Արտագաղթ՝ ֆիզիկական եւ հոգեւոր

Մենք գաղթական էինք մեր երկրում

Այնպես եղավ, որ արեւելահայությանը բաժին ընկավ այն առաքելությունը, որ ինքը պիտի դառնա այն առանցքը, որի շուրջը կհավաքվի ամբողջ հայությունը, եւ այդպիսով կհզորանա Հայք-Հայաստանը:

Այդ գործընթացն սկսվել էր դեռ անցյալ դարի կեսերից, երբ սկսվեց հայերի ներգաղթը: Թվում էր, թե իրականանում է համայն հայության իղձը՝ վերամիավորումը հայրենիքում (բուն հայրենիքի մի հատվածում): Բայց ո՛չ հայաստանցիները, ո՛չ էլ ներգաղթածները իրապես պատրաստ չէին դրան: Կար հայրենասիրական պոռթկում, բայց՝ միայն այդքանը…

Չկար մշակված քաղաքականություն՝ բայց ոչ այնքան կենցաղային ու սոցիալական դժվարությունները հարթելու, որքան՝ բարոյա-հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար: Մարդիկ հայրենիք գալով՝ պատրաստ էին առկա դժվարությունները հաղթահարել, եթե հայրենիքում բնականորեն իրենց զգային ինչպես տանը, բայց……

Նրանցից շատերն արագ լքեցին Հայաստանը՝ հենց չհասկացված լինելու պատճառով: Այդ բազմաթիվ սփյուռքահայերը մինչ այդ ապրել էին տարբեր երկրներում եւ հասկանալիորեն կրում էին այդ երկրների կենցաղի ու մշակույթների ազդեցությունը: Եվ այդ ժամանակներում (1940-ական, 1960-ական եւ 1970-ական թթ.) Հայաստանում տեղի ունեցավ նաեւ մշակույթների բախում, ինչ-որ տեղ՝ իրարամերժ: Հայրենադարձներն իրենց հետ բերել էին որոշակի կենցաղ, բարքեր ու պատկերացումներ, նաեւ՝ բարբառներ: Բերել էին նաեւ իրենց մեծ ցանկությունը՝ մասնակից լինելու Հայաստանի շենացմանը: Բայց ավա՜ղ, նրանց բացախոսությունն ու բարի կամքը չհասկացվեցին, եւ նրանք բռնությունների ենթարկվեցին: Հայրենադարձներից շատերը մեղադրվեցին լրտեսության մեջ, իսկ տեղաբնիկներից տարանջատելու համար նրանց կպցվեց «ախպար» պիտակը, ինչն էլ մեղադրանք եղավ ներմուծված շատ արատների համար: Հայրենիքը շենացնելու համար եկածներին հազվադեպ էր հնարավորություն ընձեռնվում պետական պաշտոններ զբաղեցնել, հանրությունում բարձր դիրքեր գրավել: Նորից բաժանվեցին արեւելահայերի ու արեւմտահայերի (ավելին՝ սիրիահայերի, լիբանանահայերի, պարսկահայերի եւ այլն): Այսպես՝ առճակատումից ու անտեսումից հոգնած, լեփ-լեցուն գնացքներով եկած ներգաղթյալ հայերը լեփ-լեցուն օդանավերով հեռացան: Նույնիսկ ասացվածք ստեղծվեց՝ «Ախպարները չեն ծնվում՝ գալիս են, չեն մեռնում՝ գնում են»: Դաժան, բայց իրական ժողովրդական խոսք էր ոչ հեռավոր անցյալում…

Մենք ներգաղթելով՝ էլի գաղթական ենք մնում

Եվ ահա, երբ 1988թ. կրկին գոռում եւ պահանջում էինք միացում, մի՞թե չգիտեինք սպասվող զրկանքների ու գաղթականներ ունենալու մասին: Թե՞ մեզ սին տպավորություններ էին պետք՝ վաղուց այդքան բազմությամբ իրար գլխի չէինք հավաքվել կամ միեւնույն էր, թե այդ պահին ինչ կգոչեինք՝ Արցա՞խ, թե՞ Իսրայել… Երեւի ճի՞շտ էին հռոմեացի կայսրերը, որ ասում էին, թե ժողովրդին հաց ու հանդեսներ են պետք: Մենք այն ժամանակ հաց ունեինք, ուստի՝ մեզ տպավորություննե՞ր էին պետք: Այո՛, իսկապես կային նվիրյալներ, ովքեր գոռում-գոչում էին սրտի եւ ուղեղի համահունչ թելադրանքով, ովքեր նաեւ մաքառեցին Հայաստանի ու Արցախի անկախության համար: Իսկ շատ-շատերի հոգեցունց պահերն իսկապես անցողիկ եղան, ժամանակավոր էին, ու երբ բոլորիս ցանկությունն ի կատար ածելու համար (ոչ մեր կամքով) մտանք անկախության եւ պատերազմի փուլ, սթափվեցինք եւ հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է…

Բաքվից, Գանձակից եւ այլ վայրերից գաղթած փախստական հայերն իրենց հետ նորից ներմուծովի «արատներ» բերեցին: Նրանք կարծես օտար էին մեզ համար: Ուրիշ ազգեր այլ ազգերի են ձուլում, իրենցը դարձնում, իսկ մենք մերոնց վանում էինք ու… վանեցինք: Ավելին՝ նրանցից շատերն այդպես էլ հայերեն խոսել ու մտածել չսովորեցին, իսկ շատերն էլ իրենց պատկերացումներում հայրենիքը տեսան Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում (իրական հայրենիքը միայն ժամանակավոր ապաստան նկատեցին)……

Նորից ծաղրուծանակ սկսվեց, ինչպես ծաղրվում էին, ասենք, 1946թ. ներգաղթած ֆրանսահայերը՝ հովանոց եւ անձեռնոցիկ օգտագործելու համար, կամ պարսկահայերը՝ իրենց արեւելյան սովորությունների ու քաղցրալեզու խոսակցականի համար, լիբանանահայերը մեկ այլ բանի համար, իրաքահայերը՝ մեկ ուրիշ եւ այլն: Նորից սկսվեց տարանջատման (հաճախ իշխող վարչախմբի կողմից միտումնավոր տարվող) գործընթացը:

Մի՞թե մենք էլի շտապեցինք, ինչպես 20-րդ դարասկզբին, երբ հանպատրաստից Թուրքիայից անկախություն էինք պահանջում՝ առանց զենքի, մշակված ծրագրերի (հաճախ հենց թշնամիների հետ համագործակցելով): Իսկ օրինակ՝ հույները, բուլղարացիները եւ օսմանյան կայսրության որոշ ժողովուրդներ դա ավելի կազմակերպված արեցին: Չհասկացա՞նք, որ Արցախի պահանջումը ադրբեջանահայերի հոսք է ակնկալում, լրացուցիչ հոգսեր՝ ինչպես դրամական, այնպես էլ՝ բարոյա-հոգեբանական: Ովքե՞ր եւ ինչու՞ չպատրաստեցին մարդկանց այս ամենն ընկալելու համար: Առաջին գաղթականներին հայաստանահայերը սիրով ու նվիրումով ընդունեցին, եւ դա հաստատ կշարունակվեր, եթե պետությունը հետզհետե ծագող բարոյա-հոգեբանական եւ կեցա-մշակութային սպասվող խնդիրների լուծումը (համադրում-կարգավորումը, ճիշտ քարոզչությունը) գոնե իր վրա վերցներ, բայց… Նրանք լրջորեն զբաղված էին ներիշխանական ու պալատական խարդավանքներով եւ այլեւս այլ բաների ժամանակը չունեին: Իսկ այդ խարդավանքները հետզհետե սկսեցին վտանգել մեր ձեռքբերումները, հատկապես Արցախի ու ազատագրված տարածքների պահպանման հարցում: Այս վարչարարությունը (ներքաղաքական առճակատումներն ու տեղաբնիկության տարանջատումները) գաղթականներ դարձրեց ոչ միայն ներգաղթյալներին, այլեւ՝ բնիկ հայաստանահայերին…

Մեր երկիրը գաղութ է, մենք չենք տերը

մեր երկրի

Հայտնի է, որ իշխանություն գրավելն ավելի հեշտ է, քան՝ այն պահելը: Հիմա, երբ Արցախն ու ազատագրված տարածքները մերն են, դրանք պահել է պետք: Այստեղ դրված է համայն հայության հետագա գոյության հիմնաքարը: Եվ սա չափազանցություն չէ բնավ: Հասկանալի է, որ ազատագրված հողերը հեշտ չէ պահելը, ռազմա-քաղաքական խնդրից բացի կան նաեւ սոցիալ-տնտեսական չլուծված շատ հարցեր: Բայց եթե ազգովի մի գործ ենք անում, ուրեմն բոլորս էլ պետք է զրկանքներ կրենք՝ եւ՛ հանրությունը, եւ՛ իշխանությունը: Սույն հարցը ճիշտ ու նպատակային քարոզչության խիստ կարիք ունի: Նման դեպքում հարուստները պետք է զուսպ եւ համեստ լինեն ու իրենց շվայտ կյանքով չնեղացնեն ու չգրգռեն չունեւորներին, որոնցից շատերը մեր երկրի ու նրանց այսօրվա բարօրության համար իրենց կյանքն էլ չեն խնայել: Օրինակ՝ ինչպե՞ս կարող են մի խրամատում նստածներից որոշները կուշտ լինել, որոշները՝ սոված, այդ դեպքում ճակատի գիծը նրանց միջով կանցնի եւ ոչ՝ թշնամու: Ու հետեւանքն էլ պարզ է, թե ինչ կլինի… Իշխանությունները պետք է լրջորեն մտորեն այս մասին: Հիմա էլ Հայաստանը արտաքին ճակատային մի քանի գծեր ունի, եւ պետք չէ այդ գծերը ներհայաստանյան դարձնել եւ թմբկահարել, թե ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում թող ապրի ու աշխատի: Նախ՝ դա այդպես չէ, ամենաանօրենն օրվա իշխանություններն են ու պետական հարկերից խուսափող «բարերարները»: Իսկ առհասարակ՝ պետք է օգնել սեփական ժողովրդին ոտքի կանգնել, քանզի պատերազմն ընդամենը մեկ սանտիմետրով է հեռու մեր սահմաններից: Հասկանալի է, աշխատողն ու խելացին ավելի լավ պետք է ապրեն, բայց դա արդարորեն պիտի կատարվի, թափանցիկ լինի բոլորին: Իսկ արդարությունը Հայաստանում վաղու՜ց մեռած է… Ներկայիս խանական («ցարեր» ու «թագավորներ» էլ ունենք) ու մեծահարուստական (քաղքենիական) լպիրշ ամբարտավանությունն է, որ ճակատային գիծը Հայաստանի ներսն է տեղափոխում: Ժողովուրդը քչով էլ կբավարարվի, կտոկա դժվարությունների առջեւ, եթե տեսնի, որ իր կառավարիչներն իսկապես աշխատել եւ օգնել են ուզում:

Պետք է հասկանալ, որ կարելի է եւ ավելի դյուրին է սեփական ժողովրդի համար քիչ ծախսելով (շատի հնարավորության դեպքում՝ իհարկե շատ)՝ նրան սիրաշահել ու կյանքը փոքր-ինչ բարեկեցիկ դարձնել, քան՝ հետո օտարի խաղերի դեմն առնել մեր պետության ներսում, սեփական օջախներում (մեր ճարահատյալ ժողովրդի ցասման վրա ծրագրված), կամ՝ որ ավելի վատ է՝ հետո պատերազմել (քաղաքացիական կամ թշնամու դեմ)՝ տասնապատիկ ավելի գումարներ ծախսելով, այն էլ՝ անիմաստ…

Միանշանակ, անարդարությունն ու անպատժելիությունն ավելի են նյարդայնացնում մարդկանց, քան՝ զրկանքները: Մեր ժողովուրդը դարեր շարունակ արդարության կարոտ է եղել, հալածվել է օտարներից, եւ երբ այդ անարդարությունը տեսնում է իր կերտած անկախ երկրում ու կողքին ապրող հայի կողմից, ում հետ նաեւ մաքառել է կողք-կողքի, ապա այս հանգամանքը ծանր ու անհանդուրժելի է դառնում: Թե չէ հայը զրկանքների սովոր է, կարեւորը՝ հույսը չմարի, հավատը չխաթարվի:

Հարյուրամյակներ շարունակ հայի կյանքը շատ ծանր է եղել: Միայն խորհրդային տարիների վերջում նա մի քիչ շունչ քաշեց (պատսպարված լինելով ասպատակություններից), բայց այն ժամանակ էլ արդարություն չկար: Քիչ է մնում մտածենք, թե արդարությունը երկրային հասկացություն չէ, եւ այն միայն հեքիաթներում է լինում: Աշխարհի ներկայիս դրվածքի մեջ է արդեն անարդարությունը, այն յուրաքանչյուրիս մեջ է արդեն, եւ մենք ինչպե՞ս կարող ենք արդարություն պահանջել, երբ ինքներս ենք անարդար: Սա մի անլուծելի շրջապտույտի է նմանվում: Բայց ելքը կա: Եվ դա ազգային համարում ունեցող իշխանությունները պիտի սկսեն եւ հենց իրենցից…

Հայը իր երկրի տերը պիտի լինի, ոչ թե օտարի դրամա-տնտեսական գործունեությունը Հայաստանում սպասարկող անձնակազմ: Ոչ թե իր երկրում ապրի տնվորի կարգավիճակով:

Մեր հայրենիքը այսօր «անկախ» գաղութ է պարզապես: Իսկ Հայաստանը հայի՛ հայրենիքն է, եւ հիրավի՛ ազգային իշխանություններն իրավունք չունեն խթանել օտարի բարգավաճումը մեր երկրում՝ դրա հետ մեկտեղ նպաստելով սեփական ժողովրդի արտագաղթին, ինչը հիմնականում անարդարության ու լքվածության դրդապատճառներ ունի: Օտարահպատակ իշխանությունները հային անտեր ու անպաշտպան են դարձնում իր հայրենիքում, իսկ անտեր հայը չի կարող Հայաստանին տեր լինել…

Մենք գաղթական ենք

հոգեւոր կյանքում

Մարդկության պատմությունում թերեւս միայն հին Աստվածների ու բնախոսական օրենքներով ապրող Մարդկանց ժամանակներում կար արդարություն, եւ արդարության պահանջ, ինքնըստինքյան, չկար: Բայց խառնարյունությունն ու խառնակչությունը հետզհետե հանգեցրին անարդարության ծագմանը, երբ այդ երեւույթներից՝ գենա-հոգեխեղումներից, ծագեցին միմյանց չհասկանալու եւ չհանդուրժելու «մարդկային» ունակությունները (ինչպե՞ս կարող է մի քանի ազգի գենն իր մեջ կրողն անկառավարելի գենետիկ պայքարում ներքին կայունություն ունենա եւ հետո էլ՝ արտաքին հարցերում մարդկային ու ազգային հանդուրժողականություն դրսեւորի)… Խառնածինը նաեւ խառնակիչ է:

Մարդկային եւ Աստվածային սրբազան օրենքներից շեղումը պատճառ դարձավ, որ Աստվածները հեռանան մարդկանցից… ու մարդիկ այլեւս աստվածացրին մարդուն: Նա էլ Աստվածներին մեռած հայտարարեց… Եվ մարդիկ, ովքեր կռապաշտության ծիրում շեղվել էին ՏԻԵԶԵՐԱՈւՍՄՈւՆՔԻՑ, չհասկացան, որ Երկնային Էակները չեն մեռնում, որ եթե մարդկային հոգին չի մեռնում, ապա՝ Աստվածներն առավել եւս… Չհասկացան, որ Տիեզերքի Արարչին՝ Ամենայնը Ստեղծողին, փոխում են մի մարդ արարածով, ով եթե նույնիսկ Աստծո որդի է, այնուամենայնիվ, Աստված չէ, առավել եւս՝ Արարիչ… Իսկ Արարչին նույնիսկ Չարը չի մերժում, ուր մնաց թե (Բ)Արին: Իսկ այդ աստվածացած մարդու արքայությունը պարզորոշ երկրային էր, ինչպես մյուս մարգարեներինը կամ հզոր քրմերինը (մոգերինը), սակայն, նա խոսեց երկնային արքայությունից (Երկնային Հոր-Տիրոջ-Արարչի անունից)՝ խեղելով ինչպես երկրայինը, այնպես էլ՝ երկնայինը: Եթե նրա տերը-հայրը պարզապես մի եբրայական Աստվածահայր է՝ Յահվեն-Յեհովան, ապա մոլորակի պտույտը մեզ համար իրապես ողբալի է պտտվում… Քանզի մեր հոգեւոր պատկերացումները Չարի թագավորությանն են ենթարկվում, եւ ամեն անգամ մեր հավաքական, թե անհատական կանչն ու աղոթքը Չարի «իշխաններին» են զորացնում՝ ավելի ու ավելի տկարացնելով մեզ…

Հայ-արիական իմաստնությունն ասում է՝ «Տիեզերքը նյութ է եւ լողում է ԳԵՐԷՈւԹՅԱՆ եւ ԳԵՐԻՄԱՍՏՈւԹՅԱՆ Անեզրության մեջ… Եվ Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ, իսկ Միտքը սփռված է Տիեզերքով մեկ, ուստի տիրապետի՛ր Մտքիդ… Քանզի այն կարող է եւ՛ օգնել, եւ՛ պատժել քեզ…»: Աստվածացված մարդու պաշտամունքի պարագայում մենք պատժված ենք, քանզի մեր միտքը՝ առ Աստված կամ Արարիչ աղոթքները, «գրանցվում» են միայն Չարի տիրույթում… Այն իր արձագանքը չի գտնում մեր Աստվածների Հոգում եւ Ամենաստեղծիի Սրտում: Տիեզերքը բոլոր Արարածների եւ Էակների Տունն է, բայց ամեն Անկյուն (մոլորակ թե վերերկրային Աշխարհներ (Երկինքներ)) պետք է ապրի իրե՛ն տրված Արարչական Օրենքներով, ինչը սահմանված է՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ օրինաչափություններից բխելով…

Իսկ այն, ինչ արվեց ավելի շուրջ 2000 տարի առաջ, արդեն մի նոր խաբեություն եւ անարդարություն էր… Երկրային օրենքներով ապրող մարգարեներն ու թագավորները չեն կարող ամբողջապես ՏԻԵԶԵՐԱՀԱՍ եւ արդար լինել: Աշխարհիկ թագավորներն ու ներկայիս նախագահներն ամեն ինչի համար պատասխանատվություն են կրում, ամեն սխալի, ամեն հոգեխեղ արհավիրքի համար նրանք են մեղավոր, քանզի ճակատագրով կամ սահմանադրորեն նրանց է վերապահված առաջնորդելու առաքելությունը: Ուստի՝ ՏԻԵԶԵՐԱՃԱՆԱՉՈՂՈւԹՅՈւՆԸ այլեւս պարտադիր պայման է:

Եվ ինչպես միշտ հրատապ են՝ ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել հարցերը: Վատ կյանքի համար մարդ միշտ մեղավորներ է փնտրում, հաճախ անարդար կյանքն անարդար վճիռներ է կայացնում ի օգուտ անարդարների… Իսկ այդ միջավայրում «սնված» հակաբնական կացութաձեւն ու վարչակարգերը մեզ ավելի են հեռացնում մեր Առաքելությունից: Եվ մենք գաղթական ենք դառնում նաեւ հոգեւոր բնագավառում՝ մեր «հայրենիք»-հավատքից արտագաղթելով այլոց «հայրենիք»-հավատքներ…

Մենք էլի գաղթական ենք գաղութացված մեր երկրում

Հայաստանը համաշխարհային դրամա-տնտեսական համակարգի (աշխարհի գաղտնի կառավարության) գաղութներից է՝ «շնորհիվ» ապաշնորհ իշխանավորների: Եվ վերադառնալով ներազգային պառակտման թեմային՝ նշենք, որ ներկայումս այս խնդիրը նույնպես շահարկվում է, եւ հաճախ՝ դրսի ուժերի ջանքերով: Այժմ քարոզվող ժողովրդավարություն-դեմոկրատիան նույնպես անբնական (ներմուծված) աշխարհիկ համակարգ է, որը քրիստոնեությամբ (մահմեդականությամբ, թե հուդայականությամբ…) համեմվելով (մեր դեպքում՝ քրիստոնյա-ժողովրդավարներ), նաեւ անբնական հոգեւոր համակարգ է ստեղծել: Իսկական աշխարհիկ դեմոկրատները թերեւս միայն հին հույներն էին: Իսկ այժմյան դեմոկրատիան իշխելու բիրտ գաղափարախոսություն է, թույլերին նվաճելու հարմարավետ միջոց, ինչպես ժամանակին՝ կոմունիզմը, որին փնովու՜մ ու փնովու՛մ են դեմոկրատ-ժողովրդավարները: Մի՞թե Տիգրան Մեծն ու Պապ թագավորը ժողովրդավար էին, կամ՝ Իվան Ահեղն ու Պետրոս I-ը, կամ՝ Նապոլեոնն ու Բիսմարկը… Ի՜նչ հարգանքով եւ հպարտությամբ են այժմ խոսում նրանց եւ նրանց նմանների մասին: Բայց, հավանաբար, նրանք նաեւ դաժան թագավորներ ու կառավարիչներ են եղել, որովհետեւ երկիրը պահել-պահպանելու համար թույլ ու ամենաթող չես կարող լինել:

Եվ եթե խոսում ենք պետականությունից, ազգային միասնությունից, ապա հիշե՛նք ռուսներին, թե գերմանական կամ եվրոպական այլ ծագումով կայսրերին կամ վրացի-հայ Ստալինին ինչպես էին ենթարկվում, որ կայսրություն ունենան: Իսկ մենք վաղուց մերոնց օտարում ենք, իսկ օտարին ենթարկվում ենք՝ եւ ոչ թե մեր կայսրությունը վերհառնելու, այլ՝ նրանը պահպանելու համար:

Արցախցի ՀՀ նախագահների (Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան) թեման ողողված է մեր զլմ-ներում: Իհարկե, բացասականն առավել առկա է: Ո՞վ է արցախցին, որ Հայաստան կառավարի: Հարցն այնքան անհեթեթ է, որ չենք պատասխանի՝ ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար: Բայց մենք հարցնենք՝ մի՞թե Սարդարապատում մեծաթիվ արցախցիներ չեն կռվել կամ Զանգեզուրում՝ հենց այս մի փոքրիկ Հայաստանի ստեղծման համար (որ հիմա մտածողներ կան նույնիսկ՝ թե Արցախը արցախցիների խնդիրն է), կամ մի՞թե մենք չենք հպարտանում մեր արցախցի ու գարդմանցի մարշալներով, ում անուններն առասպելացվել են: Նույնիսկ անիմաստ է օրինակները շարունակելը: Ինչի՞ համար է այս նոր սեպը խրվում: Վստահ ենք՝ շատերը հոգու խորքում գիտեն պատասխանը: Համոզված ենք, որ եթե նախագահը ջավաքցի կամ ապարանցի լիներ, ապա նույն բանը կկրկնվեր (ասում էին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ սիրիահայ էր… կոմունիստի զավակ էր… եւ այլն): Թե՞ մեզ միայն բնիկ երեւանցին է պետք (որին եթե փնտրենք էլ, երեւի չգտնենք, քանզի մի քանի սերունդ բնիկ երեւանցու արյան մեջ էլ կան լոռեցու, գյումրեցու, սյունիքցու կամ այլի գեներ): Իսկ եթե այդ երեւանցու մեջ էլ պիտի փնտրենք նաեւ քրիստոնյա-ժողովրդավար երեւանցուն, ապա մեր վերջը հաստատ եկել է… Սովետական հայտնի մուլտֆիլմի կոկորդիլոս Գենան կասեր՝ «վպՌջՉպրՑվօռ վՈցփվօռ ջՉպՐՖ» (գիտությանն անհայտ գազան): Իսկ ու՞մ է սա ձեռնտու: Պարզից էլ պարզ է՝ մեր թշնամիներին (ներքին են կոչվում, թե արտաքին՝ միեւնույնն է): Օտարները տեսնելով, որ մեզ ճակատային չեն կարող վերջնականապես հաղթել կամ ոչնչացնել, նորից գործադրում են հին մեթոդները՝ հային հայի դեմ հանելը… Եթե անդրադառնանք պատմությանը՝ կտեսնենք, որ միշտ էլ, երբ հայերը ցանկացել են համախմբվել եւ զարգանալ, նրանց խառնել են, մեր անառիկ բերդերի դարպասները ներսից բացել են…

Մեզ հալածել են նաեւ, երբ օտարի պետություններում ենք փորձել համախմբվել: Օսմանյան կայսրությունում, երբ տնտեսության մեծ մասը հայերի ձեռքին էր, նրանց սկսեցին հալածել (ի վերջո՝ ցեղասպանել): Նույնը կատարվեց Բաքվում եւ Թիֆլիսում: Մեր թշնամիները հասկացել են, որ մեզ հանգիստ չպետք է թողնեն, մեզ պետք է օգտագործեն (թե ֆիզիկապես, թե մտավոր առումներով) եւ… ձուլեն, եթե չստացվի՝ կոտորեն կամ վտարեն: Թե չէ ինչպես հանդուրժեն, որ մենք արագ զարգանանք ու աճենք եւ ոմանց համար վտանգ ներկայացնենք: Եվ հիմա, երբ մենք մեր հայրենիքի մի փոքրիկ հողակտորի վրա ենք ուզում բազմանալ, մեզ նորից ճնշում են, դարձնում գաղթական:

Հեղաշրջումների տեխնոլոգիաները նույնն են մնացել, գաղտնի ծառայությունները գիտեն, թե գրավն ում վրա դնեն, եւ ինչ զանգվածներ ներքաշեն դավադրությունների մեջ: Դե, գող ու ծախու զանգվածներ բոլոր երկրներում էլ կան, նույնիսկ՝ ամենահարուստ: Եվ եթե կան մարդիկ, ովքեր հատկապես քաղաքականությունը բիզնես են դարձրել, թող լա՜վ հիշեն, թե ում ջրաղացին են ջուր լցնում…

Հաջողության եւ առաջընթացի գրավականը ոչ միայն արդարությունն է, այլ նաեւ ներքին կայունությունը, խաղաղությունը: Այդ դեպքում, ժամանակի ընթացքում, ինչպես ասում են, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Եվ եթե մեր թշնամիներն իրապես վախենում են, որ կայուն պայմաններում մի քանի տարուց մենք տարածաշրջանում ավելի մեծ կշիռ կունենանք, ապա ամեն գնով պետք է խանգարեն ու խառնեն մեզ, որպեսզի ամեն անգամ զրոյից սկսենք: Սա նրանց գործն է, մերը՝ սա հասկանալը, նկատելը եւ կանխելը:

Զարմանալին այն է, որ միշտ կուրծք ծեծելով, թե առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, մենք բոլորովին մոռացել ենք ոչ միայն մեր հին հավատի, այլեւ նոր կրոնի բարոյա-հոգեբանական սկզբունքների մասին: Իսկ մեր կյանքի շատ հարցերի պատասխանները հենց հոգեւոր ոլորտում են տրվում: Բայց մեզ օտարածին կամ սին հոգեւոր «հեքիաթներ» են պատմում, ժողովրդին հիմարացնում այլոց ընտրյալությամբ ու փառաբանումներով…

Հռոմեական կայսրությունից մինչ հիմա նյութական եւ հոգեւոր աշխարհընկալումներում ոչինչ չի փոխվել, միայն տեխնիկան է զարգացել, որից էլ՝ վայելքի պայմանները: Մարդը մեծամասամբ մնացել է նույնը, բնությունից հեռացած է ու երկրային զվարճանքներին գերի: Եվ ինչքան միամիտ պետք է լինենք, որ հավատանք, թե նախագահ-թագավոր փոխելով կյանքը կլավանա: Մենք ինքներս պետք է փոխվենք՝ մտածողության համակարգով, կեցական օրենքներով: Ամեն ինչ Աստծո-Աստվածների ձեռքին չէ, հիմա էլ Նրանք մեզ հո հանգիստ են թողել… Աստվածները մեզ համատեղ (տարբեր Տիեզերաշխարհներում) ապրելու եւ արարելու շնորհ են ընձեռել, որոշողը մենք ենք…

Մեզ հանգստություն եւ խաղաղություն է անհրաժեշտ, նախ եւ առաջ՝ հոգու, որպեսզի պարզենք ու պայծառացնենք մեր միտքը, ճանաչենք մեզ, մեր արմատները, որ մեր խաթարված էությունը կարգավորվի ու կրկին ստանձնենք մեզ վստահված Արարչատուր Առաքելությունը, տանենք մե՛ր Խաչը՝ օտարների խաչերը թողնելով իրենց:


Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։