Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

Հայաստանը՝ նոր ռազմաքաղաքական դաշինքի առանցք

Աշխարհում կան բազմաթիվ ռազմական դաշինքներ, որոնց մի մասը լուծում է տեղային, մի մասն էլ համաշխարհային կարգի հարցեր: Տարբեր են նաեւ դրանց նպատակները: Կան բացառապես ինքնապաշտպանական բնույթի ռազմական դաշինքներ, ինչպեսեւ՝ նախահարձակ լինելու միտում ունեցողներ:

Հայաստանն այսօր ընդգրկված է ԱՊՀ անվտանգության միասնական համակարգում, ունի պաշտպանվածության որոշակի մակարդակ, ունի նաեւ հստակ պարտականություններ: Բացի դա, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ մեծ ռազմավարական պայմանագիր ունի կնքած, որը թույլատրում է ՌԴ-ին Հայաստանում ունենալ ռազմահանգրվաններ: ՀՀ եւ ՌԴ զինվորականները նաեւ համատեղ ծառայություն են իրականացնում մեր երկրի սահմաններին:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը դեռեւս գործընկերային հարաբերություններ ունի: ՀՀ զինվորականներն այդ շրջանակներում ՆԱՏՕ-ի կազմում ծառայություն են անցկացնում Իրաքում եւ Կոսովոյում, մասնակցում են համատեղ զորավարժությունների:

Բավարա՞ր են արդյոք այս հարաբերությունները Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու պաշտպանվածությունը կազմակերպելու հարցում: Ապահովվա՞ծ ենք մենք արտաքին ներխուժումից:


Մի բան հստակ է, որ ԱՊՀ-ական եւ ՆԱՏՕ-ական հարաբերությունների «արանքում», գոնե առայժմ, Հայաստանը կարողանում է որոշակի վայրիվերումներով հանդերձ ապահովել իր սահմանների, Արցախի ու ազատագրված տարածքների անվտանգությունը: Սակայն, հստակ է նաեւ, որ այս իրավիճակը կարող է լրջորեն փոփոխվել, մենք վտանգի կենթարկվենք, եթե հանկարծ ԱՊՀ-ական փխրուն դաշինքը մեր եւ Ադրբեջանի հարաբերություններում պարզապես չեզոք դիրք գրավի: Իսկ դրա նախադրյալները կան: ԱՊՀ անվտանգության միասնական համակարգի առաջատար երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունը, տարիներ շարունակ համարժեք «սիրաշահումներ» է անում ե’ւ Հայաստանին, ե’ւ Ադրբեջանին: Էլ չենք խոսում ռուս-թուրքական պայմանագրի երկարաձգելու մասին, որում անտեսված ու վտանգված են ՌԴ ռազմավարական գործընկեր (միակը տարածաշրջանում) ՀՀ-ի ու հայության շահերը: Մեկ անգամ չէ, որ նման «խաղերի» հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքի որոշակի հատվածները՝ Արեւմտյան Հայաստանը, Նախիջեւանը, Որտիքը, Գարդմանն ու Արցախը: Նաեւ ենթարկվել ենք ցեղասպանության մեր իսկ հայրենիքում…

Եթե սրան ավելացնենք նաեւ Ջավախքի խնդիրը, որի պարագայում նույնպես մեր ռազմավարական գործընկերը «խաղեր» է տալիս, այս անգամ Վրաստանի հետ, ապա պարզ կդառնա (եւս մեկ անգամ), որ այս ուղղությամբ մեր ռազմա-քաղաքական նկրտումները ամուր հենարան չունեն: Առնվազն տարօրինակ է, երբ ՌԴ-ն աներկբա դեպի ՆԱՏՕ եւ Արեւմուտք գնացող Ադրբեջանին ու Վրաստանին նույն հարթության մեջ է դիտարկում (մասնակի բացառությունները, տնտեսական ճնշումները միմիայն իր շահերի պաշտպանությամբ է պայմանավորված), ինչ՝ Հայաստանին:

Գրեթե նույնն է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով: Եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա կամա, թե ակամա հայտնվում է Թուրքիայի ազգեցության ներքո, որը այդ ռազմական կառույցի կարեւորագույն օղակներից է: Եթե ՆԱՏՕ-ական Եվրոպան ամեն դեպքում վերապահումներ ունի Թուրքիայի հանդեպ, ապա ՆԱՏՕ-ական ԱՄՆ-ն լրջորեն հենվում է Թուրքիայի վրա Կովկաս-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում:

Պարզ է, որ Հայաստանը չունի հնարավորություն ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հետ հավասար գործընկերություն անելու համար, գերտերությունները նման քայլի չեն գնա որեւէ մեկի հետ: Ուստի փափագել, որ ԱՊՀ-ն կամ ՆԱՏՕ-ն կկարգավորեն մեր արտաքին ռազմա-քաղաքական հիմնախնդիրները, իրատեսական չէ: Մանավանդ, որ նրանք ձգտում են հավասարազոր հարաբերությունների մեր անմիջական հակառակորդների հետ, եթե չասենք՝ ինչ-որ տեղ էլ նախընտրում են նրանց:

Ադրբեջանն ու Վրաստանը (ԱՊՀ-ին ու ՆԱՏՕ-ին զուգահեռ) ՎՈւԱՄ-ի կազմում փորձում են ռազմավարական նոր առանցք ձեւավորել՝ ծավալվելով նաեւ դեպի Միջին Ասիա: Ադրբեջանն ինքն առանձին կապեր է հաստատում իսլամական երկրների եւ կառույցների հետ…

Այս պարագայում, կարծում ենք, Հայաստանը պիտի համարժեք մարտավարական քայլեր ձեռնարկի, այլապես մեր պաշտպանվածությունը կդառնա միայն տեսական:

Մենք նույնպես պիտի ձգտենք տարածաշրջանում ձեւավորել ռազմա-քաղաքական առանցք, որը կստեղծվի բացառապես գաղափարաքաղաքական շահերի տեսանկյունից: Տնտեսական շահեր հետապնդող ռազմական դաշինքները կարող են փլուզվել հաջորդ՝ ավելի հաջող տնտեսական տարբերակի հայտնվելու դեպքում, որի նախաձեռնողը մեր հակառակորդը կարող է լինել…

Մամուլ
ում ազգայնական ուժերն արդեն արծարծել են համաարիական ռազմա-քաղաքական դաշինքի ձեւավորման խնդիրը: Ի միջի այլոց, Հայ Արիական Միաբանության՝ 2 օր առաջվա հայտարարությունում, որն ի պաշտպանություն Իրաքի շուրջ 1 մլն եզդիների ու այդ երկրի հյուսիսում Եզդիստանի ինքնավար մարզի ստեղծման մասին էր, հետաքրքիր առաջարկ կա տարածաշրջանում համաարիական քարոզչության եւ գործողությունների համար. իսլամական Քրդստանի (որը ցանկանում են ստեղծել հարեւան երկրների ու Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա) փոխարեն առաջարկվում է ստեղծել արիական (եզդիներն արեւապաշտ են) Եզդիստան՝ Իրաքի միջագետքյան հատվածում՝ եզդիների հայրենիքում…

Այս արմատական դաշինքը կարող է «փակել» այլ «համա»գաղափարաքաղաքական դաշինքների ճանապարհը, շահագրգռելով բազմաթիվ պետությունների, քանզի սա վերկրոնական ու վերտնտեսական դաշինք է լինելու: Այն երկրները, որոնք պայքարում են համաթուրանականության, սիոնականության, համաարաբականության, համաիսլամականության, համաքրիստոնեականության՝ էկումենիստական շարժման դեմ, միանշանակ կարեւորելու են համաարիական առանցքը:

Այս ռազմա-քաղաքական դաշինքին կարող են միանալ նաեւ ոչ արիական ծագմամբ երկրները, որոնց շահերը հակադրվում են վերոնշյալ «համա»գաղափարաքաղաքական երեւույթներին:

Հայաստանը կարող է նման քազմա-քաղաքական դաշինքի լուրջ կենտրոնական առանցք դառնալ Եվրոպա-Ասիա հարաբերություններում: Այս դաշինքի պետք է ձեւավորվի ուղղահայաց եւ հորիզոնական ուղղություններով: Առաջին ուղղությունում կարող են ընդգրկվել Ռուսաստանը (հետո սլավոնա-արիական համագործակցությունը՝ ավելի քան մեկ տասնյակ երկրներ), Հայաստանը, Իրանն ու արաբական մի շարք երկրներ: Երկրորդում՝ Ֆրանսիա-Գերմանիա-Իտալիա եվրաեռյակը, Հունաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան բուն արիական դաշինքը եւ Չինաստանը, չի բացառվում՝ նաեւ Ճապոնիան:

Հասկանալի է, որ սա միանգամից չի ձեւավորվի, սակայն ուղղահայաց առանցքի համար բոլոր նախադրյալները կան, իսկ հորիզոնական առանցքի պարագայում կարելի է սկսել Ասիական առանցքի ձեւավորմամբ, որին կարող են միանալ Հարավային Ամերիկայի մի շարք ըմբոստ, ազգայնական իշխանությամբ երկրներ:

Մենք պարտավոր են արագ արձագանքել միջազգային անցուդարձերին՝ հանդես գալով նաեւ սեփական նախաձեռնություններով:

Իսկ առաջնահերթ պիտի հզորացնենք մեր բանակը, ինչպես զինական ու մարտական տեսանկյունից, այնպես էլ՝ քանակական: Զենքին պիտի տիրապետեն նաեւ հայ կանայք՝ քաղաքացիական պայմաններում, անհրաժեշտ ուսուցում կազմակերպելով:

Երբ Թուրքիայի բանակը թվակազմով ամենամեծն է Եվրոպայում (կես միլիոնից ավելի), մենք պարտավոր ենք առնվազն 200 հազարանոց բանակ ունենալու:

Խոսքը համահայկական բանակի մասին է, աշխարհով մեկ սփռված եւ իր ազգությունը ճանաչող ավելի քան 15 մլն հայերի բանակի մասին:


Հայկ Թորգոմյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։