Ինչու՞ են ստում եկեղեցականները

Քաղաքական ստերից ու կեղծիքներից դեռ չհանդարտված մեր հանրությանը հիմա էլ կրոնական կեղծիքներով են սնուցում: Իրենց քաղաքական քրիստոնյա եղբայրներից հետ չմնալով՝ ստին բացահայտորեն տուրք են տվել մի շարք եկեղեցականներ, ովքեր Վարդավառի ազգային-հեթանոսական տոնը փորձում են ներկայացնել հերթական քրիստոնեական տոնակատարություն: Այդ եկեղեցականները, առանց ամոթի իսկ նշույլի, կեղծում են Հայոց պատմությունը, ոտնահարում հազարամյակների մեր սրբազան ավանդույթները: Մի շարք զլմ-ներ էլ կամ անտեղյակ են կամ էլ պատվիրված «ջուր են լցնում» նրանց ջրաղացին, կարծելով, թե դա էլ իրենց Վարդավառն է… Իսկ միմյանց վրա ջուր լցնելն էլ փորձում են կապել Նոյի տապանից իջնելու ինչ-ինչ անհեթեթ արարողության հետ՝ հաստատ իմանալով, որ ո՛չ միմյանց ջրելու եւ ո՛չ էլ արարողակարգային կրակ վառելու ծեսերը քրիստոնեության հետ կապ չունեն:

Իսկ նրանք, ովքեր իրենց խոսքում քիչ թե շատ նշում են Վարդավառի հեթանոսական անցյալը եւ փորձում են համադրել այսօրվա քրիստոնեացված տարբերակը, խառնում են Աստղիկ Աստվածուհու եւ Աստվածամայր Անահիտի գործառույթները: Քանզի Վարդավառն իր ծիսակարգով սիրո Աստվածուհի Աստղիկի տոնն է, իսկ Մայր Անահիտի տոնը Զատիկն է: Այսպես քրիստոնեաբար խառնել են նաեւ Հայոց Տրնդեզը, չնայած հայերն այդ օրը, առ այսօր էլ թռչելով կրակի վրայից, ակամա ոգեկոչում են Հայ Աստվածներին… Մյուս տոների ու ծեսերի մասին էլ ենք շատ խոսել ու գրել:

Հետաքրքիր է, ինչու՞ են լռում եկեղեղեցականները տոների իրական բնույթի եւ քրիստոնեության կողմից դրանք փոխակերպելու մասին, ի՜նչ կապ ունի սիրո Աստվածուհու ջրառատ ու վարդաշատ տոնը Քրիստոսի պայծառակերպության հետ կամ դեկտեմբերի վերջերին՝ արդարադատության Աստված Միհրի տոնը՝ նույն Քրիստոսի «հարյավ ի մեռելոց»-ի հետ, ինչքա՜ն պիտի ասվի այս սուտը: Միեւնույնն է, ժողովուրդը տոներն իրենց անունով է կոչում՝ Վարդավառ, Տրնդեզ, Զատիկ եւ այլն, ոչ թե պայծառակերպության տոն կամ Տիառնընդառաջ կամ մեկ այլ բան…

Ինչու՞ են եկեղեցականները արհամարհանքով վերաբերում հայոց հինավուրց պատմությանն ու հավատին, այն դեպքում, երբ եկեղեցիներն ու վանքերը կառուցել են հեթանոսական-արիական տաճարների հիմքերի, տոներն ու ծեսերը՝ հնագույն տոնակարգի ու ծիսակարգի վրա, սովորույթներն ու ավանդույթները՝ նմանապես: Հիմա այսօրվա եկեղեցականների նախնիները հեթանոս, ավելին՝ արիադավան հայե՞րն են, թե՞ թալմուդական կամ հինկտակարանային հրեաները, թե՞ իրենք էլ են պաշտպանում դավադիրների այն թեզը՝ իբր հայերը, որպես ազգ, ձեւավորվել են քրիստոնեությունից հետո… Չի գտնվելու՞ մի համարձակ կաթողիկոս, ով ի վերջո ասելու է պատմական ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ:

Ժամանակն է խոսել նաեւ սեւ սքեմավորների լացակումած ծիսական արարողությունների, երգերի մասին, որոնք նույն տրամադրությամբ ու տոնայնությամբ են հնչում թե՛ թաղումների, թե՛ հարսանիքների, թե՛ կնունքների ժամանակ… Լա՜վ, միթե՞ ուրախության պահին գոնե մի ուրախ բան չկա ասելու-երգելու-պարելու:

Բա մեր արիական նախնիք, տաճարական քրմերը ո՞նց էին ուրախության պահին ուրախանում, տխրության պահին՝ տխրում, լրջանալու պահին՝ խոկում: Ի՞նչ է, հոգեւոր կյանքն այդքան սարսափելի, աղեկտուր ու տխուր է՞: Իհարկե՝ ոչ: Պարզապես մեր ներքին թշնամու միջոցով մեզ դարձրեցին լացող, ողորմացող ժողովուրդ ու հիմա չգիտեն՝ ու՞մ եւ ումի՞ց են բողոքում անընդհատ: Իրենց սեփական ճակատագիրը կապել են այլ ազգի ճակատագրին ու աղոթու՜մ են ու աղոթու՜մ…

Հիմա էլ քաղաքականապես ու սոցիալապես են մեզ ողորմացող դարձնում…

Ինչեւէ: Հուսանք, որ եկեղեցական սպասավորները գոնե հետագայում զերծ կմնան կեղծիքից, այլապես նրանց Նոր Ջրհեղեղ է սպառնում…

Արման Դավթյան


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։