Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: May 2014
Մեր ավանդապատումները շարքից – Գեղարքունիքի մարզ… Հայկական խոհանոց – Ձկնապուր… Տեղադրե՛ք ձեր գովազդը – www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Մեր ավանդապատումները – Գեղարքունիք
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-15-ում
Գեղարքունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով եւ այլն: Ներկայացնենք դրանցից մի քանիսի, ինչպես նաեւ որոշ գյուղերի ավանդապատումներից՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
Վոթոյի բուն – Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս է: Այս քարայրում ապրել է Վոթո՝ Վարդան անունով մի ավազակ: Նա մարդկանց վնաս չի հասցրել, փախել է իշխանությունից ու օրենքից: Քարայրի ներսը, քարի վրա հրացանաձեւ բնական մի երկարուկ փոս կա: Ասում են, թե դա Վոթոյի հրացանի տեղն է: Այսօր էլ այդ քարայրը կոչվում է Վոթոյի բուն:
Վարդենիկի աղբյուր – Մարտունու Վարդենիկ գյուղի մոտ է: Այս աղբյուրի ջրի մասին ասում են, թե ունի հրաշալի զորություն, ով լվացվում է եւ խմում այդ ջրից, մազերը ոսկեզօծվում են եւ փակվում աբրեշումի պես: Օրգանիզմում քար ունեցողներն էլ խմում են այս աղբյուրի ջրից, որից հետո քարը մաշվում ու ընկնում է:
Ծակ քար – Մարտունու շրջանում է: Այստեղ կա մի սառնորակ, առատահոս աղբյուր, որի ջուրը ձմռանը չի սառչում եւ որը յոթ ջրաղաց է աշխատեցնում: Այդ աղբյուրը ճանապարհ է բացել հետզհետե ծակելով մոտակա ապառաժ քարը, որից գյուղն ստացել է Ծակքար անունը:
Վարսեր – Սեւանի շրջանում է: Մի աղջիկ մոտակա գետն ընկնելով խեղդվել է: Ջուրը տարել է նրա դիակը: Գետի երեսին փռվել են խեղդված աղջկա մազերը: Տեսնողները ձայն են տվել իրար. «Վարսե՛րը, վարսե՛րը»: Դրանից հետո գյուղի անունը դրել են Վարսեր (նախկին անունը՝ Չըռչըռ):
Վարդենիսի բերդ – Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի մոտ է: Այստեղ ապրել է Վարդենիս անունով մի գեղեցիկ աղջիկ: Շատերն են ուզեցել տիրանալ նրան, բայց նա սիրել է միայն Վարդին: Երբ Վարդենիսն իմանում է, որ Վարդը զոհվել է թշնամու դեմ մղված անհավասար կռվում, հայտնվում է բերդի պարիսպների վրա եւ սկսում է նետահարել թշնամուն: Պարսից արքայազնը խոստանում է Վարդենիսին դարձնել իրենց աշխարհի տիկնաց տիկինը, եթե նա համաձայնի իր կինը դառնալ: Վարդենիսը մերժում է նրա առաջարկը եւ շարունակում կռվել պարսից զորքի դեմ: Երբ կտրվում է նրա հույսը, բերդի աշտարակից իրեն ձորն է նետում եւ ինքնասպան լինում: Դրանից հետո բերդի անունը դնում են Վարդենիսի բերդ:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձկնապուր
Աշխարհի մարզական հեւքից – Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ… Հաղթեցին հայ վետերանները… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետ
Հրավիրված մամուլի ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց իր մարզիկին թույլ տալ մրցել ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ: Պատճառը 1915թ. Ցեղասպանության (նաեւ քեսաբահայության սատարման) պաստառով հանդես գալն էր: Այդ մենամարտը Թուրքիայում պետք է ցուցադրվեր ուղիղ եթերով. «Եթե պաստառը չլինի՝ համաձայն ենք»,- հայտարարել է թուրք մարզիկի մարզիչ Հասան Գյանջբեյը. «Դուք զբաղվում եք միջազգային քաղաքական ասպարեզում գոյություն չունեցող երեւույթի քարոզչությամբ»: Դավիթ Խաչատրյանն իր հերթին հակադարձել է. «Դուք էլ կարող եք Ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915թ. Ցեղասպանություն չի եղել եւ կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»: Կողմերը համաձայնության չեն եկել, եւ մարտը հետաձգվել է: Թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկը՝ Օլեգ Աֆանեսեւը:
Հիշեցնենք, որ ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը Հայաստանում պետական մարմիննրի կողմից աջակցություն չստանալու պատճառով որոշել է ընդունել ռուսական կողմից արված առաջարակությունն ու այսուհետ հանդես գալ նրանց դրոշի ներքո:
Հայաստանը ուժերը կչափի Ադրբեջանի հետ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանի մայրաքաղաքում կմասնակցի երեկ մեկնարկած աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունը: Վիճակահանությամբ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ադրբեջանի, Իրանի, Հարավային Կորեայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: A խմբում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի թիմերը: Մեր հավաքականը Թեհրանում հանդես կգա երիտասարդական կազմով՝ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Նարեկ Խաչատրյանը (59կգ քաշային կարգ), Գեւորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (85 կգ), Մովսես Ադամյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):
Վերջին փուլի բոլոր հանդիպումները կկայանան նույն օրն ու նույն ժամին
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մայիսի 18-ին նշանակված 26-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին: Մայիսի 18-ին նախատեսված «Ալաշկերտ»-«Գանձասար» հանդիպումը կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
Հայաստանի վետերանները հաղթեցին լատվիացիներին
«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հետ կայացած հանդիպումը Հայաստանի վետերաններն իրենց օգտին գրանցեցին 3:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը եւ Լեւոն Ստեփանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին եւ Արմեն Ղասաբօղլյանը:
Հայաստանի վետերանները հաղթեցին նաեւ 2-րդ խաղում, այս անգամ 4:3 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Բաբկեն Մելիքյանը, Կարեն Սիմոնյանը, 2 անգամ՝ Արամ Վարդանյանը, իսկ լատվիացիների կազմում աչքի ընկան Միխայիլ Զեմլինսկին, Արմեն Ղասաբօղլյանը եւ Դոլինսկին:
Շախմատի օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է
2014 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է։ Դա հաստատել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը:
Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական Արարիչ Բռունցքը – Միջազգային գաղտնի ուժերին՝ Համազգային դիմակայություն…
«Աշխարհի վերաձեւումը պետք է ընթանա միայն Բնակարգով»,- հատվածներ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի խորհրդակցական նիստում ներկայացված ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ խորհրդի համակարգող Արմեն Ավետիսյանի զեկույցից (ՀԱՄ լրատվական կենտրոն):
*/Լրացված տարբերակ/
……………………………….
– ՀԱՄ եւ ՀԱՀ կառույցների համատեղ հայտարարությունը. «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» կներկայացվի մոտ օրերս, որում մասնավորապես կարծարծվեն հայ արիականների ու ազգայնականների դիրքորոշումները ռուս–ուկրաինական եւ ռուս–արեւմտյան հակամարտությունների, հայ-ռուսական եւ հայ–արեւմտյան հետագա հարաբերությունների, Արցախի խնդրի եւ հայ–թուրք-ադրբեջանական հակասությունների, Հայկական բարձրավանդակում Միացյալ Հայաստանի վերաստեղծման եւ Մերձավորարեւելյան ու Կովկասյան թեմաներին առնչվող այլ հարցերի մասին:
Մենք, որպես հայ ազգայնականներ եւ արիադավան-հեթանոսական հավատի հետեւորդներ, կոչ ենք անում մեր համազգային ու համամարդկային պայքարին միանալու… Այսօր եւ առմիշտ արդիական է Համաարիական Համաշխարհային Դաշինքի ձեւավորումը, որը կծավալվի Մարդկության Կենաց (Կյանքի) Գոտու տարածքով: Այս տարածքը ներկայիս աշխարհա-քաղաքական ձեւակերպմամբ եվրասիական ճանապարհն է՝ ասիական Հիմալայներից մինչեւ եվրոպական Ալպեր, որի կապող օղակն ու կենտրոնը՝ համաարիական խաչմերուկը Հայկական Լեռնաշխարհն է… Այլ փրկություն չկա: Չարը այսօր գործում է ազգակուլ եւ մարդակուլ հնարովի օրենքներով եւ Արարչածին եւ Աստվածազարմ ՄԱՐԴ (եռահամակարգ՝ մարմին-միտք-հոգի) տեսակի գոյատեւման ու հարատեւման համար պետք է վերագործարկել Մոլորակի Կենաց Գոտին…
֊ ֊ ֊
Միջազգային գաղտնի ուժերին՝ Համազգային դիմակայություն…
…Վերջին տարիներին Արեւելյան Եվրոպայի մասնատումներն եւ նոր պետությունների առաջացումը, արաբական երկրներում իրականացված պետական հեղաշրջումները, մերձավորարեւելյան եւ կովկասյան տարածաշրջաններում միտումնավոր անլուծելի դարձրած հակամարտությունները, այս ամենին նախորդած ռազմական միջամտություններն ու պատերազմական գործողությունները, այսօր էլ ռուս-բելառուսա-ուկրաինական սլավոնական դաշինքի վերջնական ջախջախումը հավաստում են, որ չարորակ ուռուցքի ձեւ ստացած աշխարհը շարունակում է ենթարկվել կամայական վերաձեւումների ու վերաբաժանումների: Սա պարբերաբար ընթացող գործընթաց է, ինչը հիմնականում համաշխարհային մեկ կենտրոնից է իրականացվում՝ միաբեւեռ աշխարհն իր ստրկացնող, անբարոյականացնող, հոգեխեղող ու ոչնչացնող կարգերով պահպանելու համար:
Գարնանային տոնական հաջորդականությունն իր բնական սահմանագլխին է հասնում հենց Վանատուրյան տոներին – Վանատուր Աստծո տոնը՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստանների ժամանակավոր սահմանագլխին…
Տարիներ առաջ հայ արիների վերականգնած ու վերաիմաստավորած տոներից մեկն է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը: Եվ արդեն պարբերաբար տոնվում են Հայ Աստվածների բոլոր տոները՝ համապատասխան ծիսակարգով ու տոնականությամբ:
Սա հայ արիականներին հաղորդում է հազարամյակների հայոց շունչն ու հավատի ոգին, զորացնում հային, հայի երկիրն ու հայի Աստվածներին…
Հայ արիականները Վանատուր Աստծո տոնը նշեցին մայիսի 15-ին՝ Շիրակի մարզում՝ Հայաստանի Արեւմտյան եւ Արեւելյան արհեստական ու ժամանակավոր սահմանագծային հատվածներից մեկում: Ծիսական արարողությունը կազմակերպեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնածմբի քրմերն ու քրմի թեկնածուները, ովքեր փառաբանեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու, Հայաստան աշխարհը վերամիավորելու եւ լի ու առատ դարձնելու համար: Հայրենատիրական ծեսը կատարեցին քրմեր Արմոգը, Արեգը եւ Արամը:
Հայ արիները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ Հայք-Հայաստանը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության Միացյալ Տունը դարձնելու ձոներգությամբ: Հայկական Լեռնաշխարհը Հայոց Մեծ Օջախն է, Իսկ Հայոց Տան հովանավորը Վանատուր Աստվածն է, ում հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված:
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 15-ի (320) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
http://www.hayary.org/wph/?p=4080 – ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից)…
http://www.hayary.org/wph/?p=4083 – Հակասահմանադրական նույնականացման քարտեր – Ակնկալում ենք, որ մեր նամակը կարժանանա ոչ միայն իրավական պատասխանի, այլեւ՝ աշխարհաքաղաքական (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, պատճեները` վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին)…
http://www.hayary.org/wph/?p=4053 – Սահմանադրությունը Ազգի Անձնագիրն է – Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ Հայկական Արժեհամակարգով պետք է կանոնակարգվի – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն).- Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.), 1-ին մաս)…
http://www.hayary.org/wph/?p=4071 – Նոր Սահմանադրություն՝ առանց Հանրա(յին)պետության… Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ Հայկական Ազգային Պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (2-րդ մաս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին)…
Գուցե Միկոյանը Սպանդարյանի հե՞տ հալածի Նժդեհին – «Ինչպիսին չպետք է լինել» անունով պուրակ է ուզու՞մ Երեւանի «ցեղակրոն» քաղաքապետը…
Երբ պետական պաշտոնյա կոչվածն իր տեղում չէ, դա փչացնում՝ բարդացնում է մեր անձնական կյանքը: Երբ այդ նույն պաշտոնյան նաեւ հայոց պատմությունից եւ ազգային մտածողությունից է հեռու, դա արդեն կործանում է մեր ազգային կյանքը:
Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ սկսված քննարկումները նոր մտորումների առիթ տվեցին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է մեծարել հայ բոլշեւիկներին: Երեւի ամեն մեկը յուրովի է ողջունում Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը, եւ ահա քաղաքապետը որոշել է հիշել նախկին ԽՍՀՄ-ը: Իսկ այդ խորհրդային կոչված երկիրը առավելապես հայակուլ գտնվեց, քանի որ ամենատուժած ազգը թերեւս հայն է, որ շուրջ 200 ազգ-հանրույթների (ինչ ցեղախմբեր ասես՝ ազգի վերածվեցին) հետ ապրել է ԽՍՀՄ-ում: Դե իհարկե, եթե չհաշվենք այն 100 ազգ-հանրույթներին, որ վերացան (մոտ 50 տարում 200-ից մնաց 100-ը)՝ ձուլվելով, 15 «եղբայրական» հանրապետություններից (որոնց մեծ մասը արհեստական ստեղծվեց՝ առանց պատմական հիմքի) միայն Հայաստանն է կորցրել տարածքներ (հարյուր հազարավոր հայերի կորստի մասին էլ չասենք), որոնք նվիրվել են «եղբայրական» Վրաստանին ու Ադրբեջանին, ինչին նաեւ Ստալինի հայ բոլշեւիկ եղբայրներն են մասնակցել…
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկել է միանգամից հայ ժողովրդի կյանքում բացասական դեր խաղացած մարդկանց արձանախմբային պուրակ ունենալ… «Հիմա մտածում եմ, որ թերեւս իմաստ ունի դա ունենալ՝ «Ինչպիսին չպետք է լինել» անունով: Ես սկսում եմ թվարկել շարքը այն մարդկանց անունների, ովքեր ճակատագրական բացասական դեր են խաղացել Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում: Դրանք տարբեր ծավալի ազդեցություններ են: Քանդակագործի խնդիրը պետք է լինի այդ մարդկանց ներկայացնել իրենց բացասական կերպարներում: Այդ մարդիկ թե հայերից են, թե՝ «ուրիշներից», թուրք, ռուս, պարսիկ, քուրդ, գուցե նույնիսկ՝ խառը հայ կամ հույն, բյուզանդացի: Դրանք կարող են վաղ միջնադարից լինել՝ ընդհուպ մինչեւ առնվազն 50 տարի առաջ մահացածները (50 տարին, կարծում եմ, բավական ժամանակ է, որպեսզի մարդու վարքը դիտվի ժամանակի մեջ): Առաջարկում եմ չափանիշներ, դրանք կարելի է համալրել կամ դրանց կարելի է առարկել, կոնկրետ բացասական ազդեցության արարքի վկայություններ, որոնք վերլուծաբանների կողմից հիմնավոր առարկություններ չունեն, հիմնավորելու համար հղում չանել քաղաքականացված ակադեմիական պատմագրությանը»:
Ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագան – Գրեթե բան չփոխվեց, իսկ ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ…
Կառավարության կազմի հրապարակումը հավաստեց, որ իշխանական վերնախավը պատրաստ չէ փոփոխությունների: Չնայած մինչեւ ամբողջական կազմի հրապարակումը, արդեն դժգոհություններ եղան որոշ նախարարների կրկին նշանակման առումով: «ՀՀ քաղաքական դաշտում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել»,- համոզված է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Ըստ նրա, երբ որեւէ երկրում քաղաքական դեմքերի փոփոխություն է արվում, նպատակը երկրի վիճակը բարելավելն է, մինչդեռ մեզ մոտ դրանք ավելի են խորացնելու ճգնաժամը. «Տեղի է ունեցել ընդամենը տեղաշարժ, ինչը ավելի վատ հետեւանքներ կունենա, քան եթե փոփոխություններ չարվեին»:
Եթե Հասմիկ Պողոսյանը, Արմեն Աշոտյանը մնում են նախարարներ, ոչ մի փոփոխություն չի կարող լինել: Սրանով Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուզում է ասել, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում ժողովուրդը կառավարության ու իր գործունեության մասին.- ասել է քաղաքագետը, ում կարծիքով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը 4 ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունք էր, եւ քառյակի հետագա քայլերը պիտի լինեն ավելի կոշտ. «Սերժ Սարգսյանը չսպասեց ապրիլի 28-ին, հասկանում էր, որ հասունանալու էր իր հրաժարականի պահանջը: Բայց եւ ոչ մի փոփոխություն չարվեց»:
Ըստ մեր տեղեկատվության աղբյուրի, իշխող կուսակցությունում մեծ է եղել 2 կին նախարարներին փոխելու ցանկությունը, սակայն իգական սեռի այլ թեկնածու չեն գտել՝ նախարարական պորտֆել վստահելու համար (ա՛յ քեզ բան), ուստի կանանց ներկայությունը կառավարության կազմում ապահվելու անհրաժեշտությունից դրդված նրանք շարունակելու են պաշտոնավարել:
Չնայած քաղաքագետը փոփոխությունների հույսը կապում է քառյակի հետ, բայց ինչպես նախկինում, այսօր էլ ապացուցվեց, որ այդ քառյակ ասածն ընդամենը իշխանության գալու «ընդդիմադիր» միջոց է: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ակտիվ բանակցեցին իշխանական կոալիցիա վերադառնալու շուրջ եւ անգամ պայմաններ էին առաջարկում: Մինչդեռ ՕԵԿ-ի՝ իշխանությունից հերթական անգամ հեռանալուց եւ մյուսների նման հերթական անգամ ընդդիմություն դառնալուց հետո ոմանք խոսում էին քառյակի՝ հնգյակ դառնալու մասին: Բայց այսօր ՀԱԿ-ը հայտնում է քառյակի՝ եռյակ դառնալու հեռանկարի մասին, քանզի այլեւս չի պատրաստվում համագործակցել գործող իշխանության մոտ փնտրտուքների մեկնած ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Իսկ «Ժառանգություն»-ն էլ պնդում է, թե քառյակ երբեւեէ չի եղել, այլ եղել է 4 տարբեր ուժերի համագործակցության փորձ…
Երբ տոնը խորհրդավոր է, խորհուրդն էլ տիեզերահաս իմաստ ունի – Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ անդավաճան էին հավատավորները…
Արիադավան հայերն ի սկզբանե արժեւորել ու նպատակայնորեն են նշել ազգային տոները, նույն ոգով էլ կատարել են ծեսերն ու տարաբնույթ արարողությունները: Խորհուրդներն իրենց հաստատուն տեղն են ունեցել եւ ունեն արիադավան հայերի կեցակարգում եւ կյանքում առհասրակ: Դրանք առավելապես տիեզերաիմաստ են եւ հավիտենարժեք, քանզի խորհրդանշում են երկնի ու երկրի խորհրդավոր կապը, նաեւ՝ Աստվածների ու մարդկանց առնչությունները:
Տոների խորհուրդը եւս իմաստավորված է, եւ ինչպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նկարագրել. «Հայոց տոները նշվում են Բնակարգին համապատասխան, դառնալով Տիեզերահասության խթանիչ, Աստվածատեսության միջոց եւ Տիեզերասնուցման միջնորդ… Տոնական օրերին գենետիկ-ծինաբանական ընկալումներն արթնանում են վերից-վար եւ հակառակ ուղղությամբ, իսկ ազդակները գործում են բաց եւ ուղղակի… Անգամ հնարավոր է դառնում լսել ու նկատել անտեսանելին, խոսել Աստվածների հետ, ընկալել Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը, ակնդրել եւ ունկնդրել Տիեզերքը…»:
Այսպես են շփվել մեր նախնիները մեր Աստվածների հետ, երբ զորավոր էր հայոց հավատը եւ զորավոր ու անդավաճան էին հավատավորները:
Իհարկե, այլ բնույթ ունեն այսօրվա տոները, որ պետական կամ եկեղեցական են կոչվում: Այլ բնույթ ունեն, քանզի անգամ ազգային հռչակվելով, զուրկ են բնական ու իրապես ծիսական արարողակարգից, անգամ ազգային ավանդական պատկերացումներից: Հայ արիները վաղուց են փորձում այսօրվա պետական տոներին հաղորդել ազգային ծիսակարգ, որպեսզի օրը ճիշտ ու նպատակային «աշխատի» հայության համար:
Դիցուկ՝ շատերն են հրաժարվում մարտի 8-ի տոնից՝ պատճառաբանելով դրա ոչ հայկական եւ անգամ հակահայկական «ծագումը»… Սակայն մեր երկրում պետականորեն միամսյակ է հայտարարվել ու մարտի 8-ից ապրիլի 7-ը նշվում է հանդիսություններով: Արդեն մի քանի տարի է հայ արիները մասնակցում են այս միամսյակին՝ հասկանալով, որ մարդկանց մեծ մասը նշում է եւ այսպես, թե այնպես այդ ազդակները հասնում են երկնքի դարպասներին… Ուրեմն՝ պետք է կանանց ու մայրության տոնը, մեր մաղթանքները լսելի դարձնել մեր Աստվածներին եւ դրական ու բարի ազդակներ «իջեցնել» հայ իգական սեռի համար: Հայ արիները արդեն քանի տարի է այդ օրերին արձագանքում են այսպես. «Շնորհավո՛ր տոնդ, հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր, որ արարչածին եք ու աստվածազարմ… Բարեմաղթանքներ հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ»: Բայց այս 1 ամիսը չէ, որ իրապես արժեւորում է հայ մորը, կնոջը, մաքրարյուն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի, կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր, քանզի հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերադիր կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է… Հայ իգական սեռն ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…
Եվ պետականորեն բացառապես ուտել-խմելու վերածած այդ միամսյակին հայ արիները դեպի Տիեզերք են ուղղում իրենց խոսքը, որպեսզի հայուհին դառնա ինչպես իր ընտանիքի, օջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը: «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:
Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր… Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են – ՀԱՄ գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք…
Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության համաշխարհային օր
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս նշվում է այս օրը, որը սահմանվել է 1993թ. ՄԱԿ-ի կողմից: Արդեն 21 տարի է նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:
Շատերի կարծիքով՝ հայաստանյան մամուլի մի մասը վերահսկվում է դրսից, ֆինանսավորման աղբյուներն օտար են, ինչը զրկում է լրատվամիջոցների այդ մասին իրական տեղեկություն կամ վերլուծություն հաղորդելու հնարավորությունից: Մի մասն էլ քաղաքական բեւեռացումների մեջ է, պատվերների տակ, եւ դրանց մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից: Սփյուռքահայ մամուլն առավել եւս կուսակցականացված է, ինչը արգելակում է անաչառ լրատվության իրականացումը:
Ամերիկյան ոչ կառավարական Freedom House կազմակերպությունը հրապարակեց ՙՄամուլի ազատություն-2014՚ զեկույցը, որտեղ վարկանիշային աղյուսակում Հայաստանը դասակարգված է ՙոչ ազատ՚ բաժնում:
Այս տարվա զեկույցում ստացած 62 միավորը 1 կետով հետընթաց է գրանցել նախորդ տարվա ցուցանիշից:
Իսկ ըստ Gallup-ի՝ ՀՀ-ում մամուլի ազատության մասին պատկերացումները լավացել են: 132 երկրներում 2013թ. անցկացված հարցախույզի արդյունքներով՝ 63%-ն է ասել, որ մամուլն իրենց երկրում ազատ է, եւ 26%-ը՝ որ ազատ չէ:
Մեր երկրում մամուլի ազատության պատկերացումները նախորդ տարիների համեմատությամբ լավացել են. փաստացի 2010թ. ի վեր առաջին անգամն է, որ հարցման ընթացքում ՀՀ-ում լրատվամիջոցների գործունեությունն ազատ որակողներն ավելի շատ են եղել, քան ոչ ազատ համարողները, թեեւ տարբերությունը մեծ չէ՝ միայն 1%:
ՙԱրդյոք բավականաչափ ազա՞տ է ձեր երկրում մամուլը՚ հարցին, ՀՀ-ում 44%-ը դրական պատասխան է տվել, 43%-ը՝ բացասական: Առաջին անգամն է, որ Հայաստանը տեղ չի զբաղեցրել մամուլի ազատության առումով ամենաշատ բացասական պատասխանները տված երկրների տասնյակում:
* * *
Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:
Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը:
Միակուսակցակա՞ն կառավարում, թե՞ քաղաքական դաշինք – Եթե Հայաստանի ու հայության ապագայի մասին իսկապես մտածելու են օրվա կառավարիչները, ապա միայն կտրուկ փոփոխությունները կտան արդյունքներ…
Երկրի նախկին վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառներն ավելի շատ գտնվում էին ներքաղաքական դաշտում եւ կային մի քանի պատճառներ, որոնցով նախորդ կառավարությունը չէր կարող շարունակել իր գործունեությունը. այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Նա առանձնացրել է վարչապետի հրաժարականից հետո որոշ հնարավոր տարբերակներ, որով կարող էին գնալ ՀՀԿ-ն եւ ընդդիմությունը, դրանք շատ նման են այն տարբերակներին, որ հնարավոր էր համարել նաեւ մեր թերթը՝ 1. հիմնական դերակատարող ուժի շրջանակում կարող էր ձեւավորվել իրապես նոր կառավարություն, 2. կարող էր նոր նվազագույն կոալիցիա ձեւավորվել որոշ ընդդիմադիր ուժերի հետ կամ նվազագույն հին կոալիցիան կպահպանվեր, 3. կարող էր լայն կոալիցիայի ձեւավորման հարց դրվել, փորձել ձեւավորել այդ քաղաքական դաշինքը խորհրդարանական ուժերի հետ:
«Լուսանցք»-ը, այնուամենայնիվ, մեկ այլ տարբերակ էլ էր ենթադրել, որը դեռ կարող է իրականություն դառնալ. 4. Հնարավոր 3 տարբերակների տապալման դեպքում՝ կարող է նոր կոալիցիա ձեւավորվել արտախորհրդարանական ուժերի հետ:
Այս տարբերակի մերժումն էլ արդեն կարող է արդիական դարձնել օրերս հնչած այն հարցը, թե ՀՀԿ-ն կդառնա՞ Կոմունիստական կուսակցություն: Եվ արդյո՞ք միակուսակցական ղեկավարումը կարող է հանգեցնել քաղաքական, իրավական կամ սոցիալ-տնտեսական բարեփոխումների:
Բաց նամակների հրապարակախոսական բնույթը.- Երբ ձայնը իրավազուրկ է իրավունքն էլ՝ ձայնազուրկ… Կրկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը, մարդկանց չիպավորումը եւ Ազգային Սահմանադրության նախագիծը…
Միշտ մտածել եմ անդրադառնալ հրապարակախոսության ոլորտին, ինչն ազդեցիկ ուղղություն է մեր կյանքում եւ ունի ներգործելու հզոր լծակներ: Սակայն այս ոլորտը բազմաճյուղ է եւ գնահատելու նույն սանդղակը չի կարող լիարժեք գործել բոլոր ճյուղերի համար: Սույն հոդվածում եւս զերծ կմնամ համընդհանուր գնահատականներից, պարզապես մեր գործընկերների, հայ արիների բաց նամակների ներկայացմամբ, թերեւս կկարեւորեմ հրապարակախոսության այս ոճի գոյությունը: Հենց բաց նամակների ձեւը նկատի ունենալով էլ ընտրել եմ հոդվածի վերնագիրը:
Կարծում էի մայիսյան հանգստյան օրերի ընթացքում համեմատաբար եւ համընդհանուր զինադադար կլինի, սակայն այդպես չեղավ, չնայած այդ օրերին հիմնականում ազատ էր նաեւ մամուլը: Թերեւս այս դեպքում ավելի ակնհայտ երեւաց հրապարակախոսության բաց նամակների ձեւի կիրառելիությունը: Երբ ընդհանուր թոհուբոհից հեռու, որոշակի դադարի պայմաններում, ուղղակի հղումներով վեր են հանվում որոշակի հարցեր, հղված որոշակի անձանց, ուղղված որոշակի մարդկանց կամ նրանց գործունեության դեմ:
Ամեն բան առավել քան հստակ է բաց նամակների դեպքում, որովհետեւ դրանք նպատակային են հրապարակվում եւ ներկայացնում են որոշակի խնդիրներ, դրանց պատճառներն ու հետեւանքները, անգամ լուծումներ են առաջարկվում:
Առաջին բաց նամակը, որ կներկայացնեմ, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի կողմից է՝ հղված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այստեղ մի քանի խնդիր է արծարծվել: 1-ինը եւ ամենակարեւորը՝ նորացված կառավարության կազմում նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նշանակման հարցն է: «Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը, ում կերպարը մշակույթի ու մտավորականության լայն շրջանակներում միանշանակ ընկալվում է հակամշակութային, իսկ մեզ համար՝ նաեւ հակազգային: Այս տիկնոջ պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական մշակութային ու ազգային շատ արժեքներ միջազգայնորեն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, «դարձան» թուրքական, ադրբեջանական, վրացական կամ իրանական (ոչ թե՝ պարսկական): Իսկ պատասխան չկա, ցավոք, չկա նաեւ պատասխանատու»: ՀԱՄ առաջնորդը հիշեցրել է, որ ինքը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ այն ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու սրբապիղծ քայլը կանխելու համար: Եվ հենց Արմեն Ավետիսյանն էլ պարզաբանում է, թե ինչու է ընտրել բաց նամակի ոճը. «Հաճախ ենք դիմում բաց նամակի ձեւին, քանզի վստահ չենք, թե բոլոր նամակներն ու հայտարարություններն են զեկուցվում երկրի բարձրաստիճան անձանց: Չգիտեմ, Ձեզ զեկուցե՞լ են նշածս նամակի մասին, թե՝ ոչ, որն ուղարկել էինք արդեն «Լուսանցք» շաբաթաթերթում հրապարակած: Չգիտեմ նաեւ՝ այժմ կզեկուցե՞ն, թե՝ ոչ: Չգիտեմ, քանի որ որոշ նամակների, այդ թվում՝ մեր տաճարի տարածքում սրճարանի կառուցման հարցով գրավոր պատասխաններ չեն եղել: Ուստի՝ այս դիմումս եւս կդառնա բաց նամակ»:
Ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի՞ մոռացվել – Չնայած՝ ունենք վարչապետ եւ կառավարություն, ԱԺ նախագահ եւ տարօրինակ վարքագծով ընդդիմադիրներ…
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վերջերս բավականին աշխույժ մասնակցում է քաղաքական դաշտի վայրիվերումներին: Երկար ժամանակ չխոսելուց հետո, նա հանկարծ ու միանգամից վերաարծարծեց ՀՀ իշխանության մեջ ծվարած համասեռական պաշտոնյաների հարցը: Հիշեց, որ այդ ցուցակները կարդացել եւ գիտեն ՀՀ նախկին եւ ներկա նախագահները, այսպես՝ աջուձախ իշխանական ու օտարերկրյա որոշ շրջանակների լսեցնելով, թե «մենք գիտենք՝ ով ով է… խելոք մնացեք»… Հետո նա էլի շատ աշխույժ մասնակցեց ընդդիմադիր քառյակի՝ իշխանությունների խայծը կուլ չտալու պայքարին եւ համոզում էր չհամագործակցել իշխանությունների հետ, դառնալ ուժեղ ընդդիմություն: Այժմ էլ նա հայտարարել է, թե կառավարությունում ոչնչ չի փոխվել:
Այս ամենը ավելի հետաքրքիր է դառնում, երբ հիշում ենք, որ Գառնիկ Իսագուլյանն առ այսօր համագործակցում է ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչեւէ: Ներքաղաքական կյանքում վերջերս կարծես աշխուժանում են բոլորը, բայց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը հասցրել է նաեւ արտաքին ուղղությամբ հայտարարարություն անել. «Եթե Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, չեղյալ հայտարարի իր ստորագրությունը, ապա Երեւանի վրա կլինեն ճնշումներ Արեւմուտքից, հատկապես արձանագրությունները նախաձեռնած երկրներից, սակայն մեր երկիրը շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, այդ թվում այն, որ արձանագրություններն օրակարգում թողնելն ի վնաս իրեն է»:
Խոսելով նոր կառավարության մասին՝ նա նշել է, եթե հենց նույն օրը այդ կառավարությունը չի վերացնում հասարակության աչքը ծակող խնդիրները, ապա նշանակում է՝ կառավարությունում ոչինչ չի փոխվել՝ բացի անուններից: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ավելի մեղմ է արտահայտվել. «Հովիկ Աբրահամյանի գործելաոճը տարբեր է, բայց դեռ հուսադրող չէ: Բայց գործող վարչապետի գործելաոճը գոնե կտրուկ տարբերվում է նախորդ վարչապետի՝ միավանկ, անբովանդակ, վիրավորական ոճից, առհասարակ այն առոգանությունից, որով նախկին վարչապետը շփվում էր հանրության, պատգամավորների հետ»: Իսկ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմացել է. «Եթե կառավարությանը տրված չէ որոշում կայացնելու լիազորություն, ապա ինչպե՞ս կարող են դրական փոփոխություններ լինել»:
Առհասարակ այն կարծիքն է գերակշռում քաղաքական դաշտում, որ կառավարության աշխատանքը տեսնելու ու գնահատելու համար ժամանակ է պետք: Գուցե 100 օր անց բոլորը խոսեն այս մասին: Այդ օրը կխոսի նաեւ «Լուսանցք»-ը:
Ցավոտ կետեր.- «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Իսկ «Թուրքական որակ»-ն ուզում են բրենդ դարձնել… Թուրքիայի անվտանագության ռազմավարության համաձայն՝ Հայաստանը թշնամի երկիր է հռչակված…
Սկիզբը՝ թիվ 12-14-ում
Հայկական տեքստիլին հիմա զարկ տալու համար ինչու՞ է մեր էկոնոմիկայի նախարարությունը խոսում նախ արտապատվիրումից:
Դա պատկան մարմինը բացատրում է հետեւյալ հանգամանքով. բանն այն է, որ սեփական արտադրանքով նոր շուկաների մուտքը ռիսկային է եւ պահանջում է լուրջ ֆինանսական ներդրումներ, իսկ արտապատվիրումը կարող է հիմքեր ստեղծել հայկական ընկերությունների սեփական արտադրությունը զարգացնելու համար: Արտասահմանյան սպառողների շրջանում նախ կձեւավորենք «Made in Armenia»-ի նկատմամբ դրական վերաբերմունք՝ հատկապես առաջատար բրենդերի արտադրանքների դեպքում: Ոլորտի զարգացման համար նպատակը պետք է լինի արտադրական կարողությունների զարգացմամբ սեփական արտադրության զարգացման եւ արտահանման պոտենցիալի մեծացման համար հիմքեր ձեւավորելը, միաժամանակ կարգավորելով ներմուծումը՝ նպաստել արտադրողների տեղական շուկայում բազայի ամրապնդմանը: Մոտակա 10 տարիների ընթացքում հագուստի արտադրության ոլորտը պետք է ձգտի ներգրավել նոր պատվերներ միջին գնային հատվածում:
Ըստ ռազմավարության թիրախային ցուցանիշների կանխատեսման՝ Հայաստանի ոլորտի ընդհանուր արտահանումը 2018թ. 2012թ. համեմատ կարող է աճել շուրջ 4.5 անգամ, իսկ 2023թ.՝ ավելի քան 9 անգամ՝ կազմելով մոտավորապես 120-147 մլն դոլար, ընդ որում շուրջ կրկնակի ավելի արագ կաճի արտապատվիրումը: 2023թ. տեղական արտադրանքի մասնաբաժինը ներքին շուկայում կարող է ներկայիս 10%-ից հասնել մինչեւ 20%: Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտում ներգրավված աշխատուժի քանակը ներուժ ունի 2018թ. 2012թ. համեմատ աճելու գրեթե կրկնակի չափով, իսկ 2023թ.՝ շուրջ եռակի (2012թ. մեր երկրի այս ոլորտի պաշտոնապես գրանցված աշխատուժի քանակը կազմել է 2,718: Հաշվի առնելով ոլորտում ստվերայնության գործոնը (մոտարկվում է 25%-35%-ի շուրջ)՝ աշխատուժի իրական քանակը կարող է կազմել մոտ 3,200-3,900 մարդ): Ի դեպ, խոսվում է նաեւ նախաձեռնություններից, օրինակ՝ 1. հումքի ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման հետաձգում մինչեւ 6 ամիս, 2. հումքի մաքսազերծման ժամանակ հսկիչ գների չկիրառում առնվազն արտադրող ընկերությունների կողմից ներմուծման պարագայում, 3. արտերկրից ուղարկված արտադրական նմուշների ազատում մաքսազերծման վճարներից, 4. մաքսազերծման վարչարարության արդյունավետության բարձրացում՝ մասնավորապես հումքի եւ սարքավորումների պարտադիր սերտիֆիկացման պահանջների վերանայում, 5. շրջանառու միջոցների վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորում, 6. կապիտալ ներդրումային ծրագրերի վարկավորման տոկոսադրույքի սուբսիդավորում, 7. ներմուծված սարքավորումների ազատում ԱԱՀ-ից, 8. արտադրական աշխատուժի վերապատրաստում, 9. արտադրության կազմակերպիչների ուսուցում/վերապատրաստում մասնագիտական կրթական հաստատություններում, 10. համագործակցություն կրթական եւ մասնավոր հատվածի միջեւ նոր աշխատուժի պատրաստման ուղղությամբ:
Մեկ այլ նախաձեռնություն է ռուսական շուկայում Հայստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման ընկերության հիմնումն ու համալիր գործողությունների իրականացումը: Արտահանման ընկերության ընտրության համար կմշակվեն համապատասխան չափանիշներ եւ կհայտարարվի մրցույթ: Արտահանման ընկերությունը պետք է լինի Ռուսաստանում գրանցված մասնավոր ընկերություն, որը կիրականացնի հայկական արտադրանքի ներմուծումը, մարքեթինգը, առաջմղումը եւ մեծածախ վաճառքը: Պետական աջակցությունը ուղղված է լինելու հայկական նոր ապրանքների շուկա մուտքի հետ կապված ռիսկերը մեղմելուն:
Մեր ավանդապատումները – Տավուշ… Գիշերն այցելեք թանգարաններ… Պարգեւներ` պարի միջազգային օրվա առիթով… Կաննի կինոփառատոնում՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը…
Մեր ավանդապատումները շարքից – Տավուշի մարզ
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-14-ում
Խոլնի քար – գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի հանդում:
Մադաթովի կռվի ժամանակ է լինում: Մի գյուղացի բինայից քոչում է գյուղ: Ճամփին ձիավոր ռուս զինվորներ են հասնում:
Բարեւ են տալիս, բարեւ առնում: Ուզում են իմանալ՝ հո բան չի՞ պատահել:
– Էտը – ասում են,- շտո տակոյ ա:
Գյուղացին էլ թե. «Եզներն իմն են, սելը‘Ակոյինն ա»:
– Սելո սպակոյնա, սպակոյնա,- ասում են ռուսները եւ գնում գուղացու հետ: Հասնում են մի աղբյուրի: Գյուղացին մի գառ է բռնում, որ մորթի:
– Բառաշկա, բառաշկա,- ասում են զինվորները:
Գյուղացին ծիծաղում է. «Բա արաղ չկա՛, ոնց չէ, կա, կա»: Տիկը մեջտեղ է դնում, խորովածն անում: Ուտում, խմում: Մեկ էլ մի զինվոր նայում է սար ու դաշտի:
– Լեսա,- ասում է, – խոլմի, խոլմի…
Գյուղացին էլ թե. «Բա է՛ն, – ու ցույց է տալիս մի բլրի ցից քարը,- էն էլ մեր ղոլի կողմի քարն ա, էն էլ մեր ղոլն ա, թուրքինը չի»:
Ու բաժանվում են ծիծաղելով:
Եվ դրանից հետո գյուղացու ավելի անունը մնում է խոլի, քարինը՝ Խոլնի քար:
Տավուշ բերդ – գտնվում է Շամշադինի շրջանում:
Երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում:
Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին: Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի: Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը եւ կտրում ջուրը: Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում: Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից եւ տեղափոխվում Սեւանի կողմերը:
Աշխարհի մարզական հեւքից – Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք… «Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր… «Արարատ»-ը կորցրեց առաջատարի դիրքը… Աշխարհի չեմպիոն՝ մեկ ձեռքով… Աշխարհի չեմպիոնը լքում է Հայաստանը…
Վերջ առճակատմանը.- Սպորտի նոր նախարար ունենք
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Չնայած նախկին նախարար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարեց պաշտոնը պահպանելու համար, բայց, ի վերջո, ՀԱՕԿ սպորտվարչության պետը, ով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից է, փոխարինեց նրան:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի՝ նախարար դառնալուց հետո, Գագիկ Ծառուկյանի հետ մշտապես պայքար էր գնում մարզաշխարհում թիվ 1 դեմքը դառնալու համար: Այն փոփոխական հաջողություններով էր ընթանում, բայց ահա հասավ ավարտին:
Հաղթանակի ոգով` մրցասպարեզում եւ մարտադաշտում
Մայիսի 9-ին մեր ժողովուրդը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Հաղթանակների գործում զգալի ավանդ ունեն նաեւ հայ մարզիկները: Չնայած պատերազմական վիճակներին, Հայաստանում մարզական կյանքը չընդհատվեց: Ավելին` 2-րդ աշխարհամարտի տարիներին մարզակառույցների թիվն ավելացավ: 1943թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի ժողկոմխորհը (կառավարությունը) որոշում ընդունեց միջնակարգ դպրոցներում ունենալ ֆիզիկական դաստիարակության ղեկավարներ, ստեղծել 10 նոր մարզադպրոցներ եւ այլն: Նույն թվականի հուլիսին որոշվեց եւ 1945-ին սկսեց գործել ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Պատերազմի 5 տարվա ընթացքում մեր երկրում պատրաստվեց 11645 դահուկորդ, 15528 լողորդ, 25843 մենապայքարային մարզիկ, 42 հազար նռնականետորդ եւ այլն: Ֆիզկուլտուրային կազմակերպությունների թիվը հասավ 777-ի, իսկ մարզիկների քանակը` 33451-ի:
Հաղթանակի ոգով են ռազմի դաշտ մեկնել աննկուն հայ մարզիկները: Բոլորին է հայտնի Հրանտ Շահինյանի` օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոնի անունը: Բայց երեւի քչերը գիտեն, որ «նժույգի արքան» Խորհրդային բանակի կազմում մարտնչել է ֆաշիստական հրոսակների դեմ հյուսիսկովկասյան ռազմաճակատում եւ 1943-ին ծանր վիրավորվել: Պատերազմի ավարտից հետո Հրանտ Շահինյանը հենակներով վերադարձավ մարզադահլիճ: Կամքով արի մարտիկն ու մարզիկն ուժ գտավ` վերականգնելու վիրավոր ոտքը եւ, դեռ ավելին, Հելսինկիում 1952թ. կայացած օլիմպիական խաղերում նվաճեց 2-ական ոսկե եւ արծաթե մեդալ:
Հայոց մարզաշխարհի մարդկանց դերն անուրանալի է նաեւ արցախյան հերոսամարտում: Հենց միայն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 23 շրջանավարտներ եւ ուսանողներ հերոսաբար ընկան մարտադաշտում: Նրանք խաղային, մենապայքարային, ջրային, կիրառական մարզաձեւերի ներկայացուցիչներ են: Անմահացած մարզիկների հիշատակը հավերժացնում է հարազատ բուհի բակում վեր խոյացած խաչքար-հուշարձանը:
«Փյունիկ»-ը՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր
«Հանրապետական» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի 23-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Երեւանի «Փյունիկ»-ը մրցեց Կապանի «Գանձասար»-ի հետ, որն առաջին անգամ էր անմիջականորեն պայքարում պատվավոր մրցանակի համար:


