Վերջին իրադարձությունները Հարավային Կովկասում անդրադարձել են նաեւ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա. հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նշել է, որ «Իրավիճակը Հարավային Կովկասում. ԼՂՀ միջազգային ճանաչմանը հեռանկարները» թեմայով խորհրդարանական լսումների եւ քննարկումների արդյունքում համապատասխան դիրքորոշում է մշակվել, ինչը հնարավորություն կտա ընդդիմանալ տարածաշրջանային ու համաշխարհային հնարավոր մարտահրավերներին եւ թույլ կտա շահավետ օգտագրծել ստեղծված իրավիճակը՝ ի շահ ԼՂՀ միջազգային ճանաչման:
Լսումներին մասնակցել են ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորները, կառավարությունների անդամները, փորձագետներ եւ երկու երկրների քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
***
Վրաստանում դասագրքերը այսուհետ կլինեն Ax4 ձեւաչափով, գունազարդ պատկերներով, փոքր տեքստերով: Այս առումով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանն ասում է, որ Վրաստանի կրթության նախարարությունը որդեգրել է ուսուցման ամերիկյան ոճը, որը պարտադրվում է Վրաստանի բոլոր դպրոցներին, նաեւ՝ հայկական: Ամեն տարի ՀՀ պետբյուջեից շուրջ 70 մլն. դոլար գումար է հատկացվում սփյուռքի դպրոցներին հայկական դասագրքերով ապահովելու համար, որոնց մեծ մասը տրվում է Վրաստանի հայկական դպրոցներին: Սակայն, 2004թ. սկսած Վրաստանի կրթության նախարարությունը խիստ սահմանափակումներ է մտցրել ու հայոց պատմության, հայկական աշխարհագրության մասին դասագրքերը Վրաստանի հայկական դպրոցներին չեն հասնում: Իսկ ահա 2007թ. սկսած սահմանափակումների շրջանակը մեծացել է, եւ այնտեղ առաքվող հայալեզու դասագրքերի քանակը խիստ նվազել է: Պատճառն այն է, որ Վրաստանի կրթության նախարարությունը մեր երկրի կրթության նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն, պատրաստակամություն է հայտնել հայկական դպրոցներին ապահովել հայկական դասագրքերով, որոնք կհամապատասխանեն Վրաստանի կրթական չափորոշիչներին: «Այս պահին մեր խնդիրը գոնե հայերեն ուսուցմամբ դպրոցները պահպանելն է: Նրանց կողմից թարգմանված դասագրքերով կարծես դա ստացվում է», – նշում է Թ. Զալինյանը եւ իր մտահոգությունը հայտնում, որ «այնտեղի հայկական դպրոցներում հայագիտական առարկաներ չեն անցնում»:
Այն, որ հայապահպանության իմաստով Վրաստանի հայկական դպրոցներում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, փաստում է նաեւ ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչը: Թբլիսիում գործող 8 հայկական դպրոցներից մնացել է ընդամենը 2-ը:
Վրաստանի կթության նախարարը հայտարարել է, թե մինչեւ 2015թ. Վրաստանի բոլոր դպրոցները պետք է անցնեն վրացերենի ուսուցման: Դա նշանակում է, որ հայկական դպրոցները, որպես այդպիսին, վերանում են: «Եթե լուրջ քայլերի չդիմենք, մոտ ապագայում էլ շարունակենք անգործությունը, Ջավախքը Նախիջեւանի նման արժանանալու է հայաթափության ճակատագրին», – պնդում են վերջերս Ջավախք այցելած «Սերունդ» միության մտավորական գործիչները՝ պատմաբան Արտակ Մովսիսյանի գլխավորությամբ:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.