«Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցանկում
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը: Հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:
Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:
Հայալեզու ֆիլմը հանդիսանում է Հայաստանի ու Իրանի համատեղ արտադրություն: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» եւ «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…
Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը եւ ուրիշներ։
Հայկական ազգային կինոակադեմիան շնորհավորում է ֆիլմի հեղինակներին եւ հաջողություն մաղթում հետագա պայքարում:
Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը
Դեռ հունիսին Երեւանում տեղի ունեցավ «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլը պատմում է բռնի իսլամացված հայ երեխաների մասին: Ռեժիսորը եւ պրոդյուսերը ազգությամբ թուրք Նազահաթ Գյունդողան եւ Քազըմ Գյունդողան ամուսիններն են: Նրանք վստահեցնում են, որ փորձել են օբյեկտիվ մոտենալ հարցին:
«Շատ կարեւոր է հենց թուրք բնակչությանը ցույց տալ, թե ինչ է կատարվել, ինչու է դա կատարվել: Նրանք պետք է առերեսվեն պատմության իրական էջերի հետ:
Ֆիլմը նկարելիս փորձել ենք խոսքը տալ մարդկանց: Իրենք ինչպես ներկայացնում են, այնպես թողել ենք: Եվ, բնականաբար, ֆիլմում կա ցեղասպանություն բառը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Նազահաթ Գյունդողանին: Continue reading →