Նախորդ թողարկումներում «Լուսանցք»-ն անդրադարձել էր նավթի գնի անկմանը եւ դրա հետեւանքներին, որը դրսեւորվում է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումներով: Ավելի ստույգ՝ նավթա-գազային գործոնը դարձել է ռազմա-քաղաքական գործիք: Ինչպես գրել էր «Լուսանցք»-ը, ԱՄՆ-ն դեկտեմբերին դարձավ աշխարհի նավթարդյունահանող առաջատար երկիրը՝ անցնելով անգամ Սաուդյան Արաբիայից: Եվ նավթի գնանկումը լուրջ հարված հասցրեց առավելապես Ռուսաստանին, որի դրամական միավոր ռուբլին մեծ անկում ապրեց դոլարի ու եվրոյի համեմատ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով Արեւմուտքի այս նախաձեռնությանը՝ հայտարարեց, որ սա այնպիսի հարված է, որը չի կարող միակողմանի լինել ու շուտով դա նախաձեռնողները եւս կզգան դրա վնասները: Նա վստահ է, որ այսպես երկար չի կարող մնալ: Մոսկվան նավթարդյունահանող երկրների հետ բանակցությունների մեջ է եւ փորձում է կարգավորել խնդիրը, Սաուդյան Արաբիայի ղեկավարները հայտարարել են, որ նավթի գնի արհեստական տատանումները անթույլատրելի են:
«Լուսանցք»-ը իր «Նավթա-գազային քաղաքականության ընտրանքները» եւ «Հայկական շահեր՝ նավթա-գազային հեռանկարում» նախորդ հոդվածներում (թիվ 38 եւ 39) ներկայացրել է համաշխարհային ծավալումների ընթացքը այս ոլորտներում, ինչպես նաեւ հայկական շահերը, որոնք առնչվում են հատկապես թուրք-ադրբեջանական նավթա-գազային միջազգային ծրագրերին: Այդ ծրագրերը փորձում են տնտեսապես մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանում, ինչն իր անդրադարձն է ունենում նաեւ քաղաքական հարցերի վրա, այդ թվում՝ Արցախի խնդրի:
Շարունակելով այս թեման, կանդրադառնանք ադրբեջանական հերթական խարդավանքներին, իբր Ադրբեջանին ասում են «Նոր Քուվեյթ», քանի որ 1991-ին դեռ խոսվում էր այն մասին, որ Կասպիցծովյան շրջանը 200-230 մլրդ տակառ պաշար ունի, որը կարեւոր երկիր է դարձնում Ադրբեջանին՝ նավթի պաշարների առումով: Իսկ Ադրբեջանի «իմիջի» համար այդ գործոնը խաղացնելով՝ Ադրբեջանը փորձեցին ներկայացել որպես «Նոր Քուվեյթ»: Իհարկե այդ ծրագրերը հօդս ցնդեցին, քանի որ հայտարարված պաշարները իրականությանը չէին համապատասխանում եւ այս հարցերին մենք եւս անդրադարձել ենք, թե ինչպես չաշխատեց NABUCCO-ն եւ ինչու չի աշխատում TANAP-ը: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար, սակայն այժմ այդ նավթի պաշարները ընդամենը 5 մլրդ տակառ են կազմում: Պաշտոնապես ակնկալվում էր, որ 2013թ. Ադրբեջանում կարդյունահանվի 70 մլն տոննա նավթ, սակայն ընդամենը 43 մլն է արդյունահանվել:



