Մարզաշխարհի խաչմերուկներում.-
Բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլին
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը մի քանի օր է Երեւանում է: Նոր մարզչի գլխավորւթյամբ ազգային թիմը շուտով կսկսի պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներն են` Բոսնիա եւ Հերցեգովինան, Շվեդիան եւ Սլովակիան:
Նիկշա Բավցեւիչը ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում խոսել է իր առաջին տպավորությունների եւ աշխարհի առաջնությունում մեր շանսերի մասին:
– Պարո՛ն Բավցեւիչ, բարի գալուստ Հայաստան: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք մեր երկրից:
– Առաջին անգամ եմ Հայաստանում: Հասցրել եմ մի փոքր ծանոթանալ քաղաքին: Հայաստանի մասին ունեցածս տեղեկությունը համացանցից է: Ես գիտեմ, որ շատ հին երկիր է` հայրենասեր մարդկանցով, ինչը շատ լավ է: Մարդիկ շփվող են, ընկերասեր եւ օգնելու պատրաստակամ: Ես հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ ուտելը ձեզ մոտ ազգային հոբի է: Դա շատ համեղ հոբի է (ծիծաղում է,- խմբ):
Երեւանը հակասություներով լի քաղաք է: Կարծես, այստեղ հին ավանդույթների եւ ժամանակակից կյանքի պայքար լինի: եւս մեկ առանձնահատկություն եմ նկատել. շատ եմ ճամփորդել, բայց երբեք ոչ մի քաղաքում այդքան վարդեր չեմ տեսել: Ինձ գրավել են նաեւ որմնանախշերը: Հայաստանն առաջին քրիստոնեական երկիրն է, հետեւաբար՝ այստեղ ուսումնասիրելու բազմաթիվ վայրեր կան:
– Ինչո՞ւ որոշեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը:
– Իմ գործակալ Սեւակ Կեւուչյանը հայ է եւ նա է ինձ ասել այս շանսի մասին: Ինձ համար նոր մարտահրավեր էր գլխավորել ազգային հավաքական: Հետո, հայրս աշխարհագրագետ է, նա ինձ պատմել էր Հայաստանի պատմության, ցեղասպանության մասին, ինչը խթանեց, որ ես ընդունեմ առաջարկը: Ցանկացած մարզչի համար պատիվ է գլխավորել ազգային հավաքական:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է այս մարզաձեւը վերադարձնել եվրոպական նախկին մակարդակին: Վերջին 3 ամիսների ընթացքում ամեն օր կապի մեջ եմ եղել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Նրանք մեծ խանդավառությամբ են վերաբերում բասկետբոլը զարգացնելու գործին:
Մ 20 տարեկանների հավաքականը մեծ ներուժ ունի: Հաճելիորեն զարմացա, երբ տեսա խաղացողների, որոնք կարող են խաղալ եվրոպական մակարդակով: Ֆեդերացիան անհավատալի էներգիա եւ գումար է ներդնում, որոնք փոխկապակցված են:
Դուք ունեք կանանց եւ տղամարդկանց տարիքային հավաքականներ: Ինձ ասացին, որ սա զարգացման եւ ուժեղ թիմ ունենալու առաջին քայլն է: Առաջիկայում ֆեդերացիան պատրաստվում է նաեւ ներքին առաջնություն ստեղծել: Ինձ համար մեծ հաճույք է լինել այս ամենի մասնիկը:
– Արդեն ծանոթացե՞լ եք բասկետբոլիստների հետ: Continue reading →