Խորհրդարանական ընտրությունները 2017-ին են, սակայն վաղուց սկսվել է նախապատրաստությունը: Թե իշխանությունն իր ներքին տարբեր թեւերով, թե ընդդիմությունները ընկղմված են հաջորդ ընտրությունների բանակցություններում: Շատերն էին կարծում, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արդեն ընդդիմադիր ուժերը ճակատամարտ կտան, քանի որ դա ոչ միայն փորձնական հակամարտություն էր լինելու 2017-ից առաջ, այլեւ հաջողություններ արձանագրելու դեպքում հիմք էր ստեղծվելու խորհրդարանական ընտրություններում ավելի պատրաստ հանդես գալու համար:
Բայց ՏԻՄ ընտրությունները, ինչպես նշեցին քաղաքական մեկնաբանները, ապտակ եղան ընդդիմությանը: Եվ դասեր չքաղելու դեպքում նույն ապտակը կստանան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Անգամ Ստրասբուրգում ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսի նիստում զեկույց եղավ այն մասին, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրները պարզապես բացակա գրանցվեցին՝ բացառությամբ մի քանի բնակավայրի:
Թույլ էր նաեւ իշխանական մյուս կուսակցության՝ ՀՅԴ-ի մասնակցությունը, որը մի քանի հաջողություններ գրանցեց ընդամենը, որ բավարար չի կարելի համարել: Իհարկե, կարեւոր էր, որ Հանրապետության 2-րդ եւ 3-րդ խոշոր քաղաքներ Գյումրիում եւ Վանաձորում ընդդիմադիր կազմակերպությունները կարողացան որոշակի ուժ ցուցադրել, բայց ընդհանուր առմամբ, վերապահումով կարելի է դա ասել: Ընդդիմադիրներն անգամ ի վիճակի չեղան միավորվել այդ ընտրատարածքներում, որտեղ կարող էին միասնական հանդես գալով հաղթել հանրապետականներին: Թեեւ նկատի ունենալով հայաստանյան իրողությունը, պարզ է, որ դա չէր կարող լինել: Եվ բացի մայրաքաղաքից (այստեղ դեռ ընտրություններ պիտի անցկացվեն), մնացած բոլոր ՏԻՄ ընտրություններում հաղթեցին ՀՀԿ-ականները, քանի որ իշխող կուսակցությունն ընդհանուր առմամբ հավաքեց ձայների 75-80%-ը: Եվ սա լուրջ հենք է խորհրդարանական ընտրություններից առաջ: Երեւանում եւս իշխող է ՀՀԿ-ն, ու սա ոչ մի լավ բան չի խոստանում ընդդիմադիրներին, եթե նրանք չկարողանան միավորվել ու այդպես հանդես գալ:
ՏԻՄ ընտրությունների վերջնահաշվարկի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ այն հարցին, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն եւս դժվարությամբ է հաղթահարել սահմանված շեմը եւ, ըստ այդմ, արդյո՞ք ընդդիմադիր ուժերի հետ դաշինք կազմելու քննարկումներ կան: Պատասխան եղավ, թե շտապել պետք չէ, «պաշտոնական տվյալներից հետո՝ կլինեն նաեւ բանակցություններ, մենք որեւէ բան չենք բացառում, բայց, համենայն դեպս, եթե դուք տեսնում եք պատկերն ու իրավիճակը, ինձ թվում է, որ հավանականությունն ավելի շատ է, ոչ թե մենք, այլ իրենք իշխանության հետ դաշինք կազմելու մասին մտածեն»: Նշվեց նաեւ, որ ՀՀԿ-ն խտրականություն չի դնում, թե ում հետ դաշինք կկազմի. «Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հաղթահարել են շեմը, կլինեն բանակցություններ, եթե իհարկե մեր նպատակները, մեր ծրագրերը կունենան եզրեր, ապա մենք պատրաստ ենք դաշինք կազմել»: Continue reading →