«Լուսանցք»-ը այս տարվա թիվ 21 (367) թողարկումում հրապարակում էր արել «Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում» վերնագրով: Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի այս օրերին «Անկախ»-ին տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հնչեցրել էր մեր նույն հարցադրումները. ինչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում եւ ինչու:
Ի դեպ, նա ցույցերն արդարացված էր համարել. «Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետեւանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաեւ սխալներն ու չարաշահումները եւ անսպասելիորեն մոտ 20%-ով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, եւ ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով»:
Վազգեն Մանուկյանը ճիշտ է համարում 3 կամ 6 ամսով սակագնի բարձրացման որոշումը սառեցնելը: «Պետք է նստել, քննարկել եւ հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել եւ նրանց պատժել, որովհետեւ մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի եւ տնտեսության վրա եւ այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տեւեն, որից հետո որոշում ընդունվի»:
Մի դիտարկում անեմ. ՀԷՑ-ին, բիբինախառը հանդերձ, պիտի շնորհակալություն հայտնել, որ նրանք, անխոհեմ եւ ճոռոմ գտնվելով, ստիպեցին հայ հանրությանը՝ մտածել՝ ինչ գումար է տալիս, ում է տալիս եւ ուր են գնում այդ գումարները: Եվ գոնե այս պահի դրությամբ) ստիպեցին որոշում ընդունել առանց քաղաքական կուսակցությունների աջակցության (լավ կլինի, իհարկե, որ ղեկավարող թեկուզ խումբ լինի՝ շարժումն ավելի կազմակերպված առաջ տանելու համար եւ լավ կլինի, որ ցուցարարները հստակ ներկայացնեն պահանջները հստակ հասցեատերերին): Continue reading



