Իրանական դիցանուններ կրող աստուածներից առաջ հայերն ունեցել են դիցաբանութեան հին համակարգ, արգասիքը հայոց ինքնատիպ մշակոյթի…
Մովսէս Խորենացի
Աստուածների քաղաք Աշտիշատի Վահէ-Վահեան մեհեանում Աստղիկի ու Վահագնի հարսանեկան հանդէսի խրախճանքը պատարագելուց յետոյ՝ Վահունի Քրմապետը ելել էր մեհեանի մայր դռան շքամուտք. այսպէս էր խօսել՝
– Արքաներ, թագաւորներ, իշխաններ, աշխարհական մարդիկ՝ վե՛ր կացէք, գնանք Աստղիկ դիցուհուն նուիրուած վարդերի տօն՝ Վարդավառ տօնախմբենք Արածանի սրբազան գետի ափերին, նրա ջրերի հրավառութիւն լինի այսօր: Կարմիր վարդերի փունջեր վեր պահած, վարդերի թերթիկներից հիւսած կարմիր հանդերձով Աստղիկին ու ռազմի հանդերձով Վահագնին տանենք Արածանիի ափեր:
Վարդավառը արմինների Աստղիկ դիցուհու փառաբանմանը նուիրուած տօնախմբութեան հանդէսն էր: Վարդավառեան տօները տօնախմբել էին սարերի լանջերի հազար գոյներով յորդած ալուան ծաղկունքում, իրենց մայր հողի սրտից պայթած ջրերի ակունքների մօտ, գետակների եւ մասնաւորապէս Արածանի սրբազան գետի ջրերի ափերին: Տօնախմբութիւնների ժամանակ նաեւ ջրերը հովանաւորող մարդ աստուածների փառաբանմանը կատարուել էին զոհաբերութիւններ, ի մասնաւորի ջուրը խորհրդանշող դիցուհի՝ Նար Ծովինարի պատուին:
Վարդավառը, բերքահաւաքի առաջին տօներից էր, որի առիթով կատարուած մեհենական ծէսերը նուիրուել էին բերք ու բարիք պարգեւող արմինների աստուածներին: Վարդավառին մեհեաններին նուիրաբերել էին ցորեանի հասկերի խուրձեր, կթոցներով մրգեր, խնդրել` արտերն ու այգիները զերծ մնան բնութեան արհաւիրքներից: Վարդավառեան տօներին աղաւնիներ էին թռցրել դէպի երկնի կապոյտ, ջրախաղեր կազմակերպել, զուարճալի ու խրախճալի խնճոյքներ տօնախմբել: Արմինայի Արքաների-Արքայ Տիգրանի զօրականների հետ Մուսաների պաշտամունքի լեռան լանջեր հասած արմինները, հազար-հազար տարիներ յետոյ էլ իրենց հոգիների տաճարներում վառ էին պահել Նար Ծովինարին նուիրուած ջրի պաշտամունքը: Երաշտի ժամանակ, Մուսաների Լեռան բարձր լանջի շէնի մի դուստր, մի բուռ հող ափին, անխօս քայլել էր դէպի մօտակայ ծովի ափ, կանգնել էր նրա փոթորկած ալիքների առաջ, հողը նետել նրա փրփուրներին, կանչել՝ Նար Ծովինար, լսի՛ր աղաչանքը Արմին դուստրի, այս լեռան լանջերի արտերի ու այգիների բերքն է նուաղում, ջուր են աղերսում, որ հասունանան: Նար Ծովինար, ամպերը գրկած արի մեր շէներ, որ անձրեւ տեղար մեր հողին, աստուածների բարիք լինէր այնտեղ: Արմին դուստրի շէն վերադառնալուց կարճ ժամանակ անց իրապէս անձեւ էր տեղացել: Վկայ եմ ես, մանչ ատեն տեսել եմ Մուսա Լեռան մայր գիւղ Եօղունօլուգի ճանապարհով դէպի ծով քայլող Արմին դուստրին, այդ անձրեւի ջրերից թրջուել է մարմինս, հրճուանքից թրջուել է մանուկ հոգիս: Առնականացած այդ մանչն է, որ հայրենակարօտ, հայրենազրկուած արմինների հետ հասել Աշտիշատ, մասնակցել Աստղիկի ու Վահագնի հարսանեաց հանդէսի պատարագին, համախումբ շինականների հետ գնացել Արածանիի ափեր՝ Աստղիկ դիցուհուն նուիրուած Նար Ծովինար դիցուհու ջրերի Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու:
Արածանի սրբազան գետի ափերին ալիք-ալիք երերում էին շինականների ցորեանի ու պտղատու այգիները: Նրանց ու Արածանի գետին մօտիկ անմշակ հարթ տարածութիւն էր, այնտեղ բացուած արքայական ու իշխանական վրաններից սպիտակ ծուխ էր բարձրանում: Երգերի, ծիրանափողերի հնչիւնների, մարդկանց խանդավառ կանչերի բացականչութիւններից Արածանիի ջրերն էին վէտվիտում, նրա ափին կանգնած մարդիկ դիտում ալիքների սահանքը, սպիտակած ջրերի քրքիջները, նրանց երեսներին պար եկող աստղազարդ ձկների խայտանքը: Վարդավառի տօնախմբութեանը եկած մարդկանց հաւաքատեղիի երկնակամարին՝ ամպերի մի մեծ զանգուած հանդարտ իջնում էր ներքեւ: Երբ նա արդէն իրենց հաւաքատեղիի վրայ էր հասել, տեսել էին` ամպերը իր թեւերի վրայ պահած Նար Ծովինար դիցուհին էր:
Աստղիկն ու Վահագնը վազել են նրան ընդառաջ, Նար Ծովինարը թափահարել էր ձեռքերը… անձրեւ էր տեղացել, թրջուել էին տօնախմբութեան ժամանածները: Վարդավառի անձրեւի ջրերով թրջուած մարդիկ գրկել էին իրար, գոհաբանութեան խօսքեր ասել Նար Ծովինարին: Թրջուած Աստղիկն ու Վահագնը նաեւ գրկել էին իրար, իրենց մարմիններից հոսած ջրերով իրարու երեսները ցօղել, Աստղիկի վարդերի թերթիկներից հոսած քաղցրիկ ջուր էին ըմպել: Աստղիկն էր վազել, գրկել Նար Ծովինարին.
– Քոյր Ծովինար, ինչքան զգայացունց հրճուանք ես պատճառել ինձ, որ Արածանի սրբազան գետի ափեր ես եկել՝ իմ եւ քու հովանաւորած ջրերի տօնակատարութեանը եւ իմ պատուին արմինների կազմակերպած Վարդավառի տօնախմբութեանը մասնակցելու: Վահունի քրմապետը եւ արմինների կարաւանի հետ երկիր եկած Արմինը, մարդկանց հաւաքատեղիի բացատ են գալիս:
Կարաւանի Արմինն է այսպէս խօսում. Continue reading →