Առաջատարի հետապնդումը շարունակվում է
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ փուլի վերջին խաղում «Շիրակ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանց»-ի նկատմամբ։ Միակ գոլը 79-րդ րոպեին խփեց Սոլոմոն Իմե Ուդոն։
«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Փյունիկ»-ին: Առաջատարի համար անսպասելի խաղ սկսվեց, բայց կարողացավ խուսափել պարտությունից… 1-ին խաղակեսում հյուրերը անսպասելի առաջ անցան, ինչը ամրապնդեցին 2-րդ խաղակեսում: Չնայած առաջինն աչքի ընկան Աբրահամ Խաշմանյանի սաները (13-րդ րոպե), հյուրերի սխալից հետո Միհրան Մանասյանը հարվածային դիրք է դուրս եկել, բայց փոխանցել է Զավեն Բադոյանին, ով էլ գրավել է անպաշտպան դարպասը: Բայց խաղային 11 րոպեների ընթացքում «Փյունիկ»-ը 3 գնդակով է պատասխանել: 1-ին կեսի վերջնամասում աչքի են ընկել Արթուր Քարտաշյանն (37) ու Վարդան Պողոսյանը (38), իսկ 2-րդ կեսի սկզբում՝ Նարեկ Ասլանյանը (48)՝ 3:1: Միայն դրանից հետո Հայաստանի չեմպիոնները սթափվել են ու փրկել հանդիպումը, 2 գոլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը, ով նախ եզրափակել է Արթուր Եդիգարյանի փոխանցումը, իսկ քիչ անց հստակորեն իրացրել է Լեսթեր Պելտիերի վաստակած 11-մետրանոցը: «Ալաշկերտ»-ի սայթաքումից օգտվել է «Գանձասար-Կապան»-ը, որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել վերջերս թափ հավաքած «Արարատ»-ին:
Այս հանդիպումներից հետո «Ալաշկերտ»-ը 55 միավորով շարունակում է զբաղեցնել 1-ին տեղը, «Գանձասարն» ունի 52 միավոր եւ կրկին լրջորեն հավակնում է չեմպիոնի կոչմանը: «Շիրակ»-ը 49 միավորով 3-րդ տեղում է, Փյունիկ»-ը 38 միավորով 4-րդն է: «Բանանց»-ը 21 միավորով՝ 5-րդ տեղում է։, իսկ «Արարատ»-ը 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հ.Գ. – «Ալաշկերտ»-ը եւս մեկ քայլով մոտեցավ ոսկե մեդալներին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացել է 28-րդ փուլի առաջին հանդիպումը: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ ջախջախեց նախավերջին տեղում գտնվող «Բանանց»-ին: Բոլոր գոլերը գրանցվեցին 2-րդ խաղակեսում: Այդպիսով, ալաշկերտցիները վաստակեցին 58 միավոր եւ ավելի ամրապնդեցին իրենց դիրքը առաջին հորիզոնականում: 2-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ն այժմ առաջատարին զիջում է 6 միավորով:
Կկայանան փուլի մնացած 2 հանդիպումները, որտեղ «Արարատ»-ը սեփական դաշտում կհանդիպի «Շիրակ»-ին, ապա «Գանձասար-Կապան»-ը ուժերը կչափի «Փյունիկ»-ի հետ:
Հ.Գ. – «Արարատ»-ը տանը զիջեց «Շիրակ»-ին – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ փուլում հարաբերությունները պարզեցին հանրապետության ամենահին 2 ակումբները: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ընդունեց Գյունրիի «Շիրակ»-ին: Արարատցիները չնայած սկզբում 3 գոլ բաց թողեցին, սակայն մինչեւ վերջ պայքարեցին եւ փորձեցին միավոր վաստակել: Հյուրերը, սակայն, ուժեղ գտնվեցին եւ կարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ 3:2: Շիրակցիները վաստակեցին 52 միավոր եւ հավասարվեցին 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ին: «Արարատը» 22-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում եւ շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Արցախի ֆուտբոլի վետերանները՝ մրցաշարի հաղթող
Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի հիշատակին նվիրված՝ այդ երկրի Գագրա քաղաքում մայիսի 10-ին մեկնարկած ֆուտբոլի վետերանների 6-րդ միջազգային մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը հաղթանակներ է գրանցել: Կիսաեզրափակիչ խաղում Արցախի թիմը հանդիպել է Սոչիի (Ռուսաստան) թիմի հետ եւ վստահ հաղթել՝ 3:0 հաշվով: Եզրափակիչ հանդիպումը, որտեղ Արցախի մրցակիցը Պյատիգորսկի թիմն էր, որին հաղթեցին 2:0 հաշվով:
Անցած տարի ֆուտբոլի վետերանների 5-րդ մրցաշարում Արցախի ֆուտբոլի վետերանների հավաքականը գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի եւ գավաթի: Այս տարվա մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Լեւոն Մկրտչյանը, լավագույն հարձակվող՝ Արսեն Սարկիսյանը (9 գոլ) եւ լավագույն դարպասապահ Ալեքսանդր Մելքումյանը: Մրցաշարին մասնակցում էր 9 թիմ՝ Արցախից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերից։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ամենաուրախ ֆուտբոլիստը Հենրիխն է
Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի թիմակիցներ Ջեսի Լինգարդի ու Անդեր Էրերանի հետ հյուրընկալվել է «Ամեն ինչ, բացի ֆուտբոլից» հաղորդաշարին:
Հաղորդավարը հարց է ուղղել 3 ֆուտբոլիստներին, թե ո՞վ է թիմի ամենաուրախ ֆուտբոլիստը, Էրերան պատասխանել է՝ Լինգարդը, իսկ Լինգարդի խոսքով ամենաուրախը Մխիթարյանն է: Մխիթարյանն էլ պատասխանել է. «Ես ինքս» եւ ծիծաղով հավելել, որ իր պատասխանը ճիշտ է։ Մյուս հարցին, թե ով է ամենանորաձեւ խաղացողը, նրանք պատասխանել են՝ Պոլ Պոգբան: Continue reading →