Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը
Սկիզբը՝ թիվ 39-ում
Փաստորեն, ինչպես արդեն ասացինք, մենք ունենք լիքը ոչ մետաղական հանքանյութեր, աշխարհում ամենաորակյալ ապարները, բայց ոլորտային տնտեսությունը չի գործում: Փլուզված է գործնականում: Մինչդեռ մեր երկրում բարձր որակական հատկանիշներով օժտված հանքանյութերի մեծ քանակություն կա, որոնք որպես հումք կարող են օգտագործվել ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող արտադրատեսակների ստացման համար: Ուրեմն՝ ինչ քայլեր են առաջարկվում ոտքի կանգնելու համար:
Մի ժամանակ խնդրո առարկայի հետ կապված աշխատանքային խումբ կար ստեղծված, որտեղ ներգրավված էին «Հայէլեկտրամեքենա», «Օնիքս», «Գյումրու ապակու գործարան», «Բազալտ միներալ», «Քարակերտի քարաձուլման գործարան», «Ամուրկավ», «Միմ» ընկերությունների ներկայացուցիչները: Համապատասխան ուսումնասիրությունների հիմամբ առաջարկվել էր գնահատել նշված ձեռնարկությունների վիճակը եւ տեխնիկական աուդիտ անցկացնել: Դրանից զատ՝ համալիր պետք է ուսումնասիրվեր ներկայիս տեխնիկական պահանջներին համապատասխան արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական ռեժիմներն ու պրոցեսները, արտադրատեսակների սպառման շուկաները եւն: Ուսումնասիրելով նաեւ առկա՝ ոչ մետաղական օգտակար հանածոների տարատեսակները, որոնք գրանցված են օգտակար հանածոների պետական հաշվեկշռում՝ առավել հեռանկարային արտադրատեսակների ստացման համար առաջարկվեցին ապարների այս տեսակները՝ պեռլիտային, բազալտային, մագնեսիլիկատային, դոլոմիտները, դիատոմիտները, ցեոլիտները, բենտոնիտային կավերը, քվարցիտները, նեֆելինային սիենիտները:
Մասնագետները բացատրում են, թե ինչու ընտրվեցին հենց այս ապարները: Որովհետեւ հենց դրանց միջոցով կարող ենք զարգացնել ոլորտը եւ, ըստ այդմ, տնտեսությունը: Հեռանկարն ավելի պարզորոշ դարձնելու համար որոշ անհրաժեշտ մանրամասներ ներկայացնենք:
1. Պեռլիտները ջուր պարունակող ապակենման ապարներ են, որոնք առաջացել են հրաբխային լավաների արագ սառեցումից, եւ ջերմամշակման ժամանակ փքվում են՝ առաջացնելով տարբեր տեսակի թեթեւ նյութեր: Պեռլիտներն օգտագործվում են թեթեւ բետոնների, ջերմա եւ էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, սպիտակ եւ գունավոր ապակիների, բյուրեղապակու, հրակայուն թելերի եւ այլ նյութերի արտադրության մեջ, հողին ավելացված պեռլիտների խառնուրդը լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզիկական հատկությունները: Պեռլիտային ապարներից ստանում են բջջավոր ապակի, որն առավել արդյունավետ ջերմամեկուսիչ նյութ է: Հայաստանում հայտնաբերված են պեռլիտային ապարների տասնյակ հանքավայրեր, որոնց ընդհանուր պաշարները գնահատվում են՝ 321,4 մլն. խմ: Արագածի հանքավայրի պեռլիտները նախկինում արտահանվել են Իտալիա, Բելգիա՝ փոշե ֆիլտրերի ստացման համար, ինչպես նաեւ Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան՝ ջերմամեկուսիչ նյութերի ստացման համար, սակայն Եվրոպա ներկայումս պեռլիտներ է կրվում ԱՄՆ-ից: Այսինքն՝ մենք շուկայի տեղ ունենք:



