Լեւոն Արոնյանը ջախջախեց մրցակցի ամրոցը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 3-րդ փուլում նա սպիտակ խաղաքարերով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ: Դժվարին դիրքում մեր շախմատիստը զինվորներով գեղեցիկ գրոհ կազմակերպեց, զոհաբերեց մեկին, սակայն ստացավ դիրքային առավելություն… եւ ֆրանսիացի շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ ընդհուպ մոտեցավ մրցաշարի միանձնյա առաջատար, չինուհի Հոու Յիֆանին, ով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ եւ առաջին կես միավորը կորցրեց:
Հ.Գ. – Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Մատիաս Բլյուբաումին – Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 2-րդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: Կայացած 4-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, հաղթեց եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի:
Հ.Գ. – Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ միակ կին մասնակցին – Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նոր հաղթանակ տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում: 6-րդ փուլում մեր հայրենակիցը սպիտակներով մրցեց մրցաշարի միակ շախմատիստուհու՝ չինացի Հոու Յիֆանի հետ եւ հաղթեց նրան: Լեւոն Արոնյանը տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ այժմ 5 միավորով շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հ.Գ.- վերջնական – Լեւոն Արոնյանը անպարտելի էր Գերմանիայում – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Գերմանիայում կայացած «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարում: Կայացած վերջին 7-րդ փուլում մեր շախմատիստը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը չնայած ժամանակից շուտ ճանաչվել էր մրցաշարի հաղթող, սակայն կրկին մարտական էր տրամադրված եւ փորձեց հերթական միավորը վաստակել: Խաղի ընթացքում մեր շախմատիստը դիրքային եւ նյութական մեծ առավելություն ստացավ, սակայն մի պահ հապաղեց եւ մրցակցին թույլ տվեց հակագրոհ կազմակերպել: Արդյունքում, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը փորձեց թագուհով պայքարել երկու նավակների դեմ, բայց՝ ապարդյուն: Պարտիայի 61-րդ քայլում Լեւոն Արոնյանը մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:
Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավորով եւ մեծ առավելությամբ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող Ֆիաբիանո Կարուանան ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը բավարարվեցին 4-ական միավորով: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը 15,3 կետով բարելավեց իր վարկանիշային միավորները եւ ՖԻԴԵ–ի աղյուսակում 9-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Ռիգայում տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ փուլը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ ելույթները, այս փուլում նա սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Օլգա Գիրյային, վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներին՝ Ալեքսանդրա Գորյաչկինային եւ Նանա Ձագնիձեին: Մեր մյուս շախմատիստուհիներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Լիլիթ Մկրտչյանը 4 միավորով ընթանում է 65-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գեւորգյանն ու Լիլիթ Գալոյանը 3,5-ական միավորով բաժանում են համապատասխանաբար 74-րդ եւ 84-րդ տեղերը: Հիշեցնենք, որ այս մրցաշարում շախմատիստուհիները պայքարում են ոչ միայն Եվրոպայի մեդալների, այլեւ աշխարհի հաջորդ առաջնության 14 ուղեգրերի համար:
Հ.Գ. – Էլինա Դանիելյանին չհաջողվեց պահպանել հաղթական ռիթմը՝: 8-րդ փուլում մեր ուժեղագույն շախմատիստուհին սեւ խաղաքարերով հանդիպեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ եւ պարտություն կրեց: Այդպիսով, Էլինա Դանիելյանը մնաց 5,5 միավորով եւ նահանջեց 10-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում են նույն Նանա Ձագնիձեն ու Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնք 6,5-ական միավոր են վաստակել: Մեր մյուս մասնակիցները, հակառակը, բարելավեցին մրցաշարային գործերը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ելիզավետա Մալախովայի հետ եւ վաստակեց 4,5 միավոր: Նրան հավասարվեցին նաեւ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան:
Հ.Գ. – Էլինա Դանիելյանը 7-րդն է Եվրոպայում – Ռիգայում ավարտվեց շախմատի 2017թ. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ավաղ, վերջին 11-րդփուլում չկարողացավ հաղթել Հունգարիայի ներկայացուցիչ Թրան Թան Հոանին, 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բավարավեց 7-րդ տեղով: Սակայն մեր շախմատիստուհին իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի անհատական գալիք առաջնությանը:
Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում՝ վաստակելով 6,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը 5,5-ով զբաղեցրեց 75-րդ տեղը, իսկ մեր հավաքականի 4-րդ անդամը՝ Լիլիթ Գալոյանը, անհաջող հանդես եկավ եւ 144 մասնակիցների մեջ դարձավ 97-րդը: Continue reading →