Անկախությունը՝ հոգեվիճակ, նաեւ՝ կարգավիճակ

Ընթանում է նաեւ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման գործընթացը: Երբ, որպես կատարված փաստ, խոսվում է Կոսովոյի կամ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության մասին, ապա վերլուծաբաններն ու փորձագետները հիմնավորումները պայմանավորում են միայն ուժեղ հովանավորի՝ որեւէ գերտերության առկայությամբ:

Չնայած անկախություն ստանալու տարբեր չափանիշներին, միշտ առաջին տեղում հովանավորի հանգամանքն է կարեւորվում, կարծում ենք՝ նաեւ շահարկվում: Իհարկե դա շատ կարեւոր գործոն է, սակայն, ամենակարեւորը չէ: Եթե սերբական Կոսովոն (սերբերի բնորոշմամբ՝ իրենց Արցախը) պարբերաբար բնակեցվել է ալբանացիներով ու մահմեդականներով եւ այժմ միայն Արեւմուտքի օժանդակությամբ է անկախացել, ապա աբխազներն ու օսերը իրենց պատմական տարածքների (իրենց Արցախների) վրա անկախացել են՝ ստանալով Ռուսաստանի աջակցությունը: Եվ ահա, այժմ էլ Հյուսիսային Կիպրոսն է փորձում անկախանալ Կոսովոյի տարբերակով: Այս հունաբնակ կղզու մի հատվածը զավթած եկվոր թուրքերի ինքնահռչակ պետությունը, որը պաշտոնապես ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից, փորձում է ստանալ մահմեդական աշխարհի աջակցությունը՝ իր անկախության ճանաչման հարցում:

Եվ ահա, նոյեմբերի 23-ին Կաթարի մայրաքաղաք Դոհայում բացվել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետության օտարերկրյա 14-րդ ներկայացուցչությունը, որը գործելու է որպես առեւտրի եւ զբոսաշրջության գրասենյակ: Բացմանը մասնակցել են ինքնահռչակ պետության փոխվարչապետը եւ այլ պաշտոնյաներ, Կաթարում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները, Քուվեյթի, Իրանի եւ Սուդանի դեսպանատան ներկայացուցիչները:

Շուտով նման գրասենյակներ կբացվեն նաեւ Քուվեյթում եւ Օմանում: Ծրագրված է, որ այս նախաձեռնությունը կպաշտպանեն «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության երկրները: Ահա այսպես օտար երկրի տարածքը զավթած թուրքերը շարունակում են իրենց ստեղծած պետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը: Վստահաբար տնտեսական գործունեությունը զուգահեռվելու է քաղաքական գործունեությամբ եւ մի շարք երկրներ գուցեեւ միանգամից ճանաչեն Հյուսիսային Կիպրոսի՝ պատմա-իրավական բոլոր հարցերով ապօրինի (ռազմական ներխուժմամբ ստեղծած) թուրքական պետության անկախությունը:

1974թ. ի վեր, երբ Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Կիպրոսի տարածք եւ գրավեցին կղզու հյուսիսային հատվածը, թուրքերն այլեւս երբեք չեն մտածել զիջողական քաղաքականություն վարելու մասին: Իսկ 1983թ. էլ հռչակել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական պետությունը: 34 տարի է համառորեն եւ անզիջում պայքարում են եւ արդեն մոտ են իրենց նպատակի կատարմանը:

Իսկ մենք՝ հայերս, Արցախ-ԼՂՀ անկախությունը հռչակել ենք պատմական, էթնիկ, միջազգային եւ այլ իրավական բոլոր կանոնների համաձայն, շուրջ 17 տարի փայփայում ենք մեր հայկական երկրորդ պետության անկախությունը (չնայած դեռ վաղուց վերամիավորման որոշում ենք կայացրել), ու հիմա, հանկարծ, մտածում ենք՝ ամբողջը զիջե՞նք, թե՞ ինչ-որ մի բան զիջենք, իսկ գուցե… Եվ այս ամենը միայն այն բանի համար, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը այդպես է ուզում:

Է՜, այդ միջազգային հանրությունը Հյուսիսային Կիպրոսն էլ չէր ճանաչում ու դեռ հակված չէ ճանաչելու, նաեւ ասում է, որ Ղրիմի ու Մերձդնեստրի անկախությունն էլ չի ճանաչելու… Է՜, ասում է, բայց հո միշտ չի՞ անում:

Մի հին անեկդոտ կա: Դինոզավրը մի առավոտ անտառ է մտնում ու գազաններին հավաքելով ասում է, որ ամեն օր, օրը երեք անգամ հաց է ուտելու եւ միանգամից էլ օրվա ճաշացուցակն է ներկայացնում: Ասում է՝ հիմա կուտեմ առյուծին, կեսօրին՝ արջին, երեկոյան՝ նապաստակին, եւ հավելում է, թե՝ առյուծ դեմ ե՞ս, սա կմկմալով ասում է՝ դե՜ չէ, արջ դու՝, սա էլ՝ դե՜ չէ, նապաստակ դեմ ե՞ս, սա մի փոքր լռում եւ ասում է՝ կլինի՞, որ ինձ չուտես… դինոզավրը պատասխանում է՝ հա՛ կլինի, աղվեսին կուտեմ:

Հիմա չստացվի, ով մեզ ինչ ասում է, սուսուփուս, գլուխներս դեմ կամ կախ տված համաձայնենք, գուցե դեմ լինենք ու համաձայնությա՞ն գանք: Է՜, եթե դեմ չլինենք, ի՞նչն են մեզ հետ համաձայնեցնելու կամ՝ մեզ ո՞վ է պաշտպանելու:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 44 (83)


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։