ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները, հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ «նախագահները վերահաստատեցին 2013թ. նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը՝ կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու եւ առաջ շարժվելու ուղին քննարկելու համար»: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների՝ ավելի քան 1,5 տարիների բացակայությունը հաստատ սառեցրել է որոշ պայմանավորվածություններ, ինչը նախ եւ առաջ փորձելու են վերսկսել համանախագահները: Համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու կողմերին ուղղված կոչի համապատկերին, նոր կողմնակալ դիրքորոշում է արտահայտել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն:
Նա խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը մեկն է՝ «Հայաստանը պետք է հետ քաշվի Ղարաբաղից, իրենք այդ հարցում սպասում են առաջխաղացման: Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի եւ՛ հայ-թուրքական սահմանը, եւ՛ երկաթգիծը»:
Անկարան հասկանում է, որ Բաքուն պարտադրված գնում է նոր բանակցության, եւ համանախագահների կոչն էլ վերաբերում է բուն հակամարտության կողմերին՝ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին, ինչը նորից հեռացնում է Թուրքիային հարցին միջամտելու հնարավորությունից:
Ժամանակ առ ժամանակ խաղաղ գործընթացը վնասող հայտարարություններով հանդես գալով՝ Անկարան փորձում է նաեւ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների վերսկսման դեպքում, հատկապես սահմանների բացման հարցը հակադրել Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներին:



