ…

ՄԱՆՈՒ՝ Ռոբերտ Մանուկյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։