Գյադե՛ք, դե՛սն անցեք, գյադե՛ք, դե՛նն անցեք – Հուլիսի 1-ից բոլոր գործարարների համար հավասար պայմաննե՞ր են լինելու եւ իրենց մտերիմների՞ց են սկսելու…

Չգիտեմ, գուցե ա՞յս ոճով են մեր կառավարությունները մշտապես վերաբերում մեր գործարարներին: Հապա ի՞նչ է նշանակում «փոխվում են խաղի կանոնները» հասկացությունը: Նկատե՞լ եք՝ ամեն հաջորդ վարչապետը փոխում է նախորդի քաղաքականությունը, եւ իրականում ոչինչ չի փոխվում:

«Խաղի կանոնները» հիմա էլ են փոխվում: Այսպես է ասել վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ փակ հանդիպման ժամանակ:

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ նիստում ստվերի դեմ պայքարի մասին հնչեցրած հայտարարությանը՝ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շեշտեց, թե ստվերի դեմ պայքարի տեսանելի արդյունքները կլինեն հուլիսի 1-ից հետո. «Սա վերջնաժամկետ չէ, պարզապես սահմանագիծ է գծված, որից այն կողմ պետությունը պետք է իր վերաբերմունքը ցույց տա»:

Արդյո՞ք սա ենթադրում է, որ նախորդ կառավարությունը ստվերի դեմ չէր պայքարում: Կարեն Ճշմարիտյանի կարծիքով, ոչ, պարզապես մինչ այս կառավարության քայլերը ստվերի դեմ պայքարում որոշակի արդյունքներ տվել են, բայց դրանք պետք է ավելի զարգացնել:

Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ պետությունը ցույց կտա իր վերաբերմունքը: Գործարարների կաշի՞ն է քերթելու: Կարեն Ճշմարիտյանը «զարմանում» է մեր կանխատեսումից, բայց պետության քայլերի մասին չի խոսում: Ու թե ինչքա՞ն կկրճատվի ստվերի ծավալը հարցին ի պատասխան նախարարը համառոտեց. ՙԿանխատեսումների մասով թվերի լեզվով խոսելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»:

Հետաքրքիր է, ի՞նչ կլինի, եթե գործարարներից մեկը համարձակվի չընդունել խաղի կանոնները: Կարեն Ճշմարիտյանը նորից զարմանում է՝ երեւի մտքում կասկածելով, որ որեւէ մեկը կունենա այդ քաջությունը: Հետո մտքինը թողած՝ բարձրաձայնում է. «Կարծում եմ, ինքներդ ավելի լավ գիտեք»:

Դե՛, մեր իմացածն էլ կաշի քերթելն էր:

Continue reading

Կուտակային կենսաթոշակի շուրջ. Կամավոր պարտադրվում ես – Երբ պետությունը շարունակելու է վճարել իր մասնաբաժինը՝ «դրական փորձի» վտանգը մնում է… Նորմոդելային վազք – քաղաքացին վազքի մեջ է՝ կլինի 1, թե 10 պատուհան…

Ազգային Ժողովը 67 կողմ, 18 դեմ եւ 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Քննարկումները բուռն էին եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրքերը ավելի չբորբոքելու համար վերջին պահին հարցը դրեց քվեարկության:

Սակայն որոշումը միանշանակ չի ընկալվել, «առաջին հայացքից մենք հետաձգում ենք խնդիրըը, բայց ստեղծում ենք նորը: 6 ամիս հետո սա ձնագնդիի նման հավաքվելու է, այս նեղ մաջալին անհասկանալի է, թե ինչու պետք է բյուջեից 21 միլիարդ հանվի, ո՞ւր է հասնելու տնտեսությունը»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը՝ ով ձեռնպահ է քվեարկել: Ձեռնպահ քվեարկելու մասին հայտարարեցին նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չնայած վերջինը կողմ քվեարկելու տրամադրություն ուներ նախապես: Իսկ ահա «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը դեմ են քվեարկել:

ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում դիմելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ հարց հնչեցրեց. ՙԹախանձագին ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ, չգիտեմ էլ ոնց ասեմ, խնդրեմ, որ պատասխանեք՝ էս ռեֆորմը առաջ եք տանո՞ւմ, կանգա՞ռ եք անում, թե հետ եք գնում: Սա շատ կարեւոր է կոնցեպտուալ իմաստով, քանի որ, Աստված մի արասցե, դժվար լինի ուղղել գործընթացը, երբ աշնանը վերադառնանք այս օրենքին: Ասեք հստակ՝ ի՞նչ եք անում՚: Նաեւ նշեց, որ բյուջեից փոխանցումները շարունակվում են, ֆոնդերը գործում են, ինչը նշանակում է, որ պարտադիր բաղադրիչն ըստ էության գոյություն ունի, ինչին պետք է նորմալ բացատրություն տրվի:

«Այս լուծումը մեզ թույլ է տալու աշխատանքներում քննարկել մեր առաջիկա ներկայացվելիք փաթեթի շրջանակում այն բոլոր խնդիրները, որ կան: Բայց այս պահին չեմ կարող նշել, թե որոնք են այս կամ այն մոդելի առավելությունները կամ թերությունները»,- նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ԱԺ-ում հայտարարեց, թե ճիշտ չէ այն փիլիսոփայությունը, որ մարդ պետք է դիմում գրի եւ հրաժարվի մասնակցել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգին։ «Պետք է դիմում գրվի, որ ցանկանում են մասնակցել, այլ ոչ թե չմասնակցել։ Այս դեպքում ավելի քիչ դիմումներ կգրվեն եւ պրոցեսն ավելի մեղմ կանցնի»,- վստահեցրել է պատգամավորը եւ կոչ արել հոդվածի 3-րդ կետի փիլիսոփայությունը փոխել։ Ըստ նրա, նաեւ պետք է ձեւավորել աշխատանքային խումբ, պատժել մի քանի մեղավորների, որպեսզի ապագայում հավատ ունենանք։ Պետք է կատարվեն համակարգային փոփոխություններ, որպեսզի ոչ թե «Դեմ եմ» շարժումներ լինեն, այլ՝ «Հանուն»:

Continue reading

Արցախի եւ Ղրիմի հարցերը՝ միջազգային զուգահեռներում – Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձեւը…

Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձեւը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին պատմական քվեարկությամբ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂՀ արտգործնախարարությունը հրապարակել է բանաձեւի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաեւ Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, եւ որը 1921թ. անօրինական անջատվել է Հայաստանից Խորհրդային Միության կողմից եւ բռնակցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային-ազատագրական շարժմանը, որը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին՝ ընդդիմանալու բռնապետությանը եւ տեր կանգնելու սեփական իրավունքներին ու ազատություններին՝ նպաստելով ժողովրդավարության տարածմանը միլիոնավոր մարդկանց համար ու խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին եւ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության, ու 1992թ. հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաեւ

Հաշվի առնելով, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության կառուցման գործում, ինչը լավագույնս դրսեւորվել է վերջերս՝ 2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ եւ թափանցիկ:

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը եւ Սենատը համատեղ որոշել են, որ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը սույնով հավանություն է տալիս ու սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ եւ անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին՝ երաշխավորելու համար իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը:

Այնուհետեւ որոշել են, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ Նախագահին եւ Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը եւ նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ռազմավարական կարեւորություն ունեցող այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար ու երկարատեւ լուծմանը:

Այնուհետեւ որոշել են, որ Վեհաժողովի Գլխավոր Քարտուղարը սույն Բանաձեւի պատճենը կփոխանցի Միացյալ Նահանգների նախագահին, Սենատում մեծամասնության ղեկավարին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին եւ Կալիֆորնիա նահանգի պետական քարտուղարին։

* * *

Արցախի անկախության ճանաչումը այլեւս հավակնում է դառնալ միջազգային օրակարգի հարց: Կալիֆորնիայի խորհրդարանը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով) ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող պատմական բանաձեւ: Ամերիկահայերը եւ աշխարհասփյուռ շատ հայեր ողջունել են այդ խիզախ եւ հիմնարար քայլը եւ նշել, որ սա ամերիկահայության ու Կալիֆորնիայի քաղաքացիական հասարակության տքնաջան աշխատանքի արդյունք է: Առանձնակի շնորհակալություն են հայտնել խորհրդարանի անդամներ Մայք Կաթոյին, Աթրին Նազարյանին, Քաջո Աշաճյանին եւ խորհրդարանի նախագահ Ջոն Փերեզին, ովքեր ղեկավարել են այս դրական արդյունքին հասնելու աշխատանքները:

Խոսքը AJR 32 օրինագծի մասին է, որը մայիսի 5-ին հավանության էր արժանացել խորհրդարանի կանոնադրական հանձնաժողովի կողմից: Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախության կայացմանը: Այս որոշումը պատմական է ԱՄՆ ամենամեծ նահանգի համար: Բանաձեւի ընդունումը հաղթանակ է նաեւ հայության համար, Արցախի բնակչության եւ ինքնորոշման պայքար տանող բոլոր ժողովուրդների համար, քանի որ Կալիֆորնիայի եւ Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 2014թ. սկզբին Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես անկախ ու ինքնիշխան պետություն: Իսկ 2013թ. աշնանը Արցախի անկախությունը ճանաչեց նույն նահանգի Հայլենդ քաղաքը, Կալիֆորնիան ԱՄՆ-ի 5-րդ նահանգն է, որ ճանաչեց Արցախի անկախությունը: Հիշեցնենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի Օրենսդրական խորհուրդը, Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանը, Մեյն նահանգի օրենսդիր մարմինը, ԱՄՆ Լուիզիանա նահանգը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը:

Continue reading

Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – «Հայկական որակ»-ը իրապես լուրջ խոսք կարող է ասել…«Ընդդեմ Մոսվայի» շարքը համալրվում է… Գործի՛ր՝ հայեցակարգ գրելու փոխարեն…

Սկիզբը՝ թիվ 12-15-ում

Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – »Հայկական որակ»-ը իրապես լուրջ խոսք կարող է ասել… «թուրքական որակ»-ին մենք կարո՜ղ ենք հակադրել «հայկական որակ»-ը, եթե պետությունը բռնի մասնավորի ձեռքը…

Թուրքիան արդեն 9 տարի «Turk Quality» (թուրքական որակ) քաղաքականությունն է տանում ամբողջ աշխարհում:

Ի՞նչ է սա նշանակում: Նախ՝ ընդհանրապես ոլորտի արտահանումը Թուրքիայում 2011թ. կազմել է 7.9 մլրդ դոլար: Ներկայում ոլորտում գործում են շուրջ 7,500 արտադրողներ, որոնց գերակշիռ մասի արտադրությունն ունի արտահանման ուղղվածություն: Արտադրությունները հիմնականում զինված են ժամանակակից մեքենա-սարքավորումներով: Եթե մինչեւ 2000-ականները արտադրանքի գերակշիռ մասը ցածրարժեք տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրատեսակներն էին, ապա 2000-ականներից սկսած Թուրքիան շարունակաբար մեծացնում է համեմատաբար բարձր ավելացված արժեք ունեցող հագուստի արտահանումը Եվրոպա եւ այլ շուկաներ:

Այս 9 տարիներին ներգրավված եւ «թուրքական որակ» նշումը սեփական լոգոյի հետ օգտագործող տեղական բրենդերին պետությունը տրամադրում է պետական հավելյալ ֆինանսական օժանդակություն: Խոսքը 300-500 հազ դոլարի մասին է, որ իբրեւ օգնություն տրվում է, ասենք, ձեւավորման համար:

Երբ հայկական ժամագործության, ոսկեգործության ոլորտների զարգացման խնդիրներն էինք քննարկում, եզրակացությունը մեկն էր. մենք աշխարհին ծավալի առումով ասելիք չունենք, մեր խոսքը պետք է որակական լինի՝ բարձր գնային միջակայքում. ուրույն ձեռագրի համար վճարունակ սպառող աշխարհում միշտ էլ գտնվում է: Նաեւ՝ նորաձեւության միջազգային տարբեր փորձագետներ վկայում են, որ վճարունակ սպառողները պատրաստ են վճարել այն միակի, անկրկնելիի, նորույթի համար, իրավամբ՝ նորույթի, քանզի միջազգային համընդհանրացումը հոգնեցրել է բոլորին:

Դրա համար էլ աշխարհահռչակ շատ ընկերություններ հսկայածավալ գումարներ են ծախսում դիզայնի՝ նորույթի համար: Դա է գումար ապահովում:

Դրա համար էլ Թուրքիան արդեն տարիներ շարունակ տանում է «թուրքական որակ»-ի քաղաքականությունը:

Իմ դիտարկումներով՝ դեռ չի հաջողել, բայց չի նշանակում, որ չի հաջողի: Պարզապես դեռ էժան ու միջին գնային հատվածի «կարիքներն» է հոգում:

Զուգահեռաբար՝ «հայկական որակ»-ը լուրջ խոսք կարող է ասել: Ես դրանում բազմիցս համոզվել եմ ցուցահանդեսների ժամանակ, երբ մեր արտադրանքով հիացել են անգամ Հնդկաստանի ոլորտային ներկայացուցիչները: Այն Հնդկաստանի, որի ոլորտի արտադրությունը ներառող ԱՏԳ-ները յուրաքանչյուրն ունեն մի քանի հարյուր հա տարածք, հարկային ու մաքսային արտոնություններ, շատ մատչելի աշխատուժ, հսկայական միջոցներ, եւ որի ազատ տնտեսական գոտիներում բուն արտադրական ենթակառուցվածքներից զատ առկա է նաեւ օժանդակ ծառայությունների լայն տեսականի՝ hումքի մատակարարում, արտադրանքի վերամշակման, ֆինանսական, բեռնափոխադրման, ապահովագրական, աշխատուժի հավաքագրման ու վերապատրաստման եւ այլ ծառայություններ:

Այլ կերպ՝ ոլորտի զարգացման համար ստեղծված են բոլոր պայմանները:

Այո, մենք խնդիրներ ունենք, բազում խնդիրներ՝ տրանսպորտայինից, ֆինանսական միջոցներից սկսած, «հայկական որակ»-ը ճանաչեցնել տալուց վերջացրած, ամեն ինչի խնդիր՝ ձեւավորման, հումքի, պատվերների, արտապատվերների, սեփական մտահղացումների: Բայց խնդիրները լուծելի են, եթե կա նպատակը՝ արտադրելու, իրացնելու, միջազգային շուկայում հաստատվելու, սեփական խոսքն ասելու:

Հատկապես վերջինս է կարեւորվում, քանզի ծավալով մենք աշխարհին զարմացնել չենք կարող: Դա վաղուց ուրիշներն են անում:

Եվ իբրեւ ամփոփում մեր այս հոդվածաշարի:

Continue reading

Մեր ավանդապատումները շարքից – Գեղարքունիքի մարզ… Հայկական խոհանոց – Ձկնապուր… Տեղադրե՛ք ձեր գովազդը – www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Մեր ավանդապատումները – Գեղարքունիք

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-15-ում

Գեղարքունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով եւ այլն: Ներկայացնենք դրանցից մի քանիսի, ինչպես նաեւ որոշ գյուղերի ավանդապատումներից՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:

Վոթոյի բուն – Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս է: Այս քարայրում ապրել է Վոթո՝ Վարդան անունով մի ավազակ: Նա մարդկանց վնաս չի հասցրել, փախել է իշխանությունից ու օրենքից: Քարայրի ներսը, քարի վրա հրացանաձեւ բնական մի երկարուկ փոս կա: Ասում են, թե դա Վոթոյի հրացանի տեղն է: Այսօր էլ այդ քարայրը կոչվում է Վոթոյի բուն:

Վարդենիկի աղբյուր – Մարտունու Վարդենիկ գյուղի մոտ է: Այս աղբյուրի ջրի մասին ասում են, թե ունի հրաշալի զորություն, ով  լվացվում է եւ խմում այդ ջրից, մազերը ոսկեզօծվում են եւ փակվում աբրեշումի պես: Օրգանիզմում քար ունեցողներն էլ խմում են այս աղբյուրի ջրից, որից հետո քարը մաշվում ու ընկնում է:

Ծակ քար – Մարտունու շրջանում է: Այստեղ կա մի սառնորակ, առատահոս աղբյուր, որի ջուրը ձմռանը չի սառչում եւ որը յոթ ջրաղաց է աշխատեցնում: Այդ աղբյուրը ճանապարհ է բացել հետզհետե ծակելով մոտակա ապառաժ քարը, որից գյուղն ստացել է Ծակքար անունը:

Վարսեր – Սեւանի շրջանում է: Մի աղջիկ մոտակա գետն ընկնելով խեղդվել է: Ջուրը տարել է նրա դիակը: Գետի երեսին փռվել են խեղդված աղջկա մազերը: Տեսնողները ձայն են տվել իրար. «Վարսե՛րը, վարսե՛րը»: Դրանից հետո գյուղի անունը դրել են Վարսեր (նախկին անունը՝ Չըռչըռ):

Վարդենիսի բերդ – Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի մոտ է: Այստեղ ապրել է Վարդենիս անունով մի գեղեցիկ աղջիկ: Շատերն են ուզեցել տիրանալ նրան, բայց նա սիրել է միայն Վարդին: Երբ Վարդենիսն իմանում է, որ Վարդը զոհվել է թշնամու դեմ մղված անհավասար կռվում, հայտնվում է բերդի պարիսպների վրա եւ սկսում է նետահարել թշնամուն: Պարսից արքայազնը խոստանում է Վարդենիսին դարձնել իրենց աշխարհի տիկնաց տիկինը, եթե նա համաձայնի իր կինը դառնալ: Վարդենիսը մերժում է նրա առաջարկը եւ շարունակում  կռվել պարսից զորքի դեմ: Երբ կտրվում է նրա հույսը, բերդի աշտարակից իրեն ձորն է նետում եւ ինքնասպան լինում: Դրանից հետո բերդի անունը դնում են Վարդենիսի բերդ:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

* * *

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Ձկնապուր

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ… Հաղթեցին հայ վետերանները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ

Հրավիրված մամուլի ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց իր մարզիկին թույլ տալ մրցել ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Պատճառը 1915թ. Ցեղասպանության (նաեւ քեսաբահայության սատարման) պաստառով հանդես գալն էր: Այդ մենամարտը Թուրքիայում պետք է ցուցադրվեր ուղիղ եթերով. «Եթե պաստառը չլինի՝ համաձայն ենք»,- հայտարարել է թուրք մարզիկի մարզիչ Հասան Գյանջբեյը. «Դուք զբաղվում եք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երեւույթի քարոզչությամբ»: Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող եք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915թ. Ցեղասպանություն չի եղել եւ կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»: Կողմերը համաձայնության չեն եկել, եւ մարտը հետաձգվել է: Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը՝ Օլեգ Աֆանեսեւը:

Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ նրանց դրոշի ներքո:

Հայաստանը ուժերը կչափի Ադրբեջանի հետ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանի մայրաքաղաքում կմասնակցի երեկ մեկնարկած աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունը: Վիճակահանությամբ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ադրբեջանի, Իրանի, Հարավային Կորեայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: A խմբում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի թիմերը: Մեր հավաքականը Թեհրանում հանդես կգա երիտասարդական կազմով՝ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Նարեկ Խաչատրյանը (59կգ քաշային կարգ), Գեւորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (85 կգ), Մովսես Ադամյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):

Վերջին փուլի բոլոր հանդիպումները կկայանան նույն օրն ու նույն ժամին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 18-ին նշանակված 26-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին: Մայիսի 18-ին նախատեսված «Ալաշկերտ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

Հայաստանի վետերանները հաղթեցին լատվիացիներին

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հետ կայացած հանդիպումը Հայաստանի վետերաններն իրենց օգտին գրանցեցին 3:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը եւ Լեւոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին եւ Արմեն Ղասաբօղլյանը:

Հայաստանի վետերանները հաղթեցին նաեւ 2-րդ խաղում, այս անգամ 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Բաբկեն Մելիքյանը, Կարեն Սիմոնյանը, 2 անգամ՝ Արամ Վարդանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին, Արմեն Ղասաբօղլյանը եւ Դոլինսկին:

Շախմատի օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է

2014 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է։ Դա հաստատել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը:

Continue reading

Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական Արարիչ Բռունցքը – Միջազգային գաղտնի ուժերին՝ Համազգային դիմակայություն…

«Աշխարհի վերաձեւումը պետք է ընթանա միայն Բնակարգով»,- հատվածներ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի խորհրդակցական նիստում ներկայացված ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ խորհրդի համակարգող Արմեն Ավետիսյանի զեկույցից (ՀԱՄ լրատվական կենտրոն):

*/Լրացված տարբերակ/

……………………………….

ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների համատեղ հայտարարությունը. «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» կներկայացվի մոտ օրերս, որում մասնավորապես կարծարծվեն հայ արիականների ու ազգայնականների դիրքորոշումները ռուսուկրաինական եւ ռուսարեւմտյան հակամարտությունների, հայ-ռուսական եւ հայարեւմտյան հետագա հարաբերությունների, Արցախի խնդրի եւ հայթուրք-ադրբեջանական հակասությունների, Հայկական բարձրավանդակում Միացյալ Հայաստանի վերաստեղծման եւ Մերձավորարեւելյան ու Կովկասյան թեմաներին առնչվող այլ հարցերի մասին:

Մենք, որպես հայ ազգայնականներ եւ արիադավան-հեթանոսական հավատի հետեւորդներ, կոչ ենք անում մեր համազգային ու համամարդկային պայքարին միանալու… Այսօր եւ առմիշտ արդիական է Համաարիական Համաշխարհային Դաշինքի ձեւավորումը, որը կծավալվի Մարդկության Կենաց (Կյանքի) Գոտու  տարածքով: Այս տարածքը ներկայիս աշխարհա-քաղաքական ձեւակերպմամբ եվրասիական ճանապարհն է՝ ասիական Հիմալայներից մինչեւ եվրոպական Ալպեր, որի կապող օղակն ու կենտրոնը՝ համաարիական խաչմերուկը Հայկական Լեռնաշխարհն է… Այլ փրկություն չկա: Չարը այսօր գործում է ազգակուլ եւ մարդակուլ հնարովի օրենքներով եւ Արարչածին եւ Աստվածազարմ ՄԱՐԴ (եռահամակարգ՝ մարմին-միտք-հոգի) տեսակի գոյատեւման ու հարատեւման համար պետք է վերագործարկել Մոլորակի Կենաց Գոտին…

֊ ֊ ֊

Միջազգային գաղտնի ուժերին՝ Համազգային դիմակայություն

…Վերջին տարիներին Արեւելյան Եվրոպայի մասնատումներն եւ նոր պետությունների առաջացումը, արաբական երկրներում իրականացված պետական հեղաշրջումները, մերձավորարեւելյան եւ կովկասյան տարածաշրջաններում միտումնավոր անլուծելի դարձրած հակամարտությունները, այս ամենին նախորդած ռազմական միջամտություններն ու պատերազմական գործողությունները, այսօր էլ ռուս-բելառուսա-ուկրաինական սլավոնական դաշինքի վերջնական ջախջախումը հավաստում են, որ չարորակ ուռուցքի ձեւ ստացած աշխարհը շարունակում է ենթարկվել կամայական վերաձեւումների ու վերաբաժանումների: Սա պարբերաբար ընթացող գործընթաց է, ինչը հիմնականում համաշխարհային մեկ կենտրոնից է իրականացվում՝ միաբեւեռ աշխարհն իր ստրկացնող, անբարոյականացնող, հոգեխեղող ու ոչնչացնող կարգերով պահպանելու համար:

Continue reading

Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին – Վանատուր Աստծո տոնը՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին…

Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ:

Սա հայ արիականներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային, հայի երկիրն ու հայի Աստվածներին

Հայ արիականները Վանատուր Աստծո տոնը նշեցին մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնածմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական ծեսը կատարեցին քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:

Հայ արիները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 15-ի (320) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223

1. Գուցե Միկոյանը Սպանդարյանի հե՞տ հալածի Նժդեհին – «Ինչպիսին չպետք է լինել» անունով պուրակ է ուզու՞մ Երեւանի «ցեղակրոն» քաղաքապետը…

2. Ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագան – Գրեթե բան չփոխվեց, իսկ ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ…

3. Երբ տոնը խորհրդավոր է, խորհուրդն էլ տիեզերահաս իմաստ ունի – Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ անդավաճան էին հավատավորները…

4. Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր… Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են – ՀԱՄ գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք…

5. Միակուսակցակա՞ն կառավարում, թե՞ քաղաքական դաշինք – Եթե Հայաստանի ու հայության ապագայի մասին իսկապես մտածելու են օրվա կառավարիչները, ապա միայն կտրուկ փոփոխությունները կտան արդյունքներ…

6. Բաց նամակների հրապարակախոսական բնույթը.- Երբ ձայնը իրավազուրկ է իրավունքն էլ՝ ձայնազուրկ… Կրկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը, մարդկանց չիպավորումը եւ Ազգային Սահմանադրության նախագիծը…

http://www.hayary.org/wph/?p=4080 – ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից)…

http://www.hayary.org/wph/?p=4083Հակասահմանադրական նույնականացման քարտեր – Ակնկալում ենք, որ մեր նամակը կարժանանա ոչ միայն իրավական պատասխանի, այլեւ՝ աշխարհաքաղաքական (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պատճեները` վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին)…

http://www.hayary.org/wph/?p=4053Սահմանադրությունը Ազգի Անձնագիրն է – Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ Հայկական Արժեհամակարգով պետք է կանոնակարգվի – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (Ազգայնական  նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն).- Հայ Արիական ՄիաբանությունԵրեւան-2014թ.), 1-ին մաս)…

http://www.hayary.org/wph/?p=4071 – Նոր Սահմանադրություն՝ առանց Հանրա(յին)պետության… Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ Հայկական Ազգային Պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (2-րդ մաս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին)…

7. Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի՞ մոռացվել – Չնայած՝ ունենք վարչապետ եւ կառավարություն, ԱԺ նախագահ եւ տարօրինակ վարքագծով ընդդիմադիրներ…

8. Ցավոտ կետեր.- «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Իսկ «Թուրքական որակ»-ն ուզում են բրենդ դարձնել… Թուրքիայի անվտանագության ռազմավարության համաձայն՝ Հայաստանը թշնամի երկիր է հռչակված…

9. Մեր ավանդապատումները – Տավուշ… Գիշերն այցելեք թանգարաններ… Պարգեւներ` պարի միջազգային օրվա առիթով… Կաննի կինոփառատոնում՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը…

10. Աշխարհի մարզական հեւքից – Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք… «Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր… «Արարատ»-ը կորցրեց առաջատարի դիրքը… Աշխարհի չեմպիոն՝ մեկ ձեռքով… Աշխարհի չեմպիոնը լքում է Հայաստանը…

11. Հայկական խոհանոց – Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ եւ Մածնաշոռ… Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Գուցե Միկոյանը Սպանդարյանի հե՞տ հալածի Նժդեհին – «Ինչպիսին չպետք է լինել» անունով պուրակ է ուզու՞մ Երեւանի «ցեղակրոն» քաղաքապետը…

Երբ պետական պաշտոնյա կոչվածն իր տեղում չէ, դա փչացնում՝ բարդացնում է մեր անձնական կյանքը: Երբ այդ նույն պաշտոնյան նաեւ հայոց պատմությունից եւ ազգային մտածողությունից է հեռու, դա արդեն կործանում է մեր ազգային կյանքը:

Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առիթ տվեցին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է մեծարել հայ բոլշեւիկներին: Երեւի ամեն մեկը յուրովի է ողջունում Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը, եւ ահա քաղաքապետը որոշել է հիշել նախկին ԽՍՀՄ-ը: Իսկ այդ խորհրդային կոչված երկիրը առավելապես հայակուլ գտնվեց, քանի որ ամենատուժած ազգը թերեւս հայն է, որ շուրջ 200 ազգ-հանրույթների (ինչ ցեղախմբեր ասես՝ ազգի վերածվեցին) հետ ապրել է ԽՍՀՄ-ում: Դե իհարկե, եթե չհաշվենք այն 100 ազգ-հանրույթներին, որ վերացան (մոտ 50 տարում 200-ից մնաց 100-ը)՝ ձուլվելով, 15 «եղբայրական» հանրապետություններից (որոնց մեծ մասը արհեստական ստեղծվեց՝ առանց պատմական հիմքի) միայն Հայաստանն է կորցրել տարածքներ (հարյուր հազարավոր հայերի կորստի մասին էլ չասենք), որոնք նվիրվել են «եղբայրական» Վրաստանին ու Ադրբեջանին, ինչին նաեւ Ստալինի հայ բոլշեւիկ եղբայրներն են մասնակցել…

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկել է միանգամից հայ ժողովրդի կյանքում բացասական դեր խաղացած մարդկանց արձանախմբային պուրակ ունենալ… «Հիմա մտածում եմ, որ թերեւս իմաստ ունի դա ունենալ՝ «Ինչպիսին չպետք է լինել» անունով: Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են: Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ թե հայերից են, թե՝ «ուրիշներից», թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ՝ խառը հայ կամ հույն, բյուզանդացի: Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչեւ առնվազն 50 տարի առաջ մահացածները (50 տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ): Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել, կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն, հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը»:

Continue reading

Ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագան – Գրեթե բան չփոխվեց, իսկ ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ…

Կառավարության կազմի հրապարակումը հավաստեց, որ իշխանական վերնախավը պատրաստ չէ փոփոխությունների: Չնայած մինչեւ ամբողջական կազմի հրապարակումը, արդեն դժգոհություններ եղան որոշ նախարարների կրկին նշանակման առումով: «ՀՀ քաղաքական դաշտում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել»,- համոզված է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Ըստ նրա, երբ որեւէ երկրում քաղաքական դեմքերի փոփոխություն է արվում, նպատակը երկրի վիճակը բարելավելն է, մինչդեռ մեզ մոտ դրանք ավելի են խորացնելու ճգնաժամը. «Տեղի է ունեցել ընդամենը տեղաշարժ, ինչը ավելի վատ հետեւանքներ կունենա, քան եթե փոփոխություններ չարվեին»:

Եթե Հասմիկ Պողոսյանը, Արմեն Աշոտյանը մնում են նախարարներ, ոչ մի փոփոխություն չի կարող լինել: Սրանով Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուզում է ասել, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում ժողովուրդը կառավարության ու իր գործունեության մասին.- ասել է քաղաքագետը, ում կարծիքով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը 4 ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունք էր, եւ քառյակի հետագա քայլերը պիտի լինեն ավելի կոշտ. «Սերժ Սարգսյանը չսպասեց ապրիլի 28-ին, հասկանում էր, որ հասունանալու էր իր հրաժարականի պահանջը: Բայց եւ ոչ մի փոփոխություն չարվեց»:

Ըստ մեր տեղեկատվության աղբյուրի, իշխող կուսակցությունում մեծ է եղել 2 կին նախարարներին փոխելու ցանկությունը, սակայն իգական սեռի այլ թեկնածու չեն գտել՝ նախարարական պորտֆել վստահելու համար (ա՛յ քեզ բան), ուստի կանանց ներկայությունը կառավարության կազմում ապահվելու անհրաժեշտությունից դրդված նրանք շարունակելու են պաշտոնավարել:

Չնայած քաղաքագետը փոփոխությունների հույսը կապում է քառյակի հետ, բայց ինչպես նախկինում, այսօր էլ ապացուցվեց, որ այդ քառյակ ասածն ընդամենը իշխանության գալու «ընդդիմադիր» միջոց է: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ակտիվ բանակցեցին իշխանական կոալիցիա վերադառնալու շուրջ եւ անգամ պայմաններ էին առաջարկում: Մինչդեռ ՕԵԿ-ի՝ իշխանությունից հերթական անգամ հեռանալուց եւ մյուսների նման հերթական անգամ ընդդիմություն դառնալուց հետո ոմանք խոսում էին քառյակի՝ հնգյակ դառնալու մասին: Բայց այսօր ՀԱԿ-ը հայտնում է քառյակի՝ եռյակ դառնալու հեռանկարի մասին, քանզի այլեւս չի պատրաստվում համագործակցել գործող իշխանության մոտ փնտրտուքների մեկնած ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Իսկ «Ժառանգություն»-ն էլ պնդում է, թե քառյակ երբեւեէ չի եղել, այլ եղել է 4 տարբեր ուժերի համագործակցության փորձ…

Continue reading

Երբ տոնը խորհրդավոր է, խորհուրդն էլ տիեզերահաս իմաստ ունի – Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ անդավաճան էին հավատավորները…

Արիադավան հայերն ի սկզբանե արժեւորել ու նպատակայնորեն են նշել ազգային տոները, նույն ոգով էլ կատարել են ծեսերն ու տարաբնույթ արարողությունները: Խորհուրդներն իրենց հաստատուն տեղն են ունեցել եւ ունեն արիադավան հայերի կեցակարգում եւ կյանքում առհասրակ: Դրանք առավելապես տիեզերաիմաստ են եւ հավիտենարժեք, քանզի խորհրդանշում են երկնի ու երկրի խորհրդավոր կապը, նաեւ՝ Աստվածների ու մարդկանց առնչությունները:

Տոների խորհուրդը եւս իմաստավորված է, եւ ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նկարագրել. «Հայոց տոները նշվում են Բնակարգին համապատասխան, դառնալով Տիեզերահասության խթանիչ, Աստվածատեսության միջոց եւ Տիեզերասնուցման միջնորդ… Տոնական օրերին գենետիկ-ծինաբանական ընկալումներն արթնանում են վերից-վար եւ հակառակ ուղղությամբ, իսկ ազդակները գործում են բաց եւ ուղղակի… Անգամ հնարավոր է դառնում լսել ու նկատել անտեսանելին, խոսել Աստվածների հետ, ընկալել Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը, ակնդրել եւ ունկնդրել Տիեզերքը…»:

Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ զորավոր ու անդավաճան էին հավատավորները:

Իհարկե, այլ բնույթ ունեն այսօրվա տոները, որ պետական կամ եկեղեցական են կոչվում: Այլ բնույթ ունեն, քանզի անգամ ազգային հռչակվելով, զուրկ են բնական ու իրապես ծիսական արարողակարգից, անգամ ազգային ավանդական պատկերացումներից: Հայ արիները վաղուց են փորձում այսօրվա պետական տոներին հաղորդել ազգային ծիսակարգ, որպեսզի օրը ճիշտ ու նպատակային «աշխատի» հայության համար:

Դիցուկ՝ շատերն են հրաժարվում մարտի 8-ի տոնից՝ պատճառաբանելով դրա ոչ հայկական եւ անգամ հակահայկական «ծագումը»… Սակայն մեր երկրում պետականորեն միամսյակ է հայտարարվել ու մարտի 8-ից ապրիլի 7-ը նշվում է հանդիսություններով: Արդեն մի քանի տարի է հայ արիները մասնակցում են այս միամսյակին՝ հասկանալով, որ մարդկանց մեծ մասը նշում է եւ այսպես, թե այնպես այդ ազդակները հասնում են երկնքի դարպասներին… Ուրեմն՝ պետք է կանանց ու մայրության տոնը, մեր մաղթանքները լսելի դարձնել մեր Աստվածներին եւ դրական ու բարի ազդակներ «իջեցնել» հայ իգական սեռի համար: Հայ արիները արդեն քանի տարի է այդ օրերին արձագանքում են այսպես. «Շնորհավո՛ր տոնդ, հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր, որ արարչածին եք ու աստվածազարմ… Բարեմաղթանքներ հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ»: Բայց այս 1 ամիսը չէ, որ իրապես արժեւորում է հայ մորը, կնոջը, մաքրարյուն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի, կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր, քանզի հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերադիր կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է… Հայ իգական սեռն ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…

Եվ պետականորեն բացառապես ուտել-խմելու վերածած այդ միամսյակին հայ արիները դեպի Տիեզերք են ուղղում իրենց խոսքը, որպեսզի հայուհին դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Continue reading

Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր… Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են – ՀԱՄ գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք…

Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս նշվում է այս օրը, որը սահմանվել է 1993թ. ՄԱԿ-ի կողմից: Արդեն 21 տարի է նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:

Շատերի կարծիքով՝ հայաստանյան մամուլի մի մասը վերահսկվում է դրսից, ֆինանսավորման աղբյուներն օտար են, ինչը զրկում է լրատվամիջոցների այդ մասին իրական տեղեկություն կամ վերլուծություն հաղորդելու հնարավորությունից: Մի մասն էլ քաղաքական բեւեռացումների մեջ է, պատվերների տակ, եւ դրանց մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից: Սփյուռքահայ մամուլն առավել եւս կուսակցականացված է, ինչը արգելակում է անաչառ լրատվության իրականացումը:

Ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը հրապարակեց ՙՄամուլի ազատություն-2014՚ զեկույցը, որտեղ վարկանիշային աղյուսակում Հայաստանը դասակարգված է ՙոչ ազատ՚ բաժնում:

Այս տարվա զեկույցում ստացած 62 միավորը 1 կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից:

Իսկ ըստ Gallup-ի՝ ՀՀ-ում մամուլի ազատության մասին պատկերացումները լավացել են: 132 երկրներում 2013թ. անցկացված հարցախույզի արդյունքներով՝ 63%-ն է ասել, որ մամուլն իրենց երկրում ազատ է, եւ 26%-ը՝ որ ազատ չէ:

Մեր երկրում մամուլի ազատության պատկերացումները նախորդ տարիների համեմատությամբ լավացել են. փաստացի 2010թ. ի վեր առաջին անգամն է, որ հարցման ընթացքում ՀՀ-ում լրատվամիջոցների գործունեությունն ազատ որակողներն ավելի շատ են եղել, քան ոչ ազատ համարողները, թեեւ տարբերությունը մեծ չէ՝ միայն 1%:

ՙԱրդյոք բավականաչափ ազա՞տ է ձեր երկրում մամուլը՚ հարցին, ՀՀ-ում 44%-ը դրական պատասխան է տվել, 43%-ը՝ բացասական: Առաջին անգամն է, որ Հայաստանը տեղ չի զբաղեցրել մամուլի ազատության առումով ամենաշատ բացասական պատասխանները տված երկրների տասնյակում:

* * *

Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը:

Continue reading

Միակուսակցակա՞ն կառավարում, թե՞ քաղաքական դաշինք – Եթե Հայաստանի ու հայության ապագայի մասին իսկապես մտածելու են օրվա կառավարիչները, ապա միայն կտրուկ փոփոխությունները կտան արդյունքներ…

Երկրի նախկին վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառներն ավելի շատ գտնվում էին ներքաղաքական դաշտում եւ կային մի քանի պատճառներ, որոնցով նախորդ կառավարությունը չէր կարող շարունակել իր գործունեությունը. այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Նա առանձնացրել է վարչապետի հրաժարականից հետո որոշ հնարավոր տարբերակներ, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն եւ ընդդիմությունը, դրանք շատ նման են այն տարբերակներին, որ հնարավոր էր համարել նաեւ մեր թերթը՝ 1. հիմնական դերակատարող ուժի շրջանակում կարող էր ձեւավորվել իրապես նոր կառավարություն, 2. կարող էր նոր նվազագույն կոալիցիա ձեւավորվել որոշ ընդդիմադիր ուժերի հետ կամ նվազագույն հին կոալիցիան կպահպանվեր, 3. կարող էր լայն կոալիցիայի ձեւավորման հարց դրվել, փորձել ձեւավորել այդ քաղաքական դաշինքը խորհրդարանական ուժերի հետ:

«Լուսանցք»-ը, այնուամենայնիվ, մեկ այլ տարբերակ էլ էր ենթադրել, որը դեռ կարող է իրականություն դառնալ. 4. Հնարավոր 3 տարբերակների տապալման դեպքում՝ կարող է նոր կոալիցիա ձեւավորվել արտախորհրդարանական ուժերի հետ:

Այս տարբերակի մերժումն էլ արդեն կարող է արդիական դարձնել օրերս հնչած այն հարցը, թե ՀՀԿ-ն կդառնա՞ Կոմունիստական կուսակցություն: Եվ արդյո՞ք միակուսակցական ղեկավարումը կարող է հանգեցնել քաղաքական, իրավական կամ սոցիալ-տնտեսական բարեփոխումների:

Continue reading

Բաց նամակների հրապարակախոսական բնույթը.- Երբ ձայնը իրավազուրկ է իրավունքն էլ՝ ձայնազուրկ… Կրկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը, մարդկանց չիպավորումը եւ Ազգային Սահմանադրության նախագիծը…

Միշտ մտածել եմ անդրադառնալ հրապարակախոսության ոլորտին, ինչն ազդեցիկ ուղղություն է մեր կյանքում եւ ունի ներգործելու հզոր լծակներ: Սակայն այս ոլորտը բազմաճյուղ է եւ գնահատելու նույն սանդղակը չի կարող լիարժեք գործել բոլոր ճյուղերի համար: Սույն հոդվածում եւս զերծ կմնամ համընդհանուր գնահատականներից, պարզապես մեր գործընկերների, հայ արիների բաց նամակների ներկայացմամբ, թերեւս կկարեւորեմ հրապարակախոսության այս ոճի գոյությունը: Հենց բաց նամակների ձեւը նկատի ունենալով էլ ընտրել եմ հոդվածի վերնագիրը:

Կարծում էի մայիսյան հանգստյան օրերի ընթացքում համեմատաբար եւ համընդհանուր զինադադար կլինի, սակայն այդպես չեղավ, չնայած այդ օրերին հիմնականում ազատ էր նաեւ մամուլը: Թերեւս այս դեպքում ավելի ակնհայտ երեւաց հրապարակախոսության բաց նամակների ձեւի կիրառելիությունը: Երբ ընդհանուր թոհուբոհից հեռու, որոշակի դադարի պայմաններում, ուղղակի հղումներով վեր են հանվում որոշակի հարցեր, հղված որոշակի անձանց, ուղղված որոշակի մարդկանց կամ նրանց գործունեության դեմ:

Ամեն բան առավել քան հստակ է բաց նամակների դեպքում, որովհետեւ դրանք նպատակային են հրապարակվում եւ ներկայացնում են որոշակի խնդիրներ, դրանց պատճառներն ու հետեւանքները, անգամ լուծումներ են առաջարկվում:

Առաջին բաց նամակը, որ կներկայացնեմ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից է՝ հղված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այստեղ մի քանի խնդիր է արծարծվել: 1-ինը եւ ամենակարեւորը՝ նորացված կառավարության կազմում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման հարցն է: «Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը, ում կերպարը մշակույթի ու մտավորականության լայն շրջանակներում միանշանակ ընկալվում է հակամշակութային, իսկ մեզ համար՝ նաեւ հակազգային: Այս տիկնոջ պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական մշակութային ու ազգային շատ արժեքներ միջազգայնորեն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, «դարձան» թուրքական, ադրբեջանական, վրացական կամ իրանական (ոչ թե՝ պարսկական): Իսկ պատասխան չկա, ցավոք, չկա նաեւ պատասխանատու»: ՀԱՄ առաջնորդը հիշեցրել է, որ ինքը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այն ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու սրբապիղծ քայլը կանխելու համար: Եվ հենց Արմեն Ավետիսյանն էլ պարզաբանում է, թե ինչու է ընտրել բաց նամակի ոճը. «Հաճախ ենք դիմում բաց նամակի ձեւին, քանզի վստահ չենք, թե բոլոր նամակներն ու հայտարարություններն են զեկուցվում երկրի բարձրաստիճան անձանց: Չգիտեմ, Ձեզ զեկուցե՞լ են նշածս նամակի մասին, թե՝ ոչ, որն ուղարկել էինք արդեն «Լուսանցք» շաբաթաթերթում հրապարակած: Չգիտեմ նաեւ՝ այժմ կզեկուցե՞ն, թե՝ ոչ: Չգիտեմ, քանի որ որոշ նամակների, այդ թվում՝ մեր տաճարի տարածքում սրճարանի կառուցման հարցով գրավոր պատասխաններ չեն եղել: Ուստի՝ այս դիմումս եւս կդառնա բաց նամակ»:

Continue reading