Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մայիսի 18-ին հայտնել էր, որ «մոտ ժամանակներս կամփոփվեն Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման հետազոտության արդյունքները»։
Այսինքն՝ շուտով նախ եւ առաջ պարզ կդառնա, թե մեր պատերազմական երկրում ովքեր են աշխատում թուրքական ապրանքների ներմուծմամբ՝ դրանով հարստացնելով Թուրքիայի պետական բյուջեն: Իսկ որ Անկարան զենք-զինամթերքով մշտապես աջակցում է Ադրբեջանին՝ գաղտնիք չէ, ինչը նշանակում է, որ բացի թուրքական ճաշակը մեզ պարտադրելուց, այս չարչի առեւտրականները նաեւ վտանգում են սահմաններում կանգնած մեր զինվորների կյանքը… Իհարկե, մեր տնտեսագետները ջանք չխնայեցին՝ համոզելու, որ մենք բնավ էլ Թուրքիայի բյուջեն չենք հարստացնում, որովհետեւ Թուրքիայն հզոր պետություն է, իսկ մեր՝ նրան տվածը հեչ՝ մի երկու տասնյակ միլիոն դոլար է, ու Թուրքիան դրա հույսին չէ: Հակառակը նրանց համոզելը անիմաստ է, քանզի նրանք չունեն այն պատվախնդրությունը, որ հասկանան, որ Թուրքիայի բյուջեն մեր կողմից անգամ մեկ դրամով ավելացնելը, մեղմ ասած, սխալ է: Նաեւ՝ հակառակը նրանց համոզելը ծիծաղելի է այն առումով, որ աշխարհը զարգանում է, իսկ մեր տնտեսագետները այդպես էլ դասագրքերից այն կողմ չեն անցնում: Այլապես կհասկանային, որ երբ խոսում է տնտեսական քաղաքականություն ասվածը, տեսական գիտելիքները մի կողմ է պետք շպրտել: Օրինակ, մեր տնտեսագետները չեն տեսնու՞մ, թե իրենց սիրելի Ռուսաստանն ինչ է անում: Տարիներ առաջ, «Նաբուկո»-ի ծրագիրը տապալելու համար Ադրբեջանից գազը գնեց շուկայականից թանկ: Եթե տնտեսական դասագրքային ճշմարտություններից օգտվեր, ապա այդպես չէր անի: Բայց քանի որ ռուսական տնտեսաքաղաքական շահը պահանջում էր «Նաբուկո»-ի տապալումը, նա բիզնեսի տեսակետից այդ պահին տուժեց՝ հետագայում իհարկե շահելով եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական հարթակներում:
Իսկ մեր տնտեսագետները համարյա թե ապացուցում էին, որ առանց թուրքական ապրանքի Հայաստանը կոլապսի մեջ կընկնի: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա նրանց կարո՞ղ ենք համարել պատերազմական հանցագործներ, որ աշխատում են հօգուտ Թուրքիայի: Եվ այդ հանցագործների շարքին կարո՞ղ ենք դասել որոշ տնտեսագետների, ովքեր սպասարկում են այս ու այն գործարարի շահը: Continue reading



