Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017թ. մարտի 13-ի դրությամբ: Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ նշելով նաեւ ըստ գտնվելու վայրի ընտրողների եւ հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այսպես՝ քվեարկության օրվանից 20 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2.564.244, որից՝ ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 20:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակիչների թիվը կազմել է 3.344. 364: Ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց քանակը կազմում է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիների 76,7%-ը: Ընտրական իրավունքի տարիքը չլրացած, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված քաղաքացիների թիվը կազմում է 779,596:
Այս մասին տեղեկացնում են՝ ոստիկանությունից, ապա հիշեցնում, որ ընտրողների ռեգիստրի հիմքում վիճակագրական կամ այլ տեսակի ցուցանիշները դնելը հակասում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Քանի դեռ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ռեգիստրի հենքը բնակչության պետական ռեգիստրն է, այլ ձեւաչափով կամ այլ ցուցանիշներով քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձեւավորումը կհամարվի հակաիրավական: Հիշեցնում են նաեւ, որ վիճակագրական վերլուծություններն ու ցուցանիշերը այլ բան են, բնակչության պետական ռեգիստրը՝ այլ:
Ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը եւ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող ու տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից կամ ընտրողների ցուցակներրից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի: Continue reading



