Ասին՝ չէ՜ էլի՛, նե՛տ – Բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի…
Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում: «Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,- ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»:
Ինչու՞ չեն կարողանում ասել՝ ընդհանրապե՛ս զիջումներ չեն լինելու… Գուցե միակողմանի բառը շահարկե՞լն էլ է քաղաքականության մի մաս, չեմ կարող ասել: Թեեւ մի բան հստակ է՝ եթե ընդհանրապես-ը ազգն իր ներսում դաջի, ոչ մի մադրիդյան կամ կազանյան փաստաթուղթ իրենից իր հողը խլել չի կարող…
Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին: «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի՛ եղել եւ չկա՛: Չի՛ կարող զիջում լինել: Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն…»։
Ինչի՞ց է սկսվում մե՛ր Հայրենիքը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին իր նստավայրում հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով: Ներկայացնում ենք հատվածներ: Continue reading



