ԵԽԽՎ-ն հերթական անգամ քննարկեց հակահայկական բանաձեւեր, որոնք ինչպես արդեն Եվրոպայում են բացահայտ խոսում, ադրբեջանական խավիարային քաղաքականության (այսպես կոչված՝ օրինական կաշառքի) հետեւանք են, ինչը մեկ անգամ էլ հիմնավորեց, որ եվրակաշառակերների պակաս չի զգացվում հին աշխարհամասում: Բայց կա նաեւ եվրոպացիների մի հատված էլ, որ ամենեւին չեն պաշտպանում այս գործելաոճը ԵԽԽՎ-ում՝ համարելով, որ դա վարկաբեկում է եվրաարժեքները:
Սրանք անգամ ողջունել են, որ հակահայկական բանաձեւերից մեկը հաջողվեց հանել օրակարգից: Դա իսկապես հաղթանակ էր այդ եվրոպական հատվածի համար, ինչը չի թաքցրել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը: «ԵԽԽՎ-ում, ցավոք, գիտենք՝ ինչ իրավիճակ է ստեղծված: Հայկական կողմը եւս կոշտ դիրքորոշում ուներ: Բայց ցավոք, չհաջողվեց բանաձեւերից մեկը հանել օրակարգից: Կարծում եմ, մեծ առաջընթաց էր, որ մյուս բանաձեւը չընդունվեց»,- նշել է նա: Դեսպանի խոսքով, ԵԽԽՎ-ն շահարկում է այն սկզբունքներով, որոնք նաեւ ԵԱՀԿ որդեգրած սկզբունքներն են ու «որդեգրել է մի գիծ, որով փորձում է անտեսել ԵԱՀԿ սկզբունքները»: Մինչդեռ, դիվանագետի խոսքով, ԵԱՀԿ-ն հստակ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում»:
Ինչու չհաջողվեց տապալել նաեւ ԵԽԽՎ մյուս զեկույցը: Հիշեցնենք, որ ասպարեզում «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպեսեւ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումներով բանաձեւերն էին: ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, որին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Իսկ ահա մյուս զեկույցը, որ ներկայացրել էր Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչը, հաստատվեց քվեարկությամբ:
Կարծիք կա, որ արտաքին ճնշումները մեծ էին եւ ԵԽԽՎ-ն «հավասարակշռված քաղաքականություն տարավ»՝ մերժելով ԼՂՀ-ի մասին բրիտանացի պատգամավորի զեկույցը՝ ընդունելով Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատգամավորի զեկույցը: Դրանք իրենց կարեւորությամբ տարբեր «քաշերի» բանաձեւեր էին եւ շատ տարբեր խնդիրներ են արծարծում: Իհարկե, Բաքվի համար կարեւոր էր մերժված բանաձեւը, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան գոհ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքից: ԵԽԽՎ-ին ուղղված հայտարարությունը իրապես մեծ ազդեցություն ունեցավ քվեարկության ժամանակ: Continue reading







