Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը հետզհետե սաստկանում է, քանի որ եվրոպական ու ամերիկյան տնտեսական պատժամիջոցները չկարողացան սպասված արդյունքը տալ: Մոսկվան ստացավ լուրջ աջակցություն հատկապես Չինաստանից, որը զգուշության մղեց նաեւ Վաշինգտոնին, քանի որ ռուսչինական համագործակցությունը կարող էր հանգեցնել ամերիկյան դոլարի նկատմամբ «պատժամիջոցի», ինչը զգալի հարված կլիներ ամերիկյան ֆինանսատնտեսական համակարգին: Այստեղ կարող էր շահել եվրոն, ինչը եւս Վաշինգտոնի սրտով չէր: Եվրոպական անկախության որեւէ նշույլ սարսափեցնում է Միացյալ Նահանգներին, քանի որ ԵվրոպաՌուսաստան համագործակցությունը արդեն քանի անգամ մոտեցել էր ավարտական փուլին: Բայց, նախ Իրաքում, ապա Հարավսլավիայում եւ Սերբիայում ամերիկյան ռազմական միջամտությունները կասեցրեցին այդ մերձեցման հնարավորությունները՝ ստիպելով Եվրոպային ռուս-ամերիկյան հակամարտության պարագայում, ուզած թե չուզած, կանգնել ռազմաքաղաքական դաշնակցի կողքին: Այսօր էլ Վաշինգտոնը Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների ծիրում կարողացավ ստեղծել ուկրաինական խնդիրը, ինչին Ռուսաստանն արձագանքեց սիրիական խնդրի նորովի բորբոքմամբ եւ ծայրահեղ իսլամականների դեմ պայքարի թեժացմամբ:
Սա տասնյակ տարիների պայքար է, եւ փոփոխվում են միայն դեմքերն ու դեպքերը, ուղղությունները, սակայն, նույնն են: Հայաստանին հաջողվեց արցախյան խնդիրը դուրս բերել գերտերությունների հակամարտության ներկա օրակարգից, չնայած Ադրբեջանն ու Թուրքիան ամեն բան անում են հարցը օրակարգային դարձնելու համար: Բաքուն անգամ փորձեց հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, որտեղ համագործակցում են Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը եւ՝ հաջողությամբ են դա անում: Ուստի՝ Բաքվի, ապա եւ՝ Անկարայի ջանքերն այս հարցում ձախողվում են ցայսօր:
Continue reading



