Երեւանյան ընտրությունները՝ ավելի հաշվարկելի եւ ավելի պարտավորեցնող – Ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ… Փաստորեն, Երեւանի գործող քաղաքապետը բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու – այստեղ պարզապես մի հարց պիտի լրացուցիչ լուծվի, ո՞վ կդառնա մայրաքաղաքային ընդդիմություն եւ ի՞նչ հնարավորություններով…

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն տեղեկություններ է հրապարակել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի եւ այլ տվյալների վերաբերյալ:

ԿԸՀ-ն ձեւավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել դրանց տեղակայման վայրերը: Ընտրությունների անցկացման համար Երեւանում ձեւավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով: 1-ին տարածքային ընտրական հանձնաժողովը ներառում է Ավան վարչական շրջանը, 2-րդը՝ Նոր-Նորք վարչական շրջանը, 3-րդը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, 4-րդը՝ Արաբկիր վարչական շրջանը, 5-րդը՝ Դավթաշեն վարչական շրջանը, 6-րդը՝ Աջափնյակ վարչական շրջանը, 7-րդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, 8-րդը՝ Շենգավիթ վարչական շրջանը, 9-րդը՝ Նորք-Մարաշ եւ Կենտրոն վարչական շրջանները, 10-րդը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները:

Երեւանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար ԿԸՀ-ում գրանցվել է (երեկվա դրությամբ) դիտորդական առաքելություն իրականացնող 1 հ/կ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա»-ն (147 դիտորդ): Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Երեւանի ավագանու ընտրությունները լուսաբանելու համար կարող են ԿԸՀ դիմել մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ:

Ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցները եւս ԿԸՀ կարող են դիմել մինչեւ ապրիլի 29-ը ներառյալ: Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման համար ԿԸՀ-ում գրանցված լրատվամիջոցներ չկան:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին տեղեկատվություն է ներկայացրել Երեւանում ընտրողների թվաքանակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 841 հազար 973 ընտրող:   Continue reading

Գլխավոր ու միակ ընդդիմության ախտանիշը – ՀԱԿ-ը ընդդիմության առաջատարի կարոտախտում… Հավատալն անշուշտ դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների՝ մեր դաժան օրերում անցած առուծախի ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ –Դրա պատասխանն էլ ցույց տվեց ժողովուրդն իր քվեարկությամբ…

Խորհրդարանական ընտրություններում պարտված եւ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցող ՀԱԿ-ը շարունակում է փորձերը՝ մնալ որպես միակ ընդդիմություն: Եթե նախկինում ՀԱԿ-ը փորձում էր իր շուրջը համախմբել ընդդիմադիր դաշտը, ինչը եւս տապալվեց, ապա այժմ փորձում է ստվեր գցել մյուս ընդդիմադիրների վրա, հատկապես խորհրդարան մտած ուժերի:

«Մենք Հայաստանում հասել ենք նրան, որ մարդիկ զանգվածաբար հասկանում են, որ մեր դաշինքն առաջարկելով խաղաղության ծրագիրը, ցանկանում է իրենց ազատագրել թշվառությունից, աղքատությունից, անհեռանկար փակուղուց, զինվորների կյանքի համար մշտական մտավախությունից»,- ԱԺ ընտրություններում պարտություն կրելուց առաջ ասել էր ՀԱԿ փոխնախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու  Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ իրենք ուզում են ժողովրդին վերադարձնել հանգիստ, հավատ սեփական ուժերի, հեռանկարի, զարգացման նկատմամբ: Ինչին հավատալը, անշուշտ, դժվար է, երբ նայում ես այս կառուցի անդամների անցած ճանապարհը Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչն էլ ցույց տվեց ժողովուրդը իր քվեարկությամբ...   Continue reading

Իշխանական մրցակցության ընթացքը – ՀՀԿ-ում սուր պայքար է ընթանում ոչ միայն այն հարցով, թե համա-մասնական ցուցակից կամ ռեյտինգային թեկնածուներից ովքեր պետք է պատգամավորական մանդատ ստանան, ովքեր՝ դուրս մնան ԱԺ-ից, այլ նաեւ՝ թե ովքեր կարող են ակնկալել խորհրդարանի ու կառավարության  ղեկավար պաշտոնների աթոռները…

ՀՀԿ-ականները, ովքեր ընտրացուցակով առաջադրվել էին պատգամավորության թեկնածուներ, դեռ անհանգիստ են, քանզի հայտնի չէ, թե վերջնականապես ովքեր են մնալու որպես պատգամավորներ, ովքեր են դիմումներ գրելու իրենց տեղը զիջելու համար: Այս սպասումների կրակի վրա յուղ լցրեց նաեւ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի հետաձգումը՝ կապված Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ՍԴ դիմելու խնդրի հետ, որտեղ քննարկվելու է ընտրությունների օրինականության հարցը:

ՀՀԿ-ականները, իհարկե մտավախություն չունեն, որ նշյալ խնդիրը լուծելի է, քանի որ միջազգային եւ տեղական դիտորդների գնահատականները առավելապես դրական են ու ընտրությունները ճանաչվել են ազատ եւ լավ կազմակերպված: Սակայն, մայիսի 14-ին նշանակված Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները, ԱԺ նիստի նախօրեին, նոր բարդություններ է առաջ բերել, կապված այդ ընտրացուցակի լուծումների հետ եւս:

Նաեւ սպասումներ կան, թե ովքեր կմնան գործադիրում՝ ակնկալելով նախարարական պաշտոններ, ովքեր կանցնեն խորհրդարանական գործունեության, ինչը եւս վերջնականապես հայտնի չէ: Այստեղ հայտնի է սակայն, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի վերընտրվի իր պաշտոնում, որի հավակնորդները մի քանիսն են, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Գալուստ Սահակյանն, իհարկե, չի ընդդիմանա, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ գիտակցում  է հետագա բարդությունները: Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով դեռ Արտաշատի քաղաքապետն է, իր աներոջ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեւի կմնա որպես «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր… Իսկ Գալուստ Սահակյանն ինքը պիտի մտածի, որ բարդությունները ոչ միայն իրեն չվնասեն, այլեւ՝ բարեկամական կապերով չանցնեն նախկին պատգամավոր եւ գործարար Աշոտ Աղաբաբյանին եւ իր որդուն՝ Արման Սահակյանին: Ով պատգամավոր է ընտրվել, որ դեռ հարցեր ունի՝ կմնա՞ որպես պատգամավոր, թե՞ կվերադարձնեն պետգույքի տիրույթ: Հայտնի է, որ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է:   Continue reading

«Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին… Արտաքին կապեր… Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները… Երեւանը՝ աշխարհի տարբեր վարկանիշային աղյուսակներում…

Սկիզբը՝ թիվ 7-13-ում

Արտաքին կապեր

Երեւան քաղաքի արտաքին կապերի ոլորտում իրականացվող աշխատանքների գլխավոր նպատակը Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ճանաչելիության բարձրացումն է, դիրքավորումն ու հեղինակության կառավարումը տարբեր երկրների եւ դրանց բնակչության շրջանում: Այդ համատեքստում տարբեր քաղաքների եւ շրջանների, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ կապերի ստեղծումն ու զարգացման աշխատանքները ակտիվորեն շարունակվել են նաեւ 2016թ.:

Հաստատվում եւ ընդլայնվում են մայրաքաղաքի գործընկերային հարաբերությունները:

– 2016թ. դրությամբ Երեւանի քաղաքապետարանը համագործակցում է ավելի քան 5 տասնյակ քաղաքների եւ շրջանների հետ:

– Ընդլայնվել են գործընկերային կապերը միջազգային եւ տարածաշրջանային կառույցների հետ:

– Ավելի քան 30 գործընկեր քաղաքների պատվիրակություններ համագործակցության շրջանակներում այցելել են Երեւան:

– Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երեւան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

– Երեւանում անցկացվել են Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օրեր:

– «Էրեբունի-Երեւան» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաք են ժամանել շուրջ 20 գործընկեր քաղաքների պատվիրակություններ:   Continue reading

Շռայլող աղքատի հոգեբանությամբ Էներգարդյունավետության ծրագիրը կկարողանա՞ մի բան փոխել – Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների  արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1- 4 ցենտին համարժեք դրամ – ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը 7 ցենտին համարժեք է…

Հայաստանի Հանրապետությունը հարուստ երկիր է: Գիտենք՝ ինչով: Հայաստանի Հանրապետությունը աղքատ երկիր է՝ բնակչության կենսամակարդակի տեսանկյունից: Եվ աղքատ լինելով՝ հարուստին հարիր շռայլություն է իրեն թույլ տալիս՝ էլէներգիայի ծախսի առումով: Պատճառը միայն սովետական հոգեբանությունը չէ: Այսօրվա փաստը այդ պատճառի հետեւանքն է (այստեղ արդեն դադարում ենք հոգեբանության մասին խոսել). թեկուզ խորհրդային տարիներին կառուցված բնակֆոնդի գերակշիռ մասը. բազմաբնակարան շենքեր, որոնք այնպես են կառուցվել, որ ոչ մի «գրամ» էլէներգիա ու ջերմություն խնայելու հնարավորություն չլինի: Վայն եկել-տարել է նրանց, ովքեր սովետական այդ շենքերում այսօր նույնիսկ չեն հասցրել վերացնել սովետական թեկուզ ներքին հետքերը, ասենք՝ ապրում են քամուց բացվող, լավ չնստեցրած պատուհաններով տանը: Դե արի ու էներգիա խնայիր: Եվ այդ տանը ապրողը ինչքան էլ ցանկանա էներգիախնայող լինել, չի կարող:

Ինչեւէ, մասնավոր դեպքերից գանք պետական մասշտաբի:

Վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները քննարկելիս մեկ բան հաստատ կարող ենք նշել. այլընտրանքային էներգաղբյուր է համարվում նաեւ էներգախնայողությունը: Սրան մասնագետները լուրջ են վերաբերում եւ վստահ են, որ որոշ ոլորտներում էներգախնայողության մակարդակի բարձրացմամբ կարող են զգալի առաջընթաց ապահովել:

Աշխարհի զարգացած շատ երկրներ անցյալ դարի վերջին տասնամյակների էներգետիկական ճգնաժամային պայմաններում ձեռնամուխ եղան խիստ թերի օգտագործվող սեփական վառելիքաէներգետիկ աղբյուրների էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Այս ընթացքում բացահայտվեցին տնտեսությունում օգտագործվող տեխնոլոգիական գործընթացների անկատարությունը էներգետիկական տեսակետից եւ դրանցում առկա էներգախնայողության մեծ ներուժը: Զարգացած երկրներում այսօր արտադրության ծավալների աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին: Հայաստանը, տնտեսական կառուցվածքով եւ տրամաբանությամբ լինելով հետխորհրդային երկիր, էներգախնայողության մասով շատ բան ունի անելու, եթե հակիրճ, ապա՝ տնտեսական սպառման հոգեբանությունից պետք է անցնենք խնայողական հոգեբանության:   Continue reading

Ամերիկահայ սփյուռքի նոր հաղթարշավը – ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները… …Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին…

Հայերիս մոտ հաճախ կես կատակ – կես լուրջ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը Հայաստանի Միացյալ Նահանգներ ենք անվանում՝ հաշվի առնելով այդ տարածքում ամերիկահայության ինչպես քանակական, այնպես էլ որակական ազդեցությունը:

Այդ ազդեցությունը (միջազգային առումով՝ նաեւ քաղաքական հարցերում) ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում է նշանակալի, այլեւ ամբողջ հայկական սփյուռքում:

Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին:

Իսկ ըստ տվյալների՝ ամենահայաշատ երկիրը Ռուսաստանն է, որտեղ սակայն հայկական ազդեցությունը պետական ճնշումների ու վերահսկողութհյան տակ է: Երեւի Մոսկվան այդպես է իր սերը ցույց տալիս դաշնակից Հայաստանին՝ համարելով, որ իր աջակցությունը բավարար է, եւ ռուսաստանահայ համայնքը կարող է լռել…

Իսկ ահա Լոս Անջելեսի՝ Լոս Արմենիոս անվանումը ոչ միայն հայերն են գործածում, այլեւ այդ տարածքում բնակվող մեքսիկացիները, չինացիները, եւ այլք:

Իսկ Գլենդեյլը գրեթե հայկական քաղաք է համարվում… Այստեղ նույնիսկ խանութներում, ռեստորաններում, բենզալցակայաններում եւ սպասարկման այլ վայրերում տարբեր ազգեր ներկայացնող աշխատակիցները, անգամ սեւականները հաճախ հայերեն են պատասխանում ու սպասարկում:

ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:   Continue reading

Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները կնշեն ավանդական Զատիկը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրեցին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Հայ արիներն այս տարի ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 15-ին՝ երկու միջոցառումներով:

Առաջին միջոցառումը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կանցկացնեն Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում՝ ճիշտ արեւածագին:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Աստվածամորն ուղղված ծես կանեն եւ կփառաբանեն Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը, զատում է բնության գույները:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականներն առանձնակի շուքով են նշում այս տոնը. զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ծիսական արարողությունից հետո ձվախաղ կկազմակերպեն, որը կավարտվի ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Ապրիլի 15-ի օրվա երկրորդ կեսին կսկսվի երկրորդ միջոցառումը:   Continue reading

Հայկական խոհանոց – Կաթնահունց («Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության»)… Մոսկվայում «KBN»-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը… Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կաթնահունց

Բաղադրությունը – Շաքարավազ – 100 գ, ալյուր – 800 գ, ձու – 3 հատ, կարագ – 100գ, կաթ – 0.5 լիտր, չամիչ՝ ըստ ցանկության, խմորիչ – 1 թեյի գդալ, աղ, դարչին, վանիլ:

Պատրաստման եղանակը – Շաքարավազն ու ձուն լավ հարել, ավելացնել փափկեցրած կարագը:

Գոլ կաթի մեջ խմորիչը լցնել, ավելացնել աղը, դարչինը, վանիլը, խառնել եւ դա էլ ավելացնել նախորդ՝ շաքարավազային զանգվածին:

Այս ամենը անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, թողնել 15-20 րոպե: Եթե խմորը փափուկ է, դարձյալ ալյուր ավելացնել, այնքան՝ մինչեւ ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

Թողնել հասունանա:

Նորից հունցել, հետո խմորը բաժանել 5 հավասար գնդերի: Ցանկության պարագայում ավելացնել չամիչ: Գնդերին տալ կլորավուն տեսք, ծածկել սրբիչով, թողնել 20-30 րոպե: Այնուհետեւ երեսներին ձու քսել եւ դնել ջեռոցը՝ 15-20 րոպե 2000-ի տակ:

Մոսկվայում «KBN»-ի հաղթող է ճանաչվել Արցախի «Հարսանիք լեռներում» թիմը

Արցախի ՈՒՀԱ -ի «Հարսանիք լեռներում» (,,Սվադբա վ գարախ,,) թիմն ապրիլի սկզբին հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի եւ Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում՝ դուրս գալով հաջորդ փուլ:

«Արցախպրես»-ը գրում է, որ արցախյան թիմը, ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից թիմ, այլ փաստորեն՝ նաեւ լավագույն թիմ:

Հիշեցնենք՝ «Հարսանիք լեռներում» կոչվում էր Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը:

Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ աշխարհում 84-րդն է

Զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցուցանիշով Հայաստանն աշխարհում 136 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Այս մասին նշված է «Զբոսաշրջության եւ ճամփորդությունների մրցունակության զեկույց 2017»-ում, որը պատրաստվել եւ հրապարակվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք… Հենրիխը՝ ակումբի ամենաբարձր վարձատրվողների հնգյակում… Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 18 տեղով… Գեղարդ Մուսասիի աղմկահարույց հայտարարությունը՝ փայլուն նոկաուտից հետո… Այլ մարզական լուրեր…

Եվրոպայում 11 մեդալ նվաճեցինք

105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա երկամարտի 414 կգ արդյունքով (պոկում՝ 184 կգ, հրում՝ 230 կգ) գերազանցել է իր բոլոր մրցակիցներին:

Ծանրամարտի հավաքականի մյուս անդամներ, +105 կգ քաշայիններ Գոռ Մինասյանը (անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան) երկամարտի 446 կգ արդյունքով (պոկում՝ 211 կգ, հրում՝ 235 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը (անձնական մարզիչ՝ Գառնիկ Ալեքսանյան) երկամարտի 434 կգ արդյունքով (պոկում՝ 190 կգ, հրում՝ 244 կգ)՝ բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Գոռ Մինասյանը փոքր արծաթ է նվաճել նաեւ պոկում վարժությունում  (211 կգ), իսկ Ռուբեն Ալեքսանյանը փոքր բրոնզ՝ հրում վարժությունում (244 կգ):

Կանանց պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Հռիփսիմե Խուրշուդյան) երկամարտի 227 կգ արդյունքով եւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Սեդրակյան)՝ երկամարտի 230 կգ արդյունքով: Ավելացնենք, որ Սոնա Պողոսյանը փոքր արծաթ է նվաճել նաեւ հրում վարժությունում (126 կգ), իսկ Տաթեւ Հակոբյանը՝ փոքր բրոնզ պոկում վարժությունում (105 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն առաջին անգամ մասնակցել է նաեւ 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Եղոյան), ում գրաված 7-րդ տեղը մասնագետները բարձր են գնահատում:

Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթողը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 75 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Էստոնիայում մասնակցել է օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարին, որը մտնում է UWW-ի տարեկան օրացուցային պլանի մեջ: Օլիմպիական արծաթե մեդալակիրն անցկացրել է 3 գոտեմարտ, բոլորն էլ միեւնույն՝ 8:0 հաշվով ավարտել է ժամանակից շուտ եւ նվաճել հուշամրցաշարի հաղթողի կոչումը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ հուշամրցաշարն անցկացվում էր ըմբշամարտի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտնելու 2018թ. հունվարի 1-ից:

3 ոսկե մեդալ` Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Դավիդ Կվաչաձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակները նվաճել են 7 մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ մտած մեր 5 ներկայացուցիչներից երեքը հաղթանակ են տարել եւ արժանացել են ոսկե մեդալների: Նրանք են 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը:

Գասպար Բաբախանյանն (49 կգ) ու Հենրիկ Սարգսյանը (91 կգ) եզրափակիչ մրցամարտում անհաջողության մատնվեցին եւ բավարարվեցին արծաթե պարգեւներով, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը դարձան մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Նշենք, որ Թբիլիսիում մեր թիմը հանդես եկել 8 բռնցքամարտիկով:   Continue reading

Ինչքան գունեղ, այնքան բերքառատ – Հայ արիականները կնշեն ավանդական Զատիկը…  ՀԱՄ առաջնորդն այցելել է հայ արիների 15 նոր ընտանիքների օջախներ…

Հայ արիներն այս տարի ավանդական զատիկը նշեցին ապրիլի 15-ին՝ երկու միջոցառումներով:

Առաջին միջոցառումը Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները անցկացրեցին Մեծամորի  (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) տարածքում՝ ճիշտ արեւածագին:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Աստվածամորն ուղղված ծես արեցին եւ փառաբանեցին Մայր Անահիտին, Ով իր Աստվածային գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը, զատում է բնության գույները: Հայ արիներն ու համախբված հեթանոս ազգայնականներն առանձնակի շուքով են նշում այս տոնը. զատկական ձվերն ինչքան գունեղ՝ այնքան բերքն առատ կլինի, կաթնահունցն ինչքան համեղ, տարին այդքան ուրախ  կլինի, քաղցրանուշն ինչքան շատ, տարին այդքան լիառատ կանցնի…

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ծիսական արարողությունից հետո ձվախաղ կազմակերպեցին, որն ավարտվեց ազգային երգ ու պարով, գինեձոներով, ծիսական փառաբանումներով՝ վասն եւ ի փառս Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի: Վասն ազգի բարգավաճման եւ ծաղկունքի:

Ապրիլի 15-ի օրվա երկրորդ կեսին կսկսվի երկրորդ միջոցառումը:   Continue reading

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 13-ի (446) հոդվածները 

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Իսկ թշնամին փոփոխությունը նկատեց – Մասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում… Իսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը վստահ է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթել են չզիջող ուժերը եւ մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը…

2. Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են – ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը… Ռուսաստանը եւս հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին – կան եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուևտքի կողմնակիցներ…

3. Նոր պետհամակարգով նոր աշխարհակարգի շեմին – Խորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների՝ աշխարհի վերաբաժանման հորձանուտում… Ընտրությունների արդյունքներն ինչպես որ կա…

4. Եկե՞լ են գործելու ժամանակները – Վարչապետը խոստանում է նոր Հայաստան… Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն» – չկար միասնության տանող որեւէ գաղափար… Քաղաքական դաշտի, առավել եւս ազգային-ազգայնական հատվածի ներկայությունն ապահովված չէր…

5. «Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն են – Շառլ Ազնավուրի հայտարարությունը մոտ է իրականությանը… Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են, եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»…

6. «Մենք հաշվետու ենք».- Սոցիալական ապահովություն… Հատուկ հոգածության խմբեր… Սոցիալական ծրագրերը՝ 2013-2016թթ…  Զբոսաշրջություն… Երեւանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր… Քաղաքապետը հանձնարարել է բարձրացնել ներդրումային փաթեթների մասին տեղեկացվածության մակարդակը… Այցեր՝ սահմանամերձ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր…

7. Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք Արցախ… Լեւոն Տեր-Պետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները… Բավարար միջոցների հավաքագրման դեպքում մինչեւ 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը…

8. Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջ – Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական նիստը… Պայթյունը խաթարել էր ոչ միայն Սանկտ Պետերբուրգի. այլեւ Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատանքը… Սիրիայում քիմիական հարձակման հետեւանքով մոտ 100 զոհ է եղել… Կորեական խնդիրը կրկին թեժացել է…

9. Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից  (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ)… Խանն անցնում է բացահայտ ահաբեկչության – սպառնում են պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոռանալով, որ մինչ այդ Մինգեչաուրի ջրերը կհասնեն Բաքու՝ կմիանան Կասպից ծովին…

10. Եթե հաջողենք կամուրջ գցել – Հայաստանաը կարող է կապել այդ երկու շուկաները՝ խորացնելով գործընկերությունը ԵՄ-ԵԱՏՄ-ի երկրների հետ… Լավ կլիներ, որ Հայաստանը կարողանար խոսքերն ամրապնդել քաղաքականապես, զուտ տնտեսություն աշխարհում չկա, այն սերտորեն միաձուլված է քաղաքականությանը…

11. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիս – Կամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

12. Արիական Հայաստան.- Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayaryorg… Կարդացե՛ք հայ ազգայնական մամուլ` հայ արիների ինքնատիպ կայքում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայոց ազգային արժեքների ու նպատակների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Իսկ թշնամին փոփոխությունը նկատեց – Մասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում… Իսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը վստահ է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը հաղթել են չզիջող ուժերը եւ մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը…

Դեռ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ընթացքում «Լուսանցք»-ը միացել էր այն տեսակետին, որ Հայաստանին այսօր առավել օգտակար կլիներ երկրի կիսանախագահական համակարգից անցնել ամբողջական նախագահականի, քան՝ խորհրդարանականի: Բայց Հայաստանն այլեւս խորհրդարանական պետություն է, որի գլխավոր դեմքը այսուհետ երկրի վարչապետն է:

Մեր պարբերականի աշխատակազմը ամբողջությամբ համամիտ էր եւ, ըստ այդմ, պաշտպանում էր հայ արիականների ու համախմբված հեթանոս ազգայնականների՝ նախագահական համակարգի անցնելու տեսակետը, քանի որ մեր երկրի քաղաքական դաշտը, ինչքան էլ հակառակը պնդեն, դեռ ամբողջապես կայացած չէ, ինչը ցայսօր նպաստում է, որ իշխանամետ կամ ընդդիմադիր ուժերի զգալի մասը հայտնվեն հենց գործող իշխանությունների ազդեցության տակ: Սա նրանց ապրելու, իրենց գոյությունը որպես քաղաքական կազմակերպություն քարշ տալու իրավունքն է, բայց այն միաժամանակ հակաիրավունք է՝ ժողովրդի ու երկրի ապագայի նկատմամբ… Եթե իշխանամետ կառույցն է սնվում իշխանությունից՝ նրան գովաբանելու համար, դեռ կարելի է ինչ-որ կերպ հասկանալ, բայց երբ ընդդիմադիր ուժն է այդպես գոյատեւում, միտքս այլ բառեր է փնտրում:

Հայաստանը պետք է դառնա կենտրոնաձիգ եւ ուղղահայաց հզոր կառավարման համակարգով երկիր, քանի որ բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով (Թուրքիա եւ Ադրբեջան) կամ կիսաթշնամական երկրներով (Վրաստան եւ Իրան (պատմական անցյալից մնացած), որոնք մեր թշնամիների հետ մերթ ընդ մերթ եղբայրության հայտարարություններ են անում ցայսօր), իսկ տարածաշրջանը լեցուն է ամենատարբեր հակահայկական ու ահաբեկչական կազմավորումներով: Կիսանախագահական երկրում անգամ մեր կուսակցությունների (էլ չասենք՝ հասարակական կազմակերպությունների) զգալի մասը իր ծառայություններ էր առաջարկում այս կամ այն երկրին, եթե չասենք՝ թշնամական երկրին, ինչն առավել դյուրին է դառնալու խոոհրդարանական համակարգի ժամանակ:

Սրան նպաստելու է նաեւ կուսակցությունների խոշորացմանը տանող դրսից թելադրված քաղաքականությունը, որպեսզի իրապես պետականամետ (ավելի պարզ՝ հայրենակենտրոն ու ազգամետ) ուժերը, անգամ եթե ընդդիմադիր են, միաձուլվեն եւ խառնվեն ընդհանուր միջազգային (իմա՝ ապազգային) գաղափարակիր զանգվածին:   Continue reading

Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են – ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը… Ռուսաստանը եւս հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին – կան եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուևտքի կողմնակիցներ…

ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը նույնպես անդրադարձել է Հայաստանում կայացած ընտրություններին: Ըստ նրա՝ «ընտրությունների արդյունքները հույս են ներշնչում, որ Հայաստանի կայունությունը վտանգի տակ չէ»: Նա կարեւոր է համարել, որ բացառվում է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը. «Այդ առումով պետք է շնորհավորել ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ հիմա ավելի շատ ժամանակ կունենան ներքին գործերով զբաղվելու»:

Հետընտրական սրացումներ եւս քաղաքագետը չի կանխատեսում, չնայած հիշեցնում է, որ նախընտրական փուլում եղան ուժեր, որոնք հանդես եկան նման հայտարարություններով, սակայն «ընդդիմությունը, մասնավորաբար, խորհրդարան մտած ուժերը, շահագրգռված չեն, որ երկրում լինեն հետընտրական սրացումներ, ինչը կարեւոր է, քանի որ Հայաստանը, ինչպես նաեւ այլ ԱՊՀ երկրներն այնպիսի վիճակում չեն, որ իրենց թույլ տան գնալ նման ճգնաժամային իրավիճակների առաջացման ու երկրի կայունության խաթարման»: Ռուս դիվանագետը նշել է, որ այս ընտրություններով Հայաստանում ազդարարվեց խորհրդարանական համակարգի անցման սկիզբը, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է. «Այժմ իշխանությունն ու իր կողմնակիցները, ինչպեսեւ նրա հակառակորդները պատրաստվելու են հաջորդ փուլին, որը կսկսվի 2018-ին, երբ նախագահական լիազորությունները վայր կդնի Սերժ Սարգսյանը»: Մեր օրենսդրությանը քաջատեղյակ քաղաքագետը ասել է, որ նախ խորհրդարանը պիտի ընտրի նոր նախագահ ու նոր կառավարություն ձեւավորի, ինչին էլ ավելի լավ կպատրաստվեն բոլորը՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը…    Continue reading

Նոր պետհամակարգով նոր աշխարհակարգի շեմին – Խորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների՝ աշխարհի վերաբաժանման հորձանուտում… Ընտրությունների արդյունքներն ինչպես որ կա…

Մինչ ընտրություններին մասնակցելը քաղաքական շատ ուժերի ներակայացուցիչներ այցելեցին Եռաբլուր, քանզի ապրիլի 2-ին լրացավ քառօրյա պատերազմի մեկ տարին, երբ հայ զինվորը եւս մեկ անգամ հավաստեց, որ պատրաստ կանգնած է երկրի սահմանների պաշտպանության գործում եւ դրասնով իր նպաստն է բերում երկրի խաղաղ գոյության եւ զարգացման համար:

Նախընտրական շրջանում անգամ հարց ծագեց, ընտրությունները տեղափոխել ապրիլի 2-ից հետո, որպեսզի այն նշվի հիշատակի օր, սակայն, քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքով, հենց այդ օրը պիտի կայանար խորհրդարանական ընտրությունը, որը թույլ կտար հիշատակի օրվա նշումի հետ միասին հիշել նաեւ, որ հայ զինվորներն ամեն ինչ արեցին, որպեսզի երկրի ներքին քաղաքական կայունությունը չխաթարվի: Իսկ այս խորհրդարանական ընտրություններն առանձնակի նշանակություն ունեցան, քանի որ Հայաստանը կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական համակարգի:

Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԱԺ ընտրությունների քվեարկությունից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ եւս այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցեց հակառակորդի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների եւ Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին:

Հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին եւ իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն եւ հավերժ կփառաբանեն Ադամի ու հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: Պաշտոնական այցելություններ են եղել նաեւ ապրիլյան մյուս հերոսների ընտանիքներ:

Այնուհետեւ, ՀՀ նախագահը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, ՀՀ նախագահն ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, եւ այդ սահմանները լինեն անձեռնմխելի»: Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է Նախագահը գնահատում քարոզարշավը եւ կուսակցության շանսերը, Սերժ Սարգսյանը նշել է՝ այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է:   Continue reading

Եկե՞լ են գործելու ժամանակները – Վարչապետը խոստանում է նոր Հայաստան… Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն» – չկար միասնության տանող որեւէ գաղափար… Քաղաքական դաշտի, առավել եւս ազգային-ազգայնական հատվածի ներկայությունն ապահովված չէր…

ՀՀԿ-ն այս անգամ էլ կարողացավ առաջ անցնել եւ նախընտրական պայքարի ելած եւս 8 այլ ուժերից առավելագույն ձայները հավաքեց: Առաջիկա 5 տարում ՀՀԿ-ն կկազմի խորհրդարանական Հայաստանի առաջին կառավարությունը, եթե կտրուկ փոփոխություններ չկատարվեն Հայաստանի քաղաքական դաշտում կամ մեր հանրային կյանքում…

ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Կարեւորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որեւէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրապայքարից: Դա եւս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով»:

Իհարկե, որպես նոր պետական համակարգի անցած երկրի, այս ընտրությունները կարեւոր են, առավել կարեւոր էր ազատ եւ թափանցիկ անցկացման ընթացքը, ինչը եւս բավարար գնահատվեց միջազգային տարբեր դիտորդական խմբերի կողմից:

Բայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայում:   Continue reading