Զինյալ մարգարեն
(Գարեգին Նժդեհի հիշատակին)
Մենք ուրացյալ նրա հավատամքը խորին
Եվ կուրացյալ սրտի մշուշներում պատիր,
Որպես ամբողջ մի հեղգ, որ մատնել էր սրբին,
Վտարեցինք նրան մեր ոգեղեն երթից:
Եվ սին հույսի կարմիր առագաստը պարզած,
Առանց նրա ելանք նավարկության մի նոր,
Եվ խեղդեցինք մեր իսկ հայրենիքում «ազատ»,
Յոթնապատիկ անդեմ, մեղավոր ու մոլոր:
Եվ մոռացյալ ցեղի դավանանքը խորին,
Հանուն չեղյալ գոյի սպանեցինք զմեզ,
Եվ զառանցանք է արդ ցեղակրոն ոգին,
Եվ ուղեղի ցավ է Հայրենիքը մեր մեծ:
Բայց սրբազան լույսից նահատակաց մերոց,
Երբ դավերի ցանցում մենք մնացինք լքյալ,
Երբ խլում են մեզնից մեր անցյալն ու ներկան
Բարձրանում է նորից մեր մարգարեն զինյալ:
Մոտենում է խոցյալ, խորհրդավոր, խորին,
Որպես ցեղի զինվոր, որպես Հայր ու Որդի,
Եվ օրհնելով փառքը- Արյունի ու Սրի,
Մեզ տանում է մի նոր ցեղակրոն ուխտի:
Վազգեն Արամանի (Դաղբաշյան)




Armenian