Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40-ում

Հայկական ծիսական պարը կրում է հայ ժողովրդի արեւապաշտական գաղափարախոսական ոգին: Պարը դառնում է միջոց, դառնում է լեզու եւ խոսք, որի միջոցով ազգի սերնդին է փոխանցվում հիմնական գաղափարը, իմաստնությունը: Ծիսական պարերի միջոցով կապ է ստեղծվում հայոց արեւապաշտական գաղափարախոսական խորհրդանիշերի եւ նրանց կրողի միջեւ:

Ուզուն Դարա պարը հայ ժողովրդական ծիսական պարերից է, որի պարային երաժշտությունը վերականգնել է Ալ. Սպենդիարյանը: Պարի կատարման շարժումների առանձնահատկությունները, արտահայտած գաղափարը, պարի պատմությունը տանում են հայոց մշակույթի նախաքրիստոնեական ժամանակաշրջան: Ժամանակակից ավանդապատումներում նշվում է, որ Ուզուն Դարա պարը պահպանվել է Զանգեզուրի լեռնաշխարհում: Ամենայն հավանականությամբ, պարի պահպանման վայրը կարող է լինել Սյունյաց լեռնաշխարհը:

Ըստ վիպասան Մուրացանի «Խորհրդավոր միանձնուհու», Ուզուն-Դարա՝ երկայն ձոր լեռնաշղթան պատկերվում է որպես մի երկայնաձիգ լեռնաշղթա, որը երբեմն ուղղաձիգ է, երբեմն՝ աջ եւ ձախ խոտորված:

Հրաչյա Աճառյանի Արմատական բառարանում եւ Նոր Հայկազյան Բառարանում Ուզուն եւ դարա բառերը մեկնաբանվում են այսպես.

ուզել -ռամկական բառ- յուզել- խնդրել, կամիլ, ուզելով,

ուզ- հարսի ու փեսայի գլխին դրված պսակ,

զուզ-հաստատ կամ նախապարգեւ,

դարա՝

դար- գահ, բարձրավանդակ, քարանձավ, զառիթափ,

դար- ամենայն թիվ կամ դար,

դարան- ծածուկ տեղ,

դարան նստեր-ի դարան մտեալ, որ ատիցէ զընկեր յիւր եւ դարան գործիցէ նմա,

-եղիցի գան ի օձ դարանակալ ի ճանապարհի,

-նստի դարանեալ ի մեծամեծս դեւն ի ներքս մտեալ դարանէր, այլ որ ինչ նմա դարանալեալն էր ուր հին վիշապն դարանելոցն էր,

-ի հարազատ եւ յընտանի գեղեցկութե զրկեալք զօտարուսին դարանացուցանեն:  

«Ուզունդարա» պարի էպիկական բովանդակությանը համապատասխանում է պարանվան հետեւյալ մեկնաբանումը՝ ուզուն-պսակ, դարա՝ ծածուկ, դարանյալ իմաստը, այսինքն՝ պսակ եւ դարան, կամ դարանյալ պսակ, պսակի դարանյալ միտք:

Հայոց տիեզերական արեւապաշտական գաղափարախոսության մեջ արեւապաշտական գաղափարներից մեկը համարվում է օձը կամ վիշապը: Պարադիցում Էնկի/Հայա Աստծո «գաղտնիքի տիրակալ» կոչումը ստացավ Նաղաշ անունով օձը՝ Հայոձը(ց): Պարադիցում հաջորդ օձի անունը Բուզուր է. «Նա, ով գիտի գաղտնիքի իմաստը», որը վերագրվում է սեմական ճյուղին:

Հայ ժողովրդական բանահյուսության մեջ օձը չորս ծուծ ունի գլխի մեջ՝ երկուսը մահացու, երկուսը՝ կենսատու հատկություններով:

Մասնագիտական գրականության տվյալներով՝ օձի գլխուղեղը նույնպես քառամաս է՝առջեւի ուղեղ, միջին ուղեղ, ուղեղիկ, երկայնաձիգ ուղեղ: Բնականաբար, օձի դրական եւ կենսատու՝ իմաստուն եւ բուժիչ հատկանիշները վերագրվում են հայոց տիեզերական խորհրդանիշը կրող Նաղաշ Հայ Օձին, որի հատկանիշները կրում է հայ մարդը, իսկ մահացու թունավոր՝ նենգ եւ դավադիր օձի տեսակը վերագրվել է այն ազգերին, որոնց հետ ունեցել ենք հակադրություն, եւ նրանք համարվել են Շահմար Օձ տեսակ:

Շահմար օձ են անվանել մարերին, արամյան մեդացիներին: Հայ ժողովրդի ընկալումներում Շահմար Օձերը եւ Վիշապները միշտ կրել են Հայ մարդու, հայ աստվածների հսկողությունը եւ խոնարհվել ու ենթարկվել են նրանց:

Հայ ժողովրդական բանահյուսության մեջ «օձի իմաստնություն», «օձի հնարամտություն», «օձ պարացնող» արտահայտությունները հիմնականում վերագրվում են հայ կնոջը, ով հայ տղամարդուն հավասար պայքարել է հայրենիքի եւ ընտանիքի համար եւ իր խելամիտ, իմաստուն արարքով նեցուկ է կանգնել նրան, կանխել է վերահաս վտանգը:

Հիշենք թեկուզ, ըստ գործող անձանց, հայկական ավանդության փաստերը.

Հայոց «Սասնա ծռեր» էպոսի Ծովինար թագուհին, ապրելով Մըսրում, խալիֆին չի տրվում, խաբում, ուղղակի «պարացնում է», մինչեւ Սանասարի եւ Բաղդասարի հասուն տղամարդ դառնալը եւ գերությունից ազատվելը:

«Սասնա ծռեր» էպոսի մեջ Սիպտակ Դեւը փախցրել է Արմաղանին եւ յոթ տարի Արմաղանը ապրել է Սիպտակ Դեւի կողքին, դեւին խաբել, խորամանկորեն համոզել, պարացրել, սակայն նրան չի տրվել, մինչեւ Մհերը կռվում հաղթել է Դեւին եւ ազատել Արմաղանին:

Այդպես է վարվում խորագետ, իմաստուն, քաջ Տիգրանուհին՝ «Տիգրան եւ Աժդահակ» առասպելում: Նա չի տրվում Աժդահակին եւ նրա համար երեխաներ չի ծնում՝ խաբելով վիշապին, միաժամանակ գաղտնի նամակ է ուղարկում եղբորը՝ Տիգրանին, որով հայտնում է Աժդահակի նենգ մտադրության մասին: Տիգրանը սպանում է Աժդահակին՝ մեդական Աժին, այսինքն՝ Օձ, Դահակա ստորերկրյա վիշապին եւ ազատում է Տիգրանուհուն:

Հայ ժողովրդական բանահյուսության մեջ օձի գաղափարի, խորհրդի հետ կապված պահպանվել են առած-ասացվածքներ, ասույթներ, բառեր. Արեւի երթուղու ըմբռնումը՝ մերթ սարերի հետեւը, մերթ ջրերի մեջ ընկղմվելը, առկա է «Օձեմանուկ, «Օց-Մանուկ» բառակապակցության մեջ, մի շարք բառեր՝ մոլորակ, երկնոլորտ, հայոց, պարանոց, թեւնոց եւ այլն:

«Օձի լեզու ունենալ» նշանակում է սուր, նենգ, թվացյալ քաղցր խոսք ունենալ:

«Լեզուն օձը բնեն կհանի»՝ խոսքով այնպես կհամոզի, որ օձին կխաբի:

«Օձ պարացնող»՝ մարդ, որ դիմացի օձանման կամ դժվար ենթարկվող մարդուն կարողանում է տարբեր հմտություններով, հնարքներով, իմաստուն քայլերով, խոսքով համոզել, խորամանկորեն ենթարկեցնել: Հայ ժողովրդական մտածողության մեջ «Օձ պարացնող» համարվում է այն կինը, ով կարողանում է հմտորեն համոզել, խաբելով շրջանցել դժվարությունները եւ վերջանականապես դուրս գալ փակուղուց:

Ուզուն Դարա պարը այն բացառիկ եւ յուրահատուկ ծիսական պարերից մեկն է, որտեղ գլխավոր կատարողը միայնակ կինն է: Ով մարմնավորում է իմաստուն օձի կերպարը եւ խորաթափանց ու դարանյալ լեզվով խոսում: Պարի ամենամեծ գաղտնիքը պարի հմայիլային շարժումների համադրություններն են, որոնք պարունակում են հայկական տիեզերաբանական պատկերացումների մի ամբողջական պահեստարան:

Ուզուն Դարա պարի մեջ պարողի թեւերի օձանման, ոլոր-մոլոր, հեզաճկուն յուրաքանչյուր շարժում իմաստալից է, այն մերթ հետեւում է, մերթ օձի նման գլուխն է բարձրացնում, ուղիղ կանգնում պատրաստ հարձակման, երբ վտանգն է մեծանում, մերթ փաթաթվում են իրար ձեռքերը, ասես դարանակալ գաղտնիքներ հյուսում: Թեւերը հեզաճկուն, օձագալար, պարույրաձեւ շարժվում դեպի վերեւ, դեպի գագաթ, իսկ այնտեղից էլ՝ պտույտ ներքեւ ու նորից դեպի վերեւ:

Պարող հերոսուհու ոգու հուզական պոռթկումը ապրում է հոգու խորքում: Հերոսուհին ներկայացնում է արտաքինից խոնարհաբար թաքցրած անհանգստություն, թեթեւ ժպիտի ներքո թաքցրած դառնություն, ոգին անընդհատ այրող կարոտ, վրեժխնդիր լինելու զգացում, ընդվզում, պայքար, ելք փնտրելու մտադրություն, մտավախություն, միաժամանակ՝ համարձակ որոշումների պայծառ միտք, կանացի մի ներքին զորեղ ուժ՝ խորագետ ու իմաստուն, որը լի է հաղթական հույսով, որին անհնար է հաղթելը, ահա այսպիսին է այն կինը, ով պարում է «Ուզունդարա» պարը:

Այս պարն արտահայտում է հայ առասպելական խորագետ կնոջ կերպարը:

Որպես բարձրագույն էություն, ազնվական կինը մեծ հավակնություն ունի իր խելամտությամբ նվաճելու Արիքի արեւապաշտական աշխարհի բարձրագույն խորհուրդը եւ այն պետք է բերի հաղթանակ իր երկրին, եղբորը, ամուսնուն:

Նա իր հեզաճկուն պարով մերթ դառնում է Արեւ- Արծվի թեւեր՝ զորեղ, անհաղթ Արեւին հասնող, մերթ աղավնի՝ ձիթենու ճյուղով, մերթ գալարվող օձ՝ մտամոլոր ու շիփ-շիտակ, մեկ կծիկ դարձած օձ, գլուխը կծիկից հանած՝ դարանած՝ որսին սպասող, մերթ փահլեւան հրեղեն ձիով, մերթ արեւաբաշ առյուծ գուրգուրող, արիքի արեւապաշտական գաղափարակիր կինը իր շարժուձեւը դարձնում է բարձրագույն խորհրդանիշ:

«Ուզունդարա» պարը տարածված է Արցախում: Հայկական հարսանեկան, հնագույն մենապար է:

Որպես ծեսի մաս՝ կատարել են հարսնացուները եւ հարսները, նորահարսին պարի մեջ հրավիրելու արարարողություն ժամանակ: Պարը հետագայում կատարվել է նաեւ խնջույքների եւ տոնախմբությունների ժամանակ: Պարաձեւը կազմված է ոտ փոխելու, օձաձեւ եւ երկուս գնալ, երկուս դառնալու թեթեւ թռիչքներով քայլերից, որոնք միացվում են կատարողի ընտրությամբ:

Շարժումները դանդաղ են, հանդիսավոր, գեղեցիկ եւ շրջանաձեւ պտույտներով եւ խիստ կանացի, որոնք ընդգծում են կատարողի մարմնի ու շարժուձեւի գեղեցկությունը: Պարեղանակը մեկն է՝ չափը՝ 6/8 («Հայկական համառոտ հանրագիտարան» Հ. Այվազյան, 2003, էջ 791):

Շարունակելի

Կարինե Հայրապետյան, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս, Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

 * * * 

- Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնի շախմատիստ, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի հարսանիքից հետո հերթական հիստերիայի մեջ էին ընկել: Այս անգամ նրանց հոգեխանգարմունքի պատճառը Լեւոն Արոնյանի կնոջ  հայկական ծիսական հարսնապարն էր՝ Ուզուն դարան: Մասնավորապես haqqin.az կայքը գրել էր. «Համացանցում հարսի պարի տեսանյութն է տարածվել:  Արիանան պարում է «O olmasin bu olsun» երաժշտական կոմեդիայի կերպարներից` Մեշադի Իբադի երգի երաժշտության ներքո, որը ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլիի գործերից է համարվում»:

Այնուհետեւ ադրբեջանական կայքը շարունակում է, թե հայերը, «սովորության համաձայն», այն իրենց են վերագրել (իբր Արամ Խաչատրյանն այն յուրացրել է իր «Գայանե» բալետի համար,- խմբ.)»:

Այս դեպքում են ասել՝ չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս: Մեր բախտը թշնամու հարցում էլ չի բերել. ախր, թշնամին էլ պետք է արժանի լինի, մեզ հավասար լինի: Եկել, ընդամենը մեկ դարի պատմություն ունեցող խուժանի հետ կռիվ ենք տալիս: Ասենք՝ ի՜նչ պատմություն: Պատմության համար մեկ դարն ի՜նչ է: Ակնթարթ: Դրանց՝ այդ ադրբեջանցիների գոյությունն էլ երեւի ճակատագրի հեգնանքն էր՝ մեզ համար պահված:

Իբրեւ մեզ պատիժ՝ պատմությունից չքաղած դասերի համար: Մշտապես դյուրահավատ լինելու համար:

«Լուսանցք» թիվ 41 (474), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։