«Հարավային հոսք» գազատարի կառուցումը մեծապես կախված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից. այսպես է կարծում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար յունտեր Էտինգերը, ով նշել է, թե «բանակցությունները կարող են շարունակվել այն ամենից հետո, երբ ռուս գործընկերները վերադառնան միջազգային իրավունքի նորմերի կատարմանը եւ էներգետիկայի ոլորտում եվրոպական օրենսդրության հիման վրա կառուցողական համագործակցությանը»: Եվրահանձնակատարի խոսքով՝ «Հարավային հոսք»-ի կառուցման շուրջ բանակցությունները դադարեցվել են ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաեւ այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում ճանաչել էներգետիկայի ոլորտում եվրոպական նորմերը: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքային մակարդակում շփումները եւ քննարկումները անդադար շարունակվում են: «Սակայն ներկա պայմաններում, երբ Արեւելյան Ուկրաինայում ստեղծվել է քաղաքացիական պատերազմին նմանվող իրավիճակ եւ քանի դեռ Մոսկվան չի ճանաչել կառավարությունը Կիեւում, մենք չենք կարող բանակցությունների ընթացքում հասնել քաղաքական որոշման»,- ընդգծել է եվրահանձնակատարը:
Հիշեցնենք, որ 2400 կմ երկարության «Հարավային հոսք» գազատարը Սեւ ծովի հատակով կապում է Ռուսաստանը Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներին: «Գազպրոմ»-ը նախատեսում է ապահովել բնական գազի մատակարարումները Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան, դրանով իսկ փորձելով խուսափել ուկրաինական տարածքով մատակարարումների խոչընդոտներից: Նշենք, որ փոխադարձ պատժամիջոցների «պատերազմում» Կիեւը սպառնացել էր, որ թույլ չի տա իր տարածքով իրականացնել ռուսական գազամատակարարում: Սա, իհարկե, անհավանական տարբերակներից է, ինչն անգամ Եվրոպան թույլ չի տա, բայց ակամա քաղաքական աջակցություն եղավ Ռուսաստանին՝ Ուկրաինան շրջանցելու պատճառաբանության համապատկերում: Ներկայում Ուկրաինայի տարածքով իրականացվում է դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների մոտ 50%-ը՝ 86 միլիարդ խմ գազ:
Ուկրաինական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին եւ ՌԴ-ին տարատեսակացնել էներգետիկ հոսքերը: ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ մտահոգված չէ Ռուսաստանի կողմից էներգակիրների գների բարձրացման հայտարարություններից, քանի որ Մոսկվան հետաքրքրված է Եվրոպա գազի արտահանմամբ, ինչի շնորհիվ համալրվում է այդ երկրի բյուջեն: ԵՄ-ն հատուկ ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը: Ըստ ԵՄ մասնագետների, էներգակիրների ներմուծման այլընտրանքային ուղիներ կան Նորվեգիայից եւ Ալժիրից, բացի այդ՝ իրենք հնարավորություն ունեն ներկրելու խտացված գազ: Մինչեւ 2030թ. ԵՄ-ի էներգետիկ պահանջարկը կավելանա 27%-ով, իսկ ներքին արտադրանքը գնալով նվազում է: Ներկա դրությամբ եվրոպական երկրները իրենց էներգետիկ պահանջարկի կեսը լրացնում են ներմուծմամբ, դրա համար օրական վճարելով 1 մլրդ.: ԵՄ-ն ներկրում է ներքին շուկայում սպառվող նավթի 88%-ը եւ գազի 66%-ը: Եվրոպացիներին մտահոգում է հատկապես իր գազային կախվածության մեծացումը Ռուսաստանից: Նախորդ տարի «Գազպրոմ»-ը ԵՄ էր արտահանել 161,5 միլիարդ խմ գազ: Նորվեգիայում, որը եվրոպական շուկա գազ արտահանող կարեւորագույն երկրներից մեկն է, գազի արդյունահանումը նվազում է: ԵՄ-ի մի շարք երկրներ, հատկապես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներն ու Մերձբալթյան երկրները, ամբողջությամբ կախված են ռուսական գազից եւ մտահոգված են ուկրաինական ճգնաժամով, ինչը կարող է հարվածի տակ դնել ռուսական գազի արտահանումը այդ երկրներ:
Պաշտոնական Բրյուսելի համար էներգակիրների տարատեսակացման հարցը շատ արդիական է: Նախորդ տարի ԵՄ-ի գազի ներկրման 39%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 33%-ը՝ Նորվեգիային եւ 22%-ը՝ Հյուսիսային Աֆրիկային: ԵՄ-ն ակտիվորեն առաջ է տանում նաեւ կասպյան տարածաշրջանից գազի ներկրման ռազմավարությունը, առաջին հերթին Ադրբեջանից, Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ադրբեջանը վերածվում է հակառուսական էներգետիկ նախագծերի հիմնական դերակատարի, ինչը քաղաքական հարթություն է տեղափոխում նաեւ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այս տարվա հունվարին Ադրբեջանում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԵՄ-ն արագացնելու է Հարավային գազային միջանցքի ստեղծումը, ինչը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Նա նշել էր, որ Հարավային գազային միջանցքը կարեւորագույն նշանակություն ունի եվրոպական էներգետիկ հոսքերի տարատեսակացման առումով ու եվրոպական էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ մասն է: Եվրոպական հանձնաժողովի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը այցելել են Սանգաչալայի տերմինալ, որտեղից պետք է իրականացվի ադրբեջանական գազի առաքումները դեպի ԵՄ: Նախատեսվում է իրականացնել Հարավային գազային միջանցք ծրագիրը, որը ենթադրում է կասպյան եւ կենտրոնական ասիական գազի ու նավթի արտահանումը դեպի ԵՄ՝ Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար յունտեր Օտինգերը հայտարարել է, թե ԵՄ-ն ցանկանում է միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը՝ եվրոպական գազային շուկային: Ակնկալվում է Հարավային գազային միջանցքի շնորհիվ ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից մինչեւ 2019թ.-ը ստանալ լրացուցիչ 10 մլրդ. խմ գազ:



