Կայուն անկայունության հեռանկարները
Երկրների եւ ազգերի ներքին ու արտաքին քաղաքական առանցքները մշտապես հատվում են եւ դառնում փոխազդող պայմաններ: Սա հանրահայտ է: Այդ հատումները առաջացնում են կա՛մ դրական, կա՛մ բացասական հետեւանքներ: Իհարկե, երբեմն նաեւ հնարավոր է լինում խուսափել հետեւանքներից՝ պահպանելով գոնե առկա վիճակը: Սա կարեւոր է լինում, երբ ներքին ու արտաքին քաղաքական հատումների ազդեցությունը թեքվում է դեպի վտանգավոր բացասականը:
Այժմ տարածաշրջանային հին ու նոր խնդիրներին ավելացել է Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում առկա հակամարտությունը, եւ Հայաստանը հայտնվել է Եվրամիության ու Եվրասիամիության հեռագնա նպատակների չկարգավորված խաչմերուկում:
Նման դեպքերում, երբ գերշահերի ակնհայտ բախում կա տարածաշրջանում, աշխարհաքաղաքական վերաձեւումների հնարավորություն է առաջ գալիս: Ինչն էլ ոչ միայն անհանգստացնում է երկրների ներքաղաքկան կյանքը, այլեւ առաջ է բերում վերոնշյալ դրական ու բացասական հետեւանքների շղթան:
Ուկրաինական այսօրվա իրադարձությունները, իշխանական եւ ընդդիմադիր ուժերի զինված բախումները, որը զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ, հիշեցնում է հայաստանյան 2008-ի մարտիմեկյան հեռակառավարվող դեպքերը: Բայց եթե Ուկրաինան միայն եվրոպական ու եվրասիական նպատակների կռիվների մեջ է հայտնվել, ապա Հայաստանը բացի այդ հակասությունների մեջ հայտնվելուց, ունի Արցախի չկարգավորված հարցը եւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հակասությունները, անգամ հայ-վրացական որոշակի խնդիրներ, ինչը առավել զգոնության պետք է մղի հայաստանահայությանն ու սփյուռքահայությանը: Նորօրյա մարտի 1-ը կարող է արդեն ներքին ու արտաքին քաղաքական առանցքների հատումը տանել բացասական ուղղությամբ՝ դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:
Թվում է՝ Հարավային Կովկաս ասված տարածքում գերտերություններին պետք է կայունություն, բայց ինչպես վերլուծաբաններն են հաճախ ասում, իրենց շահերի համար այդ գերտերություններին հիմնականում պետք է կայուն անկայունություն:
Նման մի իրավիճակում, հայերիս համար ցավոտ մի ժամանակահատվածում, որոշվեց Արցախն ու Նախիջեւանը հանձնել Ադրբեջանին, իսկ Ջավախքը՝ Վրաստանին, որպեսզի կայուն անկայունությամբ վերաբաժանեն տարածաշրջանը: Արցախը եւ Նախիջեւանը հանձնվեցին, որպեսզի արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան էլ դառնար խորհրդային ու արեւմուտքում քարոզեր սոցիալիզմ-կոմունիզմ: Ջավախքի հանձնումն էլ Վրաստանին գոհացնելու խնդիր ուներ, որպեսզի սա էլ դառնար խորհրդային:



