Թուրքիան դեռ իրապես չի պատկերացնում վերահաս վտանգը
Համաշխարհային մամուլը շարունակում է քննարկել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, նաեւ հաջորդող քայլերը, որը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել: Ահաբեկությունը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանային Սուրուչ քաղաքում, որի ակումբերից մեկում հավաքվել էին երիտասարդ քուրդ ակտիվիստները, ովքեր պատրաստվում էին հատել սահմանը եւ այցելել քրդական Կոբանի քաղաք: Վերջերս քրդերն այդ քաղաքը հետ են վերցրել Իսլամական պետությունից: Թուրքիայի քրդերը բազմահազարանոց բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում եւ ցուցարարներն ու քրդամետ կուսակցությունները Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել են Իսլամական պետությանն աջակցելու մեջ, որը Սիրիայում ու Իրաքում գրավել է քրդերի բնակավայր համարվող հողերի մի մասը:
Թուրքիայում քրդերը կրկին ոտքի են կանգնում, քանի որ ակնհայտ է, որ նախագահ Էրդողանը չի ցանկանում կատարել իր խոստումն Աբդուլա Օջալանին ազատելու եւ քրդերին վարչաիրավական կարգավիճակով օժտելու մասին: Քրդերը զգալի ներկայություն են ապահովել նոր խորհրդարանում, սակայն չեն համաձայնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կոալիցիա մտնել: Նշենք, որ Սիրիայում եւ Իրաքում քրդերն Իսլամական պետության դեմ գլխավոր հարվածային ուժն են եւ կարողացել են որոշակի տարածքներ հետ խլել:
Սակայն նկատելի է, որ պատերազմը աստիճանաբար անցնում է Թուրքիայի տարածք:
Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր ահաբեկչության հեղինակ ԻՊ-ի առաջնորդները զարմացել են, որ Թուրքիայում ոչ թե տխրել են տեղի ունեցած կոտորածի համար, այլ՝ ուրախացել: Իրեն Մուզաֆ էլ Հուսրանի կոչող իսլամիստը հեռուստաեթերով ասել է, թե իրենք դաս էին քաղել ընտրություններից առաջ Դիարբեքիրում արած ահաբեկչությունից, քանի որ այնտեղ մահացածները միայն քրդերն էին, ինչն ուրախացրել էր թուրքերին: «Սակայն այս անգամ մենք ընտրեցինք Թուրքիայի տարբեր կողմերից Ուրֆայի Սուրուչի շրջան եկած քաղաքացիներին, որ երկրում մեծ արձագանք գտնի ու դրանից թուրքերը դաս քաղեն: Բայց մեզ ահավոր զարմացրեց քաղաքացիների արձագանքը, որոնք ոչ միայն չտխրեցին, այլ շնորհակալություն հայտնեցին կոտորածի համար: Մենք գիտեինք, որ Թուրքիայում ունենք 2 մլն երկրպագու, բայց որ դրանց թիվը կարող էր հասնել 10 մլն-ի, չէինք սպասում»,- ասել է ահաբեկիչը:
«Միայն #suructasenlikvar հեշթեգի տակ 100 հազար «կենդանի» հաշվեցինք: Մեզ համար էլ անակնկալ էր, որ Թուրքիայում այդքան շատ «անասուն» կա: Լավ, մենք այդքան չենք ուրախացել այդ կոտորածից, թուրքերն ինչու են այդքան ուրախացել»,- ասել էր Մուզաֆ էլ Հուսրանին: Նշենք, որ Թուրքիայի տարբեր վայրերից ահաբեկչության դեմ պայքարող հեղափոխական հայացքներով մի խումբ երիտասարդներ Քոբանիի երեխաներին խաղալիքներ ու հագուստներ էին ցանկանում տանել, սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել անցնել սահմանը, որից հետո նրանք Սուրուչի շրջանում մամուլի ասուլիս են հրավիրում: Հենց ասուլիսի ժամանակ մահապարտ ահաբեկիչը մտնում է նրանց մեջ եւ պայթեցնում իրեն՝ կոտորելով 32 երիտասարդի:
Թուրքիայի իշխանությունները հակասական դիրքորոշումներ են հայտնում ցամաքային զորքերը Սիրիայի տարածք մտցնելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե կառավարությունը չի բացառում Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ սկսելու հնարավորությունը: Բայց հետո ասել է, որ այդ մասին իրենք դեռ չեն մտածում: Չի բացառվում, որ Անկարայի տրամադրություններին ազդել են Վաշինգտոնն ու Մոսկվան, ինչ-որ առումով՝ նաեւ Թեհրանը, որ հայտարարեց, թե չի հանդուրժի նման ներխուժումը: Թուրքիայի նախագահը Սիրիայի հարցի վերաբերյալ լարված հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Իսկ դրանից առաջ նա հեռախոսազրույց էր ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի հետ, որից հետո, ըստ էության, հաստատվեց Իսլամական պետության դեմ միջազգային կոալիցիային Թուրքիայի միանալու շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը: Ըստ այդմ՝ Թուրքիան պարտավորվում է ԱՄՆ-ի ու կոալիցիայի ուժերին հնարավորություն տալ օգտվելու Ինջիրլիքի, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ Բաթմանի, Դիարբեքիրի ու Մալաթիայի ավիառազմաբազաներից: Իր հերթին, Թուրքիան հնարավորություն է ստանում օդային հարվածներ հասցնելու իսլամիստների դիրքերին: Continue reading →