Բաց նամակ Եզդիստանի ինքնավար միավորի մասին

Բաց նամակ
ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանին
ՀՀ-ում ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի դեսպաններին,
ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ կառույցներին


Հարգարժան պարոնայք

Վերջերս Հյուսիսային Իրաքում 24 եզդիների դաժան կոտորածը, շարունակական սպանություններն ու ահաբեկումները և դրանց նկատմամբ տիրող անտարբերության մթնոլորտը վկայում են այն մասին, որ եզդի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չի ապահովվում Իրաքյան կառավարության կողմից:  Ելնելով տվյալ իրավիճակից` նաև հիշեցնելով այն մասին, որ եզդի ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել Թուրքիայի կողմից ու այդ պատճառով ցրվել է աշխարհով մեկ, փաստում ենք, որ եզդիական ինքնատիպ էթնոսը, հին հավատքն ու մշակույթը այսօր վտանգված են:
Եզդիներին ապահով զարգացման միակ նախապայմանը համարում ենք Եզդիստան բարձր ինքնավարության օժտված միավորի ստեղծումը Հյուսիսային Իրաքում, եզդիների պատմական հայրենիքում, որտեղ բնակվում են ավելի քան մեկ միլլիոն եզդիներ: Շատ եզդիական աղբյուրներ հավաստում են, որ Իրաքի քուրդ նախագահը ճիշտ չի վերաբերվում Իրաքի եզդի հատվածին, կրոնական-իսլամական հանգամանքներից ելնելով, քանզի ավելի շատ հակված է Քրդստանի իսլամական պետություն ստեղծելուն:
Մենք հավաստում ենք, որ մեր կոչը Եզդիստանի ինքնավարություն ստեղծելու վերաբերյալ ուղղած չէ Իրաքի արաբ ժողովրդի դեմ, որի պայքարը օտարերկրյա զավթիչների դեմ կրում է արդար բնույթ եւ մենք արդեն հայտնել ենք մեր համակրանքը արաբների ազատագրական պայքարի վերաբերյալ:
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` ավելի գործնական հանդես գալ եզդի ժողովրդի շահերի պաշտպանի դիրքերից միջազգային ատյաններում` աջակցելով ՀՀ եզդիական համայնքի` այս նպատակին ուղղված քայլերին: Նաև պահանջում ենք այն միջազգային կառույցներից, որոնք զբաղված են Իրաքի ժողովրդավարացումով, հանդես բերել իրական ժողովրդավարական կեցվածք և լրջորեն մտահոգվել Եզդի ժողովրդի ֆիզիկական անվտանգությամբ, և անհապաղ միջազգային հարցերի օրակարգ մտցնել Եզդիստանի հարցը:
Մենք սա կարևորում ենք հատկապես, քանի որ փորձ է արվում ստեղծել Քրդստան պետություն` մասնատելով Իրաքը և հարևան երկրները: Նախատեսվում է, որ այդ Քրդստանի մեջ է մտնելու նաև Արևմտյան Հայաստանը,  ուստի սա պետք է մտահոգի նաև մեր իշխանություններին:


Հայ Արիական Միաբանություն
20.06.2007թ.

 


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։