ՀԱՏՎԱԾ ԱՐԱՄ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ ՎԻՊԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԱՏՎԱԾ ԱՐԱՄ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ ՎԻՊԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ

- ՈՒսուցիչ, հաճախ մենք մեր մեծերից, իմաստուններից,
քրմերից նաև ազգ բառն ենք լսում.
Ո՜վ ամենագե’տ, ո՜վ դու’, հզորդ գիտունների մեջ,
մեկնի’ր խնդրում եմ, թե ի՞նչ է ազգը:
- Նախ կասեմ քեզ այն, ինչ տեսանելի, ըմբռնելի է
հասարակ աչքով ու գիտակցությամբ:
Բոլոր ծեսերի մանրամասնական ամբողջությունը,
ավանդույթները սուրբ ու սրբազան ու՝
կտակելը իր սերունդներին:
Սա ձև կթվա. հենց այդպես էլ կա. բայց ամեն մի ձև
իր խորը խորին խորհուրդը ունի,
Որ սովորական աչքով չեն տեսնում, բայց տեսանելի,
հասկանալի է գիտակցականի տեսողության մեջ:
Սրտի տրոփի ու արյան շարժի, ոգեղենի և, բանականության ամբողջություն է ազգ կոչվածը,
Գերխիտ ներուժ է, ինչպես որ սերմի նյութ ու ներուժի
մեկ միասնական ամբողջությունը:

Դեղձը, օրինակ. կարմրաթու˜շ, դեղին, և պտղամիսը
իր համ ու բույրով, պարարտ որդերով…
Կորիզը, սակայն, որ դեղձի սերմն է, դառն է,
ու որդը չի կարողանում այդ սերմը ուտել:
Այն պաշտպանվում է իր իսկ դառնությամբ, ու
 դառնության մեջ էլ պահպանում է իրենից առաջ,
Իրենից հետո եկող դեղձերի կեղևի գույնը ու
պտղամսի համն ու բուրմունքը:
Ո՜վ արքայազն Արմանու երկրի, կորիզը ազգն է,
իսկ պտղամիսը դա ժողովուրդն է իր
համ ու բույրով, որդերով նաև:
Դրա համար էլ աչքի լույսի պես
պետք է պահպանել ազգի ներուժը.
Պետք է պահպանել արդար վարմունքով, ապրելակերպով,
ճշմարիտ խոսքով և օրենքներով,
որ մեզ է հասել իմաստուններից:
Մանուն է դրել այդ օրենքները մեր ազգի համար,
նաև՝ մարդկության:
Մանուն, գերհզոր այդ իմաստունը, երբ աղոթում էր
Արարատ սարի բարձր կատարին,
Կորդվաց լեռների ճգնավորները պարզ տեսնում էին լուսապսակը իր սուրբ գլխի շուրջ,
իրենք էլ էին կանգնում աղոթքի:
Այսպես էր Մանուն, մեծ նվիրյալը,
որ կյանքի օրոք Աստված էր արդեն:
- Մանուի մասին ես քիչ բան գիտեմ. Աստված է, ապա մեր նախնին է նա, մեր ազգն էլ նրա անվամբ է կոչվում.
Արարող Մանու, հակիրճ՝ Արմանու, Արմանու երկիր
և Արմանու ազգ. այսքանը գիտեմ,
ինչը շա՜տ քիչ է, պատմի’ր այդ մասին:
- Իմաստուն երգիչն այստեղ, այդ մասին,
քառասուն հզոր իմաստուններին այս երգն է երգել:
Արևի որդին, Մանուն,
 մեծագույն սուրբ իմաստունը այնքան էր հզոր,
Որ իր կաթնագույն լուսապսակով շատ էր նմանվում
կյանքը արարող մեծ տիրակալին:
Նա իր ավյունի բոցավառումով ու գեղեցկությամբ ճգնավորության առաջ էր անցել իր հորից, պապից:
Մաքուր էր ինքը և ցանկանում էր լինել գերմաքուր,
դրա համար էլ նվիրեց իրեն ապաշխարության՝
Արարատ սարի բարձր կատարին:
Սուրբը կանգնում էր մի ոտքի վրա, ձեռքերը վերև
 աղոթում էր նա, բարձրաձայն, երբ որ քամի չէր խաղում,
Լուռ ու ներփակված, երբ որ քամին էր իր երգը երգում Արարատ սարի բարձր կատարին:
Տաս հազար տարի նա աղոթում էր
սուրբ ճգնավորի մաքուր աղոթքով,
Մարմնի մահացման դաժան ձևերն էր կիրառում սուրբը, անթարթ հայացքով նայելով ներքև:
Մի անգամ, երբ նա լոգանք ընդունեց սարի կատարից
քիչ ներքև եղած լճակի մաքուր ու պաղ ջրերում,
Հետո իր երկար ծամերն հավաքեց ծոծրակի վրա ու կանգնած էր այնտեղ՝ շարունակելով ապաշխարումը,
Մի փոքրիկ ձկնիկ դուրս եկավ ջրից ու
նրան հետևյալ խոսքերը ասաց:
- Ո˜վ, մեծ տիրակալ, ես փոքր ձուկ եմ ու վախենում եմ ուժեղ ձկներից, պետք է օգնես ինձ, ո˜վ ճգնավորդ,
Որովհետև մեծ, հզոր ձկները
միշտ կուլ են տալիս փոքր ձկներին.
այդպես է օրենքը մեր աշխարհում:
Սարսափի խորը, անտակ անդնդում սուզվողիս օգնիր և
հատուցումը կստանաս մի օր:
Արևի որդին, Մանուն, երբ լսեց ձկան խոսքերը,
կարեկցանք ապրեց նրա նկատմամբ:
Մանուն վերցրեց ձկանն իր ձեռքը,
որից լուսնագույն լույս էր ճառագում,
Տարավ, բաց թողեց մի կարասի մեջ, որտեղ որ ջուր կար և
կերակրում ու խնամում էր նրան անդադար:
Մանուն խնամում էր այդ ձկանը որպես իր որդուն,
իսկ ձուկը մեծանում ու մեծանում էր:
Մի օր էլ ձուկն ասաց Մանուին, – Կարասն այս արդեն
փոքր է գալիս, մի քիչ ավելի հարմար տեղ տար ինձ:
Մանուն, գերհզոր այդ ճգնավորը, կարասից հանեց ձկանն ու տարավ շատ ավելի մեծ լճակում թողեց:
Տարիներ անցան, և այդ լճակում ձուկը այնքան էր
մեծացել արդեն, որ տեղը նեղ էր:
Նորից նա դիմեց մեծ ճգնավորին, – լիճն էլ է արդեն
փոքր ինձ համար, տար ինձ և բաց թող Արաքս գետի մեջ:
Մանուն չէր խորշում այդ ձկան հոտից և
ծանրություն էլ չէր զգում կարծես:
 Գրկեց ձկանը, տարավ բաց թողեց Արաքս գետի մեջ, ու
բավարարվա˜ծ, որ այս խնդիրն էլ ինքը կատարեց:
Ժամանակ անցավ, և գետի հունը նեղ եկավ նորից,
և ձուկը դիմեց մեծ նվիրյալին.
- Այս գետն էլ արդեն փոքր է ինձ համար, տար ինձ և
բաց թող մի մեծ ծովի մեջ, ո˜վ մեծ ճգնավոր:
Եվ այն ժամանակ, Մանուն իր ձեռքով
տարավ ձկանը բաց թողեց ծովում:
ՈՒ թեև ձուկը իր չափերով և իր մեծությամբ հարյուրապատիկ մեծ էր իրենից,
Բայց նա ծանրություն չզգաց իր
ձեռքում,
և ձկան հոտն էլ բուրմունք էր թվում:
Երբ որ բաց թողեց նրան ծովի մեջ,
ձուկը այս խոսքերն ասաց Մանուին.
 – Ով մեծ ճգնավոր, փրկությանս համար ամեն ինչ արիր, իսկ հիմա լսիր, թե ինչ պիտի անես, երբ որ ժամը գա.
Մեծ ճակատագրի ուժով ամենը, ինչ կա այս երկրում,
թե’ անկենդանը, և թե’ կենդանին,
շարժվողն, անշարժը պետք է կործանվեն.
Մեծ ջրհեղեղի ժամն է մոտենում. դրա համար էլ
ինչ ասելու եմ, օգտակար է քեզ.
Անհրաժեշտ է, որ կառուցես մի նավ շատ ամուր փայտից
և նրան կապես ամուր մի պարան:
Նավում կնստես, քեզ հետ կլինեն թվով յոթը սուրբ իմաստունները, որոնց դու գիտես:
Նավի վրա դու բարձած կլինես բոլոր սերմերը, ջոկ-ջոկ փաթաթված հուսալիորեն, բոլոր-բոլորը, որոնց մասին քեզ ասել եմ արդեն մանրամասնորեն և կսպասես ինձ:
Կանգնած կլինես դու նավի վրա. երբ որ կերևամ,
եղջյուր կլինի իմ գլխի վրա, ու դրանով էլ կճանաչես ինձ,
Կձգես պարանը իմ այդ եղջյուրին. կլողա նավը ջրերի վրա, ես այն կքաշեմ. հավատա խոսքիս և մի կասկածիր:
- Այդպես էլ կանեմ, – պատասխան տվեց Մանուն ձկանն ու բարի ժպիտով ճանապարհ դրեց:
ՈՒ բաժանվեցին նրանք իրարից.
յուրաքանչյուրը իր ճամփով գնաց:
Իսկ հետո արդեն Մանուն հավաքեց բոլոր սերմերը,
փաթեթավորեց, ինչպես որ նրան ասել էր ձուկը,
Հուսալի, ամուր մի նավ կառուցեց նա կաղնեփայտից, բարձեց սերմերը, ծածկեց խնամքով,
ՈՒ ջրհեղեղի ժամանակ նրա նավը լողում էր
հուզված օվկիանի ջրերի վրա:
Մանուն իր միտքը ուղղեց ձկանը, և ձուկը կարծես հասկացավ նրան, շուտով հայտնվեց եղջյուրը գլխին:
Բաց ծովի վրա տեսնելով նրան, արդեն ահռելի
իր մեծության մեջ, Մանուն ճանաչեց:
Հետո պարանը՝ ծայրը օղակով, գցեց եղջյուրին և
ձուկը անտակ ջրերի վրա քաշում էր նավը:
Փոթորիկ եղավ, ալիքներն էին զարնվում իրար
ահեղ թնդյունով, նավը լողում էր փետուրի նման,
Մեկ բարձրանում էր ալիքի վրա, մեկ իջնում ներքև,
նորից բարձրանում:
Եվ ձուկն անում էր անհնարինը, որ չխորտակվի
Մանուի նավը…
Ի˜նչ փոթորիկ էր… . միաձույլ էին ասես աշխարհի չորսը ծագերը իրենց հիմնական, նաև օժանդակ բոլոր կողմերով:
Ջրածածկ էին օդն ու երկինքը, և այն ժամանակ
խառնված էին իրար ամենը, ինչ որ կար երկրում:
Ջրի անսահման տարածության մեջ երկար տարիներ, առանց հոգնելու, առանց տրտունջի ձուկը
քաշում էր Մանուի նավը:
Արարատ սարի կատարը արդեն ելել էր ջրից, ու ձուկը այնտեղ էլ քաշեց նավը և ասաց այն յոթ իմաստուններին.
 – Դուք իմ եղջյուրից հանեք պարանը, կապեցեք ժայռին:
Նրան լսեցին իմաստունները և արագորեն
կատարեցին այն, ինչ ձուկն էր ասել:
Իսկ հետո ձուկը մեղմ, ցածր ձայնով ասաց
այն բոլոր իմաստուններին.
 – Ես Աստվածն եմ Աստվածների, ես տիրակալն եմ ապրողների և ինձնից բարձր ոչ մեկը չկա.
Ես եմ, որ ձկան ձևի մեջ մտա, և
ազատեցի այս մեծ աղետից.
Ես ասում եմ ձեզ. Մանուին, որդուս է վիճակված հիմա վերստեղծելու գործը դժվարին:
Ամեն ինչ նորից պետք է ստեղծել:
Աստվածներին, մարդկանց, նաև դևերին,
շարժվողներին և անշարժներին.
Նա կապրի դաժան ապաշխարություն և
չի սխալվի վերստեղծելիս, ահա սա է իմ ողորմությունը:
Այս ասելուց ետ մի ակնթարթում երկինք բարձրացավ և հնարավոր չէր նրան տեսնելը:
Եվ այն ժամանակ արևի որդին, Մանուն գերհզոր, վերստեղծմանը ձեռնամուխ եղավ:
Նոր էր սկսել, երբ կախարդական գայթակղությունը
զգաց իր ներսում:
Սկսած գործը թողնելով, սուրբը,
նվիրեց իրեն ապաշխարության:
Ճգնավորության դաժան ձևերը հաղթահարելով
ինչպես որ հարկն է, աշխարհն ու կյանքը
վերստեղծելու գործին նվիրվեց:
Նրա հետ էին յոթը սրբազան իմաստունները, ովքեր որ իրենց ոգեղեն ուժով սատարում էին մեծ ճգնավորին:
Եվ այսպես, ահա Արարատ սարի այս սուրբ տեղանքում վերստեղծվեց կյանքն այս երկրի վրա:
Եվ օրենքները վերստեղծվեցին, որոնցով պիտի
շարժվեր կյանքը, – դա Արիների օրենքներն էին:
Այդ անմահների կերտած օրենքը հետո
տարածվեց երկրի ծագերում,
մի մասը եկան այստեղ՝ վերցնելու, մի մասը
մերոնք տարան այստեղից:
Ահա’ այս երգեց այն պսակավոր մեծ իմաստունը, և այստեղ նստած քառասուն հզոր իմաստունները լուռ լսում էին:
Իսկ հիմա՝ այսպես. արդարությունը պահպանվում է միայն օրենքով, դա անհրաժեշտ է, ինչպես խմելու ջուրը,
կամ, ասենք, շնչելու օդը,
Զի, թագաժառանգ, ստի, կեղծիքի, ու նենգության դեմ մարդն անպաշտպան է, եթե չի գործում այդտեղ օրենքը, Իսկ թագավորի, իշխանավորի սրբազան պարտքն է
ազգը պաշտպանել:   

ՄԱՆՈՒ՝ Ռոբերտ Մանուկյան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։