Ուշացնում ենք՝ թշնամուն օգնելով – թյուրքական ծավալապաշտության դեմ պետք է բացահայտ գործի մեկ երկիր գոնե, որ գործը դառնա միջազգային հակախաղ…

Տարածաշրջանային խնդիրները փողկապակցված են ռազմական, քաղաքական ու տնտեսական առումներով, ինչը ստիպում է, որ երկրի իշխանությունները յուրաքանչյուր «բարձր հանդիպում» օգտագործեն հայկական շահերի համապարփակ քննարկման համար: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, որտեղ էլ քննարկեցին Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: ՀՀ նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի ու նրա կառույցների գործունեությանը:

Ինչպես ՄԱԿ-ը, այնպես էլ Եվրոպական կամակերպությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ զուգահեռ կարեւորում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումը: Բայց Երեւանը վաղուց ապացուցել է, որ երկու դեպքում էլ խոչընդոտող կողմը թուրքական է. Բաքուն չի հրաժարվում իր ռազմատենչ հայտարարություններից ու սահմանամերձ գոտիներում իրականացվող սադրանքներից, իսկ Անկարան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը նախապայմանների խաղի է վերածել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է բանակցել Արցախի անկախության խնդրի շուրջ՝ հայտարարելով, որ Արցախը չի կարող անկախ լինել, առավել եւս վերամիավորվել Հայաստանին եւ պիտի լինի բացառապես ադրբեջանական տարածք: Սա չի կարող Արցախի եւ արցախահայերի խնդրի լուծման հիմք լինել, ուստի Բաքուն իր մեծ եղբորը՝ Թուրքիային համոզել է հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները վերածել հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հարաբերությունների, ինչը անիմաստ է դարձրել բոլոր միջազգային ջանքերը հայ-թուրքական կոչված սահմանը վերաբացելու եւ առկա հիմնախնդիրներին անդրադառնալու առումով: Սակայն, ինչպես Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը բավարարվում են միայն բարձրագոչ հայտարարություններով ու մեղավորներին առանց պատժի թողնելու երկիմաստ գործունեությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունները չեն նորմալանա, մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. այսպես Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արտահայտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այս մասին, ինչը «անտեսվում է Հայաստանի կողմից»: Թուրքիայի նախագահը չի մոռացել մեկ անգամ եւս հիշեցնել, որ իր երկրի ղեկավարների այցերն Ադրբեջան ավանդական են դարձել, եւ դա վկայությունն է, թե որքան ամուր են երկու երկրների հարաբերությունները եւ այսօր էլ իրենք դիտարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, հագործակցության հեռանկարները: Երեւանին էլ լսեցրել են, որ «Ադրբեջանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններն այսուհետ պետք է ավելի խորանան»:

Continue reading

Հակամարտությունը թեժանում է, նավթը՝ էժանանում, ռուբլին՝ արժեզրկվում… Անկարան չի՛ նահանջում՝ «տարածաշրջանային գերտերության» ուրվականը… Թուրքիան ունի՞ արդյոք միջուկային զենք…

Ինչպես հայտնում են միջազգային զլմ-ները, նավթի գինը վերջերս նոր ռեկորդ է սահմանել: Նշվել է, որ ՕՊԵԿ-ի երկրների կողմից արդյունահանվող նավթի տեսակների զամբյուղի միջին գինը 2 տարում առաջին անգամ իջել է 90 դոլարի նիշից 1 բարելի դիմաց, նավթի մեծ առաջարկի պատճառով:

«Ռուսաստանի նավթ»-ը նույնպես անդրադարձել է այս խնդրին եւ գրել է, որ ՕՊԵԿ ներկայացուցիչները հայտնեցին, թե նավթի տեսակների զամբյուղի միջին գինը կազմել է 89,37 դոլար 1 բարելի համար, թեեւ 1 օր առաջ 1 բարելի գինը 90,40 դոլար էր: Նավթի գինն այսքան չէր նվազել 2012թ. հունիսից ի վեր:

ՕՊԵԿ երկրների կողմից արդյունահանվող նավթի տեսակների զամբյուղի միջին գինն այժմ ավելի էժան է, քան նավթի միջազգային մարկեր համարվող Brent տեսակի նավթի գինը: Այս տեսակի նավթի գինը դեռ պահպանվում է 1 բարելի դիմաց 90 դոլարի սահմանում:

ՌԲԿ-ն իր հերթին հայտնում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,23 (-1,33%) դոլարով՝ 1 բարելի համար կազմելով 90,89 դոլար: Brent տեսակի նավթի գինը նվազել է 91 դոլարից վերջին տարում առաջին անգամ:

Արժեզրկվում է նաեւ ռուբլին. դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում կրկին հատել է «հոգեբանորեն կարեւոր» 40 ռուբլի 1 դոլարի դիմաց սահմանը: Տեղեկատվությունն ասում է, որ սակարկությունների առաջին կես ժամում ԱՄՆ արժույթի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 40,0025 ռուբլի 1 դոլարի դիմաց, որից հետո մի փոքր նվազել է ու տատանվում է եվրոյի «կլոր» նիշից ցածր սահմանում: Ռուբլու անկումը սկսվեց 2014թ. ամռանը: Արժույթի թուլացման պատճառներ են արեւմտյան երկրների հակառուսական պատժամիջոցները, որոնք անդրադարձել են բանկային, պաշտպանական, էներգետիկ ոլորտների վրա, եւ նավթի գների անկումը: Առաջին անգամ դոլարը հատեց 40 ռուբլու սահմանը հոկտեմբերի 6-ին: Իսկ 39 ռուբլի կազմող նախորդ «հոգեբանական» նիշը դոլարը պատմության մեջ առաջին անգամ հատեց սեպտեմբերի 26-ին: ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Օրեշկինը հայտնել է, որ էներգակիրների գնանկումը եւ արեւմտյան պատժամիջոցները կազմել են ՌԴ ՀՆԱ 4%-ը, որից 2%-ը բաժին է ընկնում պատժամիջոցներին: Ընդհանուր առմամբ, ըստ Fitch-ի գնահատականների, 2014թ. ակնկալվում է Ռուսաստանի տնտեսության ընդամենը 0,3% աճ: 2015թ. աճը կարող է կազմել 1%:

Continue reading

Երբ աղմկում են նաեւ Արցախը զիջողները – …եւ այդ ժամանակ այլ երգ են երգելու, որը կոչվելու է ազգափրկություն՝ Արցախի հաշվին… Նորից ի հայտ է գալու հայաստանահայ սահմանազատումը…

– Մեր նախնիք լավ խոսք ունեն՝ ազգի անունը շահարկողը ազգի սրից էլ կընկնի..

Վաղուց է, ինչ ադրբեջանական եւ թուրքական համատեղ քաղաքականությունը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները սեւացնել ու նոր միջազգային ձեւաչափ մոգոնել Արցախի խնդրի կարգավորման հարցում: Քանիցս փորձել են դա կազմակերպել նաեւ եվրոպական կառույցների ներսում՝ արդեն հայտնի եւ ամոթալի խավիարային եւ նավթադոլարային դիվանագիտության միջոցով: Երբեմն հաջողում են իրենց նախաձեռնություններում, բայց դրանք երկար կյանք չեն ունենում, քանզի հենված են կաշառքի եւ սուբյեկտիվ հանգամանքների վրա, ոչ թե քաղաքական ու տնտեսական լուրջ հաշվարկների, որը կփոխեր համաեվրոպական տեսակետը:

Վերջին օրերի ԵԽԽՎ-ում կատարված իրարանցումը նույնպես այդ թեմային էր առնչվում: Ցավալին այն է, որ Բաքվի նավթադոլարականությունը «աջակցվում» է նաեւ Երեւանի քաղաքական երկակիությամբ, ինչը կամա, թե ակամա ոգեւորում է ադրբեջանական կողմին եւ քաջալերում ծախու եվրոպացի պատգամավորներին:

Մեր որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ արագ արձագանքեցին, թե հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի պահվածքը խայտառակություն էր: Եվ այն պատճառաբանությամբ, թե «ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստը ավարտվել է ամոթալի սկանդալով՝ Ստրասբուրգում Հայկական պատվիրակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից»: Անգամ արձագանքներ եղան, որ «այդ խայտառակությունից հետո պետք է հետեւեր առնվազն մեկ հրաժարականի դիմում, բայց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին»:

Պետք է նշենք, որ մինչ այս դեպքն էլ արդեն խոսակցություններ կային, թե Հերմինե Նաղդալյանին ԵԽԽՎ-ում պատրաստվում է փոխարինել «Ազատ դեմոկրատներ»-ը ներկայացնող պատգամավոր, նախկին ՀՀՇ-ական արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով ավելի փորձառու դիվանագետ է: Գուցե այս աղմուկը հենց դրա համա՞ր է: Բայց դեռ ոչինչ չի փոխվել:

Իսկ ընդդիմդիր մեկնաբանները բողոքում են, որ ԱԺ փոխխոսնակը, ով ղեկավարում է մեր պատվիրակությունը, ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլեւ՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձեւի ընդունումը: Իբր մեր ներկայացուցչի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից… Սակայն այս ամենը չխանգարեց, որ Հայաստան գալով նա ԱԺ նախագահ ալուստ Սահակյանին ուղեկցեր Վրաստանում:

Ըստ այս կողմի վերլուծության՝ Հերմինե Նաղդալյանը փորձել է դիմագրավել ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով ադրբեջանամետ զեկույցին, «բայց դա արել է ոչ թե դիվանագիտական ընդունված ձեւերով, այլ  գործի է դրել գոռգոռալով խոսելու գործելաոճը»: Դեռ ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկից առաջ հայտնի էր, որ ադրբեջանական պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել այդ զեկույցը, իսկ փաստաթղթի զեկուցող էլ նշանակվելու էր ադրբեջանամետ կեցվածքով հայտնի պատգամավոր Ռոբերտ Վալտերը: Ու չնայած այդ հանգամանքին, հայկական կողմը քայլերը նախաձեռնել է, երբ բանը բանից անցել էր եւ զեկույցի ընթացքն այլեւս հնարավոր չի եղել կասեցնել:

Continue reading

Բեռն ավելանում է, շլինքներս՝ բարակում – ԱՀԿ-ն ՀԲ-ից եւ ԱՄՀ-ից պուպու՞շ է… Մեր երկրի պարտքը 4 մլրդ. դոլարից ավելի է, իսկ մենք դեռ խոսում ենք 711 մլն. էլ ավելացնելու մասին…

Վաշինգտոնյան այցն ավարտելով՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մամուլի ասուլիս հրավիրեց եւ ասաց, թե Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը շատ գոհ են Հայաստանից եւ պատրաստակամ են ընդլայնել ու խորացնել հարաբերությունները մեր երկրի հետ:

Ոչ պաշտոնական լեզվով ասած՝ սա նշանակում է, որ Հայաստանը խելոք պարտատեր է, ճիշտ ժամանակին է փակում իր պարտքերը, եւ միջազգային այս խոշորագույն երկու ֆինանսական կազմակերպությունները դեմ չեն լինի էլի գումարներ տալու:

Կարեն Ճշմարիտյանը հստակեցրեց, որ միայն ՀԲ-ի երկրի գործընկերության 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում պլանավորված է 711 մլն դոլար վարկային փաթեթ 13 ծրագրերի համար՝ ներառելով հիմնականում տնտեսական աճի արագացման, մրցակցության խրախուսման եւ աշխատատեղերի ստեղծման, առեւտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության եւ տեղական տնտեսության զարգացման, սոցիալական ծառայությունների արդյունավետության եւ հանրային կառավարման բարելավման ուղղությունները:

Այսօրվա դրությամբ մեր երկրի պարտքը 4 մլրդ դոլարից ավելի է, իսկ մենք դեռ խոսում ենք 711 մլն էլ ավելացնելու մասին: Վտանգավոր չէ՞ արդյոք սա երկրի համար:

Այս հարցին ի պատասխան նախարարը հանգիստ տոնով ասաց. «Այդ պարտքն ամեն տարի մարվում է եւ այսօր կարող ենք նշել, որ մենք պիկը հաղթահարել ենք»:

Continue reading

Պոչամբարների հերթն էլ հասավ – լցակույտերի ապարների վերամշակման ծրագիր… Իսկ մեր երկրի պոչամբարները շատ վատ վիճակում են՝ անվտանգության, բնապահպանական տեսանկյունից…

Պոչամբարների հերթն էլ հասավ – Բայց կրկնվում էր՝ եթե հաջողի

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի հուշագրի նախագիծ, որի կողմերն են կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Վի Էս Ի Այ» (VSEI) ձեռնարկությունների խումբը եւ «Ալյոտիգ» ընկերությունը: Ըստ այդ հուշագրի, Հայաստանում պոչամբարների ապարները կվերամշակվեն: Մենք առիթով ասել ենք, որ մեր երկրի հանքերի անխնա շահագործման մի վկայություն էլ այն է, որ պոչամբարներում կուտակվող ապարներն էլ կարիք ունեն վերամշակման, քանզի կորզման տեղ ունեն, բայց քանի որ տեխնոլոգիաներ չենք ներդնում, թափում ենք հանքերից դժվարությամբ հանածը:

Ու՝ էլի ընկնում ենք հանքերի ջանին: Սրանով նման ենք այն փնթի տանտիրուհում, որ մեկ ճաշ եփելու համար երկու ճաշի բաղադրիչ է գործածում՝ ճիշտ կեսը թափելով: Ինչեւէ, հիմա ուզում ենք ուղղել այդ սխալը:

Ծրագրի նպատակը, ինչպես գործադիրի նիստում տեղեկացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանը, օգտակար հանածոների արդյունահանման հետեւանքով առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է: Մի գործ է սա, որ եթե գլուխ բերվի, կստեղծվի 1800 աշխատատեղ, եւ ներդրումները, նախնական հաշվարկների համաձայն, կարող են կազմել 200 մլն դոլար: Սա մի գործ է նաեւ, որ մեր երկրի համար բոլորովին նոր տեխնոլոգիաների կիրառում է ենթադրում: Նախատեսված է, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը համակողմանի կուսումնասիրի հարցը: «Եթե գործը հաջողի, ապա շատ դրական սպասելիքներ կունենանք»,- ասաց Լեւոն Շահվերդյանը:

Իսկ ինչու՞ պիտի չհաջողի: Դեռ չկա՞ համապատասխան ներդրումային ծրագիրը՝ հաշվարկված ռիսկերով ու սպասելիքներով հանդերձ: Չէ՞ որ նիստում ասվեց, որ «Ալյոտիգ» ընկերությունն ունի տեխնոլոգիական մշակումներ« որոնք վերաբերում են մետաղական օգտակար հանածոների արդյունահանման հետեւանքով պոչամբարներում կատուկված եւ կուտակվող ապարների արդյունավետ մշակմանը (այդ տեխնոլոգիաների նկատմամբ իրավունքները պատկանում են ընկերությանը):

Continue reading

Իշխանությունն ու ընդդիմությունը նու՞յն «շայկան» են… Երբ եռյակի առաջնորդները հրաժարական պահանջեն, մենք (ՀՀԿ-ն) մեր ասելիքը կասենք… Վաշինգտոնը տապալեց Զարուհու ձիուն…

Իշխանությունն ու ընդդիմությունը նու՞յն «շայկան» են

ԼՂՀ Աժ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը թերթերից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե պետք չէ ակնկալիքներ ունենալ «Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքից»: Նա եռյակին խորհուրդ է տվել տուն գնալ ու որեւէ հանրահավաք չանել՝ այդպիսով խուսափելով ժողովրդին եւս մեկ անգամ հիասթափեցնելուց:

Պատգամավորը անդրադարձել է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջերս ԼՂՀ այցին եւ նշել, որ դա հերթական մի այց էր, դրանից քանի օր հետո էլ Արցախ է այցելել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «ՀՅԴ-ի այցելությունը չի կարելի համեմատել Գագիկ Ծառուկյանի այցելության հետ. որովհետեւ ՀՅԴ-ն Արցախում գործում է 1989թ.-ից, իսկ Գագիկ Ծառուկյանի այցելությունն ինձ համար  շատ զարմանալի էր, բայց միեւնույն ժամանակ՝ ողջունելի, որ եկավ ու ինչ-որ բաներ խոստացավ անել այստեղ: Բայց եթե ինքն այդ այցելությամբ ուզում է հայտ ներկայացնել քաղաքականության մեջ, կարծում եմ, որ տեղին չէ: Ես կարծում եմ, որ մեկը եկել է, իսկ մյուսն էլ խանդել է ու ինքն էլ է եկել: Բոլոր ուժերը մի բան գիտեն. նրանք, ովքեր ցանկանում են ՀՀ-ում իշխանության գալու հայտ ներկայացնել, պետք է իրենց ձեռքում ունենան ԼՂՀ-ի խաղաքարտը, իրենք Արցախը խաղաքարտ են դարձնում, ու դա է ցավը»,- ասել է Վահան Բադասյանը:

Ըստ Արցախի պատգամավորի, նախ եւ առաջ պետք է ԼՂ-ի հարցը ճանաչեն էությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում կարծես երբեւԷ Արցախ չէր այցելել… Ու կարծում է, որ դա եռյակի հետ է կապված. «Գիտեք ինչ, այսօր մեր ժողովրդի վիճակն ամենավատն է, որովհետեւ եթե իշխանությունը վատն է, ապա ընդդիմությունն ավելի վատն է. մեկը մյուսից վատն է: Այսօրվա ընդդիմությունը չի ասում, թե ներկայիս իշխանությունների ինչն է վատը, իսկ ինչու չեն ասում, որովհետեւ ցանկանում են տապալել այս իշխանությանը, որպեսզի իրենք նստեն ու նույնն էլ իրենք անեն: Նախանձում են, որ Սաշիկն է գողություն անում, կամ Լիսկան է նշանակվում, ուզում են իրենք գան ու իրենք թալանեն: Մոռացե՞լ եք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման ժամանակ ովքեր էին թալանչիները: Սա է պատճառը, որ մեր ժողովրդի վիճակը շատ վատ է: Հիմա, խնդրում եմ, եռյակի անդամներից որեւէ մեկին հարց տվեք՝ ինչո՞ւ Մաքսային միության մասին որեւէ բան չեն ասում, նույն Գագիկ Ծառուկյանն ասե՞լ է ՄՄ-ի լավ ու վատ կողմերի մասին: Արդյո՞ք նա կարողանում է ասել նախագահի կատարած վատ քայլերը: Օրինակ, ես՝ որպես քաղաքական գործիչ, հրապարակայնորեն Սերժ Աարգսյանի հրաժարականն եմ պահանջել ու նաեւ նշել եմ, թե ինչո՞ւ: Նշել եմ թե՛ արտաքին ու թե՛ ներքին քաղաքականության ձախողումների մասին՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման հարցում եւ այլն»:

Continue reading

Ներքաղաքական. Հանրահավա՞ք, թե՞ հանցագործություն – Ընդդիմադիր 3 կուսակցություններից 2-ի առաջնորդները խուսափեցին ելույթից… Կգնահատի՞ ՀՀ նախագահը…

Կայացավ այդքան սպասված հանրահավաքը, որը նախաձեռնել էր խորհրդարանական ընդդիմադիր եռյակը: Ընդդիմադիր լրատվամիջոցներն այն որակեցին որպես «վերջին տարիների ամենահուժկու հանրահավաք, որին մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ ՀՀ բոլոր մարզերից»: Հանրահավաքում «ելույթներ» են ունեցել մասնակից ուժերի առաջնորդները՝ ԲՀԿ նախագահ ագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանրահավաքն ավարտվեց երթով, որի մասնակիցները «միացում» ու «հաղթանակ» վանկարկումներով Ազատության հրապարակից շարժվել են Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց, այնուհետեւ Աբովյան, Սայաթ-Նովա, Հանրապետության, Թումանյան փողոցներով ու վերադարձել Ազատության հրապարակ:

Ոստիկանությունն Ազատության հրապարակի տարածքում ուժեղացված ծառայություն է իրականացրել: Միջադեպեր չեն գրանցվել: Շատերը եկել էին հանրահավաքին՝ մտածելով, որ ընդդիմադիր նոր ալիքը գուցե նոր փոփոխություն բերի ու իրենց խնդիրները եւս կարգավորվեն: Այս հրապարակում վերջին անգամ հանրահավաք տեղի էր ունեցել այս տարվա մարտի 1-ին, որը նախաձեռնել էր ՀԱԿ-ը, ինչը հիմնականում չէր արդարացրել մարդկանց հույսերը: Իսկ վերջերս Եռյակը հանրահավաքներ էր անցկացնում միայն հանրապետության մարզերում եւ շատերն էին սպասում մայրաքաղաքի «հուժկու հանրահավաքին»:

Եթե մասնակիցների մի մասը ոգեւորվեց եւ կրկին պատրաստ է նոր պայքարի՝ հենց Եռյակի հետ, ապա եղան նաեւ հուսախաբվողներ, ովքեր համոզված են, որ սա հերթական մի քայլ է հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու համար: Ընտրություններին նախապատրաստվելը ներկայացվում է որպես իշխանափոխություն, ինչը արմատական ընդդիմադիր զանգվածին չի բավարարում:

Իզուր չէ, որ խորհրդարանական մյուս ընդդիմադիրներից ոմանք նշեցին, թե այսքան մարդ հավաքելով պետք էր ոչ թե հին ու նոր իրողությունները նշել, այլ գնալ իշխանափոխության: Նման կարծիք են հայտնել նաեւ վերջերս նոր քաղաքական կազմակերպություն հիմնած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ազատամարտիկ Սասուն Միքայելյանը: Իսկ «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը հաջորդ օրը հայտարարեց. «Եռյակը երեկ հանցագործություն է կատարել», հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած «եռյակի հանրահավաքը հատուկ օպերացիա էր՝ իրականացված ԿԲ-ի կողմից» («Ա1+»-ի հետ զրույցում է ասել): Նա պատահական չի համարել, որ հանրահավաքը արվեց այն օրը, երբ Սերժ Սարգսյանը Մինսկում ստորագրում էր ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու մասին փաստաթուղթը: «Նույն օրն էր ընտրված, որպեսի ժողովուրդը այդ հրավառությունների եւ դեմագոգիայի ետեւում չտեսնի, որ նույն օրը, նույն ժամին, մեր երկիրը կորցնում է իր անկախությունը եւ ինքնիշխանությունը»: «Սարդարապատ» նախաձեռնության անդամը հանրահավաքի կազմակերպիչների մասին չի գործածել ընդդիմություն բառը. «Այդ ոչ իշխանական հավաքը ուներ մի նպատակ, օրինականացնելու խունտայի հերթական հանցագործությունը: Այնպես որ, մարդիկ, ովքեր հավաքել էին զանգվածներ Ազատության հրապարակում, հանցագործություն են կատարել՝ սահմանադրության եւ մեր անկախության դեմ»:

Continue reading

Ազգային տոնը՝ որպես արժեհամակարգային միջոցառում – Հայ մամուլը՝ 220 տարեկան – «Լուսանցք»-ի, հայ արիականների ու արիադավան-հեթանոս ազգայնականների շնորհավորանքները…

Այս օրերին հերթական անգամ նշվեց մեր մայրաքաղաքի տոնը: «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանին հարակից հրապարակում տեղի ունեցած հանդիսությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնական շքերթի շուրջ 25 հազար մասնակիցների ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ:

Շքերթի մասնակիցներին տոնական համարներով ողջունեցին երեւանյան կրկեսի արտիստներն ու մարզամշակութային համույթները: Ազգային տարազով գեղեցկադեմ աղջիկներն էլ շքերթի մասնակիցներին հյուրասիրեցին Արարատյան դաշտավայրի բարիքներով:

Մայրաքաղաքի ծննդյան 2796-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվեցին շքեղ հրավառությամբ: Երեւանյան օրերն անցան «Երեւան՝ իմ տուն» կարգախոսի ներքո, եւ մեր մայրաքաղաքը էլի մեկ տարով մեծացավ: Երեւանը Հռոմից հին է, այս մասին պահպանվել են սեպագիր արձանագրություններ, որոնք հավաստում են, որ դա  մ.թ.ա. 782 թվականն է։ Ամենահին քաղաքը Երեւանն է, որը հիմնվել է Հռոմից 29 տարի ավելի վաղ։ Այս սալիկն աշխարհի մինչ օրս հայտնաբերված հնագույն քարտեզն է, այս հնագիտական հուշարձանն այժմ պահպանվում է Բրիտանական թանգարանում։ Այն գտնվել է Բաբելոն հնագույն քաղաքից (այսօրվա Իրաքում), 19-րդ դարում։ Այդ սալիկի վրա գրված է Ուրարտու, իսկ Ուրարտուն, գիտենք որ Հին Հայաստանի անվանումներից է:

Երեւանի 2796-րդ տարեդարձը շնորհավորեցին նաեւ մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները (11 համայնք՝ այդ թվում՝ ռուսական, բելառուսական, ուկրաինական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական եւ հունական):

Այս տարի տոնախմբությանը միացան եւ առանձին համարներով ներկայացան նաեւ գերմանացիները: Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղադրված բեմահարթակում ներկայացնելով իրենց ազգային երաժշտարվեստն ու պարարվեստը՝ նրանք ընդգծեցին, որ Երեւանն ինչպես բոլոր հայերի, այնպես էլ իրենց մեծ տունն է:

Continue reading

Տիր Աստծո խորհուրդը եւ պատմության մշուշոտ էջերը – Գրիգոր խավարիչը որոշեց առաջինը ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայի իմաստությունն ու հանճարը… Հայ Քրմերը Հայ Աստվածների խոսքը փոխանցել են հայությանը…

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը նշել են հոկտեմբերի 16-ին: Այս անգամ էլ Տիրատոնը տեղի է ունեցել Քարահունջի հնագույն ստղադիտարանի մոտ՝ արեւածագին: Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում փառաբանեցին Իմաստության Աստծուն, որ իր զորությամբ վերստին ապավեն լինի հայերին եւ ազգային բոլոր նախաձեռնություններին:

Ձոներ են հղվել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ էրեբունի-Երեւան տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2796-ամյակի առթիվ, միաժամանակ նշելով, որ փաստեր կան, թե Հայոց Քաղաքամայրը շուրջ 6000 տարեկան է: Տիրատոնն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, գինեձոներով եւ փառաբանումներով, իսկ ծիսակարգի ավարտից հետո եղել է տոնախմբություն: Հայ արիական քրմերը դիմել ու փառաբանել են Տիր Աստծուն՝ հայոց առաքելությունը ներկայիս հայության համար վերաիմաստավորելու, աստվածային իմաստնությամբ օծելու եւ հայկական նպատակներին աջակցելու համար:

Ինչպես հայ արիական հավատում է ամրագրված՝ Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ գիտության, դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել է բազմաշերտ, այն ժամանակին տոնել են օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր էլ կան Զվարթնոցի տաճարային համալիրում:

Այս տոնը Հայ Աստվածներին նվիրված, վերականգնված տոներից մեկն է, որ վերականգնել են հայ արիները: Մինչ Հայ-Արիական Տոնացույցի կազմումը, Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր նշվում՝ Մայր Անահիտի (Զատիկ), Վահագնի (արնան վերազարթոնքի ու Հայոց Ամանորի հետ միասին), Աստղիկի (Վարդավառ) եւ Միհրի (Ձմեռային արեւադարձի օրը), իսկ այժմ այդ տոներին ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի (արնան վերահաստատումը Երկրում՝ Բնության տոն), Տիրի (Իմաստության եւ դպրության, նաեւ Հայոց Տիեզերաաշխարհների միասնության), Նանեի (Ողջախոհության եւ Բնական կարգի պահպանման) եւ Վանատուրի (Հյուրընկալության եւ Հայոց երկրի ու օջախների լիառատության տոն):

Continue reading

Վարդի գիծը – Քարահունջի N-63 հրաշք-քարը, որը նման է խոյի, միակտոր է, եւ նրա գագաթները գտնվում են մի ուղղության վրա… «Վարդագիծ» Քարահունջը դեռ գաղտնիքներ ունի…

Սկիզբը՝ թիվ 32-ում

http://www.hayary.org/wph/?p=4420 – Վարդի գիծը – Այս միջօրեականը, որը ձգվում է հյուսիսից հարավ, կոչվել է Վարդի գիծ… Այսպիսի մի «Վարդի գիծ», բայց ավելի հին, կա նաեւ Հայաստանում՝ Քարահունջ աստղադիտարանում…

Այժմ անդրադառնանք «5», «7» թվերին:

«5» թիվը պյութագորիզմում ներկայացված է որպես հինգթեւանի աստղ (Վեներա): Հինգթեւանի աստղը (պենտակ) եղել է հեթանոսական կրոնի խորհրդանիշը: Քրիստոնեությունում «5» թիվը համարվում է Քրիստոսի թիվ, իսկ «7» թիվը՝ կույս Մարիամի թիվ:

Դավիթ Անհաղթը «7» թիվը համարում է կուսական. «Կուսական, որովհետեւ տասնյակի մեջ մտնող բոլոր թվերը կամ ծնում են ինչ-որ թիվ, կամ ծնվում են ինչ-որ թվից, իսկ 7-ը ոչ ծնում է ինչ-որ թիվ, ոչ էլ ծնվում է ինչ-որ թվից»: Շատ հավանական է, որ «5» եւ «7» թվերը կապ ունեն նաեւ Խոյ  համաստեղծության λ կրկնակի աստղի  հետ, որը բաղկացած է 5m եւ 7m աստղերից: Այս աստղերը անշարժ են մեկը մյուսի նկատմամբ եւ սլանում են տարածության մեջ մի ուղղությամբ:

Քարահունջի N-63 հրաշք-քարը, որը  նման է խոյի, միակտոր է, եւ նրա գագաթները գտնվում են մի ուղղության վրա:

Վարդի հնագույն տեսակն է «Rosa rugosa»-ն, որն ունի 5 թերթիկ՝ դասավորված հնգանկյունանի սիմետրիայով՝ նման Վեներա ուղեցույցին: Հնում վարդի սիմվոլն օգտագործել են նավագնացությունում, որտեղ  կողմնացույցը օգնում էր ճանապարհորդներին: Նույնը կարելի է ասել «Վարդի գծի» մասին՝ քարտեզների վրա նշված երկայնությունների մասին:

Երկնային Վեներան հայտնի է տարբեր  անուններով՝ Արեւելյան աստղ, Արշալույս, Իշտար, Իսիդա, Աստրեա, որոնք խորհրդանշում են հզոր Իգական սկզբունքը՝ կապված Բնության եւ Մայր-Հողի հետ: Քարահունջի «Վարդի գիծը» թույլ է տալիս ենթադրելու, որ ավերված մատուռը նվիրված է եղել Աստղիկ դիցուհուն:

Ղեւոնդ Ալիշանը իր «Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնը» գրքում Աստղիկ դիցուհու մասին գրում է. «Հայոց երրորդ դիցուհին է մեծարված ավելի, քան երկրորդը՝ Նանեն», թերեւս ամենից սիրելին ու ամենաազգայինը, որովհետեւ, թեեւ ոմանք Աստղիկին էլ են համարում Արամազդի դուստր, բայց Անահիտի հետ շփոթելով են այդ անում: Ազգային ավանդությունը Աստղիկին սեփական անվամբ եւ օտարներին ոչ նման համարում է Նոյի դուստրը՝ ծնված ջրհեղեղից հետո, ինչպես իր եղբայր Մանիտոնը:

Ալիշանը մի հետաքրքիր մեջբերում է անում Հերոդոտոսից, ով գրել է. «Արաբները պաշտել են Ուրանիա-Աստղիիկին, որին պարսիկները կոչում էին Միթրա»:

Վերը նշվածը Ալիշանը այսպես է պարզաբանում. «Ոմանք այս անունը Միհր կարծեցին, բայց հմտագույնները համարում են  Մաթեր (Mater), այսինքն՝ Մայր: Պարսիկները Նսվիտ էին կոչում Արուսյակին, որ Աստղիկին նվիրվաբերված լուսատուն էր եւ համարվում էր Երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից…

Քրիստոնեությունը Հայաստանում հաստատվելուց հետո ժողովրդի կողմից հարգված ու սիրված Աստղիկ դիցուհուն եկեղեցին սկսեց անվանել «ցանկասիրության  գարշելի չաստված, որին նրա սիրեկանի եւԱնահիտի հետ մեկտեղ ավերեց եւ անհետացրեց» ս. Գրիգորը»,- մեծ գոհունակությամբ գրում է Ալիշանը, նույնիսկ մեջբերում է Վարդան Վարդապետի վիրավորական արտահայտությունները՝ հասցեագրված Աստղիկ դիցուհուն:

Ո՞րն է ավերիչ Գրիգորիսի «սրբությունը»: Այն, որ քար ու քանդ է արել մեր հին մշակույթը, որպեսզի հայ ժողովուրդը  ընդմիշտ մոռանա իր ակունքները: Զարմանալին այն է, որ նույնիսկ մեր օրերում նոր եկեղեցիներ են կառուցում նրա անունով, էլ չենք խոսում Նոր Նորքի հիվանդանոցի՝ ծննդատան  մասին, որ կոչվում է այդ վնասարարի անունով, որին խորթ է եղել Հիպոկրատի «Մի վնասիր»-ը:

Զարմանալին այն է, որ Ալիշանը իր գրքի մի ամբողջ գլուխ վերնագրել է «Դիք չաստվածների պաշտամունք»՝ մոռանալով  քրիստոնեական չաստվածին՝ Հիսուս Քրիստոսին:

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Շախմատային տոն՝ նվիրված Երեւանի 2796-ամյակին… Վինդսերֆինգի եւ թիաբորդի գեղեցիկ ելույթներ՝ Կարապի լճում… Ազգային հավաքականի մարզիչը հաղթում է՝ պարտվելով… Սպորտը նաե՛ւ քաղաքականություն է…

Շախմատային տոն՝ նվիրված Երեւանի 2796-ամյակին

«Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարության շրջանակում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպվել են շախմատային մրցումներ: 12 տախտակների վրա միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն անցկացրել է միաժամանակյա սեանս՝ մայրաքաղաքի շախմատի դպրոցների սաների հետ:

Զուգահեռ 10 տախտակների վրա անցկացվել է թիմային առաջնությունը՝ հանրապետական եւ համաքաղաքային առաջնությունների պատանի կարգային շախմատիստների միջեւ: Հաղթող թիմը պարգեւատրվել է խորհրդանշական գավաթով:

Վինդսերֆինգի եւ թիաբորդի գեղեցիկ ելույթներ՝ Կարապի լճում

«Էրեբունի-Երեւան 2796» տոնական միջոցառումների շրջանակում Կարապի լճում Երեւանի առագաստային ակումբի շուրջ երկու տասնյակ սաներ հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Արդեն ավանդական դարձած վինդսերֆինգի տախտակներից բացի, այս տարի ներկայացվել են նաեւ թիաբորդի համարներ: Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական համարներով: Երեւանցիներն ու տոնակատարությանը մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող հյուրերը, մեծ հետաքրքրությամբ դիտելով հնարքները, ոգեւորությամբ նշել են, որ մեծ սիրով իրենք նույնպես ոչ միայն դիտողի, այլեւ մասնակցի դերում կցանկանային լինել:

Ազգային հավաքականի մարզիչը հաղթում է՝ պարտվելով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է զայրացնել երկրպագուներին եւ հայ մարզասերներին: Այս անգամ մեր թիմը ընկերական խաղում Երեւանում պարտվեց Ֆրանսիայի ազգային հավաքականին՝ 0:3 հաշվով: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերում մեր թիմը եւս աչքի չի ընկել այնպիսի խաղով, որով հպարտանում էինք շուրջ 1 տարի առաջ: Մեր ազգային հավաքականն այդ ժամանակ անգամ «հեղինակությունների սարսափ» թիմ էր դարձել Եվրոպայում:

Իսկ Եվրոպա-2016-ի ընթացքում՝ Կոպենհագենում 1:0 հաշվով հաղթելով Դանիայի ընտրանուն, մեր ֆուտբոլիստները ոչ միայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը, այլեւ պարտվեցին 1:2 հաշվով: Իսկ Երեւանում, կրկին 1:0 հաղթական հաշվի ժամանակ ստանալով 11 մ հարվածի իրավունք, մեր թիմը չկարողացավ կրկնապատկել հաշիվը, իսկ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Ինչ Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, մեր թիմը շատ անհաջող է հանդես գալիս, իսկ մարզիչը դեռ խոսում է «իր սաների ոչ այնքան վատ խաղի մասին», Ֆրանսիայի հետ խաղից հետո էլ ասել է. «Իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, հպարտ եմ նրանցով»:

Սպորտը նաե՛ւ քաղաքականություն է

«Վճռականորեն դատապարտում եմ Սերբիա-Ալբանիա խաղի ժամանակ կատարվածը»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը՝ մեկնաբանելով այն միջադեպը, որը գրանցվել է Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպման ժամանակ: Իսկ հանդիպման ընթացքում ծեծկռտուք է եղել ինչպես մարզասերների, այնպես էլ մարզիկների միջեւ: «Ֆուտբոլը չպետք է օգտագործվի քաղաքական նկատառումներով: Ես վճռականորեն դատապարտում եմ երեկ Բելգրադում կատարվածը»,- գրել է Բլատտերն իր թվիթթերյան էջում:

Հիշեցնենք, որ Ալբանիան վաղուց է ծրագրել «Մեծ Ալբանիա» ստեղծել սերբական տարածքների հաշվին, ինչպես Ադրբեջանն է երազում «Մեծ Ադրբեջան» տեսնել հայկական (նաեւ պարսկական) տարածքների վրա:

Հ.Գ. Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է որակազրկվել կես տարով – Իտալական «Լացիո»-ի եւ Ալբանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լորիկ Ցանան կարող է որակազրկվել կես տարով կամ նույնիսկ ավելի ժամանակով: Բանն այն է, որ նա մասնակցել է բախումներին, որոնց պատճառով ձախողվել է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Ալբանիա հանդիպումը: Նա կռվել է խաղադաշտ ներխուժած երկրպագուների հետ: «Ես տեսա սերբ երկրպագուին, ով աթոռը ձեռքին հարձակվել էր իմ թիմակիցների վրա: Պետք է պաշտպանեի նրանց,- իր գործողություններն այսպես է մեկնաբանել ալբանացի ֆուտբոլիստը,- Հիմա սպասում ենք ՈՒԵՖԱ-ի որոշմանը»:

«Լորիկը կորակազրկվի հաստատ, բայց հպարտ եմ որդուս համար: Նա հարգում է յուրաքանչյուր ազգի: Նրա արձագանքն արդարացի էր, քանի որ իր թիմակցին պաշտպանում էր խաղադաշտ ներխուժած կենդանուց: Լորիկը խելոք տղա է, եւ երբ ամեն ինչ ավարտվեց, ողջունեց սերբ ֆուտբոլիստներին: Նրա պահվածքն օրինակելի էր: Ասեմ նաեւ, որ Լորիկը, սերբ Դուշան Բաստան ու Ֆիլիպ Ջորջևիչը «Լացիո»-ում եղբայրներ են»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:

Continue reading

Հայկական խոհանոց – Դդումը՝ տհալով… Բանջարեղենն ու միրգը բարելավում են հոգեկան վիճակը… Ճիշտ խորհուրդներ՝ Կյանքն ավելի հանգիստ՝ լավը դարձնելու համար… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության

– Դդումը՝ տհալով

Բաղադրությունը – Մաքրած դդում – 1 կգ, սոխ – 600 գ, տհալ (ղավուրմա) – 2 կգ, սպիտակ գինի – 1 բաժակ, սպիտակ պղպեղ, աղ, համեմ, սամիթ:

Պատրաստման եղանակը – Սոխառած անել տհալի յուղով՝ սոխը նախապես լուսնաձեւ կտրատելով: Համեմել սպիտակ պղպեղով եւ աղով, ավելացնել կտրտած դդումը: Հետո լցնել գինին եւ եփել մարմանդ կրակի վրա:

Եփելուց հետո լցնել տհալը, ավելացնել կտրտած համեմն ու սամիթը: 5-10 րոպեի չափով բերանը փակ թողնել եւ հետո անուշ անել:

* * *

Բանջարեղենն ու միրգը բարելավում են հոգեկան վիճակը

Բանջարեղենն ու միրգը օգտակար են հոգեկան առողջության համար. օրվա մեջ ինչքան հաճախ եք միրգ եւ բանջարեղեն ուտում, այնքան բարելավում է հոգեկան վիճակը: Նման եզրակացության են եկել հետազոտություն անցկացրած գիտնականները:

Հետազոտությունն անցկացվել է 14.000 մարդու շրջանակում: Հոգեկան լավ վիճակում գտնվողները նշել են, որ իրենք օրական օգտագործում են 5 չափաբաժին բանջարեղեն եւ միրգ:

Միրգ ու բանջարեղեն շատ օգտագործող մարդիկ լավատեսորեն են տրամադրված, ուրախություն են զգում, իրենց վստահ են զգում, շրջապատի հետ լավ հարաբերությունների մեջ են եւ կարողանում են արագ վերականգնել հոգեւոր ուժը:

Հոգեկան առողջության խնդիրները

«Հոգեկան առողջության խնդիրների մասին խոսելու դժվարությունը հոգեկան հիվանդության ամենաբարդ մասն է»,- ասել է Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Մելինե Թովմասյանը: Առաջին հերթին պետք է հոգեկան առողջության նկատմամբ պիտակավորումը հանվի հանրային մտածելակերպից. «Հոգեկան առողջությանը պետք է վերաբերվել ինչպես մյուս օրգանների հիվանդություններին»: Կազմակերպում են միջոցառումներ՝ «Մտածենք հոգեկան առողջության մասին» խորագրի ներքո: Մարդիկ անգամ հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում խուսափում են դիմել մասնագետին, ինչն էլ խորանալով կարող է հասնել մինչեւ հոգեկան հիվանդության: Իսկ չդիմելու հիմնական պատճառներից մեկը հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերն են: Անցկացվող միջոցառումների նպատակն է կարգախոսներով, տեղեկատվական նյութերով, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներով իրազեկել մարդկանց եւ օգնել:

Continue reading

Հայ մամուլը՝ 220 տարեկան – «Լուսանցք»-ը շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ… Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները միանում են բոլոր շնորհավորանքներին

Հոկտեմբերի 16-ին նշվեց Հայ մամուլի օրը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված: 1794թ. հենց այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարար»-ը: Պարբերականը հրատարակեց Հարություն Շմավոնյանը: Տարաբնույթ լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաեւ գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ եւ պատմական աշխատություններ: Որոշումը, ըստ որի հոկտեմբերի 16-ը համարվում է Հայ մամուլի օր, ՀՀ կառավարությունն ընդունել է «Ազդարար»-ի առաջին թողարկումից գրեթե 2 դար անց:

Հայ արիականներն ու արիադավան-հեթանոս ազգայնականները միանում են Հայ մամուլի օրվա բոլոր շնորհավորանքներին, բայց առանձնահատուկ ողջունում են «Լուսանցք»-ին՝ հայ արիական ու ազգայնական գաղափարները, հայոց հավատի, տիեզերածնության ու աստվածային համակարգի թեմաները, հայի ծագմանը, ինքնությանն ու առաքելությանը, հայրենիքին եւ ապագային առնչվող բազմաբնույթ հրապարակումները առաջին իսկ համարից ցայսօր արծարծելու համար:

Շնորհավորում ենք Հայ մամուլի օրվա առթիվ եւ մեր գործընկերներին, մեր թերթին մաղթում վաստակաշատ եւ անաչառ աշխատանք՝ հանուն մեր պետության հզորացման, մեր ազգի ու հայրենիքի միասնության ու վերամիավորման:

Continue reading

Հայոց իմաստության Աստված Տիրի տոնը Քարահունջում – Հայ արիներն ու արիադավան ազգայնականները նշեցին Տիրատոնը

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը նշեցին հոկտեմբերի 16-ի արեւածագին: Այս անգամ էլ Տիրատոնը տեղի ունեցավ  Քարահունջի հնագույն աստղադիտարանի մոտ:

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում փառաբանեցին Իմաստության Աստծուն, որ իր զորությամբ վերստին ապավեն լինի հայերին եւ ազգային բոլոր նախաձեռնություններին:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ձոներ են հղել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ Էրեբունի-Երեւան տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2796-ամյակի առթիվ, միաժամանակ նշելով, որ փաստեր կան նաեւ, որոնք հավաստում են, թե Հայոց Քաղաքամայրը շուրջ 6000 տարեկան է:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 32-ի (337) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան  – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Արտաքին քաղաքական. Քայլեր կան, որ լավ թե վատ, բայց անհետեւանք չեն մնում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

2. Ո՞վ է սադրում բնածին ազգերին ռուսի կամ այս անվամբ քողարկված – Գառնո հեթանոսական տաճարն ու հունական Ակրոպոլիսը՝ թիրախներ… Ազգային արժեքները նաեւ պատվով են պահում…

3. ԵՏՄ-ի արժեքը բարձրացնում են երկկողմանի նավթախաղերով – Մոսկվայի հետ «նավթային անհամաձայնությունը» բացահայտ է… Արեւելքի ու Արեւմուտքի կամու՞րջ – Անկարան եւ Բաքուն էներգետիկ միջանցք են ձեւավորում…

4. Կասպյան ավազանը՝ առճակատման նախաշեմի՞ն – Կասպյան հիմնահարցը երկար ճանապարհ է անցել եւ մնացել չլուծված… 5 երկրներն էլ մեծացնում են ծովային ռազմուժը…

5. Կասպից ծովի կարգավիճակը՝ խնդրահարույց… Կկանխի՞ Մոսկվան իր պարտությունը… Երեւանն այս իրավիճակը լավագույնս չի օգտագործում Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ…

6. Հակադիր եւ ծայրահեղ իրավիճակներ.- ԱՄՆ-ն կարտադրի՞ ավելի շատ նավթ, քան Սաուդյան Արաբիան… «Իսլամական պետություն»-ը կհարձակվի՞ Իրանի վրա՝ միջուկային ծրագրի տեղեկություններին համար…

7. Վտանգավոր, բայց հնարավոր է շահեկան – Արդյո՞ք հնարավոր է ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի (հասկանալ Ռուսաստանի) ռազմական բախումը… Ռազմական բեւեռացումների փորձ – ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕՆ-ն՝ Հայաստանում…

8. Ներքին քաղաքական. Պայքար, որ առավելապես ներիշխանական է – Ներհամակարգային խաղն ավելի շատ է բարդանում, քան իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը…

9. Վարդի գիծը – Այս միջօրեականը, որը ձգվում է հյուսիսից հարավ, կոչվել է Վարդի գիծ… Այսպիսի մի «Վարդի գիծ», բայց ավելի հին, կա նաեւ Հայաստանում՝ Քարահունջ աստղադիտարանում…

10. Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 2-րդ) – Կախարդական հեքիաթները մարդկային ներքին խնդիրների եւ դրանց լուծումների վերաբերյալ անսահման նյութ են պարունակում…

11. Հայկական խոհանոց – Դդումը՝ հորթի մսով… Աշխարհի մարզական հեւքից – 17 զինծառայողներ «Դյուցազն» դարձան… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

1. https://www.facebook.com/armenuhi.melqonyan

2. https://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/135442695410?sk=timelinearmen.avetisyan

3. http://pressa.ru/ru/magazines/lusantsklusantsk#/

4. http://my.mail.ru/list/lusantsk/):