Կրակամայր

Կրակամայր

Կրակամայր՝ լույսի տուն, տաճարացող հոգիներ…
մոխրապարի մեջ հառնող ամայությունը մեռած
ափից ափ է դեռ նետում գերեզմաններն անքննել,
ու խիղճը, որ այրվելով՝ բռունցքի մեջ է սեղմած:

Ոտնաթաթերն արյունոտ կրակաբորբ շեղջերին
ճակատագիրն են ջնջում ու արտածում են… նորից…
իսկ աճյունները գաղտնի ձայն են տալիս ողջերին,
արդարություն են փղձկում սառցակալած ձեռքերին:

Ու երբ մահվամբ անթեղված մերկ սրտերն են ընդվզում,
ու ստվերներն են անցնում փակարներով մեծ հոգու,
ծովյան ձիերն հրաչվի ծաղկատեսիլ հրայրքում
երազներ են հավաքում՝ պատառոտված ու մաքուր:

Կրակամայր ծովեղեն՝ երկնակեցիկ կաթնաթույր…
Օ՜, կրակի քավարան՝ թեր ու կիսատ սրտերի,
ողնախորշից դուրս ելնող կրակներն են թերթ-թերթում
խավարը, որ մեզ սնում… ու ծեփված է պատերին:

Մեհենական բագիններ՝ օջախների ստնտու,
կրակատան պատերից տաք ոսկին են լուռ քերում,
ու ժառանգները տենդոտ դեգերում են՝ կարոտում
դարերի մեջ սփռված ու անամոք վերքերում:

Կենաց ծառի շնորհած պտուղներում են պահվել
սերմերը, որ փնտրեցին հրդեհի մեջ ապաստան.
նրանք մահվան ափի մեջ հանդարտ, անձայն են զոհվել
ու ծաղկելով կյանք տվել խորշերի մեջ հոգու տան:

Մա՛յր հրեղեն, ծաղկա՛ծ քուրմ, արևահե՛ղ թագուհի,
 քո ճիչը դեռ ամպամած ժամանակի բուրգերին
կայծակներ է հավաքում զանգերի մեջ ու գահի
ու ցանում է հավերժի հին անցավոր փառքերին:

Սուրեն Գրիգոր


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։