Ա Ր Ի Ա Կ Ա Ն

Ա Ր Ի Ա Կ Ա Ն

Այստե’ղ է ձեր պերճ օրրանը,
Լոյս Արիների փարոս ոստանը,
Մեր քարաշխարհը՝ Սուրբ Հայաստանը.
Բարքերի հիմքերն այստեղ են դրուել,
Աստղայինգրքերն այստեղ են գրուել,
Այս քարաշխարհը՝ մեր չորս Հայքերը
Ձեր նախնիների սուրբ մասունքները՝
Այստեղ են հանգչում,
Ձեր թոթովանքը՝ պատկեր գրերը՝
Այստեղ պահպանւում.
Ձեր իմաստութիւն կեանք է պարգեւել,
Ձեզ օրօրել, սուրբ կաթ է տուել
Մեր քարաշխարհը,
Բերանից հացի պատառն է տուել,
Իմաստութիւնը՝ ձեր լոյս աչքերում:
Արիական փառքի մարտակառքերը՝
Սլացան անծայրածիր հեռաստաններ,
Եւ բիւր՝ հազարամեայ մեր գանձերը
Շռայլօրէն տարաք աշխարհներ,
Թողաց Հայոց լեռների զով հովերը
Հայկայ Պարի թաւիշը, մով լանջերը,
Գետերի մայր՝ Արաքսի բերրի ափերը,
Գնացիք ու տարաք սէ՜ր, կարօտնե՜ր,
Ժպիտով ձեր արեւոտ կախարդեցիք աշխարհներ,
Ձեր նայիրեան աշխարհի արեւաբոյրը,
Ծաղկունքը տարաք, բուրմունքը, վարդերը
Հայքերու աշխարհի երկնի լազուրը,
Ձեր աչքերում տարաք մեր սէրը, յոյզերը:
Օ՜, ուրախ ենք որ դուք եղել էք, կա’ք,
Թէկուզ հեռու աշխարհներում ու այժմ անհաս.
Մեր հոգու կարօտների թեւերով
Ձեզ ենք դիմում արեան կանչով, հաւատով.
Արդ կամրջէ’ք դարձի կամուրջներ,
Ծիածանագո’յն, գունեղ կամուրջներ,
Իմաստութեան ու լոյսի կամուրջներ,
Հիւսէք ու նետէք, անցէք ու եկէք:

Շ. Տարօնէ

Շարունակել կարդալ

ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ…

«ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ…»
(հ ա տ վ ա ծ)

Ա

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ,
Եվ դարե՜ր առաջ:

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝
Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.
Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում,
Եվ դրանով իսկ անուն ստանում՝
Կոչելով մեզ Հայկ:

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,
Ձո՜ւկ,
Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից
Իր փորը վառած՝
Կիսաբաց բերնով
Երկնքից անջուր
Գոնե անձրևի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝
Մենք նրա միջով ջուր էինք տանում
Ու շռայլ բանում
Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք
Ձևը վարսանդի
Եվ կոչում կարաս,
Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,
Եվ մկըրտության այդ ջուրը դեղին
Հարբածությունից նույնիսկ առավել
Զարմանք էր ազդում այն գոռոզներին,
Որ մեզ այնուհետ
Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»:

Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝
Դառնալ դիցուհու արձան անթերի,
Եվ այդ հլությունն անձնատուր ոսկու
Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծըն Անահիտ:

Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,
Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր
Եվ… կոչում Գառնի…

Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ:
Մեր արքաների և իշխանների արածի վրա չարածը դրած՝
Նրանց գործն էինք դեռ շարունակում
Լարերի վրա բամբ բամբիռների
Եվ… դա անվանում Երգ Վիպասանաց…

Արշակները մեր՝
Հայրենի հողին ոտքով շփվելով,
Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում
Եվ ըմբերանում տիրակալներին:

Մուշեղները մեր՝
Օտար զորությանն ընդդիմանալիս
Նրանց հարեմը գերի առնելով
Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝
Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,
Այնպիսի՛ մի դաս,
Որ ոսոխն անգամ անգիր էր անում…

Մենք կայինք նաև Նրանից առաջ:

Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,
Արփալույս էինք թելերով հինում,
Տաճարից ելնում ու թատրոն գնում,
Վայելում նաև հաճույքը վսեմ
Մեր այն պարուհի-կաքավողների,
Որոնց մարմինը նվագ էր լռած
Եվ որոնք նաև «երգեին ձեռամբ»…

Շարունակել կարդալ

ԳԻՇԵՐԱՄՈՒՏ

«ԳԻՇԵՐԱՄՈՒՏ»
(Հատված)

…Երբ որ մարում են արդեն
ձայներն այս բոլոր
Ու լույսերն այս նույն,
Երևի նաև հասնում է պահը
Տիեզերական պատասխանների,
Որ ընդունում են մարդիկ … քնի մեջ՝
Մղձավանջի կամ երազի տեսքով…


Պարույր Սևակ
        

Շարունակել կարդալ

ՀԻՄՆ ՔԱՐԱՆՁԱՎԻ

«ՀԻՄՆ ՔԱՐԱՆՁԱՎԻ»
(հատված)

- Մենք  դուրս  ենք  եկել  մութ քարանձավից
Միլիո՛ն ու միլիո՛ն տարիներ առաջ:
Մենք դուրս ենք գալիս նու՛յն քարանձավից
Ամե՜ն ակնթարթ:
- Նու՛յն քարանձավն է մեզ հետապնդում -
Մեր ներսից արդեն..

              Պարույր Սևակ

Շարունակել կարդալ

Արամազդների, Միհրերի տեղակ

Արամազդների, Միհրերի տեղակ,
Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու
Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,
Եվ Աստղիկների, Անահիտների ու Նանեների
Երեկվա տեղում այսօր հաստատեց
Իր մորը դալու՞կ, թե՞ ամոթահար…
Մեհյանների տեղ ու բագինների,
Նրանց դեռ տաք-տաք մոխիրի վրա,
Հասակ նետեցին
Դեռևըս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք`
Իրենց խաչերը սուր մխրճելով
Նախ`սրտերի՜  մեջ,
Ապա` երկընքի’…
Ատրուշանների խուրձ – խուրձ բոցերի առատության տեղ
Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ
Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,
Որ իրեն կոչում կամավորություն,
Բայց տարածվում է բռնությամբ անքող:

Պարույր Սևակ

Շարունակել կարդալ

Հանկարծ շատ չուշանանք

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Վարդան Օսկանյանին

Բաց նամակ


Պարոն նախարար

Սույն թվականի ապրիլի 2-ին, կեսօրին մոտ Ախալցխայի շրջանում` Ածխոր-Ախալցխա ճանապարհահատվածում պարեկային ոստիկանության աշխատակիցը հրազենային կրակոցով սպանել է Ախալցխայի բնակիչ, երկու երեխաների հայր, 28-ամյա Միշա Կիրակոսյանին: Ընդ որում՝ այդ տականքը կրակել էր թիկունքից` առանց նախազգուշացնելու: Ի՞նչ տարբերություն սրա եւ քնած հայ սպային կացնահարող Ռամիլ Սաֆարովի միջեւ: Ոչ մի: Թերեւս միակ տարբերությունն այն է, որ Սաֆարովը մեր թշնամին է, իսկ այդ տականքը` մեր «բարեկամ» վրացի ժողովրդի ներկայացուցիչը:


Շարունակել կարդալ

Քսան դարու Քու վրեժդ թող որ այսոր ես լուծեմ

Քսան դարու Քու վրեժդ թող որ այսոր ես լուծեմ,
Ո՜վ Աստվածուհի’դ Անահիտ:
Ահավասիկ քո բագինիդ կրակներուն մեջ նետեցի
Իմ խորտակված խաչափայտիս երկու թևերը թունավոր:
Եվ ցնծա դուն, ո’վ Ոսկեմայր,
Լուսավորչի կողերեն, ժանտ ոսկոր մը քեզ կծխեմ…

Սիամանթո

Շարունակել կարդալ

Քե՛զ եմ դիմում, ո՛վ հայրենակից

Քե՛զ եմ դիմում, ո՛վ հայրենակից,

 Մի՛ դարձիր վախկոտ մարդկանց մեղսակից:
 Մարդկանց, որ իրենց աթոռից արբած,
 Դրժում են իրենց իսկ խոսքերն ուռճացած.
 Հիշի՛ր Նժդեհին, պատգամները նրա ամենազոր,  
 Անդրանիկին առյուծասիրտ՝ աչքերը նրա տխուր, մենավոր
 Ու հիշի՛ր բոլոր նրանց դու հայրենակից,
 Ով ազգիդ համար ընկավ գնդակից:
 Ու կզգաս, եթե լավ ես տարբերում սպիտակը սևից,
              Դու պարտավո՛ր ես նրանց սուրբ գործին լինել աջակից:
              ……………………………………………………………………
              Ուշքի եկ՝
 Արթնացրո՛ւ քո մեջ Հայկյան գեները,
 Նայի՛ր, որքան շատ են շուրջդ բելլերը:

Շմավոն Վեզիրյան

Շարունակել կարդալ

ՆԺԴԵՀ

ՆԺԴԵՀ

               Ո՜վ դու քաջարի՛, անմա՛հ զորավար,
               Լեռների նման կանգու՛ն զորավար,
               Խուստուփի լեռը ցածր է քեզ համար,
               Մտքիդ թռիչքը` լու՜յս է բոցավառ…

               Քո ապրած կյանքի ամեն ժամ ու օր
               Մի հերոսության էջ է փառավոր,
               Եվ ուսանելի՝ ամենքի համար,
               Ո՜վ, դու հանճարեղ, անմա՛հ զորավար:

               Քո՛ ապրած կյանքով, քո՛ տառապանքով,
               Քո՛ ցեղակրոն-արյաց զորե՛ղ ուսմունքով,
               Քո՛ իմաստությամբ, քո՛ ազգին ձուլված,
               Դու՛ պետք է անցնես ճամփա՛ փառավոր:

               Ո՜վ, դու, զորավար. քաջերից էլ քա՛ջ,
               Համայն հայությանն, ամենքին ճանաչ,
               Սարերին թիկնած, սարերը գրկած
               Դու պե՛տք է ապրես հավե՛րժ փառապանծ:

Հայկազ Վանեսյան

Շարունակել կարդալ

Անդրանիկի ծննդյան 140-ամյակին

Անդրանիկի ծննդյան 140-ամյակին

    Այն՝ նախորդ դարի արյունոտ շեմին,
    Դեր-Զորի տապին մեզ այդտեղ բերին,
    Մտրակը դրած թուրքական ձեռին:
Ներկայիս հային արդ համոզում են՝
Որ մնացածով լրիվ գոհանա,
Քանզի եթե դեռ ապրել ուզում է՝
Թող հանգիստ նստի ու չըմբոստանա:
    Բայց չենք հավատում և այս նոր դարում,
    Հանուր ժպտերես այն նույն աշխարհին՝
    Ուր դոլարն արդեն չի էլ թաքցնում,
    Որ երկիրն առել՝ իր տուն է տանում…
Եթե շատ քաջ եք՝ ապստամբեցեք,
Մի՛ լսեք նրան ու մի՛ ենթարկվեք,
Նրանից անկախ շնչել փորձեցեք…
Մարդ հաճույքով է տրվում խաբկանքին.
    Այն բարետես է ճշմարտությունից,
    Անշուք մայր հողից, Արեգակ հորից՝
    Որք միևնույնն է՝ միշտ արարում են,
    Միշտ էլ ծնում են, միշտ էլ սնում են…
Բայց դարձյալ այն հին կեղծիքով խաբված՝
Եվ դարձյալ կանգնած ստի սնարին՝
Նույն տուրքն ենք տալիս նրա քնարին
 Խաբված այն նույն հին ստի հնարից…
    Թվում էր՝ հնում բազմիցս խաբված
    Պիտի չանսայինք էլ նրա ճառին,
    Ինչ երգ էլ երգեր նա մեր սնարին,
    Ինչ խոստում էլ տար եկող նոր տարին…
Բայց գայթակղված նետված պատճառով՝
Ճանճը հաճախ է հատուցել մահով…
Անցյալ չար դարում այդքան անարգված՝
Պիտ չլսեինք էլ այդ աշխարհին՝
    Ուր դարձյալ նույն հին դոլարն է տիրում՝
    Բայց ներկայանում որպես մի նոր դեմք՝
    Աշխարհ նվաճող դրոշակ ու զենք…
    Եթե կարող եք մի՛ ենթարկվեք,
Նրանցից անկախ ապրել փորձեցեք,
Մարդն ամուր գամված նրա գավակին՝
Իր երկրից հանվում, քշվում է հեռու
Իր կյանքը հանձնած անղեկ նավակի…
    Մեզ խորթացրել են հայր Արեգակից,
    Որն ամեն օր մեզ կյանք, լույս է տալիս,
    Ցրտից պաշտպանում ու մահը լալիս…
Մարդն առայսօր էլ ջհուդ է պաշտում,
Առայսօր օծվում ջհուդի տաշտում…
Եվ գայթակղված պատառի տեսքով՝
Մենք թույն ենք կլլում՝ հատուցում կյանքով…
    Յոթ տասնամյակ մենք փակված էինք
    Մի մեծ ամրոցում՝
    Չորս ու կես միլիոն հայ էր բանտարկված
    Պատերի ծոցում:
Ստիպում էին սարերը վարել,
Ուտելիք ցանել, ուտել ու բանել,
Ստիպում էին ապրել ու ծնել…
  Բայց մի օր եկան՝
  Տվին ու քանդին փողոց ու արձան,
                        Որ անկախանանք…
Հիմա շրջում ենք ազատ շուկայում,
Ստում ու խաբում…
Դռնեդուռ ընկած գթություն խնդրում:
                        Անմա’հ Անդրանիկ,
                        Մի՞թե սա՛ էր քո սուրբ երազանքը,
                        Սրա’ համա՞ր էր նվիրվում կյանքդ…
Յաթաղանի դեմ դու մարտնչեցիր,
Երկիր փրկեցիր՝
Որ հիմա ի՞նքը իրեն կործանի,
Ու կարիք չլինի հին յաթաղանի՞…
Նոր զենքը կիրթ է՝ աղմուկ չի՞ հանի,
Անշշու՞կ կանի…

Հովիկ Վասիլյան

Շարունակել կարդալ

ՎԱՀԱԳՆ

ՎԱՀԱԳՆ

Ո’վ Աստվածն իմ հայրերուս,
Կը մոտենամ ահա բագնիդ, և ինձ հետ
Իր պախուրցեն քաշելով
Կը բերեմ ցուլ մ’հովիտներեն Տարոնի:
Տե’ս, պարարտ է զոհս իմին.
Երբուծին մեջ կաթնաթույր
Հողին ամբողջ կյանքը կա.
Պարանոցն իր մըսուրն ի’նչ է չի’ գիտեր.
Ան սընած է արոտներուն մեջ ազատ,
ՈՒ ակռաներն իր լըվացված են միայն
Հացյաց Դրախտի աղբյուրին մեջ նվիրական:
Երբ կը հևա՝ իր հըզոր  շունչն առջևեդ
Կը վանե հողն ու ավազները գետնեն,
Եվ կուգա սև ռունգերեն հոտը ամբողջ
Դաշտային թաց կանանչին:
Տե’ս, զոհս իմին գեղեցիկ է և վըսեմ.
Գըլուխն վըրա կոր եղջյուրները խարտյաշ
Փառքի պսակն իր կ՝ըլլան.
Կը բորբոքին աչքերուն մեջ ամեհի
Հըզորության սև խունկեր.
Եվ թավամազ իր ագին
Իբրև լորտու կողերուն շուրջն հարասող
Գոռեխներեն, բոռերեն
Մարմինն անբի˜ծ, մարմինը սու˜րբ կը պահե:

Ո’վ դու Վահագն, աստվածահա’յր զորության,
Ո’վ Տիգրանի սերմին մեջ
Դու մարդաց Արեգակ,
Լըվա’ հոգիս, ճառագայթով մը օծե
Շըրթունքներս այս, զի ավասիկ կ’համբուրեմ
Բագինըդ սուրբ և առած մուրճը ահեղ՝
Ըսպասարկու հաղթ բազուկով կը ջարդեմ
Ձուլիս ճակատն և իր արյունն հորդավեժ
Կը նըվիրեմ ծունկերուդ:
…Արդեն ահա կը մըխա
Նըվիրական խարույկն առջևդ ճարճատուն.
Կը շըրջի բոցն ոստերուն մեջ ձիթենվո,
Եվ գիերուն հալած խեժեն արբեցած
Կ’ոստնու ուղիղ, և կ’երգե
Վերափոխումն իրերուն ջինջ հոգիին:
Ա’ռ. արյունոտ ասոնք կողերն են զոհիս.
Ցըռուկն է այս, ասոնք ճարպոտ զիստերն են,
Ահա ըղեղն՝ որ ուղղեց բնա’զդն ու շընչեց
Եղջյուրներուն խեռություն,
Ահա ջերմ սիրտն՝ որ տակավին կը սըրսփա,
Եվ իր լեղին՝ զոր ազդրին վրա կը դընեմ
Հույսով մ’որ ան պիտ’ տոչորի ամբողջ. առ’:
Եվ բոցն որ արդ նետած պսակն իր ծուխի
Վըճիտորեն կը բարձրանա. կը տանի
Ցուլը Ճենճեր առ ճենճեր
Վերն, ապարանքըդ երկնային խընկելու.
Ո’վ դու Հըզոր, ընդունե
Նըվերներս իմ՝ զոր մաքրափայլ սափորով
Կըրակին վրա կը հեղում:
Ահա գինին. ժինչերըդ բա’ց ու շընչե
Քաղցրաբույր հոտն, և հաշտվե՝
Աստվածային գինովությամբ մը զըվարթ՝
Այսօրվան քու ժող’ վուրդիդ հետ կրոնափոխ:
Ահա Հոման. -առջևըդ զայն կը թափեմ
Մաքու˜ր, անու˜շ առա˜տ,
Ինչպես թափեց ծառն իր կուրծքեն վիրավոր
Իմ յոթն անգամ լըվացված
Թակույկներուս մեջ շքեղ,
Զայն ընդունե, համարե
Ինչպես արյունն երեխայի մը՝ անմեղ,
Ինչպես քըրտինքն հըղիներու՝ թանկագին:

Ո’վ վեհ, գո՞հ ես, տըվի քեզ ի’նչ որ կար
Խըրճիթիս մեջ և հոգիիս, քեզ տըվի
Թշնամին ի’նչ որ մոռացած էր այսօրվան
Այրիացած Հաշտիշատիդ մեջ ամա:
Արդ մեր տոհմին իբրև վերջին Վահունի
Բագնիդ առջև ծունկի կուգամ երկյուղած
Կը համբուրեմ հողն ուր քու
Հոգիեդ մաս մ’արմատ կու տա շոճերուն,
Եվ վերցուցած քեզի˜, քեզի˜ կարկառուն
Սա սոթտըված թևերս՝ որոնց արմունկեն
Ցուլին արյունը տակավին կը կաթի,
Ո’վ դու Վահագն, ո’վ աստված իմ հայրերուս
Կ’աղոթե˜մ ես… կ’աղոթե˜մ…

ՈՒժի˜ն համար, կրոնքի˜ն համար բազուկիդ,
Որով դու օր մը պատռեցիր բերաններ
Վիշապներու, երկընքին մեջ սըփռեցիր
Զերդ արևու հունտեր, աստղերն Հադգողին.
ՈՒ˜ժին համար՝ որ թըռիչն է և հոգին
Արարչության անվախճան,
Որուն անհուն համբույրին տակ կը ծընի
Աշխարհներեն մաս մը ծաղիկ, մաս մը բոց,
Կ’ապրի սկըզբունքն Անմահության հյուլին մեջ
Եվ ըղեղին և կամքին,
Որուն հըզոր մատին տակ
Կը ճեղքըվին սերմերն, ավիշն երգելով
Կաղիններուն մինչև գագաթը կ’ելլե.
ՈՒժի˜ն համար՝ որ կը լեցնե ստինքներ,
Կ’օրորե մեր օրրանն, ու մեզ, մահեն վերջ,
Մինչև աստղերը կը տանի, ու մինչև
Երկրորդ կյանքի մ’արարչագործ պատճառին,
Որ կը կանգնե Ազգ մ’ինչպես խումբ մը առյուծի,
Բազուկդ անօր բազուկին մեջ կ’հեղու,
Եվ զերտ հրեղեն վարազահավ՝ իր լուսեղ
Թըռիչքներում ամփոփման տակ կը թըխսե
Մեր մայրերուն ծոցին մեջ
Դյութազուննե˜ր, հանճարնե˜ր,
Այդ սուրբ ՈՒժին համար կ’ը սեմ՝ որուն դու
Իմացական աղպերակն ես հորդահոս,
Ո˜վ դու Վահագն, ահա քեզի կարկառած
Բազուկներս իմ արյունոտ
Կ’աղոթե˜մ ես… կ’աղոթե˜մ…

                                 Դանիել Վարուժան

Շարունակել կարդալ

ՁՈՆ

ՁՈՆ

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
-Քեզի ընծա˜, իմ հայրենիք –
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
-Քեզի ընծա˜, հին հայրենիք –
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
-Ձեզի ընծա˜, հայ պանդուխտներ –
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
-Ձեզի ընծա˜, հեգ պանդուխտներ –
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
-Ձեզի ընծա˜, սուրի զոհեր –
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
-Ձեզի ընծա˜, կրակի զոհեր –
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի’րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա˜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
-Քեզի ընծա˜, մայր կարևեր –
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու’խ ելաներ:

ՈՒ պայքա˜ր, պայքա˜ր, պայքա˜ր երգեցի.
-Ձեզի ընծա˜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
-Ձեզի ընծա˜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո’ց ելաներ:

Դանիել Վարուժան

Շարունակել կարդալ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

Կուզեմ ըլլա քու մարմարիո’նըդ պեղված
Ոլիմպիոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:

Աչքերդ ըլլան վիհեր՝ ուր մարդ երբ սուզի՝
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անե’ղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի.

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև
Տառապի’ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե’ս պիտի ուզեմ մորթըվիլ՝
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:

Դանիել Վարուժան

Շարունակել կարդալ

ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Մեռա˜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե’ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրո˜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:

Դիո’ս, մեռար: Մեռար դուն,
Ո’վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըրխինջն Արևուն:
Կայծակն անտեր՝ աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն՝ որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն ՈՒրանյան:
Չե’ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկնքին:

Անտառին մեջ, Անահի’տ,
Ալ չեմ լըսեր շանդ հաչյուններն՝ ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Իուրն իր խըմել կ`երթա եղնիկը անվախ:
Չի’ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի’ ծաղկիր:
Դափ չե’ք զարներ, Այծեմնարդե’ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդությունն՝ որ կու լա
Նըստած կոճղի մը վըրա:

Հավերժահարսե’ր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուն գետերը՝ ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե’ր, եղեգներուն ընդմեջեն
Ա’լ չեք երգեր՝ երբոր ցաթե լուսընկան.
Կանաչ լոռերն այժըմ կ’ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա’խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին՝
Դոդոշներեն կը խըրտչին:

Քեզմե, ո’վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր: Անտառներեն բուստերու
Չի’ խոյանար բարձրահոն
Քռանըժույգը’դ փըրփրագեղ. ոչ ալ քու
Երեքարձենըդ կ’առխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըստամբ:
Մեռա’վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան.
Կ’անցնի նավազն անկե առա’նց դյութության:
Չ’ըլլար փրփրուն՝ Աստղիկ, ոչ ալ կոնքը՝ կուր.
Ծո˜վն, Աստվածնե’ր, ծո˜վն է տխուր:

Տանս ակութեն, Թերափնե’ր,
ՈՒ՞ր հեռացաք, ո՞ր ջերեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաչովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե’րն իրենց դրոշեցին՝
Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար:
Չըկաս, Էրո’ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին.
Չըկա և’ դուռը պահպանող Շան անդրին…
Միայն սնարես կավեր է Խաչ մ’հաղթական՝
ՈՒր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո’վ հեթանոս Աստվածներ:
Տեսե’ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիքները խաղաղ
Ամայացա˜ն ու տաղտկացա˜ն: Այժմ, ավա’ղ,
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստծո մը հրեա:

Դանիել Վարուժան

Շարունակել կարդալ

ՀԱՅ – ԱՐԻԱՑԻՆ

ՀԱՅ – ԱՐԻԱՑԻՆ 

Մենք Հայկի ցեղից սերված հա՛յ ենք,
Եվ թշնամու համար միշտ վա՛յ ենք,
              Կարծր որձաքար,
              Հավերժ փորձաքար ենք…
Բայց՝ ո՛չ անապատի դեղին ավազ,
Այլ՝ այգեստան խաղողի ոսկեվազ,
Տեսա՜կ-տեսա՜կ մրգի մառան,
Խելքի մի մեծ շտեմարան,
                Ինչքա՜ն հանճար,
                Մտքի կաճառ…
Մենք Արիացեղ ա՛զգ ենք,
Ցորենի արտ, ոսկե հա՛սկ ենք,
Ու պապակ շուրթին՝ սառն աղբյուր,
Սիրած սրտին՝ սեր ու համբյուր,
Ինչքան կարծր, այնքան փխրուն,
Ինչքան փխրուն, այնքան կարծր,
Եվ միշտ հպա՛րտ, վե՛հ ու բա՛րձր,
Նաև նրբի՜ն ու սիրասու՜ն,
Ու միշտ բարի, թույլին հասնող,
Ականջալուր խղճին լսող,
               Բեկյալին փրկող,
               Անճարին օգնող,
Հիվանդին՝ դեղ-բալասան,
Հզո՛ր ու մի՛շտ անսասան,
               Ունե՛նք ամուր կամք,
               Եղե՛լ ենք ու կա՛նք…
Կամ՝ աշխարհի հետ ծնվել,
Կամ՝ աշխարհն ենք մենք ծնել…
Ու Արիացեղ ազգեր բազմացրել՝
Ցանելով ինչպես ցորենի հասկեր…
Ճերմակահեր Արարատը վկա՛,
Ճշմարտությունն այդպես է որ կա…
               Այս ասքի մասին,
               Մեր ազգի մասին
               Առասպելներն են ասում,
               Աշխարհն է խոսում՝
               Որ մենք դարավոր,
               Հավերժ փառավոր,
               Եղել ենք կանգուն
               Եվ միշտ աննկուն…
Ինչքան փորձել են թրատել,
Մեր արմատից մեզ հատել,
Ընդդիմացե՛լ ենք, չե՛ն կարողացել,
Շիվ ենք տվել ու շատացել,
Ինչքան վիշտը մեզ հարվածել,
Դիմացել ենք ու տոկացել,
Ինչքան ցավը մեզ դաղել,
Այնքան երգել ենք խրոխտ տաղեր,
Արարել ենք ու ստեղծագործել,
Մեր վաստակը քրտինքով օծել.
               Վառել ենք հանգածը,
               Շինել ենք քանդածը,
Հնի հետ նորն ենք շենացրել,
Ու կրկին գոյատևել,
Հավերժի մեջ հարատևել…

Տիր՝ Ահարոն Ղազարյան

Շարունակել կարդալ