Հենրիխ Մխիթարյանին նկատում են բոլորը
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: Transfermarkt տվալներով, հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն աճել է 2 մլն. եվրոյով՝ դառնալով 30 մլն եվրո: Սա ռեկորդային ցուցանիշ է մեր ֆուտբոլիստի համար: Ընթացիկ խաղաշրջանում նա մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել եւ գոլային 29 փոխանցում կատարել:
Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ իր ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ: Իտալական «Յուվենտուս»-ը հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Արսենալ»-ը: Սակայն, «Բորուսիա»-ն մտադիր է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել էր «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
2009թ., 20-ամյա հայ ֆուտբոլիստը, այն ժամանակ դեռեւս ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգ»-ի խաղացող, հայտարարել էր «Արսենալ»-ին երկրպագելու մասին. «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել»:
Ինչեւէ, Հենրիխ Մխիթարյանին պահելու համար «Բորուսիա»-ն մտադիր է ձեռք բերել անգլիական «Էվերթոն»-ի ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին: Գերմանական ակումբի ղեկավարությունը լրջորեն մտադրված է ձեռք բերել այդ 22-ամյա ֆուտբոլիստին: Մարիո Գյոտցեի վերադարձը Մյունխենի «Բավարիա»-ից ու բելգիացի հարձակվողի ներգրավումը պետք է համոզեն թիմի առաջատարներին, որ «Բորուսիա»-ն ամրանում է, որպեսզի երկարաձգեն պայմանագրերը: Այսպիսով, դորտմունդցիների ղեկավարությունը մտադիր է ոչ միայն ուժեղացնել կազմը, այլեւ պահպանել առաջատարներին՝ Հենրիխ Մխիթարյանին, Մարկո Ռոյսին ու Մատս Հումելսին:
«Ալաշկերտ»-ը դժվարությամբ հաղթեց ետնապահին
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը 24-րդ փուլի խաղում սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Բանանց»-ին՝ 2:1: Այդպիսով, ալաշկերտցիներն ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում եւ այժմ չեմպիոն դառնալու համար նրանց մնում է վաստակել ընդամենը 3 միավոր մնացած 4 խաղերում:
Զուգահեռաբար կայացած «Միկա»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 4:1: Արդյունքում, միկացիները կարեւոր 3 միավոր կորցրին եւ զրկվեցին բրոնզե մեդալ նվաճելու շանսից: «Շիրակ»-ը վաստակեց 42 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն նրան հետապնդող «Փյունիկ»-ը դեռեւս խաղ պետք է անցկացնի «Արարատ»-ի հետ:
Հայաստանում սպորտով զբաղվում են 41 հազար երեխաներ
«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են տարբեր գերատեսչություններին պատկանող 176 մանկապատանեկան մարզադպրոցներ: Դրանք տեղակայված են հանրապետության 56 համայնքներում, այդ թվում 60-ը գործում են Երեւանում: Մարզադպրոցներում պարապում են մոտ 41 հազար երեխաներ: Պետբյուջեյով ֆինանսավորվող բոլոր մարզադրպրոցներում ուսուցումն անվճար է»,- ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալստյանը:
Ինչպես նշեց նույն վարչության մանկապատանեկան սպորտի զարգացման բաժնի ղեկավար Գոհար Թադեւոսյանը, անցած տարվա համեմատ մարզվող երեխաների թիվն ավելացել է մոտ 1000 հոգով: Սակայն պարզվեց, որ Հայաստանում սպորտով զբաղվում են դպրոցական տարիքի երեխաների 11%-ը: Ըստ բաժնի վարիչի, դա բավականին ցածր ցուցանիշ է: «Մանկապատանեկան սպորտի զարգացման համար շատ կարեւոր է 3 հիմնական խնդիրների լուծումը: 1.՝ նորմատիվ իրավական դաշտն է, 2. նյութատեխնիկական բազայի ապահովումը, եւ երրորդ՝ որակյալ մարզիչ-մանկավարժների առկայությունը: Այդ 3 ուղղությամբ նախարարությունում տարվում են աշխատանքներ: Օրինակ, անցած տարի իրավական ակտ ընդունվեց, որի համաձայն 2018թ հուվարից բարձրանալու է մարզիչ-մանկավարժների աշխատավարձը»,- հավելեց Գոհար Թադեւոսյանը: Իսկ թե ինչու է տոկոսային առումով քիչ երեխաներ ընդգրկված մարզադպրոցներում, բանախոսներն այդպես էլ պատասխան չի տրվում:
Մայիսի 1-ին Երեւանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը
Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Երեւանի կիսամարաթոնի թիմի եւ «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վազքուղին մեկնարկելու եւ անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10 կմ, 5 կմ եւ հատուկ երեխաների համար՝ 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։
Մրցույթը բարեգործական է, եւ ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին: Աղբյուրը հայտնում է, որ մրցույթին մաս՝ նակցելու համար կարելի է գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։ Continue reading →