Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Գարեգին Տեր-Հարությունյանը հայությանն ու աշխարհին առավելապես հայտնի է որպես Գարեգին Նժդեհ, ինչն էլ կարծես բնորոշում է մեծ հայի փոթորկոտ կյանքն ու անցած ուղին: Թերեւս, բնորոշումից բացի, «Նժդեհ» եզրը կանխորոշեց հայորդու նվիրական ճակատագիրը, որը հանուն Հայի ու Հայքի նժդեհացավ՝ իմա՝ թափառեց, ճամփորդեց, մաքառեց հայոց լեռներում եւ տարածքներում, պայքարեց ու անմահացավ հավերժ:
Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաեւ հավիտենարժեք հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով, կիսի մեծանուն հայորդու ճակատագիրը… Իզուր չէին Նժդեհի մտահոգությունները եւ՛ այնժամ եւ՛ հիմա, թե՝ հայրենասիրությունը այլեւս բավարար պայման չէ հայրենիքի փրկության համար… եւ հայրենապա՛շտ պիտի լինենք:
Կան մարդիկ, ովքեր ի զորու են պտտել պատմության անիվը, ավելին՝ ազգի ու մարդկության անիվը, նրանք եղել են ու կլինեն ինչպես այլազգիների, այնպես էլ հայերիս մոտ: Եվ նրանցից մեկն անտարակույս Գարեգին Նժդեհն է:
Մարդ՝ ով ապրեց ազգի կյանքով ու հանուն ազգի, հանուն հայրենիքի, ազգային մարդ՝ ով ազգակերտ նպատակների մեջ նկատեց մարդուն, իսկ մարդու մեջ՝ հայ տեսակին, հայ էակ՝ ով հայկական երակներով զգաց համամարդկայինը, երկրային արարած՝ ով երկնային տեսլականով կառչեց Հային ու Հայքին եւ Հայ Աստվածների պաշտամունքն ունենալով՝ ապրեց, գործեց ու նահատակվեց որպես հայ արորդի աստվածամարդ՝ երկրային աստված…
Գարեգին Նժդեհը իր կյանքով ու գործերով մի մտապատկերային հայկական կաղապար ստեղծեց, որով պիտի իր հայրենապաշտությունն ու ազգային առաքելությունը գնահատի յուրաքանչյուր հայ: Այդ պատկերավոր կաղապարի մեջ «տեղավորվելով» ամեն մի հայորդի պետք է զգա իր չափն ու կշիռը, դերն ու նշանակությունը եւ գիտակցի՝ ինչքան նվիրվածություն պետք է ավելացնել՝ նժդեհյան կաղապարի մեջ հարմար զգալու-տեղավորվելու համար… Եվ փա՜ռք այն հայորդիներին, ովքեր կկարողանան մեծացնել կաղապարի ծավալները-տարողունակությունը, քանզի ինչպես Նժդեհը կասեր, ամեն սերունդ պիտի գերազանցի՛ իր նախորդներին…



